ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ

Թարգմանությունը`
ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ

ԵՐԵՔ ԽՆԴԻՐ
1.
Մի ժամանակ այս հայելին
Ամեն անգամ ինձ նայելիս
Ժպտացել է և առավել գեղեցկացել…
Գազազել է հիմա կարծես –
Ի՞նչ հնարքով սիրտը բացեմ:

2.
Ժամացույցը, եթե անգամ լռում է այն,
Մի օրվա մեջ երկու անգամ
ճիշտ է խոսում:
Ես ճիշտ մի խոսք քո շուրթերից,
Մինչև անգամ պատահաբար,
դեռ չեմ լսել:
Ճիշտը խոսել ամաչո՞ւմ ես,
թե՞ ափսոսում:
3.
Տեր իմ Աստված, քանի՜-քանի
Տարիներ են անցել
անդարձ այն օրվանից,
Ինչ ես նրան հանդիպեցի
վերջին անգամ…
Երազում եմ տեսել նրան այն օրվանից:
Երեկ նրան նորից տեսա:
Չնկատեց մինչև անգամ,
չճանաչեց ասես թե ինձ,
Տեր իմ Աստված, ի՞նչ խաղ է սա,
Ես ծերացա, իսկ նա մնաց
երազներիս նույն պատանին:

ՈՒՇԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Այդ դո՞ւ ես, Ռոմե՜ո…
Այդ ինչքա՞ն ես փոխվել…
Ծերո՜ւկըս… Ի՞նչ է, ինձ
չե՞ս հիշում իսկապես…
Իսկ պառավ գուշակին հիշո՞ւմ ես,
Որ կապեց մեր աչքերն ու
խաբեց, Ռոմե՜ո, մեզ խաբե՛ց,

Խըճըճե՜ց կծիկը մեր բախտի,
Ես քանդել փորձեցի, կտըրվեց,
թող Աստված վկայի:
Չգիտեմ, այն օրը դու
եկա՞ր հանդիպման,
Ես մի քիչ ուշացա, դու արդեն չկայիր…

Քեզ ուրիշ աղջիկներ գերեցին
երևի ու տարան…
Չդիպչես ինձ հանկարծ, շապիկըս
եղի՜նջ է այն օրից,
Այն օրից թվում է` տանըս մեջ
անտո՜ւն եմ,
Ու թեև տասներեքն իմ անցել է վաղուց,
Խանդո՜ւմ եմ քեզ նորից,
Ծերո՜ւկըս, խանդո՜ւմ եմ…

ԹՎԱՑՅԱԼ ԿԱՍԿԱԾՆԵՐ
Միտքն օրոր – շորոր թևածեց օդում,
Եվ քամու բերած տերևի նման
աննկատ իջավ իմ գլխի վրա,
Եվ իմ գլխի մեջ մրցակիցներիս
թիվն ավելացավ
Հենց քո՛ պատճառով – աչքերի համար
քո այդ հուրհըրան:

Քո ժպիտն ասես ադամալույսի
շողն է առաջին,
Երբ ծիծաղում ես, ասես
ծաղկում է շուրջըս ամեն ինչ,
Եվ ինձ թվում է, թե ամենևին մեղք չունեն կանայք,
Երբ ասում են, թե (իբր կատակով)
նախանձում են ինձ:

Ճշմարիտն ասած, ես վախենում եմ
այդ կատակներից,
Երբեմն անգամ պահեր են լինում,
երբ խանդում եմ քեզ,
Այդ պահերն ասես ուլունքներ
լինեն փրթված մանյակի,
Որ ինձ թվում է, նվեր ստացա
քո նմանակից:

Եվ այսուհանդերձ, ինձ թվում է,
թե մարմնով ու դեմքով
Ես ստեղծված եմ ոչ թե քո կողից,
այլ հենց կողն եմ քո,
Եվ թվում է, թե սերդ ճայի պես
պիտի պտտվի իմ գլխի վրա,
Եվ ինձ այլևս չպիտի թվա, թե
շատացել են մրցակիցներըս
Հենց քո պատճառով – աչքերի համար
քո այդ հուրհըրան:

ԺՈՒԿՈՎ-ԺԱՄԱՆԱԿՈՎ…
Լինում է, չի լինում, մի պապիկ է լինում,
Որ ասես թե լիներ հեքիաթի դյուցազուն,
Ամառվա օրերին,
երբ տապն էր խտանում,
Փախցընում քաղաքից թոռնուհուն ու,
ծածուկ
Հայրիկից – մայրիկից,
Խոմխելի էր տանում –
Թաքցըրած ուսն ի վար օրորվող իր
հացի խուրջինում:

Այդ հրաշք գյուղակում երկնամերձ
մի հյուղակ է լինում,
Ծպտըված հաստաբուն
ծառերի ստվերում: Իսկ վերում
Արևն էր մոլորվում ծառերի
զմրուխտե վարսերում…

Լինում է, չի լինում… Ու մի օր,
Փարվելով շողերին արևի,
դու երկինք բարձրացար,
Քեզանից հավիտյան անբաժան
ժպիտը շուրթերիդ…
Ու փախա, պապի՛կըս,
ես փախա հեքիաթից քո թերի…

Գնացի գլխիկոր ու հասա
մամռոտած այն քարին,
Որ երեք ճամփա էր բաժանում իրարից…

Բռնեցի իմ ճամփան երկար ու դժվարին,
Ու տեսա վիշապին, որ
մարդկանց մատնել էր ծարավի,
Ու տեսա թզուկին բամբասկոտ ու
կախարդ պառավին,
Որ չքնաղ դիցուհուն նետել էր
զնդանը գերության,
Ու տեսա շողոքորթ արքային –
դերվիշի շորերով,
Որ գործերը թողած իր հսկա տերության,
Սրտեր էր խուզարկում և քննում օրերով…

Կծկեցի ես այսպես իմ ճամփան ու տեսա,
Որ կյանքն էլ, հիրավի, նման է հեքիաթի,
Որ դատարկ խոսքեր են քաղաքները ոսկե,
Որ չկան, ցնորք են աղբյուրները կաթի,
Որ կյանքում, կյանքում էլ,
ինչպես որ հեքիաթում,
Լեզուներ են հատում և թևեր են հատում…

Եվ հիմա ժպտում ես դու հեռվից,
շշնջում վերստին.
– Սկի՛զբն է սա միայն, սկիզբն է, դիմացի՛ր,
Իմացիր,- փոքրիկըս,- որքան էլ
ընթացքը դժվարին,
Հեքիաթը հեքիաթ է նրանով,
որ վերջը բարի՛ է, միշտ բարի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։