ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ / Ալլա ԴԵՄԻԴՈՎԱ

Սերգեյ-ՓարաջանովՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ «Հիշողության վազող տողը» գրքից

1970 թ. Կիևում նկարահանվում էի «Լեսյա Ուկրաինկա» ֆիլմում: Ստուդիայից հյուրանոց ճանապարհին ինչ-որ մեկը մատնացույց արեց անկյունային շենքի պատշգամբներից մեկը: Պատշգամբում կիսանդրի էր դրված: Շատ չզարմացա, վաղուց էինք վարժվել պաշտոնական կիսանդրիներին: Բայց ինձ ասացին. «Փարաջանովն է»: Պատշգամբում Փարաջանովի կիսանդրին էր… Պատշգամբն ու բնակարանն էլ իրենն էին: Այդ ժամանակ ընդամենը մեկ անգամ հանդիպեցինք, ստուդիայում, հպանցիկ, ու դրանից հետո սկսեցի նվերներ ստանալ. ուկրաինական եզակի նախշազարդ զգեստներ, երբեմն` մի շիշ գինի, գեղջկական ասեղնագործ մորթե անթևանոց: Ընդ որում, այդ ամենը ոչ թե միանգամից, այլ` մաս-մաս: Ինչ-որ մեկը գալիս էր Մոսկվա, այցելում ինձ ու ասում. «Սա` Փարաջանովից»:
Երբ 1979 թ. հյուրախաղերի էինք Թբիլիսիում, նա ընդունելություն կազմակերպեց մեր «Տագանկայի» պատվին: Ես մի փոքր ուշացա, բայց բարձրանալով Կոտե Մեսխիի հին, սալարկված փողոցով` աղմուկից գլխի ընկա, թե ուր պիտի գնամ: Տուն թիվ 10: Երկհարկանի, փոքրիկ, ոչ բարձր քարե պարսպով շրջափակված: Դարպասի վերևում նստած էին, ինչպես ինձ թվաց, երկու մերկ տղեկ, որոնք բացելով ինքնաեռների ծորակները` ջուր էին լցնում նորեկների վրա: Բայց ինձ հաջողվեց բակ մտնել` շրջանցելով այդ ցնցուղը: Բակն էլ փոքր էր: Ես անմիջապես ուշադրությունս սևեռեցի ոչ մեծ, կլոր, ոչ այն է` ջրհորի, ոչ այն է` շատրվանի վրա. այն լցված էր գինով, և այդ գինամբարում լողում էին խնձորներ, նռներ ու էլի ինչ-որ էկզոտիկ մրգեր: Այդ հսկա գավի շուրջը կանգնած էին մեր դերասանները, բաժակները գինի էին լցնում ու խմում: Իսկ կենտրոնում, արկղերի վրա դրված էր մեծ քառակուսի տախտակ` ծածկված գունավոր մոմլաթով, տեղում հորինված սեղան, վրան` ափսեներ, իսկ մեջտեղում, կաթսայի մեջ ինչ-որ բան էր քլթքլթում` համեղ գոլորշին տարածելով չորսդին:
Բակի ձախ անկյունում Փարաջանովի դիմանկարն էր` ծածկված գերեզմանաքարով թե բանտային ճաղաշարով: «Սա իմ գերեզմանն է»,- հետո ասաց ինձ: Դիմա­նկարը դրված էր գետնին, դիմացը` չորացած ծաղիկներ, դարահալվե ու մի կիսաչոր տնկի: Երկրորդ հարկի պատշգամբներից գորգեր էին կախված, կարպետներ ու լաթակարկատ ծածկոցներ: Գետինը գունավոր սալիկներով էր ծածկված: Արևը փայլում էր: Ամեն ինչ շողում էր: Գեղեցիկ էր այդ ամենը և շատ գունագեղ:
Իսկ երկնքից կախված էր սև ժանեկազարդ հովանոցը, կախված էր բակում` որպես լուսամփոփ: Դիմավորող Փարաջանովին ասացի. «Ի՜նչ հրաշալի հովանոց է»: Նույն պահին իջեցրեց, կտրեց պարանն ու նվիրեց ինձ: Միայն հասցրի կմկմալ. «Ափսոս է, դե, գոնե մի քիչ էլ կախված մնար, գեղեցկության համար»: Իսկ Փարաջանովը. «Տեսնո՞ւմ ես, ինչ բռնակ է, սաքսոնական աշխատանք է: Կտրիր ու ամրացրու կրծքիդ` որպես հմայիլ, որովհետև սա Սևրի վարպետների անկրկնելի աշխատանքն է: Սա Սևր է»: Հետո հրամայեց լուսանկարել ինձ, իրեն, շատ էր հավանել, որ լրիվ սպիտակ էի հագնված, իսկ սպիտակ գլխարկս ֆրանսիական էր: Հատկապես դա նրան հիացրեց, որ ես գլխարկով էի, քանի որ այն օրերին ոչ ոք գլխարկ չէր դնում: Նա անընդհատ կրկնում էր. «Դե, վերջ, հիմա մեր կեկելկաները գլխարկ կդնեն: Գլխարկնե՜ր… ինչ գեղեցկություն է: Ես նրանց բոլորին կստիպեմ գլխարկ կրել: Գլխարկնե՜ր… գլխարկնե՜ր…»: Այդ ընթացքում ինչ-որ տղա լուսանկարում էր, նրան Փարաջանովը ներկայացրեց որպես բոլոր ժամանակների ու ժողովուրդների հանճարեղ լուսանկարիչ: Հաճոյախոսություններ անելիս երբեք ժլատ չէր:
Երկրորդ հարկում, գորգերով ծածկված ճաղաշարի հետևում կանգնած էր Գիա Քիաչելիի կինը: Անասելի գեղեցկուհի, հղկված վրացուհի: Ճաղաշարի վրայով քայլում ու միաժամանակ ուտում, խմում և երգում էին «Տագանկայի» ու Ռուսթավելու թատրոնի դերասանները, վերևից նայում էին ներքև, որտեղ ասես ներկայացում էր խաղում Փարաջանովը: Դերասանների մեջ այս ու այն կողմ էր քայլում մի միլիցիոներ, նրան Փարաջանովը այնպես էր ներկայացնում, ասես բարձրաշխարհիկ հավաքույթում լիներ: Ավելի ուշ պարզվեց, որ միլիցիոները եկել էր գրանցման հարցով, իսկ Սերգեյը գրանցում չուներ: Այնտեղ էր նաև ճամբարից եկած մեկը` հյուր էր եկել: Աջ կողմում, երկրորդ հարկում, առանձնացած, չորացած պղպեղների շարանի տակ նստել էր կարմրահեր, գեր մի կին` բայկայե գունավոր խալաթով ու մեծ շափյուղաներ ականջից կախված, ու լուռ հետևում էր այդ ամենին: Հարցրի` ով է: «Հա՛… քույրս է, երկու տարի է` խռով եմ, հետը չեմ խոսում»,- ընթացքից նետեց Փարաջանովը:
Մտանք նրա փոքրիկ սենյակը, որը լցված էր կոլաժներով, նատյուրմորտներով, չորացած ծաղիկներով, ինչ-որ լաթերով, իրերի վրա գցված եզակի ժանյակներով: Ոչ ավել ու ոչ պակաս` հնավաճառի կրպակ: Փարաջանովի սենյակը շատ, շատ փոքր էր: Համարյա ամբողջ տարածքը գրավում էր քառակուսի սեղանը` կենտրոնում: Սեղանի վրա լիքը ուտելիք էր, գունազարդ վրացական գավեր…
Ես շուտ գնացի, որովհետև չգիտեի` ինչպես ինձ պահեմ այդ արևելյան տոնախմբության մեջ:

Թարգմ. ռուսերենից` Կ. ԲԱԳՐԱՏՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։