ՄՆԱՑԱԾԸ` ՎԵՊՈՎ,
ԵՐԲ ԱՎԱՐՏՎԱԾ ԿԼԻՆԻ…
Հարցազրույց արձակագիր, թարգմանիչ
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ
Գ.Թ.- Ձեր նախորդ` «Ժամանակի գետը» վեպը նկատելի հաջողություններ արձանագրեց: Արժա- նացավ ՀՀ պետական մրցանակի, գրախանութներում տպաքանակը արագորեն սպառվեց, ինչը աննախադեպ է մեր օրերում: Սակայն, մոլորակի վրա ամեն ինչ շարժման թելադրանքով է, մանավանդ, եթե խոսքը ժամանակին է վերաբերում: Ձեր ստեղծագործական կյանքում ինչպե՞ս է, թե՞ դեռ նախորդի հաջողության թևերին եք:
Վ.Գ. – «Ժամանակի գետից» այս կողմ շատ ուրիշ ջրեր են հոսել: Լույս են տեսել «Ոստանի վերջին ճամփորդությունը» և «Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում» գրքերս, որոնք թեև գրաքննադատական ուշադրության և ընթերցողական հետաքրքրության նույն հաջողությունները չեն արձանագրել, բայց ոչ պակաս կարևոր են ինձ համար: Սովորաբար ես կապված եմ մնում վերջին գրքիս, և այս առումով հիմա «Զարմանալի իրադարձությունների» գլխին են ամպեր կուտակվում, որովհետև հույս ունեմ առաջիկա տարում ավարտել բազմաչարչար «Պողոս-Պետրոս» վեպը:
Գ.Թ. – Հաճախակի է հնչում, որ հայ արդի արձակում ժամանակակից հերոսի կերպարն աղոտ է կամ ընդհանրապես բացակայում է: Ո՞վ է մեր իրականության հերոսը` ազատամարտիկը, պատգամավորը, ստեղծագործողը, գործազուրկը, մուրացկանը, օլիգարխը, պետական չինովնիկը` միմյանց անհաղորդ, իրարից անջատ բնութագրերով… Գուցե իրական բնորոշումը ժամանակն ինքն է, իսկ մնացյալը նրա տարբեր դրսևորումներն են նույն շրջանակի մեջ:
Վ.Գ. – Հերոսը մեր գաղափարազուրկ ժամանակն է: Ստացանք երազած անկախ պետականություն` փրփուրը բերաններիս պաշտպանում ենք մայրաքաղաքում հայոց անկախ պետականության մոլի հակառակորդ Միկոյանի արձան կանգնեցնելու բացահայտորեն դրսից հրահրված ծրագիրը: Անկախ պետականությունը լեզվի պահպանության և մշակույթի զարգացման լավագույն ու թերևս միակ գրավականն է, իսկ մենք արդեն շուրջ երկու տասնամյակ պարբերաբար լսում ենք մե՛րթ ռուսական դպրոցները վերաբացելու, մե՛րթ ավելի վատ` ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու առաջարկներ, հիմա էլ, խնդրեմ, Երևանում բացվելու է Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղ բացառապես մեր պետբյուջեի, իսկ ավելի ճիշտ, հայաստանցի հարկատուի ոչ տռուզ գրպանի հաշվին: Ուսուցումը, ինչպիսի՜ երջանկություն, լինելու է ռուսերեն, լավագույն շրջանավարտները, ոչ մի կասկած, գնալու են Ռուսաստանի տնտեսությունն ու գիտությունը զարգացնելու: Տեղի է ունենում երկրի ընդերքի և բնության գրեթե թշնամական թալան ու ավերում: Իսկական ազատամարտիկը մատնված է թշվառության, իսկ մշտապես հարկային ստվերում գործող փողի քսակը հայտնվում է չգիտես ում ձեռքերում: Մեր ժամանակն արտացոլող լավ գրքեր, իհարկե, գրվում են: Իսկ պակասում են մեր գրականությանը, թերևս, ինչպես տարիներ առաջ Վարդան Գրիգորյանն էր մի հարցազրույցում ասել, մեծ գաղափարները: Լուսահոգի եղբորս այս միտքը հիմա էլ ավելի արդիական ու հրամայական է հնչում:
Գ.Թ. – Դուք հիշատակեցիք «Ոստանի վերջին ճամփորդությունը» գիրքը, որտեղ համանուն վիպակից բացի, զետեղված է նաև «Ազատ հայը» վեպը: Երկու ստեղծագործություններն էլ շոշափում են մեզ համար շատ ցավոտ հարց` արտագաղթը: Սակայն գիրքն այսօր էլ կարելի է գտնել գրախանութներում: Ինչպե՞ս հասկանալ, արտագաղթը մեր ընթերցողին չի՞ հուզում:
Վ.Գ. – Հուզում է: Բայց հիմա ամեն ինչի նման գիրքն էլ գովազդի կարիք ունի, չգովազդվեց` մնում է գրախանութներում: Ազգային ժողովի ՀՀ-ական պատգամավորն էլ հայտարարում է, որ արտագաղթը մեզ պիտի ուրախացնի` արտագաղթելով մարդիկ գնում, «դրսերում» փող են աշխատում: Ոչ միայն «Ոստանի վերջին ճամփորդությունը», այլև ավելի վաղ լույս տեսած «Առաջնորդի կյանքն ու մահը» սատիրական վեպս այսօր կարելի է գտնել գրախանութներում, այստեղ էլ երևի իզուր եմ «գովերգել» մեր քաղաքական կուսակցությունների «հայրենանվեր» գործունեությունը:
Գ.Թ. – Տպավորություն կա, որ 21-րդ դարում իրականությունը հակված է համահարթեցման, գագաթները գնալով նվազում են: Կարծես Պիկասոն, Դալին, Ֆոլկները, Սարոյանը, Շոստակովիչը, Խաչատրյանը կամ մյուսները իրենց հետևից փակել են բարձունք տանող դռները… Երևույթը ժամանակավո՞ր է, թե՞…
Վ.Գ.- Մի քանի տարի առաջ, երբ պատահաբար նստած էի հեռուստացույցի առաջ, հանկարծ հայտարարվեց, որ գովազդից հետո հեռուստադիտողը կհանդիպի հայ բեմի լեգենդին: Սկսեցի սրտատրոփ սպասել, փորձելով կռահել, թե ով է այդ լեգենդը: Վերջապես, մտածում էի, վերջապես մեր մեծերից մեկին հիշել են… Բայց երբ երևաց «լեգենդը»… Չեմ ուզում ո՛չ անունը տալ, ո՛չ էլ մեղադրել այդ «լեգենդին», վերջ ի վերջո նա ինքը չի իրեն «լեգենդ» հռչակել, այլ մեր ժամանակը, որին պետք չեն Պիկասոներ ու Խաչատրյաններ, ընդհանրապես որևէ լուրջ բան, միայն թեթև ժամանց: Երևույթը ժամանակավոր չի այն առումով, որ սա դեռ անցյալ դարի կեսերին մշակված ծրագրի քայլ առ քայլ իրականացումն է` համացանցի երևան գալով արագացած ու ահագնացած: Արվեստի բարձունք տանող դռները չեն փակվել, ուղղակի այդ դռների ճանապարհին մեր ժամանակի անիվը պտտեցնող ձեռքը փռել է գայթակղությունների` սեքսի, հաճույքների, փողի, էժան փառքի մարգագետին-ճահիճը, որտեղ խրվելը հեշտ է, դուրս պրծնելը՝ դժվար: Խնդիրն է` դաստիարակել սպառողների` որևէ այլ բանով ուղեղը չծանրաբեռնող, հեշտ կառավարվող հասարակություններ, հասնել մշակութային առանձնահատկությունների, ազգային լեզուների վերացմանը, որին ընդդիմանում են ով ինչպես կարող է կամ մեզ նման պարզապես չեն ընդդիմանում:
Գ.Թ. – Հաշված ամիսներ են մնացել Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին: Կարելի՞ է ակնկալել, որ Հայկական հարցն ի վերջո իր դրական պատասխանը կգտնի: Երբ մոլորակի վրա ցեղասպանությունների շղթան երկարում է, աշխարհը կկարողանա՞ թուրքական ժխտողականության պատնեշը հաղթահարել…
Վ.Գ. – Կուզեի սխալվել, բայց չեմ կարծում, թե հաջողվի: Թուրքիան կձեռնարկի ընդամենը ձևական քայլեր` միջազգային հանրության աչքը խոթելու համար, քանզի միջազգային հանրություն կոչվածը հենց դա է ակնկալում Թուրքիայից: Հիշենք, թե ինչպիսի ոգևորությամբ ընդունվեց Էրդողանի ապրիլ 23-ի ուղերձը, որտեղ մարդասպանն ու թալանչին պարզապես ցավակցում էր իր իսկ ոճրագործության զոհերին` միևնույն ժամանակ համանման քայլ` ցավակցություն ակնկալելով Հայաստանից ու հայերից: Ոչ պակաս, եթե ոչ ավելի կարևոր է գերտերությունների և առաջին հերթին ԱՄՆ- ի շահամոլությունը: Ի՞նչ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և զրկվել Թուրքիայի հետ քաղաքական ու տնտեսական առևտրի գործիքի՞ց: Չեմ պնդում, բայց անձամբ իմ համոզմամբ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հատուցմանը հասնելու միակ ճանապարհն է՝ գերտերությունների և առաջին հերթին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հասարակական գիտակցությանը հասցնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց կողմից ոչ թե մարդասիրական քայլ է, այլ սեփական մեղքի ուշացած մասնակի քավություն, որովհետև հենց նրանց թեկուզ կողմնակի մեղսակցությամբ հնարավոր եղավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` դարձյալ նրանց շնորհիվ առ այսօր անպատիժ ու անհատույց մնացած: Այս կապակցությամբ արժե հիշել նաև Եվրախորհրդարանի 1987թ. մեզ այնքան շոյող, իսկ իրականում երկիմաստ բանաձևը: Այո՛, Հայոց ցեղասպանությունն այնտեղ ճանաչվում է, սակայն հաջորդ իսկ տողով ընդգծվում է, «որ պատմական այդ իրադարձությունների որպես ցեղասպանություն ճանաչումը այսօրվա Թուրքիայի նկատմամբ առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի»: Այսինքն, ինչ-որ արել ես` հալալ է քեզ, Թուրքիա, մի ներողություն է, մեծ բան չի, խնդրիր, անցնի գնա: Եվ սա այն դեպքում, երբ իրենք` թուրքերը, գիտեն, որ Աթաթուրքի ստեղծած հանրապետության հիմքում ընկած կապիտալի ավելի քան 60 տոկոսը հայերից թալանվածն էր: Եվ ես կարծում եմ, որ 100-րդ տարելիցի շեմին հենց հատուցման հարցը պետք է դառնա մեր պահանջի անկյունաքարը:
Գ.Թ.- Դուք տարվա կեսը Լիտվայում եք, կեսը՝ Հայաստանում, այսինքն՝ մի ոտքով Եվրամիության քաղաքացի եք, մյուսով` ապագա Մաքսային միության: Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն հարցը ապագայում էլ է շարունակելու արդիական մնալ: Հարցը ոչ միայն քաղաքական կամ տնտեսական է, այլև քաղաքակրթական ու մշակութային և մի քանի անհայտով խնդիր է հիշեցնում: Պատասխանի Ձեր տարբերակը:
Վ.Գ. – Ինձ թվում է՝ ընտրությունն արդեն կատարված է: Այսօրվա Ռուսաստանը, ԽՍՀՄ-ի նման, Ցարական կայսրության տարածքներն ու նրա ժողովուրդներին դիտարկում է որպես պապենական հող ու իր հպատակներ և մեզ իր ճիրաններից բաց թողնելու մտադրություն չունի, առավել ևս, որ մեր ներկա` մեծ բիզնեսի հետ սերտաճած ու նրանց կամակատար իշխանությունները քաջություն չունեն Ռուսաստանին «ոչ» ասելու: Նաև չգիտեմ, թե Մաքսային միության կազմում լինելը մեզ որքանով է ապահովագրելու այն բանից, ինչն ավելի քան սպառիչ ձևակերպեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առաջին դեսպան Ստուպիշինը` պաշտոնաթող լինլուց հետո: Նա ասաց բառացի հետևյալը. «Հայաստանը Ռուսաստանի միակ հուսալի դաշնակիցն է Հարավային Կովկասում, որին Ռուսաստանը վճռական պահերին, ցավոք, միշտ դավաճանում է»: Քաղաքակրթական և մշակութային հարցերին ավելի դժվար է միանշանակ պատասխան տալ: Դասական արժեքների տեսանկյունից, իհարկե, գերադասելի է եվրոպական ուղղվածությունը, իսկ գալով նորօրյա «արժեքներին», թերևս ավելի լավ է խոսեմ հենց Լիտվայի օրինակով, որը շուրջ կես դար լինելով ԽՍՀՄ-ի կազմում, ի տարբերություն Արևմուտքի, մնացել է բավականին ավանդապահ: Մանկապարտեզային ընթերցանության եվրոպական մի ծրագրով նախատեսվում էր երեխաներին կարդալ երկու բառով ասած` այս բովանդակությամբ հեքիաթ. արքայադուստրն ու արքայազնը` քույր ու եղբայր, մի օր հյուր գնացին հարևան դղյակում ապրող արքայազնին ու արքայադստերը: Արքայազնը սիրեց արքայազնին, արքայադուստրը` արքայադստերը: Սիրող զույգերն ամուսնացան, և հիմա մի դղյակում ապրում են երկու երջանիկ արքայազներ, մյուսում՝ երկու երջանիկ արքայադուստրեր: Քանի որ այս հեքիաթի ընթերցումն արգելելը եվրոպական արժեքների ոտնահարում կլիներ, ծածկադմփոց արեցին, թե իբր կարդացել, «դասընթացն» ավարտել են, թեև շատ մանկապարտեզներում հեքիաթը, իրոք, երեխաներին ընթերցվել էր: Լիտվայի գործող սահմանադրությամբ ընտանիք է համարվում տղամարդու և կնոջ միությունը, հիմա նրանից պահանջվում է «տղամարդ» և «կին» բառերի փոխարեն ամրագրել` «երկու չափահաս մարդկանց» միությունը: Լիտվայի առողջապահության նախարարը վերջերս առաջարկում էր ընդունել օրենք, համաձայն որի՝ բժշկական համալսարան ավարտողն առնվազն երկու տարի պարտադիր պիտի աշխատի Լիտվայում, քանզի դիպլոմն ստանալուն պես բոլորը Արևմուտք են գնում, որտեղ վարձատրությունը տասնապատիկ ավելի է: Բայց նախարարի այս առաջարկությունը եվրոպական արժեքներից ամենակարևորի` մարդու իրավունքների լկտի ոտնահարում էր, հետևաբար և դատապարտված անհաջողության, և ոչինչ, որ Լիտվայի շրջաններում բժիշկ չի մնացել: Երկընտրանքը` Եվրոպակա՞ն, թե՞ Մաքսային միություն, մեզ համար այսքան ցավոտ չէր լինի, եթե ընտրություն կատարելիս առաջնորդվեինք մեր ազգային ծրագրի շահերով: Եթե ունենայինք ազգային գաղափարախոսություն: Մի բան, որ երբեք չենք ունեցել: Ազգային գաղափարախոսություն ունենալ, ասել է թե՝ ունենալ նպատակ: Սերնդեսերունդ, դարե դար անցնող նպատակ… Եվ որին գուցե հասած լինեինք, եթե ունենայինք ծրագիր, գաղափարախոսություն… Ինչևէ, մենք կարծես շատ հեռացանք գրական խնդիրներից…
Գ.Թ. – Վերադառնանք առաջին հարցի Ձեր պատասխանին: Ուրախալի է, որ նոր վեպ եք գրում, բայց ինչո՞ւ «Պողոս-Պետրոս» և ինչո՞ւ «բազմաչարչար»:
Վ.Գ. – Չավարտված վեպից խոսելը ձուկը ջրում առևտուր անելու պես բան է, այնուհադերձ, ասեմ: «Բազմաչարչար», որովհետև մտահղացումը ծնվեց անկախության առաջին տարիներին, այն ժամանակ էլ արվեց իրականացնելու առաջին փորձը: Բայց ի տարբերություն խորհրդային լճացած տարիների, նոր կյանքն այնքան բազմաշերտ էր, յուրաքանչյուր օրն այնքան հագեցած, թվացյալ հայտնին այնպիսի անհայտ կողմերով էր բացահայտվում, որ իրականացումը, իհարկե, մեծ ընդմիջումներով, ձգվեց շուրջ քսան տարի: Միայն վերջերս` անկախության ավելի քան երկու տասնամյակից հետո ինձ թվաց, որ արդեն կարող եմ ավարտել սկսածը: Կարճ ասած, ես այս գրքով փորձում եմ վերլուծել, հասկանալ, հնարավորինս բացահայտել մեր հասարակական-քաղաքական մտքի ու կեցության զարգացումները վերջին երկու հարյուր տարում, սկսած այն օրից, երբ «ռսի ոտը դիպավ մեր հողին»: Փորձում եմ հասկանալ, արդյո՞ք պետք է հավատալ Ներսես Աշտարակեցուն, կամ արդյո՞ք նա ինքն իրեն հավատում էր, երբ շուրջ երկու հարյուր տարի առաջ շրջաբերականով դիմում էր հայ ժողովրդին. «Հայտնի է ձեզ Ռուսիո օգոստապառ պետության նպատակը: Նա իր հզոր բազուկը տարածում է մեր հայրենիքի վրա ոչ այնքան իր սեփական օգտի, որքան մեր անդորրության ու բարօրության համար»: Այսքանով սահմանափակվեմ, քանզի փաստորեն վերադառնում եմ նախորդ հարցին` ազգային ծրագրի ու գաղափարախոսության չգոյությանը, եթե, իհարկե, քծնանքը օտարին, պատեհապաշտությունը, հարմարվողականությունը գաղափարախոսություն ու ծրագիր չհամարենք: Մնացածը` վեպով, երբ ավարտված կլինի: Մի խոսքով` «Պողոս-Պետրոս», բնաբանն էլ` «- Պողո՜ս, գտա՞ր: – Չէ՜: – Պետրո՜ս, գտա՞ր: – Չէ՜»:
Գ.Թ. – Կարելի է կռահել, որ վեպը բավականին սուր, քննադատական է լինելու, իսկ ապագայի կտրվածքով՝ գուցե նաև հոռետեսակա՞ն:
Վ.Գ. – Երբ մեր պետականության և ազգային ապագայի հարցն է դրված, հոռետեսությունն անթույլատրելի է: Իհարկե, շատ բան մեր պետական-իշխանական համակարգում թերի է, բայց ես ապագան տեսնում եմ հանձին այն տաքսու վարորդի, որին հանդիպեցի վերջերս: Նախկին ազատամարտիկի` Արաբոյի ջոկատում կռված, բազմիցս վիրավորված, բարձրագույն կրթությամբ մի երիտասարդի, որն իր ընտանիքը պահելու համար այժմ վարորդություն էր անում, բայց որը կարող էր հայերեն խոսքի, կիրթ վարվելաձևի ու գիտակցված հայրենասիրության դասեր տալ շատ-շատերին: Տպավորվել են նրա հատկապես վերջին, հրաժեշտի խոսքերը. «Ոչինչ չի կարող ինձ ստիպել, որ ես լքեմ այս երկիրը, ոչ մի բան, սա իմ երկրին է, ես մինչև վերջին շունչս էլ մնալու եմ այստեղ ու պայքարելու, որ իմ երկիրը երկիր դառնա»: