Լույս է տեսել արձակագիր, հրապարակագիր Լարիսա Գևորգյանի
տասներորդ երկը՝ գրողի հայապատումը համալրող
«Աստված հարստացրեց իմ կյանքը» վավերագիրքը:
– Տիկի՛ն Լարիսա, Հաննա Քրիստեննի անունը հայտնի անուն չէ Հայաստանում: Ինչո՞ւ որոշեցիք գրել այս գիրքը:
– Մենք իրավունք չունենք չճանաչել հայերիս նվիրված այլազգիներին: Տարեցտարի գրվող իմ հայապատումը կատարյալ Զոհաբերում իրականացրած 87-ամյա միսիոներուհու կերպարով հարստացավ, ով իր հոգևոր ծառայությունն սկսեց համիդյան ջարդերից հետո ստեղծված ՛՛Deutscher und Schweizer Hilfsbund fuer christliches Liebeswerk im Orient՛՛ կազմակերպության շրջանակներում, իսկ երկրաշարժից հետո Հայաստան եկավ՝ շարունակելու ծերերի, հաշմանդամների խնամքը: Մեր հետնորդները պարտավոր են ճանաչել քույր Հաննային, որին աշխարհում հայերի Մայր Թերեզա են կոչում, այլապես ազգովի կմեղանչենք արդարության դեմ: 29 տարեկանից նվիրաբերվել է հայ որբերին, ծերերին, հաշմանդամներին՝ գաղափար իսկ չունենալով՝ հայերն ինչի՞ արդյունքում են հայտնվել Լիբանանում, Սիրիայում:
– Ձեր վավերագրքի ատաղձը լոկ բանավոր կամ գրավոր նյութը չէ, հոգեբանական հետազոտությունն էլ է: Դա գերմանուհու կերպարն ընկալելո՞ւն էր պետք:
– Ճիշտ այդպես: Հետաքրքրեց ոչ այնքան այդ կնոջ արածը, որքան այն, թե ինչպե՞ս արեց այդքանը՝ շարունակելով չնվնվալ, խղճմտանքի ներփակ պաշար չնվազեցնել: Եթե այդքան ապրումակցող ու կարեկցող, այդչափ ներող ու ներսուդրսի ներդաշնակություն ապահովող չլիներ, նա հայերի Մայր Թերեզա չէր դառնա: Պրպտումներս օգնեցին ավելի ու ավելի խորքից հասկանալ ամեն բջջով, արյամբ ու ավշով քրիստոնյային:
– Հանգամանորեն կանգ եք առել Այնճարի գիշերօթիկի վրա: Սաների հիշողության մեջ ինչպե՞ս է ապրում միսիոներուհին:
– Շատ ենք լսել, կարդացել Այնճարի մասին: Այնճարի գիշերօթիկին վերաբերող այս նոր տվյալները համալրում են մեր իմացությունը տեղում հանգրվանած մուսալեռցիների մասին: Գերմանուհու առաջին շփումը մուսալեռցիների հետ էր, հայի նկատմամբ սեր մուսալեռցիներն առաջացրին գերմանուհու մեջ: Միսիոներուհիները մայրապետանոցում ականջիս շշնջացին. «Մեկ-մեկ մոռանում, մեզ հետ էլ է հայերեն խոսում»: Սաների մեջ երախտամոռը չգտնվեց, որովհետև պահել-մեծացնելուց զատ՝ գթության քույրը առավել կարևորն արեց՝ հայից մարդ կերտեց: Ծանր շրջան էր Լիբանանի քաղաքացիականը: Ցեղասպանությունից վերապրածները կրկին թևակոխեցին արհավիրք: Թե մարդ արարածը ի՛նչ ֆենոմենալ հիշողություն ունի, կհավաստեն գիշերօթիկցիների պատումները: Ոչ ոք պարտավոր չէր գրողի առջև այսչափ անկեղծանալ, բայց ի խորոց սրտի բոլո՛րն անկեղծացան: Այնպես որ, քույր Հաննան հավիտենական ներկայով է ապրում իր սաների Հոգում:
– Որբանոցային ու ծերանոցային ծառայության զուգահեռվելո՞ւ մասին ինչ կասեիք:
– Նա ինչպես որբերին է վերաբերվել, ճիշտ նույն խղճմտանքով՝ ծերերին: Առանձնակի հուզիչ էին մահամերձներին վերաբերող մանրամասները: Լսածս Հոգուս աչքերի առջև ամբողջացրեց այն բարեպաշտի կերպարը, ով նստած մահամերձների սնարին՝ համբերատար հետևում էր մարմնից Հոգու հեռանալու ժամանակագրությանը, քանի Հոգին չէր լքել մարմինը:
– Գրավոր աղբյուրների մասին ի՞նչ կասեիք, որ դարձել են գրքի հենքերից:
– Աշխարհի որ ծայրում գտնվեր, գթության քույր դարձած բողոքական քարոզչի դուստրը հաղորդումներ էր ուղարկում մայրապետանոց, նույնը՝ հայաստանյան ծառայության տարիներին: Տողերում տասնամյակների գործունեություն կա պարփակված: Դրանք ցեղասպանությունից հետո Այնճարում հաստատված մուսալեռցիների որբ մանուկների, Բուրջ Համուդի ծերանոց-կուրանոցում, Սիրիայի հայկական ծերանոցում ապաստանածների մասին են: 1998-ից նույն գործունեությունը Հայաստանում՝ հայ ավետարանական եկեղեցու շրջանակներում: Փաստաթղթերը այն դուռն էին, որից ներս մտնելով՝ գթության քրոջն ավելի լավ կճանաչես: Կան գրառումներ, ուր առկա են գեղարվեստի տարրեր:
– Բոլորի՞ հետ եք ծանոթացել: Դրանք, բնականաբար, գերմաներենով պիտի լինեին:
– Անշուշտ, գերմաներենով են: Քիչ է ասել ծանոթացել, ես դրանք հատ-հատ ուսումնասիրել եմ: Ուղարկված են գերմանական ճշտապահությամբ, հստակ պահպանված է ժամանակագրական կարգը:
– Իսկ Հաննա Քրիստեննի անկեղծացումները արևմտահայերենո՞վ էին:
– Ոչ: Հենց սկսվեց գրքի վրա աշխատանքը, հաղորդակցվեցինք բացառապես գերմաներենով: Չնայած քույր Հաննան արևմտահայերեն լավ է խոսում, բայց գերադասեց արտահայտվել իր մայրենիով: Ես հասկացա նրան, որովհետև մայրենի լեզվով խոսելիս մարդն իրեն ավելի ազատ է զգում:
– Դուք նրան զուգադրել եք ուրիշ կերպարների հետ, որոնց անունները մեկընդմիշտ կապված են հայերիս պատմական անցյալին:
– Հաննա Քրիստեննին հայերի Մայր Թերեզա են կոչում: Կա համեմատություն Մայր Թերեզայի հետ: Խնդրո առարկա դարձան իրենց ոլորտի աննկուն զինվորների նմանություններն ու տարբերությունները: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ քույր Հաննան աշխատել է Բեյրութ ժամանած Մայր Թերեզայի ու նրա քույրերի հետ: Առկա են Քարին Յեփփեի, Քաթարինե Մադերի հետ բաղդատումներ, որոնք ցեղասպանության տարիներին անձնական կյանքը վտանգելով՝ որբախնամ գործունեություն են ծավալել Արևմտահայաստանում: Եթե Հաննա Քրիստեննը ծնվեր նրանց ապրած ժամանակ, նույնը հաստատ ի՛նքը կաներ: Ապրած ժամանակը նույնը չէր, բայց նույնն էր նպատակը՝ անմնացորդ ծառայել հայերին: Ինչպես Քարին Յեփփեն և Քաթարինե Մադերը մինչև կյանքի վերջ կապված մնացին հայերին, նույն կերպ քույր Հաննան է ապրում: Սահմանամերձ շրջաններում ապրողներին այսօր օգնում է, ինչով կարողանում է: Ապուրի խոհանոց է հիմնել: Անմխիթար վիճակում հայտնվածներին օգնում է բարեկարգել սեփական կացարանը: Հիվանդներին ապահովում է դեղորայքով: Նրան սատարում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը՝ հոգածության տակ պահելով միսիոներուհու գործունեությունը:
– Չե՞ք մտածում Ձեր այս վավերագիրքը թարգմանելու մասին:
– Չեմ կարող չմտածել: Ամեն անգամ, երբ իմ գրականությունը Հայաստանից դուրս ներկայացնելու առիթ է լինում, խոսք է գնում թարգմանության մասին: Դա ո՛չ միայն հաճելի է, այլև պարտավորեցնող: Իմ «Հավերժում ապրող հորս՝ Արցախից» և «Ինչո՞ւ չլսեցիր ձայնս» գրքերը արդեն թարգմանված են անգլերեն: Սույն վավերագրքի նկատմամբ ևս աշխույժ հետաքրքրություն կա: Կարծում եմ՝ մի օր կհրատարակվեն նաև օտար լեզուներով: