ԺԱՄԱՆԱԿԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ

Սամվել-ԿոսյանՍամվել Կոսյան

Բոլոր  առումներով հայ-ադրբեջանական պատերազմը  շարունակվում  է և  հակամարտությունը  կարգավորելու միջազգային  հանրության  բոլոր  ջանքերն  ու հույսերն ընդամենը  պտույտ են կախարդական շրջանակի  մեջ:  Առայժմ առավել  հավանականը  շրջանակի  էլ ավելի նեղացումն  է,   քանի  որ թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում  Իլհամ  Ալիևը`հավատարիմ իր բարձրագոչ  ոճին,  չի  զլացել կրկին հայտարարելու, որ Ադրբեջանը  երբեք  թույլ  չի  տա,  որպեսզի. «Ադրբեջանական  հողերում երկրորդ  հայկական  պետություն  ստեղծվի»: Ահա  այսօրվա   Ադրբեջանի  իրական նկարագիրը` ագրեսիվ  և  չհանդուրժող,  մնացած  ամեն  ինչը  նեյնիմների  շարքից    են:  Եվ   խնդիրը  պայմանավորված չէ  միայն Ղարաբաղյան հակամարտությամբ: Այդ  երկիրը     ավելի    հեռահար  հավակնություններ ունի:   Վերջերս   ազերիների մեջլիսը  քննարկում  էր  երկրի  անունը  փոխելու  հարցը:  Ազերի  պատգամավորները  առաջարկում  էին Ադրբեջանը  վերանվանել  Հյուսիսային  Ադրբեջան, որի  պարագայում  պիտի  ենթադրվեր նաև  Հարավային  Ադրբեջանի  գոյությունը,  որը,  ըստ  ազերիների,  պարսկական  Ատրպատականն  էր  լինելու:  Նպատակը   որքան  էլ  քողարկված, հասկանալի  է…   Ինչ իմանաս  վաղն  իրադարձություններն ինչպես  կդասավորվեն և  հնարավոր կլինի  քննարկել  արդեն  երկու  ադրբեջանների  միավորման  հարցը:  Եվ  չնայած Իրանը   ազերիներին  զգուշացրել է հեռու  մնալ  նման  արկածախնդրությունից,  նույնիսկ  սպառնացել  է  հակառակ  պարագայում  Ադրբեջանը  միացնել  Իրանին,  միևնույն  է,   ազերիները,  քնած  թե  արթմնի,  իրենց  ուղեղներում  շարունակում  են  մերսել  այդ  գաղափարը:  Նույնն  է և Արցախյան հակամարտության  դեպքում:  Ուրիշի տարածքի վրա  աչք գցողը  հազիվ  թե  ընդունի  երբեմնի  իր  մի  հատվածի իրենից  անջատվելը,  մանավանդ  եթե  այդ  հատվածը հայկական  է: Ուստի  հակահայ  քարոզչությունը  ոչ  միայն  շարունակվելու  է,  այլև  ավելի  քստմնելի  դրսևորումներ  է  ունենալու: Պատերազմն իսկապես  չի  ավարտվել:  Պարզապես  ազերիները պարտվելուց  հետո ավելի  զգուշավոր են  դարձել և  որոշել  են անմնացորդ  ապավինել  թուրքական  ռազմավարությանը,  որն  է`  հարձակվիր,  եթե 100 տոկոսով  վստահ ես,  որ  հաղթելու  ես, այսինքն`  եթե  ամեն հարցում   քո  գերազանցությունը  մի  քանի  անգամ  ավելի  է հակառակորդից:   Նույն հարցազրույցում Ալիևը  շարունակում  է. «Մեր հողերն  ինչպե՞ս  կարող  են  օկուպացված մնալ…  Դա  անհնար  է, յուրաքանչյուր օր,  յուրաքանչյուր  ամիս,  յուրաքանչյուր  տարի Ադրբեջանի  բնակչության  թիվն  աճում է,  իսկ  Հայաստանինը  նվազում; Հայաստանը  պետք է կանխատեսումներ  անի  առաջիկա 5-10 տարիների  համար,  որպեսզի տեսնի թե 5-10 տարի  անց ինչպիսին  է  լինելու  ուժերի  հարաբերակցությունը»: Իսկը թուրքական դիվանագիտություն,  պարզապես  զարմանալի  է,  թե նման բացահայտ մերժողականությունից  հետո ինչի շուրջն  են բանակցում ԵՀԱԿ խմբի համանախագահներն  ու  երկու  երկրների նախագահները: Եթե ազերիները  երբևիցե չեն ընդունելու  արցախցիների ինքնորոշման  իրավունքը,  ապա  ո՞րն է   այդ անպտուղ    բանակցությունների  նպատակը:  Մի՞թե  այդ  բոլորը  ընդամենը  հրադադարը   երկարաձգելու համար  է:  Եվ  վերջապես.  եթե  ազերիները,   այսպես թե այնպես,  պատերազմելու  են,  որի  մասին խոսում  են  իշխանական բոլոր  մակարդակներում,  քանի  որ Արցախը երբեք  չի համաձայնելու    նրանց  ենթակայության  տակ   վերադառնալ,  ապա   ինչի՞  համար են   միջազգային   հանրության  հակամարտությունը   խաղաղ  ճանապարհով  լուծելու  վիրտուալ  ցանկությունները:   Պարապ  խաղ  է  այսպես շարունակելը, թատերական  բոլոր  ժանրերը ներառած    ներկայացում: Մի քանի  օր  առաջ  Նախիջևանում Իրանի,  Թուրքիայի և Ադրբեջանի  արտգործնախարարների  հանդիպմանը  Ադրբեջանը  կրկին   կողմ  էր  տարածաշրջանային  խաղաղ համագործակցությանը, ինչը  միջազգային  հանրությանը  ազերիների մատուցած հերթական   բլեֆն  էր:  Նման  բլեֆները շարունակվելու են: Իրականում    ազերիները պատրաստվում   են պատերազմի:  Ժամանակի  թիկունքում  թաքնված,  ավելի  շուտ  դարան  մտած,   սպասում են  իրենց  «աստեղային»  ժամին,  վստահ, որ ժամանակն  իրենց «դաշնակիցն»  է:   Նման  ինքնավստահության  աղբյուրը նավթադոլարներն   են,  ինչը  ազերիներին  ստիպում է  մտածել,  թե  կարող են ժամանակին  էլ կաշառել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։