Ամսվա հարց

– Մեր նախնիները, թարգմանական արվեստը կարևորելով, «Թարգմանչաց տոն» են հռչակել: Արդյոք ավանդույթները շարունակվո՞ւմ են:
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

– Ի՞նչ ես թարգմանում,- հարցրեց Պերճ Զեյթունցյանը:
– Ֆրանսագիր աբսուրդ դրամայի հեղինակներին,- ասացի,- առաջին անգամ ուզում եմ հայերեն հավաքածու հրատարակել:
– Երանի քեզ,- ասաց:
Զարմացա.
– Իոնեսկո, Բեկկետ, Ադամով այդքան շա՞տ ես սիրում:
– Ո՛չ,- ասաց,- երանի քեզ, որ թարգմանում ես: Զգում ես չէ՞ ներքին բավականությունը, բերկրանքը…
Իհարկե` նաև տառապանքը, որը դարձյալ բավականության, բերկրանքի է վերածվում, երբ կարողանում ես հաղթահարել օտարագիր մեծ հեղինակին ու նրան խոսեցնել քո մայրենի լեզվով:
Ուրիշ բան, որ հիմա թարգմանությունը ոչ թե ստեղծագործություն` արհեստ, փեշակ է դարձել: Ի՜նչ տքնանք, ի՜նչ տառապանք` թարգմանում են բոլորը, թարգմանում են ամեն ինչ, ու ես երբեմն ուրախանում եմ, որ տարազգի այդ հեղինակները հայերեն չգիտեն, չեն անդրադառնում, թե որքան են այլափոխել` չասելու համար այլանդակել, իրենց բնագրերը, հայ ընթերցողի մոտ թյուր պատկերացում ստեղծելով համաշխարհային գրականության հատկապես ժամանակակից մեծությունների մասին: «…Կարելի չէ ներել բազմաթիւ հայ թարգմանիչներու,- իր օրագրում նկատել է Վազգեն Շուշանյանը,- որ իրենց անձնական չնչին չափերուն վերածած են միջազգային գրականութեան կարգ մը գլուխգործոցները»:
Ի պատիվ բազում նվիրյալների, սակայն, իսկույն հավելենք, որ մենք թարգմանական գրականության` աշխարհի ամենահարուստ ժողովուրդներից ենք, որ լեզուների տիրապետելու ազգային առանձնահատկությունը նպաստել է հայ ընթերցողի սեղանին դնել համաշխարհային դասական ու այժմ նաև ժամանակակից գրականության գրեթե բոլոր գլուխգործոցները:
Մենք թարգմանում ու թարգմանելու ենք, իսկ մե՞զ…
Առանց կեղծ սնապարծության կարծում եմ, որ մասնավորապես մեր չափածոն լավագույններից է աշխարհում, բայց նման արտերկիր ունենալով հանդերձ, ո՞ր հայ հեղինակին ենք կարողացել միջազգային ասպարեզ հանել, հասցնել համաշխարհային գրականության այն բարձունքին, որին հիրավի նրանք արժանի են:
Չարենցը համոզված էր, որ Թումանյանը «Հոմերի, Գյոթեի հետ հավասար նստել է քեֆի», «մեծարանք է տվել ու առել»:
Ազգովի հավատանք այդ օրվան ու ամեն ինչ անենք, որ այդ օրը շուտ գա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։