ԳԹ-ի հյուրասենյակում է բանաստեղծ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ
2012 թ. հունիսի 12-17-ը Ռոտերդամում անցկացվեց Պոեզիայի 43-րդ ամենամյա միջազգային փառատոնը, որն աշխարհում պոեզիայի ամենանշանակալից և հեղինակավոր փառատոնն է: Հայաստանը ներկայացնում էր բանաստեղծ Վահե Արսենը:
– 2013 թ. հունիսի 15-18-ը Ֆինլանդիայում կկայանա Լահտիի Պոետական 26–րդ միջազգային փառատոնը, որտեղ, հերթական անգամ, Հայաստանը կներկայացնեք Դուք: Մինչ բարի ճանապարհ և բարի վերադարձ մաղթելը անդրադառնանք Ռոտերդամի փառատոնին:
– Ռոտերդամի փառատոնը միջազգային երկրորդ փառատոնն էր, որին մասնակցեցի 2012 թվականին: Նոր էի վերադարձել Լեհաստանի «Պոետների ժամը» միջազգային փառատոնից և անմիջապես դժվարությամբ կազմակերպելով վիզայի խնդիրը (ժամանակի առումով)` մեկնեցի Ռոտերդամ: Երբեք չէի պատկերացնի, որ փառատոնի կարգախոսը` «Festival where every poet is always busy» («Փառատոն, որտեղ յուրաքանչյուր բանաստեղծ մշտապես զբաղված է») իրական կյանքում այդչափ գործուն կլիներ: Ռոտերդամ հասնելու հաջորդ օրվանից սկսվեցին անվերջանալի ընթերցումները, բանավեճերն ուղիղ եթերում, լսարանի հետ ինտերակտիվ վարպետության դասերը, և այդպես մինչև վերջին օրը: Նույնիսկ որդուս համար չհասցրի իր ուզած համակարգչային խաղը գնել, ինչը, սակայն, հասցրի ամիսներ անց Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացած պոեզիայի փառատոնի ընթացքում:
– Ինչպե՞ս ստացաք հրավերը և Ձեր մասնակցությունն ապահովելու համար աջակիցներ եղա՞ն:
– 2010 թվականին Հոլանդիայում իմ «Կանաչ աստվածների վերադարձը» գիրքը թարգմանվեց տաղանդավոր թարգմանչուհի Աննա Հաննեկե-Մարտիրոսյանի կողմից և տպագրվեց Հոլանդիայում` նույն թվականին արժանանալով հոլանդական «JAMBE – 2010» ամենամյա մրցանակին: Այս իրադարձություններին նախորդել էին համաեվրոպական մի շարք ընթերցումներ Հոլանդիայի տարբեր քաղաքներում, որտեղ բանաստեղծություններս ներկայացրել էր Աննա Հաննեկե-Մարտիրոսյանը: Դրանք բարձր գնահատականի էին արժանացել ունկնդիրների և ընթերցողների կողմից: Հրատարակիչը, տեղում ծանոթանալով Աննայի հետ, առաջարկել էր թարգմանել ամբողջ գիրքը և տպագրել: Այդպիսով իմ պոեզիան մուտք գործեց Հոլանդիա և Եվրոպա առհասարակ, որից հետո սկսվեցին շղթայական հրավերները տարբեր երկրներից: Այդ թվում, 2012-ին հրավեր ստացա Ռոտերդամի միջազգային փառատոնի կազմակերպիչներից, որոնց փաստորեն երկու տարի անհրաժեշտ եղավ, որպեսզի անգամ իրենց երկրում մրցանակ ստացած գրքի հեղինակին հրավիրեին այդ հեղինակավոր փառատոն: Ինչպես հետագայում մեր զրույցների ընթացքում խոստովանեցին կազմակերպիչները, իրենք չափազանց մանրակրկիտ ընտրություն են կատարում` տարիներ շարունակ ուսումնասիրելով գրողի ստեղծագործությունները, կենսագրությունը, անցած ճանապարհը, և միայն թեկնածությունը քննարկելուց հետո են տվյալ բանաստեղծին փառատոնին հրավիրելու մասին որոշում կայացնում:
Նշեմ, որ այդ փառատոնին մասնակցել են Պաբլո Ներուդան, Իոսիֆ Բրոդսկին և ուրիշներ:
Բոլոր ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները, նաև հոնորար են վճարում հազար եվրոյի չափով:
– Գոնե ընդհանուր կերպով ներկայացրեք փառատոնը, նրա նպատակները, խնդիրները և քննարկումների շրջանակը:
– Ամբողջ փառատոնը հեռարձակվում էր ուղիղ եթերով` սկսած շքեղագույն բացումից և վերջացրած բոլոր բանավեճերով, վարպետության դասերով ու ընթերցողների հետ հանդիպումներով: Մասնակցել եմ գրեթե բոլոր միջոցառումներին: Մեզ տրված էր ազատ խոսելու իրավունք, և երբ ինձ հրավիրեցին աշխարհի թեժ կետերին վերաբերող քննարկմանը, խոսեցի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, Հայաստանի ներքաղաքական կյանքից: Բանաստեղծ ընկերս` պաղեստինցի Նաժուան Դարվիշը, բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը: Ի դեպ նշեմ, որ Նաժուանը դարձավ իմ ընկերը: Նա հասակ է առել արաբական միջավայրում և բացառիկ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ և հրաժեշտի օրը, երբ մինչև լուսաբաց հյուրանոցի նախասրահում զրույցի էինք բռնվել, ասաց, թե ինքը համոզված է, որ նախորդ կյանքում հայ է եղել, քանզի մինչև Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալը, իրեն անվերջ հետապնդել են երազները՝ իբր ինքն ու իր ընտանիքը փակված են եկեղեցում, և եկեղեցին հրի են մատնում: Նրա բանաստեղծական առաջին ժողովածուն ամբողջությամբ Հայոց ցեղասպանության մասին է: Դարվիշի հետ հանդիպումը գիտակցական կյանքիս կարևորագույն ձեռքբերումներից է:
Փառատոնի հիմնական իրադարձությունները տեղի էին ունենում Ռոտերդամի մայր թատրոնում, որը մեկ շաբաթով ամբողջությամբ տրամադրված էր փառատոնին և փառատոնի մասնակիցներին (ներկայացումներ այդ շաբաթվա ընթացքում չեղան): Այստեղ էին կայանում հիմնական ընթերցումները:
– Դուք ինչպե՞ս մասնակցեցիք փառատոնին:
– Ես ներկայացա իմ մի շարք գործերով, այդ թվում` «Դեպի անքնությունը քո», «Նոկտյուրն», «Սենյակում» բանաստեղծություններով և «Փարիզը երբեք նոր չի լինում» պոեմով: Վերջին պոեմը «Չեխով և CO գրական սրճարանում» կրկնակի հրավերքի արժանացավ: Ի դեպ, այն բուռն ընդունելության էր արժանացել նաև փառատոնի հանդիսավոր բացման արարողության ընթացքում: Վարպետության դասի ժամանակ ներկայացրի անգլիական մոդեռնիզմը և Վիրջինիա Վուլֆի գրական տագնապալից և սոսկալի ճանապարհը:
Փառատոնի բացումը ազդարարվեց Ռոտերդամի ծովածոցում, որը ժամանակին ամենամեծն է եղել Եվրոպայում: Այստեղ փառատոնի 20 երկրների մասնակիցներից յուրաքանչյուրի անունով և բանաստեղծության մի հատված պարունակող դրոշներ բարձրացվեցին Եվրոպայում հանրահայտ «Դրոշակների շքերթ» կոչվող ափամերձ համալիրում, որտեղ այժմ Ռոտերդամում բնակվող 170 ազգությունների երկրների դրոշների շարքում, Երկրորդ համաշխարհայինի զոհերի հուշակոթողի անմիջապես հարևանությամբ, վեր է խոյանում իմ բանաստեղծություններից մի հատված պարունակող դրոշակը, որը մնալու է այնտեղ մշտապես: Իմ այն հարցին` իսկ եթե մաշվի՞, հոլանդացի կազմակերպիչները ժպտալով պատասխանեցին, որ ամեն տարի ուշադրությամբ ստուգվում է դրոշակների վիճակը, անհրաժեշտության դեպքում թարմացնում կամ փոխարինում են նորով:
– Ձեր մասնակցությունը որքանո՞վ է օժանդակում հայ պոեզիայի քարոզչությանը Հայաստանի սահմաններից դուրս:
– Նման հեղինակավոր փառատոներին յուրաքանչյուր հայի մասնակցությունը, կարծում եմ, արդեն իսկ նվաճում է Հայաստանի համար: Նվաճում է, երբ բանաստեղծությունը հնչում է հայերենով և լավ հայերենով, դրանով իսկ օտարերկրացիներին ներքաշում բիբլիական ազգի լեզվական բառային և ստեղծագործական անհատակ խորքերը: Բացի այդ, բոլոր միջազգային փառատոներին մասնակցելիս շեշտադրում կամ կարևորում եմ հայոց այբուբենը, դրա բացառիկ կազմությունը, ստեղծման պատմությունը, ներկայացնում եմ նաև Ցեղասպանության խնդիրը: Գերմանիայում կայացած փառատոնի շրջանակներում, Մերզեբուրգ քաղաքում, նախաճաշի սեղանի շուրջ թուրք գրող Արզու Դեմիրը և էլի մի քանի արտասահմանցի գրողների հետ էի: Խոսք բացվեց Ցեղասպանության մասին: Բջջային հեռախոսով հնչեցրի Կոմիտասի «Արորն ու տատրակը» (հենց Կոմիտասի ձայնով) և պատմեցի Կոմիտասի ճակատագրի մասին, նրա որդեգրումից մինչև Գերմանիայում ուսանելու տարիները, Օրիորդաց վարժարանի աղջիկների հետ կատարվածին ականատես լինելու և խելագարության մասին: Թուրք բանաստեղծուհու աչքերը լցվեցին, ցեղասպանության թեմայով այլևս չխոսեց և մեր բաժանման ժամանակ ինձ ամուր գրկեց ասելով` քեզ երբեք չեմ մոռանա…
– Եվրոպան և մենք` պոետի աչքերով:
– Ռոտերդամում, անգամ որևէ խանութում, ելնելով իրենց համար իմ էկզոտիկ արտաքինից՝ հարցուփորձ էին անում, թե որտեղից եմ, ինչ առիթով եմ եկել, և երբ տեղեկանում էին, որ մասնակցում եմ Ռոտերդամի պոեզիայի փառատոնին, շնորհավորում էին և սեղմում էին ձեռքս: Հասարակ քաղաքացիների գիտակցությամբ պոետ լինելը մեծագույն պատիվ է: Նույն բանը չես կարող ասել Հայաստանի իրականության մասին: Գերմանիայում քաղաքի նոր կառույցները ճիշտ հարմոնիայի մեջ են հին շենքերի հետ: Կան շենքեր, որոնք ունեն 20 տարվա պատմություն, բայց նայելիս թվում է` 18-19-րդ դարի կառույց է: Մեզ մոտ օրը ցերեկով և բացառիկ ցինիզմով այլանդակվեց Ծածկած շուկան, ամբողջ Երևանի կենտրոնը վերածվեց անմարդաբնակ բետոնե ջունգլիների: Հիմա էլ որոշել են, թե Հանրապետության հրապարակի համալիրը այլևս չի համապատասխանում իրենց արած վայրագություններին և դրանք ծածկելու համար ոչ թե պետք է քանդել սանձարձակ երկնաքերները, այլ աղավաղել պատմական հուշարձանները: Մեկ տարբերություն ևս. եվրոպական երկրների մեծ մասում ծառերը համարակալված են և ենթարկվում են բացառիկ խնամքի: Անհավատալի է, սակայն Լեհաստանի պես ծառառատ երկրում ամեն ազատ սանտիմետր տարածք կանաչապատում են: Մեզ մոտ լրիվ հակառակն է: Շքեղ խանութի տերը ժավել է լցնում խանութի առջև տնկված ծառի բնին, իսկ հազարավոր նորատունկ շիվերը յուղոտ բյուջեահատկացումից հետո ջրվում են միայն տնկվելու օրը: Այսքանից հետո դժվար է պետական, համակարգված մոտեցում պահանջել արվեստի նկատմամբ, հատկապես պոեզիայի, որը հնարավոր չէ գնել Սոթբիի աճուրդից և պատին կախելով՝ ի ցույց դնել սեփական բարձր ճաշակն ու կարողությունը: Կամ էլ հեղինակել պարզունակ զգացմունքների և բնազդների վրա խաղացող մի բեսթսելեր և գրականությունից անտեղյակ թինեյջերների հաշվին հարստանալ:
Հարցազրույցը Շաքե Երիցյանի