ՎԱՀԻԴ ՆԱԴԵՐ

Թարգմանությունը`
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ

ԹՈՒՂԹ
Շնորհակալ եմ թղթին.
այն կիսեց ինձ հետ
ճնշումը կրծքավանդակիս:
Շնորհակալ եմ
ճերմակությանը նրա,
արցունքներս
դադարեցրեց:
Շնորհակալ եմ բոցերին
այրված իմ մրտենու,
նրանք ավելացրին
բեկորներն իմ
գինու սափորին:
Շնորհակալ եմ ձեռքերիդ,
սիրելի՛ս,
նրանք տարածում են
սաղարթն իմ ծառի`
որպես բացիկներ
հոսանքների վրա
աշնանային:

ԲԱՆԱՍՏԵՂԾ
Ես ձգվում եմ
թարթիչներին քամու `
անապատը ծուլության
անցնելու:
Բառեր
եմ թխում
զմուռսից`
նշանադրության:
Գիշերը
շնչառության մեջ եմ թղթի,
աչքերով դիվային
թափառում եմ թևերին
մթնշաղի:
Ու ցողի նման
երազի մանուշակներ
եմ արթնացնում
քո գիշերազգեստին:

ԷԼԲԱՅԻ ԱՓԻՆ
Ձկներն են ցանցում
արմատների:
Մարգագետինն է քնած
հյուղակի տակ:
Ականջներն են մեր
խլանում
երգչախմբում
ոչխարների, գորտերի ու
ագռավների:
Արահետներն են
թափառում
խնձորների մեջ
վայրի,
հանգստանում Էլբայի վրա
կամ ջուրն ընկնում:
Արևն է կախվել
մեռած թեղու եղանին.
պառկած խոտին`
ձիերի վրնջյունն ենք լսում,
վարգը ծառերի:

ՓՇՈՒՐՆԵՐ
Հալեպին
I
Նրանց գերեզմանների
բանալիները
բանալիներն են իրենց
տների:
Եթե նրանք իմանային,
որ ամպե տանիքներ,
մառախուղի պատեր
ու նարդոսի դռներ
կկառուցվեին:

II
Սալման իր տան
լուսանկարն է
պահում կրծքին:
Նրա աչքերի ջրով
ջրվում են այնտեղ
ծաղիկները:
Ներծծվում է այն դանդաղ.
բուրում է դեռ
հազրեվարդը:

Իմ լեզուները
Արաբական լեզուն ծառ է
իմ մեջ.
գերմաներենը
հանգստանում է
նրա ճյուղերին
սարյակների երամի նման,
որ թռչում են
շնչառության հետ,
ու սառն են կետերը
հիշողության:
Դու` իմ երկրորդ մայր,
արյանդ մեջ եմ
թափանցում:
Ես կոտրեցի բաժակդ
սուրճի,
գտնելու
նախադասությունն իմ
ճակատագրի:
Որտե՞ղ ես պտուղներդ
թաքցնում,
երբ քո քաղցն ունեմ`
ձեռքերս մեկնած:
Ինչո՞ւ թևեր չունես,
որ Սինդբադի նման
թռչեմ քեզնով:
Ես աչքերդ եմ թացացնում,
մատներդ` բերանիս,
կուրծքդ խնդրում:
Հպարտ ես
քո համառությամբ.
մինչ հարավից ուժեղ
քամի փչի,
աչքերդ ավազով լցնի
ու արևը շուրջդ
պտտի:

արԵՎԻ ԿԱՆգառ
Մորս
Երազում մայրս
ասում է ինձ.
– Ես քո մաշկը
արևից եմ թխել:
Ինչո՞ւ ես ինքդ քեզ
մառախուղով պատում:
Եղջրակ են աչքերդ:
Արյունդ տապն է միջօրեի:
Ինչո՞ւ ես սառչում
սառնամանիքում
ու ժպտում
հրեշտակի նման ձյունե:
Քո հպումը
խնա է իմ ձեռքերին,
քո հայացքը`
շպար աչքերիս:
Արի՛, նախքան
շուրջս կմթնի:
Ես քեզ արևի վրա եմ
պահում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։