«Գրական թերթի» սիրելի՛ ու հավատարի՛մ ընթերցող, սա մեր վերջին հանդիպումն է այս տարում, տարի, որի ամբողջական ու համապարփակ բնորոշումը, կարծում եմ, դեռ երկար չենք գտնի՝ այնքան որ հակասական է, բազմաշերտ, ամեն օր հոգի սղոցող մութ ու տագնապալի հարցերով ու հարցականներով լի: Մեզանից ամեն մեկը, 44-օրյա պատերազմի առաջին օրից մինչև այսօր, որոշ պատասխաններ, գոնե ի՛ր համար գտել է և դեռ չգտնվածների հետ փորձում է ապրել: Այդ ապրելը… Եռաբլուրում ծածանվող դրոշներով, գերության մեջ տառապող մեր եղբայրներով, մինչև վերջին շունչը կսկիծ-սուգը հանապազօր հացի հետ համատեղող, մեր կողքին ապրող ծնողներով ու հարազատներով, մարմնով ու հոգով հաշմված՝ պատերազմով անցած հազարավոր երիտասարդներով, կոկորդներումս խցանված պարտության դառնահամով… Իսկ մենք ապրում ենք՝ ամեն օրվա հետ բացահայտելով մեր թանկ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ էժան մսխելու հերթական որոգայթը և փորձում անզորությունից է՛լ ավելի չկոտրվել ու չտկարանալ, թեև այնքա՛ն դժվար է, երբ տարուց ավելի է՝ երկրի ճակատագիրը տնօրինող ներկա ու անցյալ անձանցից ներողության, մեղավորության, դատափետման գեթ մեկ բառ չլսեցինք: Խոսքը ազնի՛վ շեշտով ասված բառի մասին է:
Երբեք այսքան դժվար չի եղել գրել, թեև ասելիքը խեղդում է, բայց 89-ից «Գարունական» հրապարակախոսությանը դավանելը, ասել է թե՝ երկրիս կյանքի զարկերակին տասնամյակներ անընդմեջ աչալուրջ հետևելը ստիպում է առայժմ լռել, մինչև կհստակվի (ի՛նձ համար) այս երեսունամյա դավադրության ողջ համապատկերը, մինչև որ վերջին փազլը դրվի պակասող օղակում…
Իսկ մինչ այդ, այս դժվարին ժամանակում, «Գրական թերթի» հրապարակախոսությունը արժանապատվորեն ներկայացրել են իմ գրչընկերները, իմ շատ սիրելի գրող-բարեկամները, ու ե՛ս գիտեմ, թե նրանց Գիրը ինչ մտածումներով ու տառապանքով է գրվել: Ինչպես չխոնարհվեմ բանաստեղծ ու արձակագիր, գրաքննադատ ու մանկագիր մեր հեղինակների առջև. նրանց պատմվածքներն ու բանաստեղծական շարքերը, հոդվածներն ու գրախոսությունները ապահովեցին «Գրական թերթի» անխոտոր ընթացքը այս ծանր ու հոգեմաշ տարում: Այդ անխոտոր ու շարունակական ընթացքը մեզ տանում է 2022 թվական, որը «Գրական թերթի» 90-ամյա կյանքի հոբելյանական ամրագրումն է:
Իսկ Ամանորի մաղթանքս, կարծում եմ, դեռ երկար անփոփոխ կմնա՝ չվախենանք առերեսվել ճշմարտությանը, որքան էլ այն դառը լինի, և վերջապես փորձենք անկեղծ լինել, խոսքս այն անկեղծության մասին է, որի պակասը, եթե ոչ՝ չգոյությունը հասցրեց երկիրս այս վիճակին. «վերևից» «ներքև»՝ անկեղծություն, գոնե մի փշուր…
Կարինե Խոդիկյան
