Հանդիպում մեծանուն գրողի անվան դպրոցում

Հանդիպման առիթը Մայրենիի և Գրքի նվիրատվության ավանդական տոներն էին, իսկ հանդիպավայրը` մեծանուն գրող Նաիրի Զարյանի անունը կրող երևանյան դպրոցը (տնօրեն` Արմինե Հովհաննիսյան): Այդ օրը դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալել էին բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանին և բան. գիտ. դոկտոր Լյուդվիգ Կարապետյանին: 3-րդ Ա դասարանի աշակերտները դասվարի` մայրենիի ուսուցչուհի Աիդա Բեգոյանի ղեկավարությամբ Մայրենիին և Գրքին նվիրված հրաշալի հանդես էին կազմակերպել: Եվ Լիպարիտ Սարգսյանի ներկայությունն էլ պատահական չէր: «Միջնորդը» նրա «Իմ գրադարանը» բանաստեղծությունն էր, որ տեղ էր գտել այդ դասարանի մայրենիի դասագրքում: Երեխաները հանդես եկան ինչպես այդ, այնպես էլ այլ մանկական բանաստեղծությունների արտասանությամբ, ապա ունկնդրեցին Լիպարիտ Սարգսյանի հետաքրքրաշարժ զրույցը մարդու ամբողջ կյանքում գրքի անփոխարինելի դերի, Մայրենիի ոգեղեն արարչագործության մասին:
Իսկ 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտների համար գրականության հերթական դասը վարեց Լյուդվիգ Կարապետյանը: Ուսուցչուհիներ Հայկուհի Կարապետյանի և Իրինա Ղազարովայի սաներին գրականագետը հիշեցրեց ժողովրդական հայտնի ասացվածքը` եթե մարդն ուզում է մնայուն հետագիծ թողնել իրենից հետո, պետք է երեք պարտադիր պայման կատարի` ծառ տնկի, տուն կառուցի, երեխա մեծացնի: Բայց այդ առաքելությունն իրականացնելու ճանապարհին նրան պետք է միշտ ուղեկցեն Նորին Մեծություն գիրքն ու Գիտելիքը: Երեխաներին շատ հետաքրքրեցին նաև հեղինակի «Ինչ կթողնես քեզնից հետո» և «Դասեր` ամբողջ կյանքի համար»` մանուկներին և պատանիներին հասցեագրված գրքերում ներառված զրույցները` նվիրված մարդու բնավորության մեջ և վարքագծում տեղ գտած ուսանելի ու նաև արատավոր գծերի մասին: Հենց այդ թեմաներով էլ շարունակվեց գրականագետի ու աշակերտների երկխոսությունը: Հանդիպման վերջում գրողները պատասխանեցին երեխաներին հեռաքրքրող հարցերին և իրենց հեղինակած գրքերից նվիրեցին դպրոցի գրադարանին:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։