– Մեր նախնիները, թարգմանական արվեստը կարևորելով, «Թարգմանչաց տոն» են հռչակել: Արդյոք ավանդույթները շարունակվո՞ւմ են:
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ – Թարգմանության գանձարանը բացեցին մեր նախնիները, այդ գանձերը բազմապատկելով` ամեն մեկն իր քանքարի նվիրումով, կյանքի գնով, քանի որ չարչարանք ու ցնծություն միասին էին և անբաժանելի: Թարգմանությունն արդեն մշակութային փաստն է սեփական ազգի և ժողովրդի: Մեր նախնիները գիտակցել են նման հաղորդակցման թե՛ նպատակը, թե՛ միջոցը` մայրենի լեզուն, նրա սնուցումը համաշխարհային գրական-մշակութային ավազաններից: Եվ փառք նրանց ու նրանց սխրանքին, խոնարհում նրանց վաստակի առջև, որն ազգերի ընտանիքում մեզ պարզերես է անում և շողշողացնում է մեր դեմքը: Այս ամենը անցյալի հիմնադրամի` գանձարանի վերաբերմամբ, որն անսպառելի է և սիրում է իր ծախսող, սպառող զավակներին: Բարեբախտաբար, այդ զավակները ապաշնորհ չեղան, և յուրաքանչյուրն իր ոսկեդրամը հավելեց գանձարանին: Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում ծաղկեցին թարգմանության այգիները: Հայոց արքայական լեզուն լցվում էր նորոգության և ժառանգորդության ուժով:
– Ժամանակակիցներս ժառա՞նգն ենք արդյոք մեր երախտավորների: Այո՛, եթե հայոց լեզուն խոսում է մեր միջոցով և` ո՛չ, եթե հայոց լեզուն լռում է մեր թարգմանած էջին, չի հնչում իբրև երաժշտություն:
Խորհրդային շրջանը վերելքի նշանի տակ ընթացավ: Չվատաբանենք, դա էլի մենք ենք` մեր նվաճումներով ու վրիպումներով, անգամ եթե Պլատոնի երկերը նոր-նոր են հասնում մեզ, ինչը մտածված, ծրագրված շեղում էր իմացական գրականությունից:
Հիմա այլ մթնոլորտ է: Կարելի է ասել` թարգմանական բում: Եվ պետք է հասցնել լրացնել բաց թողնվածը և պետք է համաժամանակյա քայլով ընթանալ: Արդյունքը ոչ շուտ զգալ կտա, բայց վստահաբար կարելի է երաշխավորել, որ կծաղկեցնի ապագայի այգիները: Հետևաբար, թարգմանական քաղաքականությունը պիտի մշակվի` հաշվի առնելով մեր նորանկախ երկրի զարգացման միտումները, բացառապես ներդրումներն ուղղորդելով այն գործերի թարգմանության համար, որոնց իմացական պաշարն ու գեղարվեստական արժեքը համահունչ են մերօրյա պահանջներին: Միայն այդպես է հնարավոր հարստացնել նախնյաց գանձարանն ու առաջ շարժվել: