ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ – 135

ՆԱՎԸ ԼԵՌԱՆ ՎՐԱ

… – Ասեմ ձեզ, քեափթըն, և դուք հասկացեք. աշխարհիս վրա ամեն ինչ շրջում է, պտույտ գալիս: Արևը, աստղը, մարդը… Քիչ առաջ, այնտեղ խորքում կանգնած մտածում էի. մարդիկ անցնում են փոքր երևույթների կողքով առանց նշանակություն տալու… չեն տեսնում, չեն նայում… Մինչ, տեսեք, այդպես կոչված դրական գիտությունն իսկ հյուլեներով և ծանրականության օրենքով է տիեզերքը կառուցում… Խնձորը ծառից պոկվում է, և երկիրը նրան քաշում է իրեն, և այդ նույն նյուտոնյան օրենքով լուսինը մնում է իր շավիղի վրա և պահվում են բոլոր մարմինները… Ուզում եմ ասել, գոյություն ունեցող բոլոր երևույթները շաղկապված են և բոլոր երևույթները, փոքր թե մեծ, հավասարապես կարևոր են տիեզերքի համար…
Լռեց և Հերյանի աչքերի մեջ պրպտեց: Գլուխը վար նետեց և բավական ժամանակ այդպես մնաց: Այդ լռության վերջ տալու համար Հերյանը ուզեց մի բան ասել: Նաև ուզեց ցույց տալ, որ Մարկի ասածները իրեն այնքան էլ հասկանալի չեն և քիչ համոզիչ…
– Դե… իհարկե… – սկսեց նա չափազանց բարձր ձայնով և առանց համոզումի,- դե, եթե մարդ լավ մտածի…
– Միտքս վերջացնեմ, հետո դուք ձեր ասելիքը կասեք,- շարունակեց Մարկը՝ նրա խոսքը կտրելով:- Նախ, պետք է խոստովանեմ. մեր երկրում շատ անգամ ինձ օտար եմ զգում… Օտար՝ արտաքին, դրսի կյանքին… Այն չէ, որ սպասում էի, այն չէ… Կարծում եմ պատճառը այն է, որ երբ մարդը իր միջավայրից հեռու է ապրում, ամեն ինչ ուրիշ կերպ է տեսնում… Չեմ ասում միշտ ճիշտ, բայց մեծ և խոր… Հեռվից նա նայում է իր երկրին, ինչպես սարի վրայից նայում են դաշտավայրերին՝ բազուկները լայն բաց արած հորիզոնով… Եվ նայում է ներքին աչքերով… հոգու մոտ բացված աչքերով… Ոչ իբրև անձնավորություն, այլ իբրև անձ: Բայց, քեափթըն, կարող է այս ամենը ձեզ իսկի չի հետաքրքրում…
– Ի՞նչ եք ասում, խնդրում եմ… Բա, ինչպե՞ս չէ… շա՜տ…
– Շնորհակալ եմ… Ասում եմ իբրև անձ… Պետք է տարբերել, այնպես չէ՞, պետք է տարբերել… Անձը գերիմացական է և գերժամանակային… տրված մի միություն է, ավելի լայն, ավելի ընդարձակ, քան մեր առօրյա գիտակցությունը: Անձը մեր մեջ կանգնած անփոփոխ մի ներկայություն է, որի թելադրությունները վճռական են և որոշ չափով հավիտենական… Կարողացա՞ բացատրել…
– Շարունակեցեք տեսնենք…
– Շնորհակալ եմ… Համայնության մի անդամը, ազգի մի զավակը, ընկերային մարդը – և մեզանից ամեն մեկը ընկերային մարդ է – ներկայանում է նախ և առաջ իբրև նկարագիր… Մեկը այսպես, մյուսը այնպես… Այդ նկարագիրը կազմվում է զանազան տվյալներից: Ես ի՞նչ իմանամ, բնածին հատկությունները, կյանքի ընթացքին ձեռք բերած կարողությունները, ուժը, առաքինությունը և կամ, ընդհակառակը, թերությունները, պակասությունները, արտաքին պայմանների պարտադրած շեղումները… Ուզում եմ ասել նկարագիրը անձնավորությունն է. ենթադրյալ, փոփոխական, ժամանակավոր… Անձը տարբեր է: Նա կանգնած է մեր փորձնական եսի շերտերի տակ: Նկարագիր չէ, փոփոխական չէ, ենթադրյալ չէ, ժամանակավոր չէ, այլ մնայուն է, տևական, ինչպես անմար ճրագ: Եվ ահա, հենց հարցը դրանում է, իսկական մարդկային էությունը պիտի հասնի այդ ճրագին, պետք է տարածի նրա լույսը, որովհետև այդ լույսը գալիս է ուղղակի արևից, գալիս է ուղղված համայն տիեզերքից… Ես մոռացա ձեր անունը, քեափթըն…
– Արա Հերյան:
– Շնորհակալ եմ: Շատ լավ անուն է, շատ լավ… Ուրեմն, Արա Հերյան, իմանաք. այդ լույսը ճանապարհ է: Կան հեռավոր արևելքում հույժ մեծ մտածողներ, և նրանց մեջ կա մեկը, որի իմաստության աղբյուրին ես միշտ մոտենում եմ ծարավով, նրա անունն է Լաոդզե: Լսե՞լ եք… Արդ, ասել է Լաոդզեն,- երբ կորցնում են ճանապարհը, մնում է առաքինությունը. երբ կորցնում են առաքինությունը, մնում է բարոյականությունը. երբ կորցնում են բարոյականությունը, մնում է օրենքը. երբ կորցնում են օրենքը, մնում է սովորությունը: Իսկ սովորությունը բարոյականի արտաքինն է միայն, և նրանից սկսվում է այլասերումը… Ասել է, նախ ճանապարհը: Ճանապարհը՝ անձը: Շատ հետաքրքիր է, այնպես չէ՞…
– Չգիտեմ, ինձ համար գոնե անհասկանալի…
– Հիմա ասեմ. ես քայլեցի այս երկրի դաշտերից և լեռներից, մտա քաղաքներ ու գյուղեր, լսեցի մարդկանց ու կանանց, և սիրտս սեղմվեց… Հայոց ազգը, պարոն նավապետ, կորցրել է ճանապարհը և պահել է միայն սովորությունները… Կորցրել է ոգին, պահել է ձևը… Մենք պարտված ենք:
Ձեռքերը ծալեց կրծքի վրա, և թուխ դեմքը մռայլվեց:
– Ես այդ ասում եմ, որովհետև ձեզ հանդիպեցի այստեղ, նշանակալից այս վայրում, ուր մեզ վիճակված էր տեսնել, խոսել, մտածել: Հասկացեք. ես եկել եմ հեռուներից, լցված սրտով, ծարավ և տանջված… ինքս իմ հետևից վազելով… Եվ ահա, կորցրել են ավանդությունները… ցիրուցան են եղել… Ախր, ասում են ազգ, ասում են երկիր… Ես առանց այստեղ գալու էլ ճանաչում էի իսկական մեր երկիրը այնպես ինչպես կա… Ոչ իբրև պարզ տարածություն, այլ իբրև լուսավոր և գաղտնի մի կենդանություն… Չգիտեմ, երբեք մտածե՞լ եք այդ մասին. արևմուտքի գիտնականները տարածությունը համարում են չեզոք մի վայր, որը պարունակում է մարմիններ և շարժումներ: Նրանց համար տարածությունը նյութ է և դեպքը՝ դեպք: Առանց փոխադարձության, որ ասել է առանց միության: Եթե մենք էլ այդպես մտածենք, եկել է վերջը, և ճանապարհը փակ է…
– Լավ,- ասաց Հերյանը հետա­քրքրված,- իսկ մենք ինչպե՞ս պիտի հասկանանք երկիրը…
– Ասեմ, քեափթըն, ասեմ… Կան երկրներ, ինչպես, օրինակ՝ Ամերիկան, որոնք չեն պեղված, չեն մշակված ոգիով: Նրանք պարզ նյութ են՝ ենթարկված բնության տարրական օրենքներին և մարդկանց քմահաճույքներին: Սակայն գործունյա ու երիտասարդ են ոգով և կոչված են կառավարելու կյանքում… Իսկ կան նաև երկրներ, որոնք պատկանում են Սրբազան աշխարհագրության, ուր ամեն մի բնական երևույթ պատճառաբանված է հոգեկանով և ուր մարդկային ամեն մի շարժուձև մասնակցում է այդ հոգեկանին… Դա, կենդանի, մագնիսականությունով լցված, բախտագուշակ, բնազանցական տարածություններ են, որտեղ բոլոր նշանները գծված են, և որտեղ ամեն մի ժեստ, ամեն մի գործողություն, ամեն մի արտասանված բառ ստանում է գերագույն նշանակություն: Սակայն այդ երկրներն արդեն անզոր են, ծերացած, նրանք պետք ունեն մի այլ երկրի զորավոր ղեկավարության: Տեսեք, մեր այս երկրում, մինչ անձը վերածվել է անձնավորության, կորցրել մարդ-աստվածային բնույթը, ենթարկվել գորշացած միջին տեղերին, մոռացել հոգեկան ավանդականը, երկրի և անհատի միջև առաջ է եկել երկվություն: Աշխարհա­գրության համապատասխան միակ երևույթը, որ մնացել է, այն շենքերն են, որոնցից մեկի մեջ ահա կանգնած ենք…
– Իբրև կրոնի, քրիստոնեության արտահայտությո՞ւն…
– Չէ՛, չէ՛, ավելի քան այդ… Նրանք եկել են ավելի հեռվից և ավելի են, քան մեզ պարտադրված կրոնը… Նրանք հայոց ժայռերի և լեռների լույսերով են կառուցված, նրանք համադրում են անձը և երկիրը և ցույց են տալիս այն ճանապարհը, որի մասին խոսում էինք… Ես ման եկա ամեն տեղ և ամեն տեղ ես որոնեցի նրանց… Տեղ-տեղ նրանք մնում են կանգնած, քարերով արտահայտված սառած երգի նման, տեղ-տեղ նրանք վիրավորված են դարերից, հողմերից և մարդկանցից, սակայն, ողջ կամ կիսաքանդ, նրանք վկայում են անդիմադրելի մի ձգտում, ներքին և ներուժ մի կեցվածք, հոգեկան մի նախատվյալ, առանց որի չկա և չի կարող լինել իսկական կյանք… Այնտեղ, նրանց մեջ, գծվել են սահմանները, գտնվել է միությունը, ծնվել է աստվածայինը: Այդ գծերի միակ պայծառությունը, որ թռիչք է և ուժ, որ բացարձակ ձև է և ամբողջություն, առաջ է եկել երկար և տաժանելի այն պայքարներից հետո, որ մեր ժողովրդի ոգին մղել է քաոսային, գիշերով և կախարդանքով հագնված հոսանքների դեմ, ինչպես նրանցից առաջ, ողիմպիական լուսավոր սկզբունքը պայքարել էր օձ-աստվածների և աստված-օձերի, դևերի, կենդանու գլուխներով էակների, ստորերկրյա մոգական կրակի և ուրիշ մութ, անարևային ազդեցությունների դեմ: Այստեղ, նավապե՛տ, հայը երկրորդ անգամ և ուրիշ ձևի տակ վառել է այն ճրագը, որ ժամանակին դորիացիները վառել էին իբրև հաղթության նշան կրետա-մինոյական աշխարհի դեմ: Հայը գտել է իր հոգեկան միությունը, իր լույսը, որ տարածել էր աշխարհի չորս կողմը…
Կանգ առավ. մի վայրկյան մտածեց:
– Ամեն մի ժողովրդի գերագույն նպատակն է,- շարունակեց նա,- տարածել մարդկայինը, և տեսանելին՝ տիեզերքի և անտեսանելիի մեջ… Հայ տաճարը առաջին կարևորագույն քայլն էր այդ նպատակին հասնելու համար: Ոգին համադրված էր, ոճը՝ գտնված, սանդուղը վեր կարկառված, սակայն բարձրացող չեղավ… Եկավ նորից գիշերը և քաոսը, հայ ժողովուրդը կորցրեց իր ձեռք բերած ճրագը և մտավ երկրաշարժային մի շրջան…
– Մենք մեղավոր չենք… պատմությունը… արտաքին պայմանները,- բողոքեց Հերյանը:
– Գիտեմ, սովորություն է այդպես ասել: Սխալ է: Հոգեկան զորությունը և միությունը անհաղթելի են… Արտաքին դեպքերը մեզ այցելում են այն ժամանակ միայն, երբ մենք ներքնապես արդեն պատրաստ ենք ընդունելու նրանց… Ոգին է, որ ստեղծում է արտաքին դեպքերը, նա է հրավիրում նրանց… Չէ՛, չէ՛, համաձայն չեմ ձեզ հետ… Ասեմ պարզ, ահա նորից ժողովրդի առաջ ցցվել են վճռական օրեր, տաժանելի, սոսկում ազդող օրեր… Դեպքերը գրոհ են տալիս մեզ վրա անսպասելի կերպով, մեկը մյուսի հետևից… Նրանք գալիս են օրերի պողպատով զինված, հարվածում են մեզ, և մենք՝ զարմացած և վշտացած, հարց ենք տալիս, թե ինչո՞ւ… ինչո՞ւ… ահա խնդիրը…
– Ինչո՞ւ,- փսփսաց Հերյանը:
– Ինչո՞ւ… Դուք քիչ առաջ հուզված նայում էիք այդ պատի վրայից ճառագայթող նայվածքներին… Ես հետևում էի ձեր ամեն մեկ շարժումին և եթե մոտեցա ձեզ, պատճառը այն էր, որ ես ևս նույն պահին անցկացնում էի տագնապի մի վայրկյան… Ինչո՞ւ, ասում եք դուք, ինչո՞ւ… Նայեցեք նրանց, և նրանք ձեզ կասեն… Հարգանքներս, քեափթըն, հարգանքներս…
Եվ Պետրոս Մարկը անհետացավ: Կորավ մութի մեջ:
Հերյանը իր ճակտի վրայից պաղ քրտինքի կաթիլները սրբեց և նետվեց դուրս:

(հատված վեպից)

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԵՒԱՆ

Ծարա՛ւ եմ:

Ծովափի սուր քարերի վրայ ոտաբոբիկ
ման եմ եկել մի պուտ լազուր որոնելով –
ի զո՛ւր:
Ամպերը պատռած ուղտանման
լեռների հետ
խօսում են ցած,
ու չգիտեմ` ե՞ս եմ, ե՞ս չեմ…
Հայ պատմութեան
կարաւանը կանգ է առել
երկնքի մօտ,
պառկել յոգնած` հորիզոն է որոճում:
Ե՞ս եմ, ես չեմ… կրկներեւոյթ:
Կրկէսի մէջ մեծ մի տրապէզ
ու լուսաւոր մի երեկոյթ
հրեշտակների` սպաննւած
այնտեղ Այրիվանքում,
դեղնած, քանդւած քարերի մօտ:
Ալիքները բաց են անում
գորշ մի կարպետ,
քամին զիստերս է խածնում –
նիստը բացւած է, պարոններ,
Սեւանա լճում:

Ծարա՛ւ եմ:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ
Յունւարի ձիւնը, յունւարի
ձիւնը Սարդարապատում:
Կեանքի ոչ մի հետք, ամպի ոչ մի շուք
Այս անապատում
Ոչ մի յիշատակ: Գերեզմանի տակ
Ձիւնի սառ, սպիտակ`
Ոչ մի յիշատակ անցած օրերի:
Ոչ իսկ ոռնող բուք,
Ոչ իսկ սուր քամի լերան գագաթից
իջնող սուր քամի,
Որ տնքայ, պատմի հառաչող
ցաւը ճեղքւած ժայռերի:
Խոր մի լռութիւն
Եւ լոյսեր սառած: Ոչ սուգ եւ ոչ լաց:

Խոր մի լռութիւն:
Ներկայ են միայն աստղերը
գունատ անյայտում:

Նայում եմ, ասում –
Ուրախ եմ լինել այս պահին մենակ,
Ինչպէս մոլորակ կորած ոլորտում
այս ձիւնի սպիտակ,
Ինչպէս աղեղի նետ մի արձակւած
դէպի ոչ մի տեղ:
Տեսնում եմ, այնտեղ,
Մերկ հողերի տակ
Թաղւել են, կորել յոյս եւ ճանապարհ,
Խորասուզւել է իր առագաստից
զրկւած մի նաւակ
Եւ կեանքի վրայից քայլել է
անցել մթութեան մի սար:

Ահ, թողէք վիշտս այս ձիւնում լըւամ
Եւ խոր լռութեան մերկ
կայմի վրայով ես վեր
բարձրանամ
Մինչեւ անցեալը, մինչեւ արիւնիս
թողած հետքերը,
Որոնց խուլ լացը ծածկել է
յուշի գունատ գորգերը:
Նայում եմ, ասում –
Ես ընդունում եմ ճակատագիրը
սառած այս ձիւնի.
Այնտեղ թաղւած է գերեզմանը
խոր մեր խորհուրդների:

***
Մնչի՛ր մրրիկ, եղիր դժոխքի
շռինդ ու պար.-
կեանքը այդպէս անկատար
խա՛ղ է անգութ,
մա՛հ է սուտ:
Սիրտս քեզ է. բոց` բոցերում,
եւ սուրբ աւեր` աւերներում –
սիրտս քե՛զ է, սիրտս քե՛զ է:

Թող լինի սեւ ճակատագիր`
զարզանդեցնող մի ջահակիր
հովում, բուքում սարսափների,
ուր կայ յոռի
եւ վիթխարի
լոյսը կեանքի:

Մնչի՛ր, մրրիկ, եղիր
դժոխքի շռինդ ու պար,
արեւների շինարար
եւ ստեղծագործ փոթորիկ:
Էլ վերջացաւ. ես նետեցի սիրտս յաւէտ,
ո՜ իմ կարմիր քրմապետ,
քո նոր, բոցեղ աղօթքին
քո մարտնչող խորհուրդին:

Մնչի՛ր, մրրիկ:

ԼՈՒՍԻՆ
Այս ինչ գիշեր է:
Լուսինը իջել, փարւել է ձիւնին,
Գրկել է սառը հրավառ թեւերով –
Խոցել է սրտին իր թուրի ոսկին`
Հմայել եւ դիւթել երազանքներով:

Արծաթ ձմեռ է:

Քայլում եմ, նայում աչքերով յուզւած
Կարմիր քաղաքին, որ խորասուզւած
Հուրէ հեքեաթի անյայտ յուշերում,
Թաղւել է ձիւնում:
Թաղւել են օրւայ աղքատ ձեռքերը
Կրծքին են ծալւել տրտմութիւնները
Եւ, մագաղաթէ փռւած ճամբեքով,
Քշում են մի ձի ագաթ սանձերով:

Ժողխորի առաջ կանգնած պահակը
Սառած ոտքերը խփում է գետնին,
Իսկ իր ծանրացած կոպերի տակը
Նստել է յուշ, նայում է լուսնին:

Սմքւած փողոցի մութ մի անկիւնից
Հառաչ է լսւում:
Ինչ-որ մի շէնքից
Նւագի ձայներ են գալիս եւ կորչում
Ճառագայթների պեղած անդնդում:

Գիշերը գլորւել, ընկել է մի լիճ:
Բուլվարի վրայից սողում է մի ճիչ,
Եւ ոգիների գաղտնի ոհմակներ
Հետապնդում են փախչող երազներ:

Այս ի՜նչ գիշեր է,
Արծաթ ձմեռ է:

***
Այս ցրտին, այս բուքին.
այս խոնաւ սենեակում
Ունկ ենք դնում քամիին ու լռիկ սպասում,
Չենք վախում այս կեանքից,
անորոշ վաղւանից եւ խաւար գիշերից:

Այս ցրտին, այս բուքին…
Տարիներ երազած հայրենի հողի վրայ
մենք ահա
մեր յոյսի ճրագով թեւաւոր, լուսաւոր
մեր բախտի աղեղով
վիրաւոր…

Տուր սիրտդ իմ սրտին, այս ցրտին,
այս բուքին
ու լսենք հեռաւոր, անծանօթ ձայներին
լեռներից, ձորերից վար
բերած պատգամով
կիսաքանդ գիւղերից մեզ
ղրկած լուրերով:

Այս ցրտին, այս բուքին –
միասին
այս երկրում հայրենի
չը լինենք ամայի եւ տխուր մտքերով –
չը լինե՛նք…
Տո՛ւր սիրտդ իմ սրտին,
այս ցրտին, այս բուքին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։