ԺԱՄԱՆԱԿՆԵՐ… ԺԱՄԱՆԱԿՆԵՐ… կամ ԸՆԴԴԵՄ ԵԿՎՈՐՈՒԹՅԱՆ

Ռաֆայել ԻշխանյանՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ – 90

Մարգո ՂՈՒԿԱՍՅԱՆ
1979 թ. 21 հունվարի, օրագիր թիվ 15

Ներկա էի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի լեզվի ամբիոնի նիստին: Զեկուցողը Ռաֆայել Իշխանյանն էր, թեման` «Հայոց լեզվի և հայ ժողովրդի ծագման հարցերի շուրջ»: Համոզիչ փաստերով, հենվելով նաև համաշխարհային ճանաչման լեզվաբանների դրույթների վրա, Իշխանյանը մեկ առ մեկ ու հստակ ապացուցեց այդ հարցում տեղ գտած սխալները: Նա ասաց.
-Հայ ժողովրդի և լեզվի ծագման վերաբերյալ սխալ կաղապար կա, շատ ակնհայտ աղավաղումներ նույնիսկ որոշ լեզվաբանների կողմից անտեսվում են:
Նիստը երկու ժամ տևեց: Ե՛վ զեկուցողը, և քննարկման մասնակիցները շատ բան բացահայտեցին: Փաստորեն, նրա ապացույցները համոզիչ էին և խորը: Առարկողներ էլ եղան: Սակայն ավարտին ներկաների համար պարզ դարձավ` սխալ սկզբունքով կառուցված մի հսկա շենքի (իմա` տեսության) հիմքից զեկուցողը մեկ առ մեկ դուրս էր քաշել աղյուսները և շենքը խարխլված վայր էր թափվել:

***
1979 թ. 11 մարտի
Անցնելու էր ոչ այնքան երկար ժամանակ, որ այս թեմայի շուրջ երկրորդ գրառումն էի անելու:
Այսօր երեկոյան զանգեց Ռաֆայել Իշխանյանը: Մտահոգ էր` հոդվածն ինչո՞ւ նախատեսված չէր տպագրության համար:
– Ակադեմիկոս Էդվարդ Աղայանի դրական կարծիքը ներկայացրել եմ: Սակայն, որքան հասկացա խմբագրի ասածից, չի տպագրվելու:
-Ենթադրո՞ւմ ես, թե՞ խմբագիրը մերժեց,-հարցրի:
– Չէ, չմերժեց, ասաց` տեսնենք, դեռ պետք է մանրամասն ծանոթանամ: Ինչու՞ դեռ չի կարդացել:
– Մի անգամ կարդացել է…
– Ուրեմն չի տպի, որ կարդացել է, դրական կարծիքն էլ կա, ի՞նչն է խանգարում: Եզրակացության համար պատմաբանի չտվեցի՞ր,- հարցրի: – Չէ՞ որ այդ մասին խոսք եղել է:
Զայրացած պատասխանեց.
– Մի ուսանող ունեմ, նրա՞ն էլ չտամ կարծիքի:
Իրավունք ուներ: Խմբագիրը մտահոգ է.  տպագրվելուց հետո ամսագրի դեմ դուրս կգան: Մեղավոր չէ: Աչքը տեսածից է վախենում: Դեռ Վարդգես Պետրոսյանի օրոք «Գարունում» լույս տեսավ Մարտիրոս Գավուքճյանի «Արմեն և  հայ անունների ծագումը» հոդվածը: «Սովետական Հայաստանում» յոթ ակադեմիկոսների ստորա­գրությամբ մերժողական հոդված տպվեց:
Ինձ չհաջողվեց Իշխանյանին հան­գ­ստացնել:
– Որ գրեի` հայերը եկվոր են, կտպեի, չէ՞: Ինչը որ հայերի դեմ է, անմիջապես տպում եք, օրինակ` Պիոտրովսկու գրածները:
– Հոգուդ մեղք ես անում, -ասացի,- պատահել է, որ ուշացումով, բայց, ի վերջո, արժեքավոր բոլոր հոդվածները տպվել են: Հիշո՞ւմ ես, որ գնացի Սուրեն Երեմյանի տուն քո հերթական հոդվածներից մեկի մասին նրա դրական կարծիքը բերելու: Վստահ եմ, այս մեկն էլ, ի վերջո, տպվելու է, կարևորն այն է, որ գրել ես:
– Չէ, իզուր գրեցի: Մարդ գրում է, որ տպագրվի, կարդան, թե չէ ավելորդ աշխատանք է…
Ճիշտը որ խոստովանենք, ամոթ էր Իշխանյանի հետ այդպես վարվել, բայց ժամանակներն էին այդպիսին:
«Լեզվաբանական տվյալները հայերի ծագման շուրջ»: 42 էջ: Այս աշխատության մասին է խոսքը, որը քննարկվել էր համալսարանի լեզվի ամբիոնում, արժանացել հիացմունքի և գնահատանքի, հեղինակը փորձել էր այլ տեղեր, ի վերջո, ամենահավանականը «Գարունն» էր տպագրվելու համար, ու հիմա իմ հերթն է ասել` տեսնենք, ժամանակը ցույց կտա…

***
Տասնամյակներ են անցել, այսօր կարող եմ պարզել այդ աշխատության ճակատագիրը: Խմբագիր, լուսահոգի Անժիկ Հակոբյանին հաջողվեց 1979 թ. «Գարունի» թիվ 10-ում տպագրել Ռ. Իշխանյանի վերոհիշյալ աշխատությունը, իսկ 1967-1992 թթ. նրա ստորագրությամբ ամսագրում լույս է տեսել գիտական և հրապարակախոսական 23 գործ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։