Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Արցախյան շարժման արտացոլումը հայ գրականության մեջ» խորագրով հանրապետական գիտական նստաշրջան: Այն կազմակերպվել էր Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ջանքերով:
Ներկաներին շնորհավորելով ՀՀ և Արցախի Հանրապետության 25-ամյակի առիթով՝ ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանը հույս հայտնեց, որ կծնվեն նորանոր գեղարվեստական գործեր, որովհետև եթե հրապարակախոսությունը անմիջականորեն կապված է կատարվող իրադարձությունների հետ, ապա գեղարվեստական երկերի ստեղծման ու դեպքերի գրական իմաստավորման համար ժամանակ է հարկավոր: ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս – քարտուղար Յուրի Սուվարյանը ողջույնի խոսքում նշեց, որ Արցախյան շարժումը դեռ անցյալ դարի 20-ական թվականներից է սկզբնավորվել: 60-ական թվականների կեսերից այն նորովի ծավալվեց Բ. Ուլուբաբյանի, Զ. Բալայանի և մի խումբ այլ մտավորականների ջանքերով:
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը կարևորեց գրականության բացառիկ դերն այն առումով, որ ընդունակ է ներազդելու հասարակական զարգացումների վրա: Նա համոզմունք հայտնեց, որ դեռ նոր գործեր կգրվեն՝ բացահայտելու համար հայի անկոտրում ոգու գաղտնիքը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց թեմայի քննարկումը գրականության ինստիտուտում: Կարևորելով մշակույթի դերը՝ նա նշեց, որ չպետք է հատվածական գնահատականների ենթարկել ստեղծված արժեքները: Բ.գ.դ., պրոֆ. Ավետիք Իսահակյանն իր խոսքում ընդգծեց, որ Արցախյան շարժումը ամբողջ Հայաստանի ազատագրական պայքարն է: Մենք պատմություն ստեղծեցինք մեր աչքի առաջ, և դա պիտի արտացոլվեր գրողների գործերում: Այս թեմայով ստեղծված ուրույն գրականություն ունենք, որը պետք է ամբողջական ուսումնասիրվի: Գիտական նստաշրջանում զեկուցումներով հանդես եկան ՀԳՄ վարչության քարտուղար, բ.գ.թ. Պ. Դեմիրճյանը՝ «Արցախյան հարցի արտացոլումը գրականության մեջ», բ.գ.թ. Ս. Աբրահամյանը՝ «Արցախի կռվող ջոկատի գրառումները» շարքը», բ.գ.թ., դոցենտ Ն. Բալայանը՝ «Պատերազմի առօրյայի գեղարվեստականացումը Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիայում», բ.գ.թ. Ա. Ավանեսյանը՝ «Արցախյան հերոսամարտի պատկերումը Վ. Իսրայելյանի արձակում», բ.գ.թ. Ա. Նիկողոսյանը՝ «Ուրիշ պատերազմ՝ Հ. Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վեպը, բ.գ.թ., դոցենտ Ս. Ավետիսյանը՝ «Թշնամու կերպավորումը Արցախյան գոյամարտի պատումներում», բ.գ.թ. Լ. Վարդանյանը՝ «Արցախյան պատերազմի՝ Գրիգոր Բաբայանի ընկալումը», Մ. Մկրտչյանը «Արցախյան գոյամարտի արտացոլումը Զորի Բալայանի ստեղծագործություններում» թեմաներով:
Նստաշրջանի վերջում տեղի ունեցավ Սաթենիկ Ավետիսյանի «Գիր և ինքնություն» գրքի շնորհանդեսը:
Հերիքնազ ՈՐՍԿԱՆՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի
անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն