Մարդը միակ արարածն է, որի հույզերը խճճվում են
սեփական հուշերի հետ:
Մարջըրի Հոլմս1
ԿԻՆԸ
Վերջերս մոռանում եմ ամեն բան: Երբեմն մոռանում եմ, թե որտեղ եմ դրել իրերը: Փոքր-մոքր բաներ, որ պատահաբար հետո գտնում եմ:
Ասում են՝ իմ տարիքի համար նորմալ է:
Երբեմն նեղսրտում եմ, երբ խոսակցության ժամանակ մոռանում եմ բառեր կամ մարդկանց անունները:
Ասում են՝ նորմալ է: Տարիքն առնելու հետ բոլորի հետ էլ պատահում է:
Սովորաբար առանց ցուցակի էի նպարեղեն գնում: Հիմա ցուցակ եմ կազմում:
Երբեմն մոռանում եմ հենց նոր դիտածս ֆիլմի վերնագիրը կամ դերասանի անունը: Մոռանում եմ, թե ինչի մասին էր գիրքը, որի ընթերցանությունը մեկ րոպե առաջ եմ ավարտել:
Ասում են՝ իմ տարիքի համար նորմալ է:
Նման նորմալն ինձ դուր չի գալիս: Կարծում եմ՝ զայրացուցիչ այդ «նորմալի» լուծումը գտել եմ: Գրի եմ առնում ինձ հանդիպած բոլոր տեղեկությունները, իմ երկրում և աշխարհում տեղի ունեցող կարևոր դեպքերը: Նշում եմ նաև դերասանների, մարզիկների անունները, նրանց անձնական կյանքի պատմությունները և տարբեր անկարևոր բաներ: Փորձում եմ մեկնումեկին վերապատմել հենց նոր դիտածս ֆիլմը կամ ընթերցածս գիրքը, որ մի քիչ երկար մնան հիշողությանս մեջ: Իսկ անցյալիս հիշողություններն ու փորձառությունները դեռ անվնաս են: Հիշում եմ, որքան կարող եմ հիշել: Ինձ ծանոթ գրեթե բոլոր մարդիկ, կյանքիս յուրաքանչյուր ուրախ, երջանիկ կամ ողբերգական ու ցավալի իրադարձություններն այնքան թարմ են հիշողությանս մեջ, որքան երբևէ: Խաչբառերն ավելի արագ եմ լուծում, քան իմ ճանաչած մարդկանցից որևէ մեկը:
Ասում են, որ իմ տարիքի համար նորմալ չէ:
Ո՞վ և ի՞նչն է որոշում, թե մարդու համար որն է նորմալ: Բոլորս էլ տարբեր ենք, չէ՞: Ո՞վ ասաց, որ քսան-երեսուն տարեկանը չի կարող բաներ մոռանալ: Ինչո՞ւ յոթանասուն-ութսուն տարեկանը չի կարող սիրահարվել: Բժիշկս պատասխան չունի: Միայն ասում է՝ հետևիր արյանդ ճնշմանը: Ինչպե՞ս: Դադարեմ մտահոգվե՞լ զավակներիս համար: Ոչ մի առիթով չհուզվե՞մ: Չզայրանա՞մ, չնեղվե՞մ միջակությունից, կեղծ բարեպաշտությունից, աշխարհի կեղծիքից ու անարդարություններից: Դադարեմ ապրումնե՞ր ունենալ: Ավելի լավ է՝ մեռնեմ: Ամենաշատը վախենում եմ, որ ողջ լինեմ, բայց անկարող:
Կլինիկա եմ այցելում բժշկիս: Ընդամենը երկու-երեք փողոց է հեռու: Ասում է՝ Ալցհայմերի հիվանդություն չունես: Եվ ոչ ոք չգիտի՝ ինքը ձեռք կբերի՞, թե՞ ոչ: Ասում է՝ հետազոտության հատուկ եղանակ չկա, որ ստուգենք: Սակայն կանայք, մտավորական կանայք, ինչպիսին, նրա կարծիքով, նաև ես եմ, ավելի մեծ հնարա- վորություն ունեն այդ հիվանդության համար: Ավելի մեծ հնարավորությո՞ւն: Նկատի ունի, որ համաձայն ուսումնասիրու- թյունների, հիվանդության հավանականությունն ավելի մեծ է կանանց շրջանում:
Խոստանում եմ, որ նշանակված դեղերը կընդունեմ, չնայած նա նույնպես համոզված է՝ հազիվ թե: Այդպես էլ կմնան խոհանոցի պահարանի վրա, մինչև երբեմն դրանք կհայտնաբերեմ ու կխմեմ:
Վերադարձիս ճանապարհին որոշում եմ կլինիկայից ոչ հեռու, փողոցի անկյունում գտնվող հացի խանութից թարմ հաց գնել: Արդեն խանութ եմ մտնում, դուռը բացվում է և մի տղամարդ աճապարելով դեպի դուրս է քայլում: Նախքան աչքերս կորսային, սիրտս ճանաչեց, երկա՜ր տարիներ էի երազել այս հանդիպման մասին: Հիսո՞ւն: Գուցե վաթսո՞ւն: Այդքան տարի հույս ունեի տեսնել նրան, ասել… գիտեմ, որ այլևս նման հնարավորություն չեմ ունենա, ուստի նախքան կմոռանամ… Մի պահ, մինչ փորձում եմ հիշել, թե ինչ էի ուզում ասել նրան, անդրադարձս եմ տեսնում խանութի պատուհանի մեջ: Ծեր կին՝ թուլացած, թառամած թևերով, կախ ընկած կոպերով, քունքերի շուրջը՝ նոսրացող, չհարդարված մազերի տակ արդեն ալեհեր: Ուզո՞ւմ եմ, որ այս տեսքով տեսնի ինձ:
Ավելի լավ չէ՞ մեր ջահել տարիքը պահենք հիշողության մեջ: Եվ ի՞նչ եմ ասելու այս երիտասարդ, գեղեցկադեմ, հրապուրիչ տղամարդուն: Որ չե՞մ մոռացել իր անունը: Որ հաճա՞խ եմ հիշում նրան՝ որպես իմ երիտասարդ տարիների մի մասնիկ: Որ երջանիկ ամուսնացա հակառակ նրա, թե ինչ ասաց, երբ առաջին անգամ հանդիպեց ապագա ամուսնուս:
– Կարո՞ղ եմ օգնել,- հարցնում է երիտասարդ վաճառողը հացի խանութում:
– Ա՜խ: Մոռացա, թե ինչո՞ւ եմ եկել,- ասում եմ:
– Հաց գնելո՞ւ:- Աղջիկը հուշում է ժպտալով:
Դե՜, իհարկե: Ցորենի հաց եմ գնում և պատրաստվում եմ դուրս գալ: Մանրը պետք է վերադարձնի, բայց մոռանում է: Որոշում եմ հեռանալ, եղածը մեծ բան չէ:
Վազելով հասնում է ետևիցս, ներողություն է խնդրում և վերադարձնում մանրը:
– Կներե՛ք, երբեմն մտքերս հեռու են թռչում, և մոռանում եմ,- ասում է:
Համոզված եմ, որ ինձնից մոտ երեսունհինգ տարի ջահել կլինի:
– Այնքա՜ն լարվածություն ու ցնցումներ են մեր շուրջը, այնքա՜ն լուրեր են թափվում մեր գլխին ամեն կողմից, որ մեր խեղճ ուղեղն անկարող է արագ մարսել այդ ամենը, դրա համար էլ երբեմն դադար է առնում: Նորմալ է,- պատասխանում եմ:
– Երևի,- աղջիկը պատասխանում է մտախոհ:- Հաճելի օր եմ ցանկանում ձեզ:
Դրանում այնքան էլ վստահ չեմ: Լավ չեմ զգում ինձ: Մի կերպ տուն եմ հասնում և զանգում եմ դստերս: Ճնշումս բարձրացել է:
Հարցնում է՝ բացի դեղերը չխմելուց, այսօր ուրիշ ի՞նչ ես արել, որ ճնշումդ միանգամից թռել է: Պատմում եմ: Ամենայն մանրամասնությամբ:
– Մա՛, դու իմ ճանաչած ամենախելացի, ամենահմայիչ կինն ես: Տարիքիցդ էլ ավելի երիտասարդ ես երևում:
– Լա՛վ, հերիք է իմ մասին խոսենք: Ասա տեսնեմ՝ ի՞նչ նորություն կա երիտասարդից, որի հետ անցյալ շաբաթ ես ծանոթացել:
– Դե՜, ամեն օր խոսում ենք հեռախոսով, այսօր երեկոյան հանդիպելու ենք: Համերգի տոմս է վերցրել: Պարկեշտ տղա է երևում: Մտահոգվում է հոր համար, որ շատ մոռացկոտ է դարձել: Ժամանակին մարզիչ է եղել:
– Ո՞վ: Հա՞յրը: Անունն ի՞նչ է,- հարցնում եմ տագնապած:
– Գաղափար չունեմ: Մայրը մահացել է, բայց այնպիսի տպավորություն ստացա, որ վաղուց են ամուսնալուծվել:
Հետո անսպասելի հարցնում է.
– Մա՛, հորս սիրո՞ւմ էիր:
– Իհարկե, սիրում էի: Հիմար հարց ես տալիս: Հրաշալի մարդ էր և երկու հիանալի զավակ է պարգևել ինձ: Ինչպե՞ս կարող էի չսիրել:
– Կներե՛ս: Գիտեմ, որ սիրում էիր: Նա էլ քեզ էր սիրում… Բայց պետք է խոսեիր այդ մարդու հետ և վերջ դնեիր ամեն ինչին: Վստահ եմ, որ նա էլ է տարիքն առել և այլևս այն տղամարդը չէ, որին ժամանակին ճանաչել ես: Գուցե նա՞ էլ ասելիք ուներ: Ի վերջո, նրա երիտասարդությունից ես գալիս: Եվ, հավանաբար, ավելի շատ բան ես հիշում այդ օրերից, քան նա: Ինչի՞ց էիր վախենում:
Չեմ ասում, բայց վախենում էի, որ հանկարծ կմոռանամ նրա անունը կամ խոսելիս բառերը կմոռանամ: Ամենից առավել մարդիկ ո՞ր բառերն են մոռանում: Հնարավո՞ր է «սեր» բառը մոռանալ:
Բայց ավելի շատ վախենում եմ հիշողություններս մոռանալ:
ՏՂԱՄԱՐԴԸ
Բժիշկն ասում է, որ ինձ մոտ վաղ Ալցհայմեր է: Լավ չեմ հասկանում, թե «վաղ» ասելով ի՞նչ նկատի ունի: Ինձ համար դեռ վա՞ղ է Ալցհայմերի հիվանդություն ունենալ, թե՞ դրա ինչ-որ տեսակն է: Ամեն դեպքում, հոգեկործան լուր է: Հետո՞ ինչ եմ անելու: Ենթադրենք, մի քիչ երկար ապրեմ, և ավելի խորանա սարսափելի այդ բանը, որ արդեն սկսել է ժամանակ առ ժամանակ ջլատել ինձ: Բժիշկն ասում է՝ քանի որ մենակ ես ապրում, պետք է որոշ պատրաստություններ տեսնես, քանի դեռ կարող ես:
Թե՛ վատ և թե՛ լավ օրեր եմ ունենում: Վատ օրերին մոռանում կամ կորցնում եմ իրերը, հետո գտնում եմ այնտեղ, որտեղ պետք է չլինեին: Խոսակցության կեսից թվում է, թե ուղեղս անջատվում է, չեմ հասկանում՝ որտե՞ղ եմ կամ ինչի՞ մասին եմ խոսում: Հնարավոր է, որ մարդկանց չճանաչեմ, բայց նման բան հաճախ չի պատահում: Առայժմ: Առանձնապես ուշա- դրություն չէի դարձնում, մինչև չզգուշացրին, որ խնդիրներ կան իմ մարզչական աշխատանքում: Գործս թողեցի: Համենայն դեպս, իմ կամքով էր: Կարծում էի, իմ փորձի կարիքն ունեն: Բացի այդ, պետք է լավ մարզավիճակում լինեմ: Ընդունում եմ, որ մարզավիճակիս այնքան էլ չէի օգնում:
Երբ ընկերներիս պատմեցի, որ բաներ եմ մոռանում, ծիծաղեցին:
Բոլորս էլ մոռանում ենք,- ասացին:- Մեր տարիքի համար նորմալ է:
Ծերանալու նորմալ ընթացք է, ասում եմ ինքս ինձ, մինչև սկսեց անհանգստացնել: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի բժշկի դիմել: Որդուս ասացի, եղած-չեղած ընտանիքս նա է: Ուզում է, որ միասին ապրենք: Բայց սիրում եմ անկախությունս: Բացի այդ, չեմ ուզում բեռ դառնալ, հատկապես հիմա, երբ իր սրտով աղջիկ է գտել: Մտահոգվում է ինձ համար, զգուշացնում է, որ անձնագիրս միշտ մոտս պահեմ: Դրա ետևում նրա անունը, հասցեն և հեռախոսի համարներն են: Երկուսս էլ գիտենք, որ կարող եմ մոլորվել և կորչել: Սարսափելի է հնչում, որ կարող եմ կորչել իմ հարազատ քաղաքում, որի ամենահետին անկյունն անգամ, իմ կարծիքով, շատ լավ գիտեմ: Ինձ ասում է, որ հատկապես հիմա պետք է զգույշ լինեմ: Իբր այն, ինչ հիմա ձեռք եմ բերել, անհոգ ապրելուս արդյունքն է: Վատ օրերին վախենում եմ, որ չեմ ճանաչի այն մարդկանց, որոնց վաղուց գիտեմ: Նույնիսկ անունները մոռանալը բավական շփոթեցնում է ինձ:
Լավ օրեր էլ եմ ունենում: Առայժմ: Ընկերներիս հետ դուրս եմ գալիս: Հիշում ենք հին օրերը, մարդկանց, վայրերն ու երջանիկ ժամանակները: Գեղեցիկ հիշողություններ են: Կրկին, ասես, երիտասարդ եմ, զգում եմ, որ ողջ եմ:
Այսօր լավ օր է: Մի քիչ քայլում եմ, հետո հիշում եմ, որ ընկերներս հյուր են գալու, որոշ գնումներ պիտի անեմ: Խանութը ճիշտ այն փողոցի անկյունում է, որտեղ հիմա ապրում եմ: Գնում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է երեկոյի համար: Խանութից դուրս գալիս կնոջ ներկայությունն եմ զգում, սպասում է դռների առաջ, որպեսզի ներս մտնի: Հասկանում եմ՝ որպես իսկական ջենթլմեն պետք է թույլ տայի, որ սկզբում նա մտնի: Կողքով անցնելիս տեսնում եմ նրան, ընդամենը մի ակնթարթ, բայց համոզված եմ՝ Նա է: Այն կինը, որին հույս ունեի կրկին հանդիպել անցած… քանի՞ տարիների ընթացքում: Հիսո՞ւն: Գուցե վաթսո՞ւն: Մի ամբողջ կյանք: Տեսնում եմ գեղեցիկ ժպիտը, ուսերին առատորեն թափվող ոսկեշող, գանգուր մազերը: Գերեց ինձ անկախ այն բանից, թե քանի՜-քանի ուրիշ աղջիկների հետ էի ման եկել: Այն աղջիկներից չէր, որոնց հետ տղամարդիկ պարզապես ժամանակ են անցկացնում: Այնպիսի աղջիկ էր, որով տղամարդը, խելացի տղամարդը հիանում է, որի հետ ամուսնանում է, որից զավակներ է ունենում և հետո ապրում է երջանիկ: Ես այդչափ խելացի չէի, և ոչ էլ այդչափ քաջ: Միշտ մտածել եմ՝ ի՞նչ կլիներ, եթե համարձակվեի ձեռքը խնդրել: Իմ «անբարոյական» կենսակերպից զզվող հպարտ կինը հավանաբար կմերժեր: Այսքա՜ն տարիներ… ցանկացել եմ կրկին տեսնել քեզ և ասել, որ այնքա՜ն էի ուզում քեզնից երեխաներ ունենալ, ծերանալ քեզ հետ: Ուզում էի ներողություն խնդրել հիմարությունների համար, որ ասացի այն տղամարդու հասցեին, որի հետ պատրաստվում էիր ամուսնանալ: Չէի ճանաչում, երևում էր՝ պարկեշտ տղա է: Կարծում եմ, պարզապես խանդում էի: Երջանի՞կ էիր նրա հետ: Նաև ուզում էի ասել, որ ամուսնացա քո ճանաչած աղջիկներից մեկի հետ: Որի՞: Այլևս կարևոր չէ: Երկու տարի էլ չտևեց: Չէի կարողանում անվերջ քեզ հետ չհամեմատել նրան: Միակ բանը, որ պարգևեց ինձ, որդիս է: Դրա համար շնորհակալ եմ նրան, Աստված հոգին լուսավորի: Սակայն հիմա ուզում եմ քեզ ասել, որ Ալցհայմերի հիվանդություն ունեմ: Տխուր է, չէ՞: Ուստի, նախքան հիվանդությունս կտիրի այն ամենին, ինչ մնացել է իմ կյանքից, ուզում եմ իմանաս, որ միշտ սիրել եմ քեզ: Ների՛ր, որ չասացի այն, ինչ ցանկացել եմ ասել այս բոլոր տարիների ընթացքում: Ինչո՞ւ պետք է ցանկանայի, որ տեսնեիր այս ծեր, ճաղատ, գարեջրակախ փորով տղամարդուն: Հավատա՛, գարեջուր նույնիսկ տանել չեմ կարողանում և չեմ հասկանում, թե այս փորը որտեղի՞ց: Ասում են՝ տարիքն առնելուց է: Ատում եմ այն, դրա համար էլ չէի ուզում, որ այսպես տեսնեիր ինձ: Հուսով եմ, ինձ հիշում ես այնպիսին, ինչպիսին այն ժամանակ էի… Այսինքն՝ եթե ընդհանրապես հիշում ես ինձ: Ես հիշում եմ քեզ այնպիսին, ինչպիսին էիր այն ժամանակ՝ գեղեցիկ, հաճելի ու հպարտ: Եվ եթե երբևէ մոռանամ անունդ, իմացի՛ր, որ իմ մեղքը չէ, այլ՝ Ալցհայմերի:
Անգլերենից թարգմանեց
Արամ ԱՐՍԵՆՅԱՆԸ
1 Ամերիկացի անվանի գրող (1910—2002), 134 գրքերի հեղինակ:
Shnorhakalutyun hetaqrqir ev zgayun hogov grvac patmacqi hamar.
Cankanumem noranor hetaqrqir u bovandakalic steghcagorcutyunner.
Harganqnerov,
Norayr