Շատ տարիներ առաջվա դեպք է, որ կատարվել է իմ փոքրիկ քաղաքում: Ծանր հիվանդությունից հետո երիտասարդ էր մահացել: Ծնողների ավագ որդին էր. ի՜նչ երազանքներ ունեին` նրա ապագայի հետ կապված, բայց… նստած են նրա դագաղի մոտ: Մայրը… մինչև կյանքիս վերջ չեմ մոռանալու նրան` որդու կողքից չհեռացավ ու երեք օր հսկում էր նրան: Հա՛, հսկում էր, որ մեկը բարձր չխոսի հանկարծ, մեկը անզուսպ չհեկեկա` որդին քնած է վերջին քնով, ու նրա անաստված կարճ կյանքի երկրային վերջին ժամերը պիտի անցնեին զուսպ, արժանապատիվ լռության մեջ…
Արդեն որերորդ դեպքն է` բանակում զինվոր է մահանում (առայժմ այդպես ասեմ), ու մայրը որդու դագաղը տանը թողած` գնում է արդարություն պահանջելու:
Հայրը, որդուն վերջին ճանապարհը ուղեկցելու փոխարեն, նրա դագաղը գյուղից քաղաք ճանապարհով է տանում` արդարություն պահանջելու:
Անպատմելի ցավ է, երբ զավակդ մահանում է թշնամու գնդակից, բայց ցավի հետ մխիթարանք կա` երկիրն է պաշտպանել, ծնողներին ու իր տունն է պաշտպանել: Եվ այդ զինվորի մայրն ու հայրը իրենց տան մարած ճրագին վերջին ճանապարհն են ուղեկցում նրան արժանի արժանապատիվ սուգով:
Բայց երբ զավակիդ դիակը բերում են` բռնության հետքերը դեմքին ու մարմնին, երբ ոչ թե թշնամու գնդակը, այլ նրա կողքին, նրա հետ նույն ծառայություն անցնողն է վերջ դրել որդուդ կյանքին, երբ ընդամենը մի քանի ժամ է անցել, բայց արդեն կա «որոշումը»` ինքնասպանություն, ինչպե՞ս վիրավորանքից ծառս չլինես, կսկիծդ թեկուզ մի կարճ պահ չմոռանաս, չէ՛, անտեսե՛ս ու ճամփա փակես, ԱԺ-ի դարպասները պաշարես, ՊՆ ու կառավարություն կանչես, թե` «Ես ձեզ առողջ, միայն ես գիտեմ` ինչ տանջանքով մեծացրած, սարի պես տղա եմ տվել, դուք որդուս հոշոտել` ինքնասպանի խարանն էլ վրան դրած ի՞նձ եք հանձնում»…
Երրորդ տասնամյակն է արդեն, որ բանակում «ինքնասպանության» դեպքերը, որքան էլ զարհուրելի լինի գրելը` օրինաչափ են դարձել: Մեկը մյուսից սահմռկեցուցիչ սպանությունը «ինքնասպանություն» որակելը համարյա ավանդույթ է դարձել: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է. «Շուրջ 20 տարի աշխատելով իրավապաշտպանության ոլորտում, ես դեռ չեմ հանդիպել որևէ դեպքի, երբ գործ հարուցվի ինքնասպանության հոդվածով, հետո քննության ընթացքում փոխվի սպանության մեղադրանքով»:
Իմ կողմից էլ ավելացնեմ` չեմ հիշում մի դեպք, երբ զինվորի մահվան համար պատասխանատվություն կրի նրա անմիջական հրամանատարը, էլ չեմ ասում բարձրաստիճան չինովնիկների (այս դեպքում` զինվորական ու սպա ասել լեզուս չի զորում) հրաժարականների մասին…
Իսկ ի՞նչ է փոխվել մեր, ի՛մ հեղափոխությունից հետո: Ոչի՛նչ: Ախ, հա՛, զինվորական ճաշարաններն են բարելավվել, մենք էլ սրտանց ուրախացել ենք ամեն անգամ հերթական ճաշարանի բացումով: Բայց միայն դա՞ էր մեր սպասելիքը: Ամենակարևորը` զինվորի կյանքի պաշտպանությունը նախկինի պես ԱՆՊԱՇՏՊԱՆ է: Սա է, որ տագնապի կոչնակ պիտի հնչեցնի, «թավշյա թմբիրից» հանի բոլորին, որովհետև հեղափոխությունը բանակում տապալված է (հուսամ` առայժմ), ու եթե 2018-ի ապրիլից առաջ հատուկենտ էին այսպիսի բողոքները, այսուհետ ավելի դաժան բողոքի ցույցերի սպասենք: Այո՛, սպասենք, որովհետև հենց հեղափոխությունն է քանդել որդեկորույս ծնողների պարտադրված լռության պատնեշը, ու քանի դեռ զինվորի սպանությունը գրչի մեկ հարվածով շարունակում է դառնալ ինքնասպանություն, իսկ այդ զինվորի կյանքի համար պատասխանատվություն կրողները անվրդով շարունակում են իրենց «բարձր ծառայությունը», դեռ քանի՜ մայրեր ու հայրեր, կորստի կսկիծով ու վիրավորված արժանապատվությամբ, պիտի խախտեն զավակների երկրային կյանքի վերջին ժամերի լռությունն ու վերջին ճանապարհի փոխարեն նրանց արդարության որոնման մայրուղիներով տանեն…
դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ես դրսում, դուք ներսում, ախր ես ինչ գրեմ, բացի ցավ ու վիշտ ինչ գրեմ, ցավակցում եմ ծնողների հետ, կորուստը նաև մերն է։ Իմ կարճ խելքով՝ միտումնավոր նպատակ կա, բանակի հաղթական ոգին տկարացնելու թշնամի հարևանների գաղտնի ձեռքեր են խաղում․․․
Մեր ՀՀ չկայացած սպայական կազմն է մեղավորը, որը չի հարգում իր զինվորին։ Ես մինչև այս օրը պահպանում եմ կապը իմ հետ ծառայող սպաների հետ, որոնք ինձ զարմացրել էին ծառայության ժամանակ, նրանք մեզ հետ վերաբերվում էին հարազատի պես, եղբոր պես։ Հայկական բանակում չկա այդպիսի որակական պատրաստված կադրեր։ Պետք է դրսում պատրաստել կադրեր և շատ խիստ պատժել այն հրամանատարներին որտեղ կան քրեական հարաբերություններ։