ԱԿԱՄԱ ՎԿԱ / Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

Գիշերվա խավարը ծանր ու սպառնալից փռվել էր ժանյակազարդ սև քողի պես, պարուրել հենակետն ու շրջապատի նոսր անտառը: Հինգ զինվորներից երկուսը, համազգեստի գլխարկներն ու սեփական զենքերը բարձ դարձրած, քնել էին ցերեկվա ջերմությունը դեռ պահպանած փափուկ սևահողի վրա, որն առատորեն ծաղիկներ ու մոլախոտ էր ծլարձակել՝ մոռանալով, որ աշնանամուտ է, և մինչև ցրտերն ընկնելն ու առաջին ձյունը նրբիկ բույսերը հաստատ չէին հասցնի բողբոջել:
Սերժանտ Վարդանը խրամատի անկյունն էր քաշվել և ավետաբեր նամակ էր գրում սիրած աղջկան, ընդամենը քսանվեց օրից կրկին կհանդիպեն և այլևս չեն բաժանվի մինչև խոր ծերություն:
Կրտսեր սերժանտ Գևորգն ու շարքային Սուրենը ժամապահներ էին խրամատի հակառակ ծայրերում, դեռ երկու ժամ պետք է հսկեին անթարթ հայացքով, մինչև կփոխարինվեին և իրենք էլ կկարողանային մի երկու ժամ աչք կպցնել:
Անտառը լուսավորող միակ լապտերը պայծառադեմ լիալուսինն էր, այստեղ ու այնտեղ առկայծում էին դանդաղաշարժ ու անտարբեր լուսատտիկները, քունը կորցրած ծղրիդներն անվերջ զրուցում էին իրար հետ, ապա սսկվում էին, որպեսզի ուժ հավաքեն և նորեն ձայնեն անխոնջ ու զիլ:
Գևորգի մտքերը նույնպես առկայծում էին լուսատտիկների պես, թռչում էին տուն, մերթ մորն էին փարվում, մերթ՝ քրոջը, ապա և հորը, որին ամենաշատն էր կարոտել և անվերջ զգում էր նրա խորհուրդների ու բարի ժպիտի կարիքը: Բանակային եղբորը վերջերս էր հանդիպել, բոլորովին պատահական, նորակոչիկների հետ զենք էին բերել իրենց գունդ և փոխարենը սննդամթերք էին տանում:
Տերևների ուժգին խշխշոցն ընդհատեց Գևորգի մտորումները, և նա լարեց լսողությունը: Հետո քչփչոցներ հասան ականջին: Գևորգը պայուսակից հանեց գիշերային տեսասարքով հեռադիտակը և սկսեց ուշադիր զննել տեղանքը: Հսկայական կաղնու տակ չորս հաղթանդամ տղամարդիկ զրուցում էին ցածրաձայն: Գևորգին թվաց, որ ադրբեջաներեն բառեր է լսում, ապա՝ ռուսախառն հայերեն: Զրուցողներից դեպի աջ չորս զինվորներ էին կանգնած, Գևորգենց գնդից չէին, բայց իրենց համազգեստով էին: Ձախ կողմում նույնպես չորս զինվորներ էին, դարձյալ անծանոթ, բայց համազգեստներին այլ տարբերանշաններ էին: Զինվորները լուռ էին և անտարբեր հայացքով իրար էին նայում, կարգադրության սպասում:
Հանկարծ հզոր շարժիչների հռնդյունը ճեղքեց գիշերային անդորրը, երկու հսկա, բրեզենտածածկ բեռնատարներ դեմ-դիմաց հայտնվեցին հակառակ կողմերից, ընդհուպ մոտեցան և կանգ առան կողք-կողքի՝ մեկի քիթը մյուսի պոչին: Կաղնու տակ զրուցողներից երկուսն առանձնացան և դեպի երկաթե հսկաները քայլեցին: Գևորգը, կարծես, ճանաչեց նրանցից մեկին, մի անգամ իրենց գունդ էր այցելել, զինվորական ոստիկանության տարածքային բաժնի պետն էր, եկել էր օրինազանց զինվորներ կալանավորելու: Գևորգը երբեք չի մոռանա նրա դեմքը՝ կլոր թշեր, բզով ծակած աչքեր, որ անվերջ պտտվում էին բների մեջ կեր փնտրող աղվեսի սուր հայացքով, թեթևակի ծուռ քիթ, որ ոչ մի հոտ բաց չէր թողնում, ամենանուրբ ձայները որսալու շնորհով օժտված երկար ականջներ, թելի պես բարակ շրթունքներ, որ մի կերպ էին թաքցնում բերանի մեջ ցից-ցից շարված երեսուներկու ժանիքները:
Քիչ հեռվում կանգնած ութ զինվորները վազքով մոտեցան այդ երկուսին և հաջորդ պահին սկսեցին աճապարանքով քանդել բեռնատարների պարունակությունը քողարկող բրեզենտե ծածկոցները: Մեկի մեջ զենք-զինամթերք էր, մյուսում՝ սննդամթերքի պարկեր ու արկղեր: Զինվորները ձեռնամուխ եղան մեքենաների բեռները մեկից մյուսը տեղափոխելուն: Գևորգը նկատեց, որ դեպի իրենց գնդի համարանիշներով բեռնատարի խորքը տարվող տասը պարկերը տարբերվում էին մյուսներից, դրանց մեջ, կարծես, ոչ թե սննդամթերք էր, այլ՝ ծանր ու համասեռ ինչ-որ զանգված: Գևորգն ակամա մի քանի քայլ առաջ գնաց, որպեսզի կարողանար ավելի մոտիկից զննել պարկերն ու գլխի ընկնել, թե դրանց մեջ ինչ էր, և անմիջապես էլ ճանաչեց իրենց վաշտի սերժանտ Սլավիկին, որ շշուկով կարգադրություններ էր անում մյուս երեքին:
Սակայն Գևորգի անզգույշ շարժումից ծառի տերևները խշշացին, գետնին ընկած չոր ճյուղերը կոտրվեցին նրա ոտքերի տակ և ինքնաձիգի խլացուցիչ ճարճատյունի պես ճեղքեցին գիշերային լռությունը՝ գրավելով երկու հրամանատարների համակ ուշադրությունը: Զինվորական ոստիկանապետի երկար ականջները խլշկոտեցին, ռունգերը լայնացան, աչքերը լարվեցին, և թելանման շրթունքներն իրար սեղմվեցին: Նա ձեռքով արեց Սլավիկին, մյուս հրամանատարն իր սերժանտին նշան տվեց:
Գևորգն անմիջապես զգաց վտանգը, զինվորական ծառայության երկու տարիներն իզուր չէին անցել: Ակնթարթորեն գլխի ընկավ, որ չի կարելի խրամատ վերադառնալ և վտանգի ենթարկել ծառայակիցներին, ուստի փախավ հակառակ ուղղությամբ: Սլավիկը սլացավ նրա հետևից: Անանցանելի խավարի մեջ շրջանցելով իրարից հեռու վեր խոյացող ծառերը՝ Գևորգը չքացավ անտառի խորքում: Բայց Սլավիկն աներևակայելի ճարպկությամբ առաջ էր մղվում, նրա աչքերն արնակարմիր էին ու արյունարբու, հայացքը մթագնած էր, բայց սևեռուն, ասես հատուկ ծրագիր էին ներմուծել նրա ուղեղի ծալքերի մեջ և կառավարում էին հեռվից: Եվս մի քանի ակնթարթ, և նա կորսա փախստականին ու կհոշոտի գազանաբար: Սակայն Գևորգն արդեն հասցրել էր ծառը մագլցել և թաքնվել էր գիշերային խավարի մեջ սևին տվող սաղարթախիտ կաղնու կատարին: Սլավիկը գլխապատառ աջ վազեց, ապա՝ ձախ, հետո ձեռնունայն վերադարձավ հրամանատարի մոտ:
Բայց որսի ու որսորդի աճապարանքն արձագանքվեց անտառակով մեկ և հասավ ժամապահ Սուրենին, որ անմիջապես առաջ պարզեց ինքնաձիգն ու սարսափազդու ձայնով բղավեց.
– Կանգնի՛ր: Ո՞վ է:
Նրա ձայնը լսելով՝ խրամատում գտնվող մյուս տղաները նույնպես ոտքի ելան և ձեռքներն առան ինքնաձիգները:
Սուրենի կանչին ոչ ոք չարձագանքեց: Կարճատև, չարագուշակ լռություն տիրեց, հաջորդ պահին Սլավիկն ու մյուս սերժանտը հակառակ կողմերից խրամատը մտան և անկանոն ու անդադար կրակ բացեցին:
Վաղ առավոտյան զինվորական ոստիկանության տարածքային բաժինը հայտարարություն տարածեց, որ պաշտպանական գծի սահմանապահ հենակետում հերթապահություն իրականացնելիս կրտսեր սերժանտ Գ. Մ.-ն դեռևս չպարզված հանգամանքներում իրեն ամրագրված ինքնաձիգով սպանել է նույն հենակետում հերթապահություն իրականացնող չորս զինծառայողներին և դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Մինչև կեսօր Գևորգին արդեն ձերբակալել էին: Զինվորական ոստիկանության քննիչի խոսքերով նա ինչ-որ հեքիաթ էր պատմում զենք-զինամթերքի վաճառքի և զինվորական տարբեր հագուստներով ինչ-որ երկու սերժանտների մասին: Իբր վերջիններս են ներխուժել խրամատ և գնդակահարել հերթապահող զինվորներին:
Հարցաքննությունը երկու օր ու գիշեր տևեց: Հարևան զորամասից բերման ենթարկեցին նաև Գևորգի եղբորը, առերեսում կազմակերպեցին: Գևորգը տեսավ եղբոր արնաշաղախ դեմքն ու նկատեց, որ նրա ատամնաշարի մեջ դատարկ փոսեր էին բացվել: Եթե չխոստովանի, եղբոր վիճակն ավելի կծանրանա:
Ժամանակին, երբ գերազանց ծառայության համար պարգևատրել էին տասնօրյա արձակուրդով, Գևորգը տանը եղած ձայնարկիչը զորամաս էր բերել և ենթասպաներից մեկի սենյակում էր պահում: Հարմար պահերին երբեմն վերցնում էր, և տղաներով երաժշտություն էին լսում:
Ենթասպային մեղադրեցին կաշառք ստանալու, իսկ Գևորգի հորը՝ կաշառք տալու մեջ: Դատարանի դահլիճից նրանց ուղիղ բանտ տարան:
Զինվորական դատարանը Գևորգին դատապարտեց մահվան, որը մի քանի տարի անց օրենքի փոփոխության հիմքով փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Գևորգը բանտում է և, հավանաբար, դեռ երկար կմնա այնտեղ:
Զինվորական ոստիկանության տարածքային բաժնի պետին առաջ քաշեցին, այժմ նա ավելի բարձր կոչում և շա՜տ բարձր պաշտոն ունի:
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Սլավիկը Երևան տեղափոխվեց, կուսակցության երիտթևի անդամ է, առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր կդառնա, համամասնական ցուցակի վեց հարյուր վաթսունվեցերորդ համարն է: Նաև իրավաբանականում է հեռակայում, իրոք հեռակա է սովորում, չնայած տարին երկու անգամ համալսարան է գնում ուսման վարձը մուծելու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։