Թարգմանությունը`
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ
ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՄ
Իմ ուսին` քո բերանից
ջուր խմող աղավնին է,
Իմ ուսին` իմ կոկորդը թարմացնող
աղավնին է,
Իմ ուսին` ծանրաբարո
աղավնին է բարի,
Որ ինձ հետ խոսում է լույսից
Եվ մարդուց, որ հեթանոս
աստվածն է աստվածների:
Ես մարդու հետ քայլում եմ
Աստղազարդ հավերժության մեջ:
Ինչ-որ իրականություն
խլրտաց խավարում,
Ինչ-որ մարդ փողոցում
տապալվեց հողին,
Ինչ-որ կին լացեց տանը,
Ինչ-որ մանուկ ժպտաց օրորոցի մեջ:
Մարդիկ պայքարակիցն են
իրականության,
Մարդիկ երկվորյակն են հավերժության,
Ես օտար չեմ հավերժությանը:
Կյանքը երգում է չարության
բանտի շրջապարսպից,
Այլափոխված տիկնիկների
աչքերի մեջ`
Շողարձակ է միտումը
գիշերային լապտերի,
Ոչ մի տեղ,
Ոչ մի ժամանակ,
Կյանքի ճիչը չի
մնացել անպատասխան.
Լսում եմ ձայները հեռավոր,
Հեռուներից ունկնդիր եմ իմ ձայնին:
Ես ողջ եմ,
Իմ ձայնն անպատասխան չէ,
Քո բարի սիրտը պատասխանն է
իմ հառաչի:
Իմ ոսկեձայն հավքը
Քո տան ճյուղ ու տերևի մեջ է,
Նազելի՛ս, հագիր զգեստդ լավագույն,
Սերը սիրում է մեզ,
Ես քեզ հետ կհետևեմ իմ
երազը արթմնի,
Քո ճակատից
Ճշմարտության քերթությունը
ես կզգամ:
Դու ինձ հետ խոսում ես
լույսից և մարդուց,
Որ բարեկամն է աստվածների:
Քեզ հետ այլևս միայնակ չեմ`
Իմ երազների հմայքներում:
ՍԱՅԼԵՐԸ
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի:
Ժամանակի մյուս ծայրից
եկել են սայլերը:
Սովյալները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր բուրում
բույրը տաք հացի:
Մերկանդամները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր լսվում խշխշոցը հագուստների:
Բանտարկյալները չելան ոտքի,
Քանզի պարունակությունը սայլերի
Ո՛չ կախաղան էր,
Ո՛չ` ազատություն:
Մեռյալները չելան ոտքի,
Քանզի չէր փայփայվում այն հույսը,
Թե հրեշտակներ են սայլորդները:
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի:
Ժամանակի մյուս ծայրից
եկել են սայլերը:
Չբերելով իրենց հետ
Ոչ մի հույս…
ԲԻԺԱՆ ՋԱԼԱԼԻ
Ես հավերժությունը
Փնտրել եմ խոսքում
Եվ իմ հոգին
Նրան եմ վաճառել
***
Մահը
Ինչ ձրի է
Բոլորս այն վերցնում ենք
Բոլորս այն ճաշակում ենք
***
Ճակատագիրը ընթանում է
Հոսող ջրի պես
Եվ մենք նրա մեջ
Թպրտում ենք
***
Գարունը
Սիրո հեղափոխության եղանակն է
Եվ այն ինչ քողարկված է
Ի հայտ է գալիս
***
Չգիտեմ դժոխային է
Թե դրախտային
Այս երգը
Ինձ երկինք է կանչում
Թե քշում է ընդերքը
***
Իմ մահվան ետևից
Կշտապեմ
Քաղաքից քաղաք
Փողոցից փողոց
Իմանալով որ նրան
Հանկարծակի կգտնեմ
***
Մեր տենչանքները
Մեզ հոշոտում են
Ինչպես
Ամուր քարը ծակող
Ջրի կաթիլները