2016 թ. հուլիսի 26-ի առավոտյան ժամը 7-ին Արթուր Սարգսյանը իր մեքենայով ճեղքեց ոստիկանական արգելապատնեշը և հաց ու ջուր հասցրեց ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող ապստամբներին: Նա կռվել է Արցախյան ազատամարտի տարիներին և, ինչպես նշված է հայկական Վիքիպեդիայում, հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ճանապարհին: Զուգադիպությո՞ւն, որտեղ նշանային բառերը մարդկանց «հաց տանել-հասցնելն» է: Լավ, լինեմ հանդուրժող ու ընդունեմ, որ «Սասնա ծռերի» հարցում կարծիքները կարող են բևեռայնորեն տարբեր լինել, բայց համոզված եմ՝ Արթուրի արարքը միտք ու սիրտ ունեցող մարդկանց մոտ միայն մե՛կ զգացում կարող է առաջացնել՝ շնորհակալության զգացում: Արթուրը այն միակն էր, ով ոչ միայն խոսքով ու սրտի ցավով արձագանքեց սոված ու անջուր մնացած մարդկանց արժանապատիվ լռությանը, այլև դիմեց Արարքի, որը բոլորիս հուլիսի 26-ի ժամը 7-ից հետո էլ ինքնահարգանքով ապրելու թողտվությունը դարձավ:
Իսկ ինքը հիմա ոչ միայն անազատության, այլև հացադուլի մեջ է և հրաժարվում է բժշկական օգնություն ստանալուց: Արթուրը, հիշեցնեմ, չի ապստամբել, զենք չի վերցրել, նա ընդամենը հաց է հասցրել մարդկանց: Կրակահերթի տակ: ՀԱՑ: Փետրվարի 10-ից մեր «Հաց բերողը» հացադուլի մեջ է, բայց սովածը մենք ենք: Ու քանի դեռ չկա միտք ու սիրտ ունեցող մարդկանց այն միասնությունը, որը պահանջի՝ «Ազատություն Արթուր Սարգսյանին» և ստանա այդ ազատությունը, սովը կթագավորի մեր սեղաններին՝ լինեն դրանք առատությունից պայթող թե ընդամենը օրվա մի կտոր հացով… Իսկ ոգու սովը ստիպված կլինենք ժառանգել մեր զավակներին:
One thought on “Դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ”