ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ

Թարգմանությունը`
ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԻ

***
Պահպանեցե՛ք դուք բանաստեղծներին,
պահպանեցե՛ք մեզ:
Մի դար է մնում մեզ, գուցե, կես դար,
մի տարի, օրեր,
Րոպեներ միայն, մի քանի վայրկյան,
կամ` արդեն ոչի՛նչ…
Պահպանեցե՛ք մեզ դուք հայտնի-
անհայտ փորձություններից:

Պահպանեցեք` ողջ մեղքերով,
խինդով, տենչերով շքեղ…
Ջահել, գեղեցիկ մե՛ր Դանտեսն
հիմա շրջում է մի տեղ:
Դեռ չի հասցրել հին անեծքները
նա կարգին մարսել,
Բայց պատրաստ է իր կոչման
համաձայն նորի՛ց կրակել:

Ինչ-որ տեղ հիմա մե՛ր Մարտինովն է
արտասվում թաքուն.
Մի անգամ արդեն սպանել է նա,
էլ չի՛ ցանկանում:
Բայց դա՛ է բախտով նրան վիճակված,
ուրիշ ելք չկա՛.
Նոր դարն է նաև նույնը պահանջում
նրանից հիմա:

Պահպանեցեք դուք բանաստեղծներին
հիմար ձեռքերից,
Կանանցից դատարկ, անմիտ,
հապշտապ որոշումներից…
Ձեռք մեկնեք, քանի հնարավոր է
պահպանել դեռ մեզ,
Բայց` ո՛չ այնպես, որ ընկնենք
դիտապաստ զարկված
հավքի պես:

Ո՛չ այնպես, ինչպես շնապահները`
քերծե շներին,
Արքաներն հզոր` իրենց սիրելի
ծաղրածուներին…
Բանաստեղծություն ու երգ կտրվեն ձեզ
դեռ շա՛տ անգամ:
Պահպանե՛ք միայն, բանաստեղծներին
եղեք պահապա՛ն:

***
Ջահելությունն արագ անցնում, մեր լավ
օրերն է գողանում,
Ու ինչ բախտով սահմանված է` մի օր
հաստատ կկատարվի.
Կա՛մ պատուհանդ կթակի
չքնաղագույնն այս աշխարհում,
Կա՛մ ինչ-որ մի անպետքություն
հանկարծ գրկիդ կհայտնվի:

Եվ ուրեմն, ո՛չ բարության, ո՛չ էլ սիրո
պաշար ժողվեք,
Գութ, կարեկցանք ետ մի՛ գցեք դուք
գալիք սև օրվա համար.
Կկորչի ձեր դառը ջանքն այդ ու պետք
չի գա կյանքում երբեք,
Վաղ կնճիռներ լոկ կշահեք սին
հոգսերից այդ անհամար:

Ջահելությունն անցավ, ավաղ, կարճ է,
ավաղ, ծերությունը,
Ու ափի մեջ է ամեն ինչ. քրտնած
ճակատ, սիրտ վշտահար…
Բայց փոխարենն` էլ չե՛ն լինի հին-նոր
հարցեր ու սխալներ.
Կլինի լոկ մինչ վերջնագիծ ձգվող
բանուկ մի ճանապարհ:

ՓՈՔՐԻԿ ԵՐԳ
Խի՛ղճ, ազնվությո՛ւն ու ապաշխարա՛նք-
Ահա որն է մեր զորքը սրբազան:
Դու ձեռքդ նրանց մեկնիր համարձակ.
Քեզ հրի մեջ իսկ կփրկեն նրանք:

Վե՛հ են միշտ մեկտեղ,
հավերժ անբաժա՛ն,
Արժե, որ կյանքդ նրանց նվիրես:
Գուցե երբևէ հաղթող չդառնաս,
Բայց, դե, որպես մարդ գոնե կմեռնես:

***
Մինչ նա գրում էր իր երկրի մասին`
Առանց կեցվածքի, ցուցադրության,
Զույգ թևեր նրան վերև հանեցին,
Բախտի պահանջով վեր տարան նրան:

Իսկ երբ դարձավ և՛ «մեծ հայրենասեր»,
Երթ ու միտինգում հանկարծ հայտնվեց,
Կարծեց` ձուլվել է ժողովրդին հենց,
Այնինչ` ամբոխին միայն խառնվեց:

***
Քանի խաբելուց ետ չենք վարժվել`
Ի հեճուկս հին ավանդույթների,
Քանի դեռ դժգոհ չենք բացականչել.
«Այս ո՞ւր, ախր,
մենք այս ո՞ւր ենք հասել»:

Քանի փոս ընկած մեր կրծքերից դեռ
Դուրս չի պրծել խոսքն
ապաշխարանքի,
Դատապարտված ենք քաշել, հա՛ քաշել
Լուծն այս`
ճորտության ու անարգանքի:

***
Ընկե՛ր իմ, եղբա՛յր գրչի ու թղթի,
Մենք բախտով վերուստ
կապված ենք իրար:
Ինչո՞ւ մտածել` ո՞վ ում կհաղթի.
Ախոյաններ չենք, ախր, մենք հարմար:

Այս հողի հանդեպ նո՛ւյն սիրով ենք լի,
Ու դեպի նա՛ է թևում մեր երգը,
Իսկ թե ո՞վ է մեծ պոետ ավելի`
Թող որոշեն Տերն ու Ժամանակը:

ՄԱՂԹԱՆՔ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
Եկեք միշտ հիանա՛նք ու
հրճվե՛նք իրարով,
Վերամբարձ բառերից
բնավ չվախենա՛նք:
Գերազանցենք իրար շոյող,
ջերմ խոսքերով.
Ախր, սիրո շատ պարզ
նշաններ են դրանք:

Եկեք արտասվենք ու
ժպտանք մենք բացահայտ,
Չթաքցնենք իզուր ո՛չ խնդություն,
ո՛չ վիշտ:
Արհամարհե՛նք, մերժե՛նք
բոլոր խոսքերը չար,
Քանզի հարևա՛ն են սերն ու
թախիծը միշտ:

Եկեք մի կես խոսքից
իրարու հասկանա՛նք,
Որ նույն սխալները չանենք
երկրորդ անգամ:
Ամեն ինչում իրար ներե՛լ կարողանանք,
Մանավանդ որ կյանքն այս
կարճատև է այնքան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։