Սամվել ԿՈՍՅԱՆ / ԿՌԻԼՈՎՅԱՆ ԱՌԱԿԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, ըստ այդ միության մասին պայմանագրի, իրենց պետությունների տնտեսություններն ամրապնդելու, դրանց ներդաշնակ զարգացումն ու մերձեցումն ապահովելու փոխարեն, թվում է՝ առավելապես զբաղված են Կռիլովի հայտնի առակի բեմականացմամբ, երբ յուրաքանչյուրը փորձում է սայլն իր կողմը քաշել: Նման պարագայում խոսել ինտեգրացիոն գործընթացների, փոխշահավետ և իրավահավասար համագործակցության մասին, ժողովրդական լեզվով ասած, ընդամենը ջուր ծեծել է: Հեռանկարում նույնպես դժվար է որևէ առաջընթաց կանխատեսել, հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության առկա ճգնաժամն ու անդամ երկրների տնտեսական շահագրգռությունների առանձնահատկությունները, որոնք էականորեն միտված չեն ինտեգրման: Որքան էլ կողմերը փորձում են միմյանց հակառակը համոզել, գործի դնել ոչնչով չհիմնավորված խոստումների ու քարոզչության հրետանին, ավելի ու ավելի անհնար է դառնում իրականության ճնշումներին դիմակայելը: Ղազախ քաղաքագետ Այդոս Սարիմի կարծիքով, Ղազախստանի նախագահ Նազարբաևը հիվանդացել է, որ չեղարկի այցը Հայաստան, որովհետև Երևանը Աստանայի համար առաջնային երկրների թվում չէ: Բացի այդ, ինչպես նշում է Սարիմը. «Հայաստանը չի մտնում Ղազախստանի համար առաջնահերթ, հետաքրքիր պետությունների շարքը: Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու Ղազախստանին, ղազախական բիզնեսին, իսկ համագործակցության հեռանկարներն այնքան աննշան են, որ Ղազախստանի ղեկավարությունը կարծում է, թե առանց Հայաստան այցելելու էլ կարող է գործունեություն ծավալել»: Եթե այս երկրի այսօրինակ ոչ ընկերային կողմնորոշումը կարելի է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Ղազախստանի բարեկամական պարտավորություններով պայմանավորել, ապա Ղրղզստանի հետ, որին հենց Ղազախստանի ջանքերի շնորհիվ հաջողվեց ԵԱՏՄ բերել, տարաձայնությունները ստիպում են կասկածել ոչ միայն ԵԱՏՄ-ի կենսունակությանը, այլև նրա գոյությանն ընդհանրապես: Խնդիրն այն է, որ Աստանային թվում է, թե Բիշքեկը պետք է իրեն պահի՝ ինչպես վայել է «փոքր եղբորը»: Սակայն Բիշքեկն իր դերն այլ կերպ է գնահատում: Ղազախական կողմը բողոքում է ղրղզ բանակցողների դանդաղկոտությունից և արդյունավետ աշխատելու անկարողությունից, իրենց հերթին ղրղզները չեն մոռանում հիշեցնել ղազախների հակախաղերն ու սադրանքները: Ղրղզստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարատ Շարշեկեևի խոսքերով, վերջին տարում տրանսպորտային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունները ստիպված են մաքսային իրավախախտումների զգալի դժվարություններ հաղթահարել: Խնդիրները հիմնականում առնչվում են մաքսային ձևակերպումներին: Կոռուպցիան, ղազախ մաքսավորների չհիմնավորված կամայականությունները փաստացի զրոյացնում են ինտեգրման առաջընթացի գործակիցը, ինչը նկատելի է նաև Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերություններում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր համբերությունը սպառվել է` մեղադրելով Մոսկվային իր երկրի վրա ճնշում գործադրելու համար, սպառնալով օպտիմալացնել Մինսկի մասնակցությունը եվրասիական ինտեգրման հարցում: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի ստեղծման շնորհիվ չի աճել, այլ 10 % անկում է գրանցել: Բացի այդ, շատ ապրանքների մատակարարումը Ռուսաստան արգելափակվում է: «Մենք այժմ շատ ուշադիր ուսումնասիրում ենք մեր մասնակցության նպատակահարմարությունը ԵԱՏՄ-ին,- ասել է նա,- եթե այդպես շարունակվի… ինչո՞ւ գումար վճարենք Մոսկվայում բարձրակարգ մասնագետներ պահելու համար: Մենք, ավելի լավ է, նրանց համար այստեղ աշխատանք գտնենք: Իսկ այն որոշումներին, որոնք այնտեղ կկայացվեն, մենք կհամաձայնենք, որովհետև գրեթե որոշումներ չեն կայացվում: Մենք խախտում ենք մեր բոլոր պայմանավորվածությունները»: Թեև հայտնի է Ռուսաստանից ինչ-որ բան պոկելու Լուկաշենկոյի շանտաժի ռազմավարությունը, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ չափազանց շատ է քննադատությունը ոչ միայն այս երկու երկրների, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների ինտեգրման հասցեին: Ակնհայտ է նաև, որ միջպետական հարաբերությունների այս մակարդակով համարյա անլուծելի է թվում տնտեսական առաջընթացի հնարավորությունը: Եվ որքան էլ ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները փորձում են համոզել, որ իրենց ստեղծածը հեռու է կռիլովյան առակի բովանդակությունից ու տրամաբանությունից, որ բոլոր կողմերը սայլը նույն ուղղությամբ են քաշում, այս քարոզչությունը բլեֆից ավելի չի կշռում: Իսկ թե ԵԱՏՄ կոչված ներկայացումը ինչքան կշարունակվի, անհայտ է: Երևի բոլորը պիտի փորձեն սայլն ավելի ուժով իրենց կողմը քաշել, այնքան, մինչև սայլ կոչվածը վերջնականապես փշուր-փշուր կլինի, ու այլևս ոչինչ չի մնա քաշելու: Ու միայն այս դեպքում, իրարից անջատ, յուրաքանչյուրն իր ազգային շահի կամոք, գուցե հնարավորություն ստանա ինքնուրույն որոշելու՝ ում հետ և ինչ չափով ինտեգրվել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։