Երկրի սահմանի հետ, սահմանակող գտնվող բնակավայրերի մարդիկ զինվոր ու զինատեսակներ միայն շքերթների և հատուկ միջոցառումների ժամանակ չեն տեսնում: Հայրենիքի պաշտպաններին նրանք հանդիպում են ամեն օր. սահմանապահ դիրքերը գնալու կամ վերադառնալու ճանապարհին, ինչու չէ, նաև փողոցում, խանութում կամ վարսավիրանոցում: Դե, զինվորի հետ նույն կնունքին, ծնունդին կամ հարսանիքին մասնակից լինելը արդեն իսկական տոն և ուրախություն է: Ահա թե ինչու անգամ Ամանորի տոները չեն կարող բաժանել նրանց նույնանպատակությունն ու միասնությունը: Ինչպես ամեն անգամ, այս տարի ևս Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը և ՀԳՄ անդամները «մարտական» կազմով եղան Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Բաղանիս, Ոսկեպար, Դովեղ սահմանամերձ բնակավայրերում ու դիրքապահ առաջնագծում: Այստեղ լավ գիտեն, որ զինվորին ուժ ու քաջություն է հաղորդում նաև թիկունքում գտնվող, տրոփյուն կյանքով ապրող շենը, որ հաց թխող տատի կամ մոր երգի ձայնը խրոխտ հրաման է, օջախի կենտրոնում ճոճվող օրոցքը` հրասայլ ու հրանոթ:
Մշակույթի կենտրոնի երիտասարդ տնօրեն Սոնա Զուրաբյանը իր սաների հետ էր և ոգևորությամբ մասնակցում էր երգ ու պարին, իսկ նվերներ բաժանելու գործում ջերմորեն օգնում էր Ձմեռ պապին: Իհարկե, զինվորներն ու սահմանին ապրող մարդիկ հաճույքով էին լսում նաև ՀԳՄ Տավուշի բաժանմունքի նախագահ, գրող, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանին, որ ունկնդիրներին էր փոխանցում գրողների բազմանդամ ընտանիքի տոնական բարեմաղթանքները: Բոլոր հանդիպումներն ավարտվում էին համատեղ զվարթ երգ ու պարով: Թնդում էր զուռնան, ոտքերի դոփյունից դողում էր գետինը, թնդում էր հայրենական երգը, որ անշուշտ լսելի էր թշնամու մի քանի հարյուր մետր հեռու գտնվող դիրքերում: Երբ սահմանին ոչ թե կրակում են, այլ երգում, նշանակում է երկիր հայրենիին վտանգ չի սպառնում:
Հրաժեշտը միշտ ջերմ ու տպավորիչ էր, քանզի բոլորը գիտեին, որ ընդամենը օրեր հետո, հուվարի 28-ին` Հայոց բանակի ծննդյան օրը, մշակույթի կենտրոնը և ՀԳՄ բաժանմունքը դարձյալ այցի են գալու իրենց, և ՍԱՀՄԱՆԸ ԵՐԳԵԼՈՒ Է ՆՈՐԵՆ…
Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆ