Մեծանուն գիտնական, աստղաֆիզիկոս ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԸ ծնվել է Բաղդադում 1922 թ., ուր ապաստանել էին Դեր Զոր անցած նրա ծնողները:
Աշակերտելով Վիկտոր Համբարձումյանին՝ եղել է Բյուրականի
աստղադիտարանի հիմնադիր կազմում:
Նրա ղեկավարությամբ են ստեղծվել ժամանակի առավել կատարելագործված՝ «ՕՐԻՈՆե տիեզերական աստղադիտարանները՝ տեղադրված «Սալյուտե
տիեզերական կայանի, «Սոյուզե տիեզերանավի վրա:
Աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին նվիրված նրա գրքերը դարձել են
աշխարհում տվյալ ասպարեզի գլխավոր տեղեկատու աղբյուրներ,
կրթել մասնագետների սերունդներ:
Հայ ընթերցողի սիրելի գրքերից են նրա էսսեների ժողովածուները:
– Հնարավո՞ր է ճանաչել տիեզերքը:
– Գիտության պատմությունը, աստղաֆիզիկայի պատմությունը հաստատում է դա: Ըստ որում, ի սկզբանե՝ նախնական շրջանից, այդ ճանաչողությունը կապված էր առաջին հերթին տելեսկոպների՝ աստղադիտակների հնարավորություններից: Մարդը երկինքը դիտում է դրանց միջոցով:
Այս տարի լրանում է Գալիլեյի դիտումների 400-ամյակը, և աշխարհում այն նշվում է որպես աստղագիտության տարի: Աստղադիտակի արածը հրաշք է, Գալիլեյի արածը հրաշք է: Դա ինքնին հայտնագործություն է, ես շեշտում եմ այդ բառը, որովհետև խոսքը վերաբերում է ինչ-ինչ ոսպնյակների կոմբինացիաների միջոցով տեսողական հնարավորությունների խիստ մեծացնելուն և տեղին օգտագործելուն:
Աստղադիտակի հայտնագործությունը պետք է համարել մարդկության խոշորագույն իրադարձություններից մեկը, թերևս համեմատելի Ֆարադեյի կողմից էլեկտրականության հայտնագործման հետ: Շնորհիվ աստղադիտակի՝ մարդու աչքերը բացվեցին: Ինքը՝ Գալիլեյը, այդ սարսափը ապրեց, երբ իր 4 սմ-ոց աստղադիտակով հանկարծ տեսավ ահռելի քանակությամբ աստղեր, որոնք անզեն աչքով անտեսանելի էին:
Դա 1609 թվին էր, և հետագայում զարմանալի արագությամբ աճեցին աստղադիտակների տրամագծերը: Լույսը հաղորդվում է նրանց ոսպնյակների, տվյալ դեպքում՝ նաև գոգավոր հայելիների միջոցով: Հաղորդված լույսի միջոցով էլ որոշվում է աստղադիտակի հզորությունը: Ներկայումս գործ ունենք 10 մ և ավելի տրամագծով աստղադիտակների հետ, որոնց կատարելագործումը հեղաշրջում կատարեց աստղաֆիզիկայում: Այս առումով պետք է ողջունել և միջոցներ ներդնել: Ես հավատում եմ, որ իրական է մինչև 100 մ տրամագծով, հավաքովի՝ փեթակի բջիջների նման, նաև շարժական բաղադրիչներով աստղադիտակների ստեղծումը: Միաժամանակ պետք է հզորացնել դրանք և զարգացնել այնքան, որ կարողանան որսալ լույսի՝ ֆոտոնների ամենաթույլ հոսքեր:
Եկավ վերջապես այն արժեքավոր ժամանակաշրջանը, երբ աստղադիտակը հնարավոր եղավ դուրս բերել տիեզերք, քանի որ տիեզերական տարածության մեջ աստղադիտակը հրաշքներ է գործում և մատչելի միջոց է դառնում բոլոր ալիքների համար:
– Եվ Ձեր ղեկավարությամբ ստեղծված տիեզերական աստղադիտարանները ուղևորվեցին տիեզերք:
– Տիեզերքում աստղադիտակը բոլորովին նոր որակ է, նոր իրավիճակ, մի կողմից այն զերծ է մթնոլորտի աղավաղումներից, այսպես կոչված տուրբուլենտությունից, մյուս կողմից, չկա մթնոլորտի կլանումը տեսանելի լույսից ավելի կարճ ալիքներում:
Այո՛, Հայաստանում՝ սկզբում Բյուրականում, ապա Գառնիում, մեզ հաջողվեց առաջինը Խորհրդային Միությունում և առաջիններից մեկը աշխարհում ստեղծել և տիեզերք հանել աստղադիտարաններ, որոնք պետք է աշխատեին մինչ այդ գործնականում անհայտ տիեզերական պայմաններում: Սկզբում մենք ստեղծեցինք հրթիռային աստղադիտարաններ, որոնք արձակվում էին բավականին բարձր՝ մինչև հինգ հարյուր կիլոմետր: Ապա ստեղծեցինք ուղեծրային աստղադիտարաններ, որոնք աշխատում էին և՛ ավտոմատ ռեժիմով, և՛ տիեզերագնացի մասնակցությամբ: Այստեղ մենք առաջինը աշխարհում որոշակի գիտական արդյունքներ ստացանք: Այսօրվա պես հիշում եմ այն հուզիչ պահը, երբ առաջին անգամ գրանցեցինք թույլ աստղերի, մոլորակաձև միգամածության սպեկտրներ կարճալիք՝ ուլտրամանուշակագույն տիրույթում, և մեր աչքերի առջև բացվեց այն, ինչ մինչ այդ հասու չէր:
Այսօր Գառնիում՝ Տիեզերքի թանգարանում, կարելի է տեսնել տիեզերքում աշխատած, ապա տիեզերագնացների կողմից Երկիր վերադարձված մեր գիտափորձերի իրերից, տիեզերքի հետազոտման վաղ շրջանի այդ բացառիկ վկաներից:
– Ներկայումս տիեզերական հետազոտությունները անշուշտ ծավալվել են…
– Տիեզերական հետազոտությունները այսօր թևակոխել են, հանգիստ կարող եմ ասել, մի այլ փուլ, ուղղակի փոխելով մեր պատկերացումները տիեզերքի շատ հատկությունների մասին: Ասեմ հակիրճ միայն ռելիկտային՝ մնացորդային, ճառագայթման բացառիկ կարևորության մասին, այդ կարևորությունը, իմ կարծիքով, միայն գնալով աճում է, ինչքան ավելի մանրամասն է այն քրքրվում՝ հետազոտվում, դուռ բաց անելով հետագա անակնկալների: Սպասելիքները մեծ են, օրինակ, բոլորովին վերջերս արձակված PLANCK արբանյակից:
Ասեմ, որ ավագ որդիս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը, իր շնորհալի երիտասարդների խմբով, աշխատելով թե՛ մեզ մոտ՝ Հայաստանում, թե՛ արտասահմանում, ակտիվորեն մասնակցում է այս հետազոտություններին, միջազգային համագործակցություններին, քանի որ այսօր գիտական խոշոր ծրագրերը իրականացվում են միայն միացյալ ճիգերով:
– Ի՞նչ խորհուրդ ունի Ծիր Կաթինը, աստղազարդ երկինքը մեզ համար:
– Դեռևս իր զարգացման ամենավաղ շրջանում մարդը անզեն աչքով գիշերվա երկնքում պարզ տեսնում էր Ծիր Կաթինը. այն տեսնելու համար աստղագետ լինել պետք չէ: Ծիր Կաթինի խորհուրդը շատ մեծ է, միահյուսված ամեն ժողովրդի բանահյուսության հետ:
Ծիր Կաթինը պայմանական անուն է, բավական հաջողված, ի սկզբանե այդ անունը տրվեց գիշերային երկնքում երևացող այդ խորհրդավոր լույսին: Դա իրականում միլիարդավոր աստղերի կուտակվածություն է՝ այստեղ-այնտեղ, բայց օժտված որոշակի սկզբունքով: Դա մեր գալակտիկայի մի մասն է, ինչպես յուրաքանչյուր գալակտիկա, այն ևս բաղկացած է մեծ ու փոքր աստղերից, տաք ու սառը, հեռու-մոտիկ աստղերից, և այդ աստղերի ամբողջությունն էլ ստեղծում է որոշակի մի կառույց՝ պարույրներով և սկավառակի ուրվագծերով, որը մենք անվանում ենք Ծիր Կաթին գալակտիկա:
– Հետևաբար այլ գալակտիկաները դրանք ծիրկաթիննե՞ր են:
– Այո՛, բայց դրանց մենք գրեթե չենք տեսնում անզեն աչքով: Իսկ աստղադիտակներով տեսնում ենք շատ ուրիշ ծիր- կաթիններ, որոնց կառուցվածքը հար և նման է մեր գալակտիկայի կառուցվածքին: Առ այսօր անթիվ-անհամար ծիրկաթիններ հայտնաբերվեցին, դրանցից շատերը դարձան առանձին ուսումնասիրության առարկա: Այդ գալակտիկաներից մի մասը պտտվում է, մի մասը՝ ոչ, մի մասը ունեն ընդգծված կորիզ, միջուկ, որին միացած է այդ նույն գալակտիկայի պարուրաձև կուտակվածությունների թևերից կամ պոչերից մեկը կամ մի քանիսը:
– Ասացիք գալակտիկաներ, ինչպիսի՞ն են դրանք:
– Գալակտիկաների մասին չեմ ուզում ծավալվել, թերևս դրանք առանձին խոսակցության թեմա են, միայն ասեմ, որ տիեզերական խոշորագույն-խոշորագույն իրադարձությունների առանցքը շատ բանով պետք է փնտրել գալակտիկա հասկացությունում: Ինչպես օվկիանոսում կղզիները, դրանք կղզիներ են, օազիսներ տիեզերքում՝ այստեղ-այնտեղ թափառող: Ի դեպ, այդ բոլորը՝ այդպիսի առաջացումները, աստղային համակարգերը, անընդհատ շարժման մեջ են, որովհետև տիեզերքը ինքը առաջացումների մի ամբողջություն է՝ գալակտիկաները, աստղային կույտերը, միգամածությունները, մոլորակները իր մեջ ներառած:
– Մենք ծանոթ ենք Ձեր գրքերին՝ «Տիեզերքը ափի մեջե, «Կաքավաբերդի առեղծվածըե, «Խոհեր, խոհերե, «Մի կում ջուրե և այլն՝ գրված հազվագյուտ պատկերավոր լեզվով և հսկայական, խտացված տեղեկատվությամբ: Ինչպե՞ս սկսեցիք գրել մեզ, լայն ընթերցողներիս համար:
– Ես ինքս էլ չզգացի, թե երբ և ինչպես սկսեցի խոսել արվեստի մասին, գիտության ու գրականության մասին, իհարկե, համապատասխան լեզվական միջոցներ կիրառելով: Ահա այդպես ծնվեցին իմ գըրքերը, որոնցում ընդգրկված են տարբեր տարիներին գրված էսսեներ:
– Ինչո՞ւ ընտրեցիք հատկապես էսսեի ժանրը:
– Էսսեի միջոցով առավել մատչելի է խոսել խրթին հարցերի մասին: Այստեղ ավելի զուսպ է ներկայացվում գիտական բառապաշարը և պետք է առավելապես հենվել երևույթի իմաստի և ընկալման հնարավորությունների վրա: Չգիտեմ՝ արդյոք հաջողվե՞լ է ինձ հնարավորինս մատչելի ներկայացնել, մի բան, սակայն, պարզ է՝ պետք է չվախենալ նյութից, որպեսզի կարողանաս այն, ինչի մասին խոսում ես, համապատասխան ձևով ներկայացնել մարդկանց, առավել մատչելի: Ես ակամա տարվեցի, ինքս էլ չիմանալով՝ ինչպես, և գրքերը այսպիսի կերպարանք ստացան:
– Էսսեի ժանրը, կարծեմ, չունի խոր արմատներ հայ գրականությունում:
– Այո՛, հայ գրականությունը պատմականորեն էսսե չի ունեցել, այս առումով ֆրանսիացիները շնորհակալ գործ արեցին, և ես կարծում եմ, որ հայ գրականության մեջ էսսեն իր գոյությունը ունենալու իրավունքը նվաճել է: Ճիշտն ասած, նրա գրավչությունը շատ մեծ է, որովհետև, եթե խոսում ես էլեկտրոնի կամ պրոտոնի մասին՝ ասել, թե ինչ զանգված կամ ինչ լիցք ունեն, դեռևս հարցի լուծում չէ, պետք է թափանցել էության մեջ: Ինչպես դրամատուրգիան, պոեզիան, արձակը, էսսեն նույնպես խորքը բացահայտելու հնարավորություն է տալիս: Ես հիմա էլ եմ հրապուրված էսսեներով, գրում եմ ամեն ինչի մասին, որտեղ գիտական փորձ կա, լինեն դրանք տարրական մասնիկներ, լինեն աստղեր թե գալակտիկաներ:
-Դուք նաև նկարիչ եք. ե՞րբ սկսեցիք և ի՞նչը դրդեց Ձեզ նկարել:
– Եթե ուղղակի պատասխանեմ, ապա՝ մանուկ հասակից. եթե թղթի կտոր էր ընկնում ձեռքս և մի ջարդոտված մատիտ, նկարում էի ծառ, քար, տուն, ինչ-որ հայացքս կամ աչքս տեսնում էր, բայց հետո քիչ-քիչ այդ հատկությունը դարձավ տիրապետող, և ես էլ չզգացի, թե ինչպես մատիտը դարձավ վրձին, դարձավ ներկ, գույն, և տեսադաշտը մեծացավ արդեն այլ չափանիշով՝ երկիրը այնպես, ինչպես կա, ինչպես մարդն է տեսնում՝ իր ձևերի մեջ, իր գույների մեջ: Այդպես տարվեցի, և ինքս էլ չզգացի այդ անցումը ո՛չ ժամանակի և ո՛չ էլ փոփոխության տեսակետից:
– Բայց Դուք նկարչական կրթություն ստացել եք:
– Այո՛, Պոլիտեխնիկական ինստիտուտին զուգահեռ, բախտ եմ ունեցել Թերլեմեզյանի անվան ուսումնարանում կերպարվեստի դասեր առնելու հայ գեղանկարչության կարկառուն դեմքերից մեկի՝ Մարիամ Ասլամազյանի մոտ:
– Ես գիտեմ, որ Ձեզ համար ուղղակի տիեզերական երևույթ է Մարտիրոս Սարյանը:
– Այո՛, իմ պաշտամունքի առարկան է Սարյանը, երևույթ, որ հայտնի չէ, թե մեր ժողովրդի պատմության մեջ երկրորդ անգամ էլ երբ կարող է լինել: Սարյանը բացեց գույների աշխարհը, ձևերի ու կերպարների աշխարհը՝ արտահայտված՝ քարի, սարի, առվի, հոսող ջրի, մարդու միջոցով: Սարյանը հայ ժողովրդին տվեց գույնի զգացողությունը: Նրանով սկսվեց հայ կերպարվեստի պատմությունը: Իհարկե, Սարյանի մասին շատ է խոսվել ու գրվել, սակայն մի բան է ասել գույներ կան բնության մեջ, ձևեր կան բնության մեջ, և բոլորովին այլ բան է, երբ խոսվում է նկարչական հյուսումների, թղթին, կտավին հանձնված ամենօրյա այն գաղտնիքների մասին, որոնք մեր կյանքում կա՛մ նկատում ենք, կա՛մ չենք նկատում, կա՛մ էլ նկատում ենք դժվարությամբ: Ահա թե ինչու ամեն մի ժողովուրդ, ամեն մի ազգ բնության հետ կապված ստեղծում է իրենը, ինքնատիպը:
– Սարյանը հեղաշրջում մտցրեց հայ կեպարվեստի պատմության մեջ…
– Մեզ մոտ դա սկսվեց 1910-ական թվականներից և շարունակվում է մինչև այսօր: Սարյանը ունեցավ իր հետևորդները, օրինակը այսօրվա մեր կերպարվեստն է՝ իր շռնդալից գունային շքեղության մեջ, կերպարների, ծավալների բազմազանության մեջ: Ես ուղղակի չեմ կարողանում անտարբեր մնալ, երբ խոսքը վերաբերում է հայկական աշխարհը վրձնի ուժով ներկայացնելուն: Ամեն ինչ սկսվում է մի կետից, հետո այդ կետը դառնում է գունդ, գունդը դառնում է ավելի խոշոր մարմին, և ձևավորվելով դառնում է այն, ինչ կոչվում է ազգային արվեստ: Նրա վրձնած դիմանկարներում ուղղակի ապշեցնող են հոգեբանական անցումները՝ ցասումը, ժպիտը, ուրախությունը, զայրույթը… նա ուղղակի հրաշքներ է գործում…
– Որևէ հուշ կպատմե՞ք, որ շատ է տպավորվել:
– Մի անգամ, երբ երեխա էի, առաջին անգամ այցելեցի պատմության թանգարան, երկար ժամանակ ապշած նայում էի պատերին կախված նկարներին… և նույնիսկ հուշերիս մեջ կես-կատակ, կես-լուրջ անդրադարձել եմ այդ դեպքին. ինչ-որ նկարների հանդիպեցի և որևէ բան չհասկացա, ինչ-որ դեղին շերտ էր, ինչ-որ կարմրավուն շերտ էր, հետո դարչնագույն շերտ էր… բան չեմ հասկանում մաքուր շերտեր են՝ ծառ էր կամ նման մի բան, և տակը գրված էր ՝ ՍԱՐՅԱՆ:
Ահա, այդպես սկսվեց էպոխան, որ կոչվում է սարյանական, որը շարունակվեց ի դեմս հանճարեղ Մինասի և մյուսների: Ու թեպետ շատ փոքր ենք, բայց այս փոքրիկ հողատարածքի վրա ունենք մեծ կերպարվեստ:
Նյութը պատրաստեց
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ