Սով
(հատված)
Թարգմանությունը`
ԱՐՏԱՇԵՍ ՅԱՅԼՈՅԱՆԻ
Արևը հարավում էր. ժամը մոտավորապես տասներկուսն էր: Քաղաքն սկսում էր ոտքի ելնել, մոտենում էր զբոսանքի ժամը, և միմյանց ողջունող ու ժպտադեմ բազմությունը վեր ու վար էր ալիքվում Կարլ Յուհանի փողոցով: Ես կծկվեցի, փոքրացա ու աննկատ անցա մի քանի ծանոթների կողքով, որոնք խմբվել էին համալսարանի մոտ և դիտում էին անցուդարձողներին: Թրևելով բարձրացա պալատի բլուրն ի վեր և ընկա մտքերի մեջ:
Ի՜նչ թեթև ու զվարթ են շարժում իրենց պայծառ գլուխները մարդիկ և այնպե՜ս են սահում կյանքի միջով, ասես պարահանդեսի դահլիճում լինեն: Ինձ հանդիպող աչքերի մեջ վշտի նշույլ անգամ չկա, ոչ մի բեռ չի ծանրացած նրանց ուսերին, կարծես ոչ մի մռայլ միտք, ոչ մի գաղտնի վիշտ չի պղտորում այս ուրախ հոգիները: Իսկ ես՝ ջահել ու փթթուն, քայլում էի այս մարդկանց կողքով, բայց արդեն մոռացել էի, թե ի՛նչ բան է երջանկությունը: Այդ մտքերով համակված՝ հասկացա, որ դարձել եմ ահավոր անարդարության զոհ: Ինչո՞ւ եմ այս վերջին ամիսներին այսքան տարօրինակ ծանր կյանք ապրում: Իմ պայծառ հոգին բնավ չէի ճանաչում, և ամեն կողմից անասելի փորձանքներ էին թափվում ինձ վրա: Չէի հասցնում նստել կամ ոտքս մի քայլ առաջ դնել, մանր ու անիմաստ հոգսեր էին առաջ մեջտեղ գալիս, ողորմելի մանրուքներ, որոնք ներխուժում էին իմ ներաշխարհը, ստիպում ուժերս զուր տեղը վատնել: Կողքովս վազող մի շուն, մերակի մեջ դեղին վարդ ամրացրած մի պարոն կարող էին մտքերս տակնուվրա անել, երկար զբաղեցնել ինձ: Ի՞նչ էր պատահել: Աստծո մատն էր դիպել ինձ: Բայց ինչո՞ւ հենց ինձ: Ինչո՞ւ Հարավային Ամերիկայում ապրող ոչ մեկ այլ մարդու: Ո՞ր մեղքիս համար: Այս միտքը ծանրութեթև անելիս ինձ համար ավելի անհասկանալի էր դառնում, թե ինչու եմ հատկապես ե՛ս ընտրվել Աստծո քմահաճ փորձությունների առարկա: Շատ տարօրինակ գործելակերպ է՝ ինձ բռնելու համար թռչել ամբողջ աշխարհի վրայով: Ախր, հին գրքեր վաճառող Պաշան և շոգենավերի առևտրական գործակալ Հեննեխենը նույնպես գոյություն ունեն:
Քայլում էի ու քննարկում այս ամենը և բան չէի հասկանում, շատ կարևոր առարկություններ էի գտնում Աստծո այս կամայականության դեմ, որ ինձ հարկադրում էր հատուցել բոլոր մարդկանց մեղքերի համար: Երբ նստարան գտա ու նստեցի, այդ հարցը տակավին զբաղեցնում էր ինձ ու խանգարում մտածել այլ բաների մասին: Մայիսյան այն օրից, երբ սկսվեցին իմ դժբախտությունները, պարզ տեսնում էի, որ քիչ առ քիչ թուլություն էր համակել ինձ, կորցրել էի կամքս ու ինքնատիրապետումս, մանր գիշատիչների մի ոհմակ ներխուժել էր իմ մեջ և կրծում էր մարմինս: Իսկ եթե Աստված ուղղակի չարացել և ուզում է ինձ կործանե՞լ: Վեր կացա ու սկսեցի նստարանի մոտ գնալ-գալ:
Այդ պահին ամբողջ մարմինս համակված էր անասելի տառապանքով. նույնիսկ ձեռքերս էին ցավում, և ես դժվարանում էի սովորականի պես պահել դրանք: Բացի այդ, քիչ առաջ կուշտ կերել էի և սաստիկ տհաճություն էի զգում: Չափից ավելի էի կերել, տեղս չէի գտնում և հայացքս առանց գետնից կտրելու գնում-գալիս էի: Շուրջս անցուդարձող մարդիկ շողքի պես սահում էին իմ կողքով: Ի վերջո, երկու պարոն իմ նստարանն զբաղեցրին, վառեցին սիգարներն ու սկսեցին բարձր զրուցել: Ես զայրացա և կամենում էի հանդիմանել նրանց, բայց շրջվեցի ու քայլեցի ուղիղ դեպի զբոսայգու հակառակ ծայրը և ինձ համար մի նոր նստարան գտա: Նստեցի:
Դարձյալ սկսեցի միտք անել Աստծո մասին: Կարծում եմ՝ չափազանց աններելի է անգամ միջամտել, երբ փորձում եմ որևէ աշխատանք գտնել և շարունակ խոչընդոտել, երբ իմ խնդրածն ընդամենը հանապազօրյա հաց է: Շատ որոշակի նկատել էի, որ եթե երկար ժամանակ սոված էի մնում, ուղեղս գլխիցս դուրս էր հոսում, ու ես դատարկվում էի: Գլուխս թեթև ու ամայի էր դառնում, և ես ուսերիս այլևս չէի զգում նրա ծանրությունը: Այնպիսի զգացողություն էի ունենում, որ աչքերս չափից ավելի էին չռվում, երբ նայում էի որևէ բանի:
Նստած մտածում էի այս ամենի մասին և ավելի շատ տրտնջում Աստծո դեմ՝ նրա պատճառած անվերջանալի տառապանքների համար: Եթե նա մտածում է, որ ուժասպառ անելով ու ճանապարհիս խոչընդոտներ հարուցելով՝ ինձ ավելի կմերձեցնի իրեն ու ավելի լավը կդարձնի, ապա կարող եմ համոզված ասել, որ սխալվում է: Զայրույթից լաց լինելով՝ հայացքս հառեցի դեպի վեր՝ երկինք, ու սիրտս թեթևացնելու համար ասացի ամեն ինչ:
Առաջին անգամ թարգմանվել է նորվեգերենից հայերեն,
տպագրվել է 1995 թ., «Ապոլոն» հրատարակչությունում: