ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԻՐՏԸ / Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

Պարույր Սևակի «Թումանյանի հետ» հոդվածում` գրված բանաստեղծի 100-ամյակի կապակցությամբ, կարմիր թելի պես անցնում է մի քանի անգամ կրկնվող և ընդգծված միտք. «…Թումանյանը, որ լավագույն թումանյանագետն է…»: Ահա Սևակի զարմանալիորեն դիպուկ և խոր միտքը. «Թումանյանը, որ մեր լավագույն թումանյանագետն է, ինքն է բազմիցս տվել իր բանալին` բացելու իր ապարանքի` ասենք, թե՞ տաճարի դռները»: Եվ դա, իրոք, այդպես է: Թումանյանը և՛ իր գեղարվեստական երկերում, և՛ հոդվածներում, և՛ նամակներում, և՛ զրույցներում թողել է մեզ բանալիներ` ներթափանցելու իր աշխարհը և ընկալելու իրեն ոչ միայն իբրև գեղարվեստագետի, այլ նաև իբրև անհատականության, իբրև մարդու: Ահա բանաստեղծի քառյակներից մեկը` գրված 1921 թվականին:
Ասի. «Հենց լոկ էս աճյունն է
ու անունը, որ ունեմ…»:
Երբ ճառագեց անծայրածիր
Քո ժպիտը հոգուս դեմ.
– Ի՞նչ է աճյունն էդ անկայուն ու
անունը, որ ունես.
Դու Աստվա՜ծ ես, դու անհո՜ւն ես,
անանուն ես ու անես…
Այս վերջին տողում բանաստեղծն իրեն հատուկ խորությամբ և սեղմությամբ ինքն իրեն տվել է զարմանալի ստույգ, ամբողջական ու սպառիչ բնութագրում: Եվ չի կարելի չխոստովանել, որ Թումանյանի անհատականության բացառիկությունը բանաստեղծի մահից գրեթե մի ամբողջ դար անց դեռ շարունակվում է բացվել մեր առջև: Ընդգծում եմ` հատկապես անհատականության, քանի որ Թումանյանի գեղարվեստական ժառանգությունը բավականին խոր ու ամբողջական հետազոտված է: Մինչդեռ բանաստեղծի կյանքն այսօր էլ հառնում է մեր առջև իր նորանոր անհայտ էջերով, և դա շնորհիվ թումանյանագետ Սուսանննա Հովհաննիսյանի բազմամյա նվիրված աշխատանքի: Գրականագետի գիտական հետա-քրքությունների շրջանակներում հիմնականում Թումանյանի կյանքն ու գործունեությունն է: 2007 թ. լույս տեսավ Ս. Հովհաննիսյանի «Թումանյանը և Հայ գրողների կովկասյան ընկերությունը» մենագրությունը: Այնուհետև հաջորդեցին բանաստեղծի 1900-1912 թթ. գիտական կենսագրությունը, «Պատմություններ Թումանյանի կյանքից» և այլ մենագրություններ, բազմաթիվ գիտական հոդվածներ: Իսկ Թումանյանի 150-ամյա հոբելյանը ազդակ հանդիսացավ բանաստեղծի մասին Ս. Հովհաննիսյանի մի շարք նոր գրքերի հրատարակության: Դրանց թվում են «Վերնատուն» (2018), «Հովհաննես Թումանյանը մանկագրության խաչմերուկներում» (2018), «Հովհաննես Թումանյանը Առաջին աշխարհամարտի տարիներին» (ռուսերեն, 2018), «Հովհաննես Թումանյանի կյանքը» (ռուսերեն, 2019), «Կանայք Հովհաննես Թումանյանի կյանքում» (2019), «Որբերի Ամենայն հայոց հայրիկը» (2019) և այլն: Վերջինս լույս է տեսել «Անտարես» հրատարակչությունում երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն):
«Որբերի Ամենայն հայոց հայրիկը» արժանի է առանձին ուշադրության, քանի որ հենց այս մենագրության բովանդակությունն է, որ ցանկացած ընթերցողի առջև, նույնիսկ նրա, ում թվում է, թե ինքը ամեն ինչ գիտի Թումանյանի մասին, բացվում են բանաստեղծի զարմանալի, բացառիկ ու եզակի անհատականության նոր փաստեր: Այո՛, վիթխարի է Թումանյանի դերը` իբրև «Վերնատան» կամ Հայ գրողների կովկասյան ընկերության նախաձեռնող ու նախագահ: Սակայն այդ կազմակերպչական աշխատանքը, որը քիչ ժամանակ ու եռանդ չի խլել բանաստեղծից, այնուամենայնիվ, կապված էր գրական ընթացիկ կյանքի հետ… Սակայն պոետի ստեղծագործական կյանքին ամենևին չէր առնչվում այն, որ նա, կամովին վտանգելով իր անձը, 1915 թ. ամռանը` հայ ժողովրդի համար ամենաողբերգական իրադարձությունների թեժ պահին ուղևորվեց Արևմտյան Հայաստան: Իսկ Թիֆլիս վերադառնալուց հետո դեռ հոգեպես ուշքի չեկած իր տեսած սարսափներից, հիվանդ, հյուծված, լսելով վանեցիների զանգվածային գաղթի լուրը` նա անմիջապես մեկնեց Էջմիածին, որտեղ հավաքվել էր թուրքական յաթաղանից մազապուրծ հազարավոր գաղթականություն` այդ թվում երեխաներ ու որբեր… Խոստովանենք` այսպիսի վարքագիծ այնքան էլ բնորոշ չէ ստեղագործող անհատին, առավել ևս` նշանավոր բանաստեղծին:
Իհարկե, Թումանյանի կյանքի այս դրվագները հայտնի էին: Սակայն Ս. Հովհաննիսյանի շնորհիվ բանաստեղծի կյանքի այդ էջերը այժմ վերածնվում են նորովի, կենդանի շունչ են ձեռք բերում, բացվում են ընթերցողի առջև հնարավորինս մանրամասն ու ամբողջական:
Գիրքը առանձնանում է վիթխարի փաստական նյութի ուսումնասիրությամբ ու կիրառմամբ: Զանազան արխիվներում պահվող վավերագրերին զուգահեռ հեղինակը լայնորեն օգտագործում է նաև ժամանակի պարբերական մամուլի նյութերը, ժամանակակիցների հուշերը, պոետի օրագրային գրառումները, նրա դստեր` Նվարդ Թումանյանի «Հուշեր և զրույցները»… Եվ այս փաստական հարուստ նյութի հիման վրա գրքում վերստեղծվում է Հովհաննես Թումանյանի մարդկային կենդանի կերպարը, որը ընթերցողի վրա ունեցած իր ազդեցությամբ կարող է համեմատվել գեղարվեստական կերպարի հետ:
Թումանյանը, դառնալով ականատես հայ գաղթականների անմարդկային տանջանքների, շատ ծանր էր տանում այդ համազգային վիշտը: Հիշենք 1915 թ. օգոստոսի 8-9-ի բանաստեղծի` ընտանիքին ուղղված նամակի խոսքերը. «Սիրելի՛ք, անկարելի է նկարագրել, թե ինչ զարհուրելի աղետ է, որին ականատես եմ ես: Բոլոր ճանապարհները, բոլոր շինությունները, բոլոր բնակությունների շուրջը, հանդերը լիքն են մերկերով, քաղցածներով, հիվանդներով, լացողներով, տնքացողներով, մեռնողներով: Երեխանե՜ր, երեխանե՜ր, երեխանե՜ր… Անտեր, սոված, հիվանդ: Բոլորը, սկսած նրանից, որ շատ ժամանակ էլ չի, ինչ ոտն է ելել ու ման է գալիս, բոլորը փախել եկել են 3-500 վերստ սարսափած, սոված: Այժմ էլ ինձ է վիճակվել էդ երեխաների խնամատիրության գործը, դրանց ապաստարանը: Արդեն երեք շինություն լիքն են դռնիցը հետ – ճեմարանը, ճեմարանի ննջարանը ու վարժոցը: …Էս ցավի ծովի առջև մարդ իրեն էլ է մոռանում»:
Այս նամակի մի քանի տողում և՛ բանաստեղծի չմեղմացող ցավն է, որի մասին նա միայն ընտանիքին է պատմում, և՛ գաղթականներին, հատկապես որբերին անհապաղ օգնության հասնելու իր կամքն ու կարողությունը: Եվ անվանի հայ բանաստեղծը ընթերցողի առջև բացվում է` որպես հոգով զարմանալի ուժեղ, հմուտ կազմակերպիչ. «Հովհ. Թումանյանը այդ իրարանցման ու խառնաշփոթի մեջ իրեն չէր կորցնում, շատ կազմակերպված էր ու եռանդուն,- գրում է Ս. Հովհաննիսյանը:- Նա կարգադրություններ էր անում, հրամաններ արձակում… Անկախ նրանից, որ Թումանյանը կառավարում էր որբանոցի գործերը և կարող էր միայն կարգադրություններ անել և կազմակերպական խնդիրներ լուծել, նա անձամբ էր զբաղվում որբերին հայտնաբերելու, որբանոց տեղափոխելու և նրանց խնամելու գործով…»:
Այն ամենը, ինչ այդ օրերին ապրեց բանաստեղծը, և այն ամենը, ինչ նա արեց որբ մանուկների համար, հանգամանորեն ներկայացված է գրքի առաջին գլխում` վերնագրված «Էջմիածնի դժոխքում», որին հատկացված է 80 էջ: Բայց չէ՞ որ Թումանյանը դրանով չսահմանափակվեց: Եվ գրքի երկրորդ գլուխը` «Հայրիկը», բացահայտում է Թումանյանի որբախնամ գործունեությունը արդեն Թիֆլիսում: Ընթերցողը տեղեկանում է, որ բանաստեղծը ակտիվորեն զբաղվում էր որբերին տարբեր մանկատներում տեղաբաշխելու խնդրով, կոչ էր անում զանազան հասարակական կազմակերպությունների` ռեալ օգնություն ցուցաբերելու որբանոցներին, հոգալ նրանց բոլոր կարիքները: Եվ հենց Թումանյանի նախաձեռնությամբ Հայ գրողների կովկասյան ընկերությունը որդեգրեց գրական ստեղծագործական ընդունակություններով օժտված երեք շնորհալի որբերի` Վաղարշակ Նորենցին, Միհրան Թութունջյանին և Նորայր Դաբաղյանին… Բայց Թումանյանը ճակատագրական դեր խաղաց ոչ միայն այս շնորհալի որբերի կյանքում: Ընթերողը տեղեկանում է, որ բանաստեղծը, այցելելով Ալեքսանդրապոլի որբանոց, մի քանի երեխա տանում է իր տուն և իր ընտանիքի խնամակալությանը հանձնում նրանց: Այդ որբերի թվում էր Լուսնթագ Կարախանյանը` Կարեն Դեմիրճյանի ապագա մայրը: Նա մի ամբողջ տարի ապրում էր բանաստեղծի տանը: Ուշագրավ են նաև գրքում մեջբերված անվանի ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի (1909-2008) տպավորությունները: Նա որբանոցում էր հայտնվել վեցամյա հասակում: Ինչպես գրում է Ս. Հովհաննիսյանը, նա «հաճախ էր պատմում Թումանյանի որբախնամ գործունեության մասին և միշտ կրկնում էր. «Որբանոցում անցկացրած տարիների միակ պայծառ ու հիշարժան դրվագները Հովհաննես Թումանյանի հետ հանդիպումներն էին»:
Որբ երեխաների հանդեպ այս միանգամայն յուրահատուկ վերաբերմունքը, նրանց նկատմամբ բանաստեղծի հոգու ջերմությունը և անկեղծ հայրական սրտացավությունը չէին կարող անպատասխան մնալ: Այս իմաստով հատուկ հետաքրքրություն է ներկայացնում գրքի «Հավելվածը», որտեղ հրապարակված են Թումանյանին հասցեագրված որբ երեխաների նամակները, նրանց հուշերը, հոդվածները և բանաստեղծությունները` նվիրված պոետին: Ծնողազուրկ երեխաները Թումանյանին անվանեցին «Հայրիկ»: Նրանք այդպես էին դիմում պոետին ոչ միայն հանդիպումների ժամանակ, այլև բանաստեղծին ուղղված իրենց նամակներում, խնդրագրերում, հրավերներում, որոնցով ցանկանում էին Թումանյանին մասնակից դարձնել որբանոցներում կազմակերպվող իրենց միջոցառումներին… Այդ մեկ բառը` «Հայրիկ», այնքան խոսուն է, որ միայն դրանով կարելի է պատկերացնել և գնահատել այն, ինչ այդ սոսկալի տարիներին արել է բանաստեղծը որբ երեխաների համար:
Գրքի երրորդ գլխում պատմվում է նաև Թումանյանի ևս մի ապշեցուցիչ նախաձեռնության մասին. մի ձեռնարկ, որն անհնար է թվում հայ ժողովրդի ողբերգության այդ սև օրերին: Որպեսզի շեղի երեխաներին այդ մղձավանջային իրականությունից, որպեսզի թույլ չտա նրանց մոռանալ, որ իրենք երեխաներ են, ընդ որում հայ երեխաներ, բանաստեղծը որոշում է ստեղծել մանկական կրթական-ուսուցողական և հայրենագիտական բնույթի խաղեր. «Բանաստեղծի ստեղծած խաղերի անունը ինչ էլ լիներ, պիտի առաջին բառը լիներ «Հայոցը»,- գրում է հեղինակը,- ինչպես օրինակ` «Հայոց գետերը», «Հայոց լեռները»… Խաղերը պիտի ծառայեին «Հայոցի» ճանաչմանը, յուրաքանչյուր մանկան արյան բաղադրության մեջ «Հայոցի» ամրապնդմանը»:
Գրքում լուսաբանված է նաև «Հայ որբերի և գաղթականների հանգանակիչ կոմիտեի» գործունեության շրջանակում Թումանյանի կարևոր դերը: Կոմիտեն ստեղծվել էր 1920 թ. փետրվարին: Նախագահ ընտրվել էր Թումանյանը: Հեղինակը մեջբերում է հայ հասարակությանն ուղղված բանաստեղծի կոչը` հնարավորության սահմաններում նյութապես աջակցելու գաղթականությանն ու որբերին. «Ամենից շատ Թումանյանն ուներ այդպիսի կոչեր անելու իրավունք,- գրում է Ս. Հովհաննիսյանը,- քանի որ դեռ որբերի համար հանգանակիչ կոմիտեի ստեղծումից առաջ նա կամովին տուրք էր վերցրել` իր ընտանիքի անունից ամսական որբերի ու գաղթականների ֆոնդին վճարելով 300 ռուբլի… Իր անձնական օրինակով փորձում էր հայության մեջ մտցնել կամավոր ընդհանուր տուրք»:
Սուսաննա Հովհաննիսյանի «Որբերի Ամենայն հայոց հայրիկը» գիրքը նվիրված է Թումանյանի կյանքի միայն մի քանի տարուն, այն էլ բանաստեղծի բազմաշերտ գործունեության միայն մի ոլորտին: Սակայն ընթերցողն այս գրքում գտնում է այնքան նոր ու անհայտ փաստեր Թումանյանի մասին, որ Ամենայն հայոց բանաստեղծի կերպարը նրա համար այլևս չի կարող մնալ նույնը: Այդ կերպարը բարձրանում է մինչև անհասանելի, աներևակայելի տիեզերական բարձունքներ, և վերստին հիշում ես բանաստեղծի, ով Պ.Սևակի խոսքերով լավագույն թումանյանագետն էր, քառյակի տողը.
Դու Աստվա՜ծ ես, դու անհո՜ւն ես, անանուն ես ու անես…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։