Վառլեն Ալեքսանյան

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին և Վառլեն Ալեքսանյանի ընտանիքին

Ռումինիայի Հայոց Միությունը խոր վշտով ցավակցում է Ձեզ պոետ և թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանի ծանր կորստի կապակցությամբ:
Այս դժվար պահին Ռումինիայի Հայոց Միությունը Ձեր կողքին է և կիսում է Ձեր վիշտը:
Աստված հոգին լուսավորի:

Սենատոր Վարուժան Ոսկանյան
Ռումինիայի Հայոց Միության նախագահ

Նրա նմանները չեն մոռացվում

Երկու-երեք օրից մեկնելու էինք Ծաղկաձոր՝ երիտասարդ գրողների ամենամյա հավաքին: Ինչպես միշտ Վառլենը շատ ակտիվ էր, առանձնահատուկ ոգևորությամբ էր նախապատրաստվում՝ անընդհատ նոր սաների անուններ էր տալիս, խնդրում ավելացնել մասնակիցների ցուցակում, որովհետև՝ «շատ շնորհալի, շատ տաղանդավոր» էին… Եվ հանկարծ մեկնելու նախորդ օրվա առավոտյան անսպասելի զանգահարեց՝ «Գիտես, գուցե չկարողանամ գալ»: «Ինչո՞ւ»: «Հիվանդանոցում եմ, ռեանիմացիայի բաժնում»: «Ո՞ր հիվանդանոցում»: «Նորքի»: Ու կարծես կանխելով իմ հարցը, անմիջապես ավելացրեց՝ «Բայց խնդրում եմ, անհանգստանալու պատճառ չկա, մի փոքր ճնշում է, կանցնի, շուտով կտեղափոխեն պալատ: Լավ լինեմ, երևի գամ, Ծաղկաձորին էլ հասնեմ»: Այնուամենայնիվ, ռեանիմացիա բառը ինձ միանգամից զգաստացրեց, մտահոգեց՝ «Վառլեն ջան, դու հանգիստ բուժվիր, մի շտապիր, մենք էլ ամեն ինչ կանենք, որ…»: Բայց առաջին անգամ չուզեց մինչև վերջ լսել, ընդհատեց ու՝ «Եթե չստացվի, չգամ, ջահելներիս լավ կնայեք, տիրություն կանեք՝ ախր շատ շնորհալի են, տաղանդավոր»…
Այսօր, երբ Վառլենն այլևս մեզ հետ չէ, ականջներիս մեջ դեռ հնչում են այդ խոսքերը: Ու մտածում եմ՝ փոքրիկ մի դրվագ է, բայց ինչքա՜ն բան է ասում Վառլեն Ալեքսանյան գրողի, մտավորականի գրական ու մարդկային կերպարի մասին… Նման անհատականությունները չեն մոռացվում, շարունակվում են նոր սերունդների, գրչակից ընկերների, ընթերցողների, ժողովրդի հիշողության, մտածողության, հոգեբանության մեջ:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Ուրիշ էր քո սուրճը…

Վառլեն, եղբայրս, ընկեր իմ, բարեկամս, որոշել էի այլևս հեռացած ընկերներիս մասին չգրել: Ինչպես տեսնում ես՝ այս անգամ էլ չստացվեց: Դու՝ քո տեսակով, պարտադրում ես՝ «ո՞նց կլինի»: Այո… Միայն չգիտեմ՝ ինչպես սկսեմ: Տեսնո՞ւմ ես, չդիմացար, գնացիր միանալու «մերոնց» հազարականչ ձայնին: Ո՞վ իմանա, թե ինչ աշխարհ է այնտեղ: Կա՞ բառն իր հոլովումի մեջ… Բայց մի բան հաստատ է՝ հողի վրա են կարոտները կշիռ ունենում, Վառլեն, երբ քո հիշողությունները պահ ես տալիս ապրողաց: Դու կարողացար քո սահմանագիծը ունենալ, որ նույնանան այդ երկու եզրեր, կամրջել հեռավորն ու մոտիկը, ոգեղենիկն ու իրականը:
Գիտե՞ս, ընկեր իմ, չէի պատկերացնում, որ սենյակն էլ մարդավարի հառաչել գիտի, երբ բանալին դժվարությամբ է պտտվում փականի մեջ: Այս զգացողությունը տեսիլվել էր իմ մեջ երեք անգամ: Երբ առանց Արմեն Մարտիրոսյանի նայեցի «Ցոլքերի» դատարկ պատերին, որոնց վրա, ինչպես գիտես, իրենց շրջանակներից փախչող նկարներ են: Երկրորդը՝ Հովհաննես Գրիգորյանի երկնագնա ճամփորդությունն էր: Հիմա էլ՝ դու:
Դատարկ մի աթոռ ինձ է նայում որպես վկայի տեսողություն: Չեմ ուզում խոսել քո գրականության, տեսակի, շուրթերիդ վրա ծաղկող մշտական հումորի, մշակութամեծարության մասին: Քո անհանգիստ ու վերլուծական քաղաքական հայացքների ճշգրտված ձև ու չափի, քո կանոնավոր ու անբեկանելի կերպի մասին: Այլ պիտի արևագույն ավելացնեմ քո նոր կերպարին, նոր տեսակին:
Դու սիրում էիր երիտասարդներին անվեհապահորեն, նրանց ընկերն էիր ու խորհրդատուն: «Ցոլքեր» կենտրոնը քեզ համար օազիս էր, մաքրման մի տարածք, որտեղ դու էլ ստեղծագործող ջահելների պես մեկ-մեկ ձեռքդ տանում էիր գրասեղանի դարակը, հանում բանաստեղծական մի ժողովածու, որ նրանց մոտ կարդայիր քո «ստիխներից» մեկը ու ճշգրտեիր՝ դիմանո՞ւմ է ժամանակին: Ընկերս, դու գիտեիր մշտապես ջուր լցնել այս նոր սերնդի արմատացանցին, և հոգածությունդ չէր ուշանում: Նրանք մշտապես հիշելու են քեզ, Վառլեն Ալեքսանյան: Ես չուզեցի, որ ջահելների ականջին առներ բաժանարար բահերի ձայները, որ չհավատան իրողությանը ու սպասեն: Նրանք ճանապարհեցին քեզ ծաղիկներով, որ չգիտես՝ հրաժե՞շտ էր, թե՞ դեպի հիշողությունը տանող մոտիկ-մոտիկ արահետ: Իսկ ես կարոտելու եմ մեր պարապմունքների մշտական հինգշաբթին, և ինձ մատուցվող քո մի բաժակ սուրճը, որը դու պատրաստում էիր սիրով և ասում, թե անմրցունակ ես այդ հարցում: Այո՛, այնտեղ կուտակված էներգիա կար:

ՀՌԻՓՍԻՄԷ

ՎԵՐՋԻՆ
ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԳՆԱԼԻՍ

Հավատա՞մ, թե՞ չհավատամ՝ Վառլենը մահացել է:
Հին ընկերներ ենք: 45 տարի առաջ համալսարանի գրական ստուդիայում զեկուցեց իմ բանաստեղծությունների մասին, ես քսան տարեկան էի և ավագ ընկերոջիցս լսում էի սրտահաճ խոսքեր: Հետագայում մենք շատ ասացինք միմյանց այդպիսի խոսքեր:
Ես իջնում էի Բաղրամյան փողոցով դեպի Գրողների տուն, ուր քիչ հետո բերելու էին մեռած ընկերոջս: Նա ամեն օր անցնում էր այս ճանապարհով՝ տնից դեպի գրող ընկերները, դեպի գրական վեճերը, դեպի ջահել պոետների՝ իր համար այդքան սիրելի աշխարհը…
Հազար բան եմ մտածում ընկերոջս մասին, որ աշխարհից հեռացել է հունիսյան այս ոսկեցոլ օրով: Մտքերիս մեջ նա դեռ մահացած չէ, նրա մասին խոհերս տակավին տաք են, չեն վերածվել հիշողության:
Այնուամենայնիվ, իրար հրմշտող պատկերների մեջ առաջ են գալիս ու բոցկլտուն հայացքով լցնում միտքս Վառլենի մանուշակները, որ նա աճեցրել էր իր չորրորդ հարկի պատշգամբում, տասնյակ թաղարների մեջ… Նա գգվում էր դրանց, խոսում հետները և ինքն էլ լսում ծաղիկների խոսքը, երբեմն զրույցին մասնակից դարձնելով իր կյանքի սքանչելի ընկերուհուն՝ Հասմիկին:
Ես գնում էի ընկերոջս հետ վերջին հանդիպմանը և աչքերիս առաջ թիթեռներ դարձած թևածում էին մանուշակների թերթիկները: Պատրանք էր և իրականություն: Նրանք մանր էին, թավշի խայտերով, պարս տված թռչում էին ցանուցիր: Ինձ ասացին, որ Վառլենի մահվան պահին բոլոր թաղարներում մանուշակները խելահեղորեն բացվել են…
Ապրած-վայելած, շահած-կորցրած հազար ու մի գործ-արարքների, շարժ-ընթացքների մեջ Վառլենի կյանքից առանձնացան այս մանուշակները, հավանաբար նրա համար, որպեսզի ասեն, որ մարդու կյանքը ծաղկի պատրանք է, նաև նրա համար, որ մարդ կյանքն այնպես խաղաղ ու խորիմաստ պիտի ապրի, որ օրերը դառնան մանուշակի թերթիկներ, թևածեն մարդկանց աչքերի առաջ՝ որպես հրաժեշտի խոսք և աշխարհին թողնելիք գույն և բույր:

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Նուրբ հումորի ասպետը

Տղերքը հեռանում են, նրանք լքում են մեր ոգու խտության դաշտը` մեզ թողնելով նոսրացած ու փափուկ հետքեր… Առանց այն էլ` հուսահատ ու անշուք օրերի մեջ մեզ ընդամենը վեր թռչող մի սիրտ է մնացել վիրտուալ հայրենիքում ու հանկարծ` լսում ես քո գրչակից հարազատի անսպասելի մահվան գույժը: Մեր մտավորական ընկերոջ` Լևոն Անանյանի մահվան օրը միության առաջին հարկում հանդիպեցի Վառլենին, երկար վերլուծեցինք գրական մեր համատեղ շփումները Անանյանի հետ, և երկուսս էլ հանգեցինք այն կարծիքին, որ ինքնամոռաց նվիրում ուներ գրականության նկատմամբ, վերջում անժպիտ ասաց. «Շատ էր աշխատում, Աստված տարավ…»: Նրա նուրբ ու խորիմաստ հումորը վաղուց էր ինձ ծանոթ, դեռ 90-ականների այն օրերից, երբ ես Հայաստանում առաջին սկաուտական հանդեսի խմբագիրն էի: Հայկի ու Բելի պատերազմի մասին մի հետաքրքիր նյութ էր բերել, կարդացի ու մտքումս որոշեցի, որ Վառլենի տեղը մեր թերթում է: Երկու տարվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում նրա պարտաճանաչությունն ու աշխատասիրությունը, նախանձելի հայրենագիտությունն ու սկզբունքայնությունը, բազմախորհուրդ հումորը, դեմքին մշտապես դրոշմված բարեգութ ժպիտը, նրա ազնվական պահվածքը հիացրեց ինձ: Հոգին այնքան անչար էր, որ երբևէ որևէ մեկի մասին, նույնիսկ այդ դժվարին ժամանակներում իրենից վատ բան չլսեցի… Նրա նեղացածությունը նուրբ հումորն էր ու իր ընկերության բոհեմը: Ազնիվ մարդկանց սով է նաև մեր շրջապատում, ու երբ նրանք հեռանում են, հերթական անգամ ոգու սովի համար սողանցք է բացվում:
Վառլենի բարեկրթությունը անհրաժեշտ երանգ էր գրական գույների մեջ: Դավերից ու մանր խարդավանքներից հեռու էր ինչպես ինքը, այնպես էլ իր ազնվական պոեզիան:
Նա մեզ համար ավելի շատ զվարճախոս, միշտ ինչ-որ լավ բան ներսում թաքցրած մեր ավագ ընկերն էր, մեր Վառլենը: Ինքը լույս էր, գնաց խառնվելու իր նման բազում լույսերի, որ աշխարհում խավարը լույսով նահանջի:

Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

ՎԵՐԱԴԱՐՁ

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ

Ձյունը, բուքը, սառնամանիքը
ճեղքում են ապառաժն ու փնտրում
թերթերը ձնծաղկի,
որ մի քիչ շունչ առնեն:
Իսկ պորտաբաց,
խանձված դեմքով մանուկը
դժվարին ճամփորդությունից
առաջ իր առաջին
երգն էր ձոնում ապառաժի ճեղքի մեջ
ծվարած կապտաթերթ ձնծաղկին:
– Եթե վերադառնամ,-
ասում էր նա,- իսկ ես
կվերադառնամ,
քեզ կպատմեմ հեռավոր
քաղաքներում ապրող
մանուկների մասին,
որոնց երազների մեջ դու անընդհատ
ճեղքում ես հողը, ճեղքում ես քարը
ու նրանց ձեռքերի մեջ
հայտնվելուց առաջ
դառնում ես մի անծանոթ
թռչուն ու կտցահարում
այն բոլոր
պատուհանների ապակիները,
որոնց ներսում երկարատև
սպասում կա:
– Այստեղ մանուկ պետք է ծնվի,- ասում է
ծաղիկ-թռչունը,- այստեղ օրորոց պիտի ճոճվի,
ու ծաղկաշոր մայրերը
օրորոցային պետք է երգեն,
իսկ ձյունը, բուքը, քամին,
ապառաժը պետք է
լցվեն քնքշանքով,
որովհետև ձնծաղիկը,
որ թռչուն դարձավ, թռչունը,
որ մանուկ դարձավ,
ասում էր.- Եթե վերադառնամ,
իսկ ես անպայման կվերադառնամ,
կպատմեմ, թե ինչ քնքուշ ու տաք են
ձյունը, բուքը,
սառնամանիքը, որովհետև
դժվար ճամփորդությունից առաջ
նրանք ծվարել են
ապառաժների խորքերում,
ձնծաղկի կապտաթերթ
առէջներին:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԺՊԻՏԸ

Մարդկանց մի տեսակ կա, որոնց հեռացումը կյանքից, ինչ տարիքում էլ որ լինի, անժամանակ է: Տակավին ասելիք և անելիք ունեցող մարդիկ են նրանք: Այդ տեսակից էր Վառլեն մարդը, Վառլեն հայորդին, Վառլեն հայրը, Վառլեն ամուսինը, 70-ականների գրական սերնդի երևելի անուններից մեկը` Վառլեն բանաստեղծն ու թարգմանիչը, անզուգական ընկերը: Այն եզակի տեսակից էր նա, ում ներկայությունը զգում էիր օրերիդ մեջ, անկախ նրանից, թե քանի օրը մեկ ես հանդիպում իրեն, և ընդհանրապես, հանդիպում ես, թե ոչ: Իր մասին հպանցիկ մի ակնարկն անգամ, անվան հիշատակությունն անգամ բավական էր, որ դու լավ զգայիր ու փառք տայիր Աստծուն, որ ապրում է, կա մարդու այդ տեսակը: Եվ հիմա դժվար, անասելի դժվար է հավատալ, որ դու այլևս չես տեսնելու նրան, չես լսելու ձայնը, չես վայելելու նրա սրախոսությունները, չես հաղորդվելու մեր պատմության ճակատագրական դրվագների նրա սթափ, համարձակ, կրքոտ, բայցև` որքան համոզիչ, նույնքան վիճահարույց մեկնաբանություններին: Խորությամբ ու լայնքով գիտեր մեր պատմությունը: Մեկ տարի առաջ եղանք Արևմտյան Հայաստանում, 6 օրում շուրջ 4000 կիլոմետր ճանապարհ կծկեցինք միասին: Մեր կորուսյալ երկրի ամեն մի ընկած բերդի, խոնարհված վանքերի ու եկեղեցիների մասին այնպես էր խոսում, ասես ոչ թե գրքերից էր գալիս, այլ քար էր կրել, մատներն էր մաշել դրանց կառուցողների հետ: Այնպես էր խոսում մեր ժողովրդի կենաց-մահու կռիվների մասին, ասես եղել էր բոլոր մարտադաշտերում և հեռավոր ու մերձավոր նախնիների հետ հավասարապես պատասխանատու և մեղավոր էր զգում իրեն մեր բազում պարտություների համար և, իհարկե, հավասարապես հպարտանում էր մեր սակավադեպ հաղթանակներով: Ամեն ինչ արվեց Վառլենին կյանք վերադարձնելու համար, ավաղ, ապարդյուն: Չօգնեցին նրա հարյուրավոր ընթերցողների աղոթքները, որոնցով ողողված էին սոցիալական ցանցերը: Տարօրինակ մի զուգադիպությամբ վախճանից մեկ օր առաջ Բելգրադից ինձ զանգահարեց բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը և ասաց, որ տպագրության է իջել սերբական «Մշակույթի ուղիներով» ամսագրի հունիսյան համարը, որում տեղ է գտել Վառլենի բանաստեղծությունների շարքը: Լուրը անմիջապես հասցրի տիկնոջը` Հասմիկին, խնդրելով շշնջալ ականջին: Դա էլ չօգնեց: Ընդամենը ժպտաց լայնորեն: Վեց օրվա ընթացքում այդպես էլ գիտակցության չեկած մեր ընկերոջ առաջին և վերջին ժպիտն էր դա, որից 18 ժամ անց նա այլևս չկար:
Ափսո՛ս Վառլենը:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

ԿԱՆԳԱՌ ԹՌԻՉՔԻ ԺԱՄԱՆԱԿ

Նոսրանում են սերնդակիցներիս և իմ սիրտուհոգու ընկերների շարքերը: Նրանց տեսակի կորուստը հաճախ անվերադարձ է, նրանց անձն՝ անփոխարինելի: Վառլեն Ալեքսանյանն այդ տիրույթում է: Նրա մասին լռությունը խոսելուց, պատմելուց գերադասելի է, որովհետև ասելիքն անսպառ է: 1983 թ. հրատարակեց «Անհասցե նամակներ» բանաստեղծությունների ժողովածուն: Իմ խմբագրած առաջին գրքերից էր, աշխատանքային մկրտություն, երբ հեղինակը խմբագրին սովորեցնում է իր անելիքը, որովհետև ինքն արդեն փորձառու խմբագիր էր Հանրագիտարանի հրատարակչությունում: Խմբագրելն աշխատանք չէր, հաճույք էր՝ ճշմարիտ կարդալու բառը, միտքը, գաղափարը: Հումորն անսահման էր: Ընկերությունը՝ պատվախնդիր: Ցավն իր ներսում էր կրում, ուրախությունը՝ շռայլում աշխարհին: Նաև ճանապարհի, նեղ ու լայն օրերի մեջ էր անգնահատելի, սեղանների շուրջ՝ եզակի: Նրա բանաստեղծական մտածողությունն էպիկական էր. խոհական, աշխարհընկալմամբ և փիլիսոփայությամբ՝ ինքնատիպ: Ենթադրելի էր, որ հանգն ու վանկը, տողաչափը չէին բավարարելու և նահանջելու էին հանրագիտարանային իմացության, կենսափորձի նստվածքի, պատմության ծալքերը պեղելու և քրքրելու պահանջի առջև: Դիմադրել անկարող էր: Ասելիք ուներ պատմությունն ընթերցելու իր ոճի ու բնույթի մասին: Անցավ արձակի և թղթին էր հանձնում իր վիպական մտահղացումը: Նոր շնչառություն էր բացվել: Արձակ, չափածո, թարգմանություններ, խմբագրական աշխատանքներ: Չէր խնայում իրեն, թեև տարիներ առաջ սրտի լուրջ վիրահատություն էր ունեցել: Կենսասիրությունն ու խոհականությունը, միտքն ու զգացմունքը ուս-ուսի տված ապրում էին նրա հոգու և էության մեջ: Անզուսպ հումորը անձնական ստեղծագործություն էր՝ գրպանը դրած: Նրա վերլուծական մտածողության և համարձակ լուծումների առաջ քննություն չէին բռնում շատ ու շատ ընդունված կարծրատիպեր, որոնք անհասկանալի համառությամբ գոյատևում են իրականության մեջ: Նա դեռ ասելիք ուներ, նա միշտ ասելիք էր ունենալու, որքան էլ տևեր երկրային կյանքը: Գիտեմ, թե ինչպիսի գրական ժառանգություն թողեց: Չգիտեմ, թե ինչեր տարավ իր հետ: Համոզված եմ՝ ավելին: Ճշմարիտ ստեղծագործողի կյանքը չի հատնում: Ընդհատվում է ինչ-որ կանգառում, հանգրվանում, մի պահ շունչ առնում և շարունակվում մեկ ուրիշ հարթության մեջ, որտեղ ներկա-բացակա չեն անում ֆիզիկական առկայության պայմանով, այլ հոգևոր-մշակութային-մարդկային թռիչքի ամբողջ հմայքով ու գեղեցկությամբ: Այս առումով Վառլեն Ալեքսանյանի կենսագրության պաստառին փորագրված գալու-գնալու տարեթվերն առ-ոչինչ են: Ասում են, վերջին պահերից մեկում հիշել է ՀԳՄ պատանի ստեղծագործողների խմբակի իր սաներին և բարի մի պատգամ թողել՝ երեխաներիս լավ կնայեք: Հենց այդպես, անանձնական, հարազատ իր ինքնայրումով ապրելու տրամաբանությանը: Վառլեն Ալեքսանյանի անհասցե նամակներն այլևս գտել են իրենց տերերին:

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։