ՉԺՀ-ում Պոեզիայի միջազգային հինգերորդ փառատոնին հրավիրվել և մասնակցել է բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը: Համավարակի պատճառով Չինաստանի ամենախոշոր պոետական հանդիսությունն այս անգամ անցկացվել է առցանց, մասնակցել են՝ արտասահմանից մոտ 150 և չինացի ավելի քան 300 բանաստեղծներ, որոնց համար, ըստ այդ երկու խմբի, սահմանված էր 10-ական մեծ մրցանակ: «Արտասահմանյան պոետներ» անվանակարգում 10 մրցանակներից մեկը շնորհվել է Հրանտ Ալեքսանյանին: Հեղինակների մասնակցությունը փառատոնին կայացել է բանաստեղծական շարքով և էսսեով:
Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Հրանտ Ալեքսանյանի՝ փառատոնին տրամադրած բանախոսությունը:
Եթե մենք ցանկանում ենք հստակեցնել, թե որոնք են մարդու (մարդկության) մեծագույն ուրախություններն ու ձգտումները, ապա հարկ է նայել մանուկների վարքագծին. հենց նրանք են անաղարտ ձևով, նախնականության ողջ փայլով ամփոփում մարդու երազանքները: Իսկ ի՞նչ են ամենից շատ սիրում երեխաները, ինչի՞ն են տրվում իրենց ողջ անկեղծությամբ ու ավյունով. նրանք սիրում են խաղալ, երգել ու պարել, նկարել ու բանաստեղծություններ արտասանել, ընդ որում՝ այդ ընթացքում նրանք դրսևորում են ստեղծագործական ջիղ, այսինքն՝ չեն բավարարվում մեծերի մատուցած ձևերով, թեմաներով ու տեքստերով, իրենք նույնպես հորինում են սեփական ստեղծագործությունները: Այլ խոսքով՝ մարդն արարող ու ստեղծագործող է ի ծնե, նա լիովին հակված է դեպի հոգևորն ու գեղարվեստականը, և այդտեղ իր առաջնակարգ տեղն ունի չափածո խոսքը, որ հետագայում վերածվելու է պոեզիայի՝ իր հոգեփայլ ողջ ուժով, կենսականությամբ ու հմայքով:
Պոեզիան իր նախնական ձևերի մեջ մարդու հետ է նրա ծննդյան օրից, և կարելի է ասել՝ ինչպիսի կենսագրություն ունի մարդը, նույնպիսի կենսագրություն ունի նաև նրա հետ աշխարհ եկած պոեզիան: Մարդը պոետական է առնվազն իր ենթագիտակցության մակարդակում, բանաստեղծական խոսքը նրա ներաշխարհը, հաճախ նաև նրա մարմինը պաշտպանող կարևորագույն վահաններից է: Քանի որ բանաստեղծությունը խոսքի (լեզվի) բարձրագույն արտահայտությունն է, այն մշտապես բաղձալի ու նպատակային է մնալու մարդու ողջ կյանքի ընթացքում, անկախ նրանից՝ նա գիտակցո՞ւմ է դա, թե՞ ոչ:
Քրիստոնեական մեր հավատքը հաստատում է, որ ի սկզբանե եղել է Բանը (խոսքը), այսինքն՝ մենք բոլորս բանավոր ենք՝ Խոսքով ենք ու Խոսքից: Երբ բանը պսակվում է պոեզիայով, նրա համար ներկա ու գալիք ժամանակները դառնում են բնական, հաղթահարելի ու կենսալից, այլ կերպ՝ դառնում են մարդկային: Խիստ պայմանական, իսկ ավելի ստույգ՝ ինքն հակասական է, երբ ասում ենք, որ պոեզիայի համար կան լավ ու վատ ժամանակներ. պոեզիան աստվածատուր է, ուստի և նրա վարքագիծն անփոփոխ է մնում բոլոր ժամանակներում, նա պատրաստ է ամենքիս ծառայել և վեհացնել մշտապես, միայն թե մարդը չփորձի իր հոգևոր անկմամբ, ձախորդություններով ու դժբախտություններով փակել կամ պղտորել պոեզիայի աղբյուրները՝ մոռանալով հուսալ, ոգևորվել ու պայքարել նաև նրա ընձեռած միջոցներով:
Մեզ՝ հայերիս համար պոեզիան ունի ազգային արժեքի դեր դեռ վաղնջական ժամանակներից, 5-րդ դարի սկզբում ստեղծված հայկական՝ մեսրոպյան գրերից առաջ, երբ մեր նախնիներն առասպելահենք ու հերոսապատում տեքստեր՝ ազատ բանաստեղծություններ էին վիպում մեր պատմական Գողթն գավառում և նրա սահմաններից անդին: Հայ բանաստեղծությունը հայ մարդու հետ քայլում է արդեն ավելի քան երեք հազար տարի. նրա համար չափածո գեղեցիկ ու իմաստալից խոսքը եղել է հոգևոր հուսալի ատաղձ, ապավեն ու բալասան է եղել շարունակ, նրան ներշնչել և ապրելու մեծ կորով է պարգևել: Հակառակն է թվում, իսկ իրականում բանաստեղծական խորաշունչ խոսքի, իմա՝ հոգեպարար պոեզիայի կարիք ունենք կյանքի հենց դժվարագույն պահերին, երբ մատնվում ենք տարատեսակ փորձությունների՝ լի կորուստներով ու ողբերգությամբ: 2020 թվականը, ինչպես աշխարհի շատ ժողովուրդների, հայերիս համար նույնպես եղավ ծանր փորձության տարի կորոնավիրուսային համավարակի պատճառով. մեր փոքր երկիրն ամբողջովին հայտնվել էր այդ չարիքի մահաբեր շնչի տակ: Եվ դրան զուգահեռ՝ մենք դաժանորեն բախվեցինք մի այլ աղետի՝ ծանրագույն, կործանարար պատերազմի ձևով՝ մեր դարավոր թշնամիների դեմ, որը հազարավոր մահերի ու գերեվարումների, հայրենական տարածքների, նյութական ահռելի կորուստների պատճառ դարձավ: Չափազանց դժվար է ուշքի գալ նման ուժգին հարվածներից հետո, բայց ապրելու կամքը, մեր երկիրը կրկին միասնական ու ծաղկուն տեսնելու չխամրող իղձը հայ ազգային ոգին կրող մեր հայրենակիցներին մղում են՝ վերակերտել Հայաստանը իր բնեղ պատկերով: Ջանալ դիմակայել արհավիրքներին՝ ելնելով ազգային-պատմական հարուստ փորձառությունից, որտեղ իր կարևոր դերակատարությունը դարձյալ պետք է ունենա պոեզիան – ահա սա է մեր ուղին արդարությամբ ու ճշմարտությամբ հագեցնող արահետներից մեկը: Թվում է՝ այդօրինակ աղետներից հետո ուղղակի անհնար է էական տեղ հատկացնել պոեզիային, ավելին՝ բանաստեղծություն գրելը և մատուցելը մի տեսակ ժամանակավրեպ են երևում շատերի աչքին: Սակայն նման տրտմալի մտայնությանը մարդիկ, որպես կանոն, մի կարճ ժամանակով են տրվում միայն. երբ սկսում են սթափվել վերահաս շոկից, մեկեն տեսնում են, որ բանաստեղծության կարոտը նորից արթնացել է իրենց մեջ, և նրանք սկսում են ոտքի կանգնել նաև բանաստեղծական մրմունջներով: Այսպես է հայերիս, մյուսների համար: Փորձության ժամանակներում օգնության է գալիս Փորձության պոեզիան՝ դասականների ու նորերի կենսահույզ գործերով:
Պոեզիան իր անծայր ճանապարհին միայն բարեփոխվում է՝ դառնում ավելի գեղարվեստական ու իրապաշտ, ավելի մարդասիրական ու բնապաշտ, ավելի հեռատես ու խորզգա: Եվ շատ կարևոր է, որ բանաստեղծական տեքստերից զատ, ընթերցողն աչքի առաջ ունենա այն երևելի կերպարներին՝ անմռունչ պոետներին, ովքեր ՊՈԵԶԻԱ են երկնում ու պաշտպանում ի հեճուկս կյանքի բոլոր ցնցումների՝ մարդկանց մեկ անգամ ևս պարգևելով իրենց մանկության չթորշոմող, չքնաղ երազանքները: Այս պահին կուզենայի բազմաթիվ նման պոետների անուններ հիշատակել հայերից, չինացիներից, ռուսներից, ֆրանսիացիներից, անգլիացիներից, իսպանացիներից, տասնյակ այլ ազգերից, բայց դա թողնեմ մի այլ առիթի ու եզրափակեմ խոսքս, շեշտելով՝ մենք հետայսու առավել շատ ենք ապավինելու պոեզիային, չկան ու չեն կարող լինել փակ դռներ պոեզիայի առաջ, փակ ժամանակներ չկան նրա համար: Բանաստեղծությունը, քույր ու եղբայր արվեստների հետ, կփրկի աշխարհը ինքնամեկուսացումից, ապամարդկայնացումից, արնահեղությունից, թշնամանքից, բռնությունից, խտրականությունից, եթե կարողանանք մեր ներաշխարհում ազատ ճախրանքի իրավունք տալ նրան:
Ցանկացած աղետից վեր հառնելու զորավոր ազդակ է պոեզիան:
Հունիս, 2021