ՋԵՅՄՍ ՋՈՅՍ / ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

ՎԻԼՅԱՄ  ՍԱՐՈՅԱՆ
Միշտ էլ բանավեճի տարրեր և, նույնիսկ, նսեմացում է լինելու այն ապշեցուցիչ նվաճումների հանդեպ, որ ունեցել է Ջեյմս Ջոյսն իր համեմատաբար կարճ կյանքի ընթացքում: Աներևակայելի է, թե ինչ-որ մեկը ինչ-որ պարագայում ինչ-որ կերպ կարողանալու է ժխտել, որ առավել հասուն տարիքում գրած նրա երկու գործերը գլուխգործոցներ են` հումորով և զավեշտով առլեցուն, որ ինչպես «Ուլիսիե, այնպես էլ «Ֆինեգանի հոգեհացե-ի ընթերցանությունը պարզապես հաճույք է նրա համար, ով քիչ թե շատ անտարբեր չէ գրականության նկատմամբ: Նկատելով նաև, որ Ջոյսի մյուս գրվածքները` «Դուբլինցիներե ժողովածուի պատմվածքները, գիրք, որի հրատարակումը դժբախտ ճակատագիր ունեցավ, ջահել օրերի նրա ստեղծագործությունները նույնպես գերազանց են, միաժամանակ և արձակի ավանդական ձևեր, ոչ ոք չի կարող պընդել, թե հասուն շրջանի նրա գործերն արդյունք են պատշաճ գրելաձևի բացակայության, ինչպես որոշ մարդիկ շարունակում են մատնանշել որոշ մեծ նկարիչների` Մատիսի, Պիկասոյի, Միրոյի, Կանդինսկու, Ջեքսոն Փոլաքի, Արշիլ Գորկու, էլի մեկ դյուժին կամ նույնիսկ դրանից էլ շատ այլ ամերիկացիների որոշ կտավների մասին արտահայտվելիս: Ջեյմս Ջոյսը գրականություն, հատկապես անգլիալեզու գրականություն մտավ այն ժամանակներում, երբ նրա հանճարի գալուստն այլևս անհետաձգելի էր, քանի որ բավական երկար, գրեթե մեկ հարյուրամյակ հասունացել էր հեղձուցիչ մթնոլորտից ազատվելու անհրաժեշտությունը: Եվ ստամոքսի հիմար խոցը պայթելու հետևանքով նրա վրահաս մահն անչափ վշտացրեց ինձ: Հոգիս և բանականությունս հակված են հավատալու, որ ամեն մարդ, ի վերջո, մահանում է ինքն իր պատճառով, ինչպես համոզված եմ, որ Ջոյսը մահացավ, եթե կարելի է այդպես ասել, Ջեյմսի պատճառով: Նաև անկարող եմ չերազել, որպեսզի այդ բանը տեղի չունենար, այսքանը: Պարզորոշ հիշում եմ մեր հեռախոսազրույցը Փարիզում, շփոթահար կանգնել էի «Շեքսպիրի և ընկերությանե ընդունարանում, որովհետև գեղեցկատես տիկինն արդեն հավաքել էր նրա հեռախոսահամարը, և նա վերցրել էր ընկալուչը: «Լսափողը վերցրեք: Խոսեք նրա հետե: Իհարկե, արագորեն ասացի ազգանունս ամերիկյան առոգանությամբ: Ակնթարթորեն ուղղեց արտասանությունս և ազգանունս հնչեցրեց հայերեն, իրականում եվրոպական առոգանությամբ, որ անխուսափելի էր, բացառությամբ թերևս ամերիկացիների համար: Համաձայնվեցի և բացատրություն տվեցի, ապա որքան հնարավոր էր արագ, նրանից քիչ ժամանակ խլելու մտադրությամբ, այցելելու թույլտվություն խնդրեցի, և նա առաջարկեց օրերից մի օր ժամանակ գտնել, երբ Փարիզում հատուկ պայմանավորվածություններ չեմ ունենա, իսկ ես, փոխանակ պընդելու, որպեսզի թույլ տար անմիջապես տաքսի վարձել և մի շիշ գինի կամ վիսկի վերցնել և իր մոտ սլանալ, անիմաստ բացատրությունների մեջ խորացա ու համաձայնվեցի, և ամեն բան դրանով ավարտվեց: Այդպես էլ Ջեյմս Ջոյսին չհանդիպեցի: Ընդամենը կարճ հեռախոսազրույց ունեցանք, բայց ձեզ թող չթվա, թե ես շրջում եմ աշխարհով մեկ և հայտնի մարդկանց եմ զանգահարում, հատկապես գրողներին: Իրականում ջանում եմ խուսափել նրանցից: Երբեմն հաջողվում է, և դեմ չեմ լինում, երբ ստացվում է, չնայած սեփական նյութափոխանակությունս, նյարդային համակարգս, անցյալիս պատմությունը, բնավորությունս, ինքնությունս, խելքս, հոգիս մի կողմից ստիպում են մեծ լարվածություն զգալ, երբ նման հանդիպումները երկարաձգվում են, կամ հարկադրված եմ լինում ինչ-որ կերպ հիմարացնել ինձ և այդ մեծ մարդուն, որին մեկ րոպե առաջ հանդիպել եմ ակամայից: Մտածում եմ Ջեյմս Ջոյսի և նրա զարմանալի կյանքի ու հանճարի մասին, և մտածում եմ նրա կնոջ մասին, ում ազգանունը մշտապես շփոթեցրել և նույնիսկ տխրեցրել է ինձ: Բարնաքլը տարօրինակ ազգանուն է այն աղջկա համար, ում Ջեյմս Ջոյսն անհրաժեշտ է գտել իր շարունակության և նշանակության համար: Անունը Նորա՞ էր: Մտածում եմ նրա կատարած ենթադրյալ ակնարկների մասին, որ գուցե տեղ են գտել որևէ գրվածքում կամ նամակում, թե ամուսինը կեղտոտ մարդ էր կամ ամենակեղտոտ մարդն աշխարհում և կամ նման մի բան, բայց անշուշտ ամուսնուն չի լքել այդ կամ մեկ այլ պատճառով: Մտածում եմ Ջեյմսի մոր մասին, երբ որդին Դուբլին էր վերադարձել, և մահվան մահճում մայրը խնդրում էր, որպեսզի նա ծնկեր և աղոթեր, մտաբերում եմ նաև հայտնի պատմությունը, թե որդին մերժել է մորը և աճապարել է դեպի Եվրոպայի ավելի հաճելի մթնոլորտն ու հացն ու գինին: Մտածում եմ Ջեյմսի երգիչ որդու և դստեր մասին, որ դժբախտ և սարսափելի սրտխառնոց էր ունենում: Մտածում եմ նաև Ջեյմս Ջոյսի ընկերոջ` Ջոն Մաք Քորմաքի և երգիչ դառնալու գրողի երազանքի մասին: Եվ մտածում եմ իռլանդացի և անգլիացի և ամերիկացի տարբեր գրողների կողմից Ջեյմս Ջոյսի գրվածքների վերաբերյալ այս ու այնտեղ և ժամանակ առ ժամանակ հնչող նվաստացումների մասին: Բայց դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Նվաստացումը բարերար ազդեցություն ունեցող զբաղմունք է: Ճիշտն ասած, ոչ մեկին էլ չեն նվաստացնի, եթե նա իսկապես գիտի, թե ինչն է իր համար լավ: «Նյու Յորքերե-ի «Ի՞նչ են խոսում քաղաքումե խորագրով առաջնորդողներից մեկում գրված էր, որ Կոնգրեսի գրադարանի քարտադարանում փընտրել են իմ ազգանունը և գրքերիցս մեկի, երկուսի, երեքի կամ չորսի վերնագրերից հետո, համոզված եմ, խոսքը «Չմահանալուե, «Մի անգամ աշխարհի կեսօրինե-ի կամ «Թրեյսիի վագրե-ի մասին էր, ուրեմն դրանցից հետո հայտնվել էր «Նյութըե բառը, և «Նյութըե բառին հաջորդել էր «Չկաե բառը: «Նյու Յորքերե-ի սրամիտ լրագրողի կարծիքով, քարտադարանը մշակողը գրական քննադատության բնագավառում գերազանց նվաճման էր հասել` մեքենագրելով ընդամենը մեկ բառ, որն ամբողջ գիրքը դարձրել էր նյութ չունեցող: Դըժգոհություն առաջացնելու փոխարեն այն ինձ բավական ուրախացրեց, հետո, իհարկե, ատեցի ինչպես քարտադարանի անհայտ մշակողի, այնպես էլ «Նյու Յորքերե-ի անհայտ լրագրողի անամոթությունը: Իմ նյութը միշտ ամեն բանն է եղել, և եթե անհաջողություն եմ ունեցել, ինչն անկասկած եղել է, Ջեյմս Ջոյսն էլ է ունեցել, և բոլորն են ունեցել, բացառությամբ թերավճար գրչակների:

Անգլերենից թարգմանեց
ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։