Ականավոր բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, լրագրող, քսանից ավելի գրքերի հեղինակ է, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր։ Սլավոնական գրականության և մշակույթի ակադեմիայի նախագահն է և «Զնակի» գրական-հասարակական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, անգլերեն և մի շարք այլ լեզուների։
ՊԱՏԱՀԱՐ
Երկարելով հուլիսի արևից՝
Աճում են թռչունների թևերը։
Եվ իմ ստվերը նրանց է նման՝
Թևերի անհավանական մերկությամբ։
Եվ միայն գիշերով,
Երբ ես հանվում եմ,
Հանում եմ վրայիցս շորերի փխրուն ամպը,
Երևում են
Բազմաթիվ ժպիտներից
Կառուցված
Թռչնի վիրավոր
Թևերը…
Պաղատում եմ,
Մթության մեջ միայն
Հանիր իմ շորերը…
***
Դու երկարացնում ես մատներդ,
Որոնք նման են տան առջևում ծվարած
Կեչու ճղերին։
Եվ կեչու ճղերի նման
Ինձ հետևում են տասնյակ աչքեր։
Չկորցնես քո ձայնը,
Չթրջես քո թևերը,
Որպեսզի թռչունների երգչախումբը
Արդյունքում չմնա առանց երգ…
Քո ձեռքերը ծառի ստվերոտ բներ են,
Որոնք փորձում են գրկել
Իմ հանկարծակի անհետացումը։
ՄԻԱՅՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ազնվական թռչունները
Չեն իջնում օտար սեղաններին,
Չեն գողանում փշրանքները՝
Ագռավների ու կաչաղակների նման։
Իսկ երբ վրա է հասնում
Անապատի քամին,
Ազնվական թռչունները
Պատսպարում են ուրիշներին
Մթության մեջ,
Նրանց հետ «Դուք»-ով են խոսում
Նույնիսկ աստվածները,
Իսկ ապաշխարած հրեշտակները
Քարշ են տալիս նրանց մաշիկները։
Եվ այդ ամենից հետո մնացած փետուրը
Լույս է սփռում մթնշաղի մեջ,
Եվ մի աներևույթ նվագախումբ
Նրանց է հետևում՝ իր արձագանքով։
Ազնվական թռչունները
Իրենց վարկն ունեն երկնքում,
Նրանք աստղեր են կրում ճակատին,
Անմիջապես իրենց գլխավերևում։
…Աստված իմ, որքա՜ն տխուր է
Ազնվականների համար
Ապրել ճահճատիղմում
Եվ որքան հե՛շտ է գնել
Անկաշառ բանաստեղծներին…
ՓՈՂՈՑԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Մարդիկ և շներ,
Մարդիկ և շներ…
Այնքան նման են երջանկության մեջ,
Այնքան տարբեր են՝ երբ դժբախտ են։
Հրապարակներում և փողոցներում
Հավաքվել են, ամբոխ են կազմել,
Ախ, ինչո՞ւ է այստեղ
Այսպիսի նեղվածք,
Լուսինը կրծքազարդ է
Տասներկու ադամանդներով,
Զվարճալի է տեսնել
Նրա փնթի, հնամաշ հանդերձանքը…
Մարդիկ և շները
Միայն ամռանն են հիշում,
Որ ինչ-որ մեկին
Այստեղ սիրում էին։
Եվ ստվերը նստում է
Կաղ սեղանի շուրջ,
Եվ մի շուն նրա առջև
Արքայի կեցվածք է ընդունում։
Մարդու և կենդանու միջև
Գերագույն ներդաշնակություն է հաստատվում։
Այստեղ սխալմամբ մնացել է
Լոտրեկի նկարած էտյուդը…
Օրը պատառոտված օրաթերթ է,
Որը հենց նոր կարդացել են
Ու նետել աղբամանը։
Մարդիկ և շները
Ներկայացում են տալիս,
Սակայն թատերգությունը
Միանգամայն անհաջող է։
ՄԱՅԻՍ
Հենց նոր արագ անցավ աճպարարը։
Նա գլխարկից սոխակներ էր արձակում։
Ա՜խ, այդ սիրահարված սոխակները։
Նրանք երգում են մի մինորի մեջ
Եվ ուրախացնում են մարդկանց սրտերը։
Տեսնես, ո՞վ է նրանց սովորեցրել
Սրտից սիրտ փոխանցել այս քնքշությունը։
Երևի թե ծնված օրվանից
Նրանց հայտնի է այս գիտությունը։
Ճիշտ այնպես, ինչպես մենք բոլորս
Ծնված օրվանից ցնորված ենք։
Թարգմանությունը՝
Գուրգեն ԲԱՐԵՆՑԻ