ՈՒԼՐԻԽ ՇԱԽԹ . Ծնվել է 1951 թ. Գերմանիայի Հանզեսթաթ Վիսմար քաղաքում: 1976 թ. տեղափոխվել է Համբուրգ, իսկ 1998 թ. բնակություն է հաստատել Շվեդիայում: Հրատարակել է «Փշուրների հետք» և «Սառցե տեգեր» բանաստեղծությունների ժողովածուները, «Բրանդենբուրգյան համերգներ» պատմվածքների ժողովածուն, «Վերին արձանագրություններ. ԳԴՀ-ում քաղբանտարկյալ կանանց ցուցմունքներ» գիրքը և «Խղճի ուժը» էսսեների ժողովածուն: Արժանացել է լրագրության «Թեոդոր Վուլֆ» մրցանակին:
ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՎԱՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԸ
(հատվածներ)
Նրանք մենակ էին սրահում, վանականի նկարի ետևում. բաց դռների մեջ կանգ առան մի պահ, ասես սպասում էին ինչ-որ մեկի: Հանկարծ մի միտք ծագեց. մտածեցին, որ լույսի ներքո առանց սպասքի ընթրիքի սեղանը շքեղ մի պատկեր կլինի:
– Ի՞նչ նկատի ունես,- հարցրեց մեկը մյուսին,- առանց սպասքի ընթրիքի սեղա՞նը,- պիտի որ անիմաստ մի նկար լինի:
– Գուցե, բայց լույս է, հնարավոր է, որ գնումներ էլ անենք: Այնուամենայնիվ, հարցնեմ,- ասաց նա, շրջվեց ու մոտեցավ վանականին, որ բաց դռնից նախասենյակ էր մտնում: Լրագրող էր` ուզում էր դատարկ սրահը լուսանկարելու մասին հարցնել. գուցե ցանկանար գրել վանքի մասին: Մինչ հարցնելը, ակամա հայացքն ընկավ կիսամութ միջանցքին. այնտեղ ինչ-որ բան երևաց` մեկը, որին կարելի էր տեսնել գունատ դեմքից ու արծաթափայլ մորուքից, մնացածը սևով էր ծածկված: Նրա ուշադրությունը վանականի կողմն էր, չկարողացավ հասկանալ. հասակով մեկ նկա՞ր էր, թե՞ դռան շրջանակի մեջ քայլքի տեսիլք էր՝ երկինք հասնող ծովի վրայով: Պատկերը, որ երեվաց նրան, անշարժ էր, ինչպես սպիտակ սպասքը սպիտակ սփռոցին. դեմքը լուսավոր էր, երկար մորուքը ոչ մի միլիմետր չէր շարժվում: Աչքերն էին միայն՝ երկու սև միջուկ, որ փայլում էին, այնքան հստակ ու թափանցիկ, որ նայելիս դող էր պատում: Դժվարությամբ շարժվեց տեղից, նկատեց, որ փոքրամարմին վանականը շրջվել, փոքր քայլերով արագ անցնում է սրահով: Միացրեց լույսը, որ ուզում էին իրենք: Լուսանկարչական ապարատը ձեռքին էր, նկարեց: Վանականը զգաց զույգ աչքերն իր թիկունքին: Բայց մի ճնշող զգացում մնաց, որ հակառակ իր սովորության` երկար չտևեց: Շնորհակալություն հայտնեց վանականին և շտապ հեռացավ սրահից: Ժպտաց վանականը, լույսը լուռ մարեց: Անհետացան Սբ. Ղազարի երկու վանականների պատկերները:
Խանութում խմբի աշխույժ անդամներն էին: Նա մի գրքույկ գնեց. «Արարատից Սբ. Ղազար» էր վերնագիրը: Շապիկին` երկնքի ու երկրի միջև հայերի սուրբ լեռան ձյունապատ կատարն էր կախված. թուրքերի գրավելուց հետո սարը մնացել է անհաս, որին հայերի աչքերն են հառված: Համարվում է, որ Նոյյան տապանը նրա վրա է իջել: Պատկերը Ֆուգիին էլ էր հիշեցնում:
– Կարող էր նաև Ֆուգին լինել,-մտածեց,- թեկուզ ոչ ոք չի հավատա դրան: Հետո մոտեցավ վանականին, որ կանգնած էր դրամարկղի մոտ ու խնդրեց մակագրել: Վանականը շփոթվեց, բայց, այնուամենայնիվ, դեմ չէր անունը գրքի մեջ գրել: Նա գրեց նախ հայերեն, ապա` լատիներեն` Հայր Վրթանես: Ավելացրեց նաև ամսաթիվը. 2000 թվականի փետրվարի 4-ն էր:
Դուրս եկան, երբ արդեն մթնում էր. սառնություն էր կղզու և ջրի վրա: Առաջին րոպեներին ամպի մեջ էին: Ցուրտ չլիներ, վանքի ընդարձակ հրապարակում կշրջեին, որի կենտրոնում ցայտաղբյուրն էր, կուսումնասիրեին հին հայերեն փորագիր արձանագրությունները և խաչը, որ ավելի շուտ սուրհանդակի էր նման: Վանքի պատի վրա վերջապես Լորդ Բայրոնի մասին հուշատախտակը գտան, նկարեցին: Բայրոնն է ապրել այստեղ: Կարելի է երազել միայն: Նա մի պահ իրեն մարմարե քարին, կարմիրով ներկված վանքի պատերի տակ տեսավ, ոտքով շրջելիս: Նկատեց, թե ինչպես է մոխրագույն զոլավոր կատուն ոտքերին քսվում:
– Սպասե՛ք,- գոռաց նա,- պետք է նկարել: Պատահականություն չէր սա: Երկու անգամ պատկերը ճառագեր ասես ու հաստատեր, որ կրկընվում է այն, ինչը կես ժամ առաջ էր սրահում քայլելիս տեսել:
– Ինձ թվում է՝ մեր խեղկատակը մեզ վանքում մաքուր բանականությունից ճշմարիտ կյանքի է ուղղում:
Լռեցին` մտքերում խորասուզված: Ծովածոցից մոտորանավակի ձայն լսվեց, որ արագ մոտենում էր: Ամպի միջով գնալիս թողեցին կատվին: Նա մնաց կանգնած մինչև լրիվ կորավ տեսադաշտից: Սբ. Ղազարը սկսեց խորասուզվել խավարի մեջ: Նավից խոնավ քամի էր սողում բաճկոնների տակ, ու միասին առաջ էին շարժվում, նայում մթնշաղի վրա կախված ջրին. ալիքներն էին միայն լույսերը Սբ. Մարկոս հասցնում:
– Հավատու՞մ ես, որ եղել է մենաստանը,- հանկարծ հարցրեց նա: Ասես փեղկի միջից էր խոսում, որ կախված էր ծովածոցի ջրերի վրա: Իջնող գիշերվա խավարն էր բեկվում նավի կողերին:
– Ա՜հ, հա՛,- պատասխանեց նա, որ հենց այդ հարցի պատասխանին էր սպասում,- այնքան էր իրական, որքան վանականը: Երևի տեսիլք էր:
Նա օրորեց գլուխը.
– Ես կարող եմ ապրել առեղծվածներով: Իսկ դո՞ւ:
Գերմաներենից թարգմանեց ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ