Նինո Սպանդերաշվիլին բանաստեղծական նուրբ զգացողություններով ապրող վրացուհի է, որի էության մեջ ներդաշնակված են հայ-վրացական մշակութային կապերի համատեղման բարեպատեհ իրողությունները: Նա գրում ու կարդում է եղբայրական երկու լեզուներով, խոսում է հայերեն և ամեն ինչ անում է, որ ավելի սերտանան հայոսի և քարթլոսի պատմական կապերը: Նինոն ապրում ու ստեղծագործում է Երևանում: Արմեն անունով ամուսնուն ու երեք զավակներին շատ է սիրում և իրական ու բանաստեղծական իր կարոտով, խոհական, քնարական մտորումներով փորձում է ավելի գեղեցկացնել կյանքը՝ բանաստեղծական արվեստի տված հնարավորություններով:
Բարի, լուսավոր ու պատկերավոր մտածողությամբ է օժտված Նինոն՝ հայրենապաշտ իր կերպարով, Հայոց աշխարհում ներկայացնում է երկու ժողովուրդների մերձեցման խորհրդանշական կերպարը:
Հեռվից եմ առնում կարոտս քո հողից,// Սրտումս եմ միշտ պահում իմ սերը եզակի: // Քո կարոտից ասես շունչ եմ առնում նորից. // Կարծես նմանվում եմ երկաթե թռչնակի:
Բանաստեղծական հոգեթև ճախրանքով նա կարողանում է դեպի վեր պարզած թևերով իր քնքշությունը բերել երկու ազգերի ընթերցողներին և ներշնչանքի, սիրո ու նվիրումի լեզվով ներկայացնել իր խոհերն ու մտորումները:
Կասկած չունեմ, որ պոեզիայի երկրպագու հայ ընթերցողները պիտի սիրով կարդան Նինո Սպանդերաշվիլու բանաստեղծությունները՝ նոր գրքերի հանդիպումների ակնկալիքով:
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
Նինո ՍՊԱՆԴԵՐԱՇՎԻԼԻ
ԿՐԿԻՆ ԿԱՆՉՈՒՄ ԵՍ ԻՆՁ
Կրկին կանչում ես ինձ, իմ հարազա՛տ երկիր,
Կրծքիս տակ զգում եմ հողիդ սրտխփոցը,
Սակայն ինձ տանում է հեղեղը կյանքի՝
Ինձ թողնելով միայն ընկճված հոգոցը…
Բոլոր ճամփաներն իրար են միանում,
Իրար են խճճվում բոլոր ուղիներս,
Կարոտով հոգիս դատարկվել է ուզում,
Փրկության ելքեր են փնտրում մտքերս:
Եթե բախտս բերի քո գիրկը գալ նորից,
Եթե ինձ չխաբի ժամանակը դաժան,
Արցունք կթափեմ ես իմ աչքերից,
Որ մեր այգիներն անջրդի չմնան:
Տիրոջ կամքով եմ ես ծնվել երկնքիդ տակ,
Օտար հողում արմատ չեմ տվել ես անգամ,
Քո գիրկն եմ ուզում գալ ցանկացած ժամանակ,
Թեկուզ այցելությամբ՝ գիրկդ վերադառնամ:
***
Հեռվից եմ առնում կարոտս քո հողից,
Սրտումս եմ միշտ պահում իմ սերը եզակի:
Քո կարոտից ասես շունչ եմ առնում նորից,
Կարծես նմանվում եմ երկնաթև թռչնակի:
Լույսդ շլացնում է, մնում եմ ստվերում,
Թռչում եմ երկնքում, մտքով իջնում ներքև:
Օտարության մեջ եմ տանջող ցավը կքում,
Երբ ճախրանքը չկա, թռիչքը հոգեթև…
ԻՄ ԿՅԱՆՔԻ ԳԵՏԸ
Երկու հարազատ ափերի միջով
Հոսում է կյանքիս գետը հորդառատ,
Գետի մի ափին հանգիստ եմ անչափ,
Իսկ մյուս ափին՝ ջերմ ու սիրառատ:
Չեն վերադառնում օրերն անցնող,
Հեռու են գնում ալիքներն անցյալ,
Կյանքիս մի ափին անհոգ էի շատ,
Այս ափին գտա բախտս կատարյալ:
Այս ափին կրկին վերելք ապրեցի՝
Իմ երջանկության եզերքին հասած,
Մի ափից մի ափ՝ սիրո կամուրջով
Սրտեր կապեցի՝ հավատով լցված:
Իմ կյանքը՝ Տիրոջ կամքին համաձայն,
Երկու ափի մեջ հոսող գետի պես
Լցված է սիրով, հավատարմությամբ,
Միշտ իրար կապված մի սիրով անտես:
Կգա ժամանակ՝ հավերժության մեջ
Գալիքը նորից կդառնա անցած,
Փառք տանք Աստծուն, որ մինչև հիմա
Իմ կյանքի գետը սիրառատ մնաց:
ԻՄ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
Դեպի վեր պարզված իմ թևերով
Իմ քնքշությունը բերում եմ քեզ,
Ուզում եմ շոյել քեզ հայացքով՝
Լույսերից փայլող ցողերի պես:
Ցանկանում եմ ես համեստաբար
Ցողերից փայլող ցավը վշտի
Արցունքների մեջ խեղդել վարար,
Երբեք չլսել բառն հրաժեշտի:
Ուզում եմ զգաս, իմ հարազա՛տ,
Որ իմ սրտում եմ պահում ես քեզ,
Փայփայում եմ քեզ՝ նուրբ ու ազատ,
Որ «Սիրում եմ քեզ» բառերն ասես:
Ուզում եմ, որ քո հոգու խորքում
Մի անկյունի մեջ սերս մնա
Կամ մոռացության մութ երկնքում
Ասուպի նման անցնի, գնա:
Բայց կյանքից զատվող հանդիպումը
Չի փոխի բախտի ընթացքը զույգ,
Մի անգամ նորից կլինի նույնը՝
Որպես հերթական քմահաճույք…
ԱՆՄԱՀ ՏՂԱՆԵՐ
Տղաներն արդեն անմահ են երկնքում,
Չէին ուզում զիջել հողը Հայրենիքի,
Նրանց օջախներում, հայրենի տներում
Ասես որբի համար հաց են թխում հիմի:
Երկինքը լցված է տխուր հիշողությամբ,
Առանց առաստաղի խոնավ են պատերը,
Մոմի պես վառվում է կյանքը տխրությամբ,
Արցունքի տակ մնաց հայրենի երկիրը:
Անմահության թագեր կրողների համար
Լաց ենք լինում հիմա առավոտից գիշեր,
Ինչպես գտնենք սևը նման պահին հարմար,
Սգակիր մայրերին՝ մխիթարող հուշեր:
ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՈՎ
Տարիներն անցնում են՝ ձիու պես կամակոր,
Մեզ հայելու միջից ուրիշ դեմք է նայում,
Թախիծով ենք հիշում օրերս հեռավոր
Ժամանակը հուշ է, մեզ ծուղակն է գցում։
Դարձել ենք ալեհեր, մազերի մետաքսին
Ժամանակը շտապ շաղ տվեց ճերմակը.
Մեր գլխով շուտ անցան փոթորիկները սին,
Սակային չհանգցրին մեր սրտի կրակը:
Մենք կգտնենք անշուշտ՝ ինչ ուրիշը տարավ.
Երբ այրեցին նրանք բոլոր կամուրջները,
Ամենուր քաոս էր, ճանապարհը կորավ,
Մեզ ցավեցնում էին կորած անուրջները:
Մինչ երկինքը կառնի մեր լույս հոգիները,
Մենք փորձում ենք գոնե մի թիզ բարձրանալ՝
Լավությամբ անցնելու կյանքի ուղիները
Եվ դրանից հետո ոչինչ չփնտրելու:
Թարգմանությունը՝
Արևշատ ԱՎԱԳՅԱՆԻ