ՆԵՐՀՈՒՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ, ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ԲԱՐԵԿԱՄԸ

Մեր ծանոթության վայրը շատ խորհրդանշական էր: Երեք տարի առաջ, աշնանը, հեռախոսով ինձ հայտնեցին, որ Թեհրանից ժամանած տեր և տիկին Գավամեդդին և Սիմին Ռազավիզադեհները մի քանի օրով ժամանել են Երևան և ցանկություն ունեն ինձ տեսնելու: Հանդիպեցինք Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Մոտ երկու ժամ անցկացրինք այդտեղ: Ինձ զարմացրեց նրա պրպտող հայացքը, հետաքրքրասեր միտքը: Նրա մի քանի հարցերից հասկացա, որ պատահական չէ ընտրված մեծ բանաստեղծի թանգարանը: Անմիջապես նկատվեց, որ ի տարբերություն Հայաստան այցելած շատ ու շատ գրողների և մտավորականների, նախապես գիտեր, թե ուր է գալու և թե ինչու: Երևում էր, որ ծանոթ է բանաստեղծի պոեզիային և կարևոր մանրամասներ գիտի նրա կենսագրությունից: Չգիտեմ, Չարենցն արդյոք թարգմանվե՞լ է պարսկերեն, բայց բազմաթիվ թարգմանություններ կան ռուսերեն և ֆրանսերեն, լեզուներ, որոնցով նա խոսում էր անսխալ:
Մենք մի ամբողջ օր անցկացրինք միասին: Պարզվեց, որ մեզ միավորողը Վահե Քաչան է դարձել` իր «Մի դաշույն այս պարտեզում» ստվարածավալ, էպիկական վեպով, որը քսան տարի առաջ, Երևանում, լույս տեսավ իմ թարգմանությամբ: Պարոն Ռազավիզադեհը այդ վեպը նույնպես թարգմանել էր` պարսկերեն, և տպագրել Թեհրանում: Նույն օրը, թարգմանության ընծայագրված օրինակը նվիրեց ինձ:
Ես նրան պատմեցի իմ հանդիպումների մասին Վահե Քաչայի հետ: Հիշեցի հատկապես իմ զրույցը` Փարիզի Ռեպյուբլիկ հրապարակի սրճարաններից մեկում, երբ մանրամասնորեն քննարկում էինք նրա «հայկական» վեպը: Ես ցանկություն հայտնեցի, որ նա մի սցենար գրի «Բանկ Օտոմանի» սյուժեով, ասելով, որ նա վարպետ է, այսպես ասած, «փակ տարածքում» անսպասելի գործողություններ ծավալելու և բազմազան կերպարներ ստեղծելու հարցում: Թվում էր` Քաչան նման նյութը պարզապես պիտի երկու ձեռքով խլեր: Սակայն նա ընդամենը ուշադիր լսում էր ինձ, միայն երկու անգամ հարցրեց, թե իմ առաջարկած այս կամ այն տեսարանն ինչպես եմ պատկերացնում: Ես հատկապես խորհուրդ տվեցի ավելի մանրամասն ներկայացնել Աբդուլ Համիդին և բանկում տեղի ունեցող գործողություններին զուգահեռ մի երկու գիծ ավելացնել:
Քաչան ուշադիր լսելուց հետո ասաց, որ իմ խորհուրդներն իսկապես հետաքրքիր են, սակայն երեք սցենարի պայմանագիր ունի, աշխատում է նաև նոր վեպի վրա, այնպես որ առաջիկա երկու-երեք տարին խիստ զբաղված է լինելու և երազել անգամ չի կարող նոր գործ սկսելու մասին: Վերջում ավելացրեց, որ փաստորեն առաջարկում եմ նոր վեպ գրել, և ճիշտ կլինի, որ իմ իսկ գաղափարները ես իրականացնեմ:
Այնուհետև պատմեցի իմ իրանցի հյուրին, որ հարկ եղավ ավելի քան քսան տարի սպասել Քաչային պատմած մեր վեպը գրելու և տպագրելու համար:
Վեպի ստեղծման այս պատմությունը շատ հետաքրքրեց պարոն Ռազավիզադեհին: Իմանալով, որ «Բանկ Օտոմանն» արդեն թարգմանված է մի քանի լեզվով, ցանկացավ անպայման ունենալ ռուսերեն և ֆրանսերեն թարգմանությունները:
Նրա վերադարձից հետո մեր կապը շարունակվեց համացանցով: Եվ օրերից մի օր, իր հերթական նամակում ինձ խնդրում էր արտոնել «Բանկ Օտոմանը» թարգմանելու պարսկերեն: Ես, անշուշտ, սիրով իմ համաձայնությունն ուղարկեցի: Անցավ ևս մի որոշ ժամանակ, և այս տարվա ապրիլին ինձ հայտնեց, որ իմ «Բանկ Օտոման» վեպն արդեն լույս է տեսել պարսկերեն, և որ շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 25-ին Թեհրանում կայանալիք գրքի միջազգային տոնավաճառի ընթացքում: Իրանցի իմ թարգմանչին հղված շնորհակալական նամակում գրեցի, որ ինձ համար մեծ պատիվ է տեսնել իմ վեպը թարգմանված բարեկամ ժողովրդի, աշխարհի մեծ քաղաքակրթություններից մեկի լեզվով:

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։