Հրապարակախոսությունն այն ժանրն է, որին դեռևս անտիկ աշխարհից որոնել են մարդիկ որպես քաղաքացիական ռազմավարություն: Տեղին ու իմաստուն միտքը միշտ էլ բանակներ է ղեկավարել, և խոսողն ու գրողը անպայման փորձված իմաստախոս պիտի լինեին… Հայ իրականության խորհրդային շրջանի այդ անհատականություններից էին Հովհ. Թումանյանը, Անահիտ Սահինյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, ավելի ուշ շրջանում՝ Վարդգես Պետրոսյանը, Աղասի Այվազյանը, Արմեն Հովհաննիսյանը, Մարգո Ղուկասյանը և շատ-շատերը, որոնց գրչով հիանում էին ժամանակակիցները, որոնց հետ հաշվի էին նստում ժամանակի իշխողները, որոնց զգայուն աչքից չէր վրիպում երկրում կատարվող յուրաքանչյուր ապաժողովրդական, ապազգային երևույթ…
Ի՞նչ է կատարվում այսօր, արդյոք շարունակվո՞ւմ է ավանդական գրչի ժառանգությունը, թե՞ համահարթեցման շփոթի տակ հրապարակագրությունն ինքնօտարվել է մամուլից: Հենց սկզբից ասեմ, որ հրապարակագրությունը հայրենիք է, այո՛, եթե նա պատվիրված չէ որևէ անհատի բարոյական ոչնչացման դեմ, նրա խնդիրը հասարակության մեջ և նրանից դուրս գտնվող կարևոր բացթողումների շտկումն է, որն ունի համընդհանուր ազգային նշանակություն՝ բոլորի համար: Հրապարակագրությունը պահանջում է լուրջ ուսումնասիրություն, փաստերի հիմնավորում, ժամանակ ու նյարդեր, որպեսզի արծարծվող նյութի ոգին հաղորդակից լինի հասարակության նրբին երակների հետ:
Թվում էր, թե երկրի ներկա ահռելի բացթողումների շրջանում, օրեցօր սնկի պես աճող գրողական դաշտում մենք երկրի ցավի զարկերակին ձեռք դնողների պակաս չպետք է ունենայինք: Սակայն գնալով, անապատի աղբյուրի նման, թերթերի էջերից ցամաքեցին այն ըմբոստ, ընդվզող գրչի զինվորները, որոնք ոչ միայն արդարության մոհիկան էին, այլև սթափության աղ, որ միշտ իր ձեռքերում էր պահում տգիտության սանձն ու իրականության լույսը: Այսօր հրապարակագիրների սով է, պատճառները բազում են, և ինձնից պահանջվող կարճ տողերի մեջ, հրապարակագրության օրենքով, չեմ կարող սեղմվել, որովհետև ճյուղ առ ճյուղ պիտի անդրադառնամ, գուցե մեկ ուրիշ անգամ: Այսօր ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ կանգառներ չկան: Ձևավորվել է մի հոգեբանություն, որտեղ յուրաքանչյուրին թվում է, թե իրենից բացի, բոլորը պատասխանատու են, իսկ բոլորին թվում է, որ երկրի համար պատասխան պետք է տա միայն մեկ անձ… և արդեն 30 տարի այդ հոգեբանությամբ աջ ձեռքով ձախ ականջն են բռնում, ձախով՝ աջ և դոփում են նույն տեղում, խնդիրը հասցնելով հաղթանակ տարած երկրի ժողովրդին հայրենազրկելուն, բառի բուն իմաստով. այս մասին բազմիցս անդրադարձել եմ… Փառք Աստծու, անկախությունը խոսքի ազատության այնպիսի հեղեղ է բերել, որ ասելիք ունեցող, չունեցող գրում ու խոսում է: Այս քաոսի մեջ բացակայում է (մեկ երկուսը թիվ չէ, նրանք կան) գաղափարական պատերազմի ներկա ժամանակների գրչի աննահանջ զինվորը, իրականության ճշգրիտ վերլուծությունների համառ ու արդարախոս նվիրյալը, որի արյան երակները խառնված լինեն վերքերի մեջ կորած հայոց լեռների պոչամբարներին, ինքնասպանությունների ու սպանությունների տեղատարափին, Աստծու անունը շոշափող անաստվածների պղծված ոտնահետքերին, հերոս և կալանավայր հասկացությունների անընկալելիությանը, հայրենիք պաշտպանող զինվորի հացը գողացողի և նրան արդարացնողի գենետիկ ակունքներին… և այլն: Սևակն ասում էր՝ թե չէ, հաշվում են, հաշվում են, հաշվում… Ես կասեի՝ թե չէ, գրում են, գրում են, գրում… Գրողը հայրենիքի աչքն է, եթե ոչ մենք, ուրիշ ո՞վ պիտի համարձակորեն բախի ճշմարտության դուռը: Եթե քո ներսում որդեգրել ես գրողին, մի՛ մոռացիր, որ դու որդեգրում ես հայրենիքդ, սերունդներ են գալու. ո՞ւմ ենք վստահում, ի՞նչ ենք վստահում, մենք ենք ժամանակի խոսնակը, և պետք չէ ասել՝ ով է կարդում: Ալավերդի քաղաքից մի քաղաքացի էր եկել Երևան և Գրողների միությունից հեռախոսիս համարը ճշտելով՝ զանգել էր ինձ: Նա իր հետ բերել էր «Գրական թերթում» տպագրված հոդվածներս: Իսկ ինձ ասաց. «Ամեն շաբաթ սպասում ենք ձեր նյութերին… Ժողովուրդը ձեզ էլ է սպասում, նա մեր ապրած օրերի հայելին է, մի՛ մոռացեք նրա ցավի մասին, որ գիր է կոչվում…»:
ԵԹԵ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՍ ԳՐՈՂԻՆ… Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ
