Ավստրիացի բանաստեղծուհի: Ստեղծագործել է նաև անգլերեն լեզվով: Հեղինակ է բանաստեղծությունների ավելի քան երեսուն ժողովածուների: Ներկայացվող գործերը « Շունչս թելադրում է հիմա» և «Համաձայնություն» գրքերից են:
ԱՂՄՈՒԿԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ
Ինչպես ես ապրում
աղմուկի լաբիրինթոսում
Անիվները
տրորում են քո քունը
Թղթերի անտառները խշխշում են
կարգախոսներ
Ինչ են առաջարկում
որ քեզ պետք լինի
Որքան բառեր են
երգում սերը
աղմուկի լաբիրինթոսում
ԳՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Ես կանաչ գույնից ծառեր եմ կտրատում
ստեղծում եմ վարդագույն աղջիկներ
կապույտ բանաստեղծություններ
ես ձյունը ներկում եմ
լույսով
արևը դեղին
գիշերը խավար
Ես արծաթե առուներ եմ բխեցնում
երկրի ջրերից
և ոսկի սարեր
երկնքի շողքից
Ես հանգիստ չունեմ
գորշ ներկում եմ գետինը
հացը
ԳԱՐՈՒՆ
Ակացիաների բույրով
թևածում է գարունը
քո զմայլանքներում
Ժամանակն ասում է
ես բյուրկանաչ եմ
և ծաղկում եմ
պես-պես գույներով
Խնդագին կանչում է արևը
ես ձեզ նորից նվիրում եմ
ջերմություն ու փայլ
Ես հողի շնչառությունն եմ
շշնջում է օդը
Նորատի
բուրում է
եղրևանին
ԳՆԱԼ
Գնալ
ուր հարցասույզ հայացքդ
երազում է
դեպի ամենամոտ
ներկան
ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ
Իմ սենյակում
վարդամաշկ
բացվում է ամառը
կացարանիս տերն է
ինձ հետ սեղան է նստում
ջրածիծառների համար
ամպեղեն բներ է հյուսում
պատուհանիս
նա ինձ չի լսում
չի տեսնում
չի թողնում
հանգիստ
ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻՑ ԳՆԱՄ
Երբ աշխարհից գնամ
արևը շարունակելու է բոցավառվել
տիեզերքը շարժվելու է
իր օրենքների համաձայն
մի առանցքի շուրջ,
որ ոչ ոք չգիտի
Քաղցր բուրելու են շարունակ
յասամանները
սպիտակ շողեր են արձակելու ձյուները
Երբ ես հեռանամ
մեր այս մոռացկոտ երկրից
դու կարո՞ղ ես իմ բառը
մի պահ
ինձ համար արտասանել
ՀԵՔԻԱԹԻ ԴԵՄՔԸ
Ազնվամորու թփուտում
ծաղկում է Քո տխրությունը
Կարմիր բառեր
Համբերությունից
կերտված մի սիրտ
Քո թախիծը
գրկում է
հեքիաթի դեմքը
ԺԱՄԱՆԱԿ
Ժամանակը
իմ բարեկամն է
թշնամին է իմ
Ես ուտում եմ նրա քաղցրահամ մրգերը
խմում եմ նրա դառը գինին
Ամեն ժամ
իմ զմայլանքի
ժամն է
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ
Վերադարձած իրենց
երկիրը օտար
Մարդիկ
ժամանակ չունեն
սիրելու
Նրանք
աճեցնում են
արհեստական վարդեր
գերեզման են փորում
քնած դշխուհու համար
Նրա քունը
ծաղկում է
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կուզեի մագնոլիայի ծառ լինել
ամեն մայիս ծաղկել
Սոխակ կուզեի լինել
Քաղցր ձայնով
Կամ սար`
արևով պարուրված
անձրևից մաքուր լվացված
Հայացքիդ առջև
չբացվող գագաթ
Հազարամյակներ շարունակ
Ոչ
Չեմ ուզում մագնոլիայի
ծառ լինել,
ոչ սոխակ
և ոչ էլ լեռ
Ես ուզում եմ ես լինել
Սիրել մարդկանց
Զգալ աշխարհը
Եվ եթե խոսքի ոգին թույլ տա
մի քանի խոսքով
Մահս ապրել
ԴԱՐՁԵԼ ԵՄ ՄԱՐԴ
Երբ ինձ բանտ էիք նետում
ես ձեզ չէի հավատում
քանզի ծիծեռնակ էի
երազում էի ամառ ու թռիչք
Երբ ինձ ազատ էիք արձակում
ես հավատում էի ձեզ
քանզի դարձել էի մարդ
Առանց թևերի քաղցած մենակ
ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ասա ինձ ընկեր
դու իմ ընկերն ես
թե խաբում ես ինձ
և ժպտում ես
մինչ ես երազում եմ
քեզ
նորից կտեսնենք իրար
թե կասես
ցտեսություն
և էլ չես գա
մի տարի, մի տասնամյակ
կզանգահարես և կասես
ես քո ընկերն եմ
ցտեսություն
ՀԱԴԵՍ
Գիտես այն փողոցը
որը Հադես է տանում
ծովեր անտառներ
ծաղիկ տատասկ
խոտ
դու անցնելու ես
նրանց վրայով
Ճանապարհին
երազելու ես
թե դու հավերժ ես
ԽԱՌՆԱՇՓՈԹ
Թող
օձը քուն բերի
Խճճված են
խաղաղության
ճանապարհները
Պատերազմից բանտված
դողում է կայսրն
իր թաքստոցում
Ոչնչացրու պատերազմը
Խցանված երկիրն
իր ջրվեժներով
պատկանում է քեզ
Ինչ-որ տեղ
Նեապոլը արծաթ է
շնչում
Թարգմանությունը՝ Ամալյա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ