ՄՏՈՐՈՒՄՆԵՐ  ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ / Հրաչյա  ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

 

– Ո՞րն է «Հայ գրականությունը թարգ­մա­­նություններում» ծրագրի առաքելու­թյու­նը:

– Մենք հաճախ ենք զարմանում, թե ինչու հայ գրականությունն արտերկրում իր արժանի խանդավառությունը կամ հետաքրքրությունը չի հարուցում, թե ինչու երբեմն թարգմանվում ու հրատարակվում են գրքեր, որոնք այդպես էլ հավուր պատշաճի արձագանք չեն գտնում: Մեր զարմանքն այդքան մեծ չէր լինի, եթե իմանայինք, որ ժամանակին հրատարակիչ չեն կարողացել գտնել, օրինակ, Պրուստն իր` այժմ արդեն ամբողջ աշխարհում հանրահայտ դարձած վիպաշարի առաջին` «Դեպի Սվանը» (որն, ի դեպ, ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել, քան ընթերցվել) կամ Նոբելյան դափնեկիր Գոլդինգն իր «Ճանճերի տերը» վեպի համար: Վերջինս հերթով մերժվել էր բրիտանացի գրեթե բոլոր հրատարակիչների կողմից և միայն մի հրատարակչություն, որի խմբագիրը Էլիոթն էր, համարձակվել էր տպագրել այն` կրոնական բովանդակության կրճատումով: Այսօր էլ ոչինչ չի փոխվել ժամանակակից աշխարհում, և խոշոր ու ճանաչված հրատարակչություններին հետաքրքրում են միայն ստեղծագործություններ, որոնք կարող են բեսթսելերներ դառնալ (իհարկե, ոսկե միջինը գտած երջանիկներ միշտ էլ եղել են): Զանգվածային բելետրիստիկայի զարգացման միտումն ավելի շատ բնորոշ է ընթերցողական մեծ լսարան ունեցող պետություններին: Հայաստանի նման փոքր, նույնիսկ ավելի մեծ ընթերցողական լսարան ունեցող երկրներում զանգվածային բելետրիստիկան զարգացման նախապայմաններ ու հեռանկարներ կարծես թե չունի: Եվ հետաքրքիր է, որ մեծ երկրներում էլ ինտելեկտուալ գրականությունը հրատարակվում է գրեթե նույն տպաքանակներով, ինչ Հայաստանում: Ռուսաստանում այդօրինակ գրականության տպաքանակներն այսօր Հայաստանից չեն տարբերվում` 500, 700, որոշ դեպքերում` 1000: Պիեռ Գիոտան, որ հանճարի համարում ունի, ընդամենը 500 օրինակով է լույս տեսնում, այն դեպքում, երբ տասնապատիկ անգամ ավելի տպաքանակներով վերահրատարակվում են Ուելբեքն ու Բեգբեդերը: Դժվար չէ կանխատեսել, թե ինչ պատկեր կստացվեր, եթե գրականության հրատարակումն ու թարգմանությունը կարգավորվեր շուկայական պահանջարկով միայն: Եթե նույն ռուսական շուկայի օրինակը դիտարկենք, ապա պետք է նկատել, որ, օրինակ, նորվեգական, շվեյցարական, հոլանդական, չեխական, սերբական, բուլղարական և շատ այլ երկրների գրականություններ աշխարհում իրենց ճանապարհը հարթում են հիմնականում դրամաշնորհային ծրագրերով, ու եթե այսօր որևէ երկրի գրականություն ավելի մեծ ծավալներով է տարածվում աշխարհում, պատճառն այն չէ, որ լավագույնն է, պատճառն այն է, որ տվյալ գրականության հրատարակման համար որոշակի պետական քաղաքականություն է տարվում, ինչին կարծես թե փորձում ենք հասնել նաև մենք` գրականության հրատարակման պետպատվերը փոխարինելով օտար հրատարակիչներին հայ գրականություն թարգմանելու և հրատարակելու համար տրվող` «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով: Այս տարի արդեն օտար հրատարակիչները շուրջ մեկ տասնյակ հայտ են ներկայացրել հայ դասական և ժամանակակից գրականությունը յոթ լեզվով թարգմանելու համար: Սա է մեր երկրի գրականությունն ու մշակույթն արտերկրում տարածելու անմիջական ուղին. բնականաբար հրատարակչական ոլորտի զարգացման, գրական գործակալությունների քանակի ու փորձառության հետ տարեցտարի այդ հայտերի քանակն ավելանալու է: Մնում է օգտագործել այդ հնարավորությունը մեր գրականության միայն ու միայն լավագույն արժեքները տարածելու համար: Անձնական կապերով օտար հրատարակչություններում տպագրված միջակությունները կարող են վտանգել հայ գրականության վարկանիշը: Ֆրանսիացին այդ վտանգը չունի: Ֆրանսիացի միջակ հեղինակը, որքան էլ հրատարակիչներն ուռճացնեն նրա վարկանիշը, երբեք չի կարող ստվեր նետել ֆրանսիական գրականության վրա, իսկ օտար որևէ երկրում, ուր երբեմն կամ հաճախ նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեն, մեծ զգուշությամբ պիտի մոտենալ խնդրին` հայ գրականության մասին առաջին պատկերացումն ստեղծողի պատասխանատվությամբ: Կարող են առարկել, թե հայ գրականության նույնիսկ ամենալավ արժեքները թարգմանելու, օտար երկրներում հրատարակելու դեպքում, մնալու են չընթերցված, որովհետև Հայաստանում, եթե, օրինակ, թարգմանես ու հրատարակես ֆիլիպինցի կամ տրինիդադ-տոբագցի գրողի որևէ գիրք, ո՞վ է գնելու կամ կարդալու… Բայց կա նաև այդ խնդիրը լուծելու եղանակը: Թարգմանել և տպագրել քո երկրի գրականության լավագույն արժեքները արտասահմանյան լավագույն գրական պարբերականներում: Այնպիսի պարբերականներում, որոնք մեծ թվով բաժանորդներ ունեն. չէ՞ որ բաժանորդներից շատերը, այսպես թե այնպես, այլ գործերի թվում կարդալու են, ճանաչելու և համոզվելու են, որ կա հայ գրականություն և իսկապես բարձր հայ գրականություն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։