ԲԱՂԱԹԵՐ ԱՐԱԲՈՒԼԻ

Թարգմանությունը`
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ

ԴԱՇՏԵՐ
Ո՞վ ձեզ, դաշտե՛ր, անցկացրեց քամու մաղով,
Ո՞վ ձեզ ծածկեց եղյամով պաղ,
Ներս եկեք իմ տուն, անկողին գցեմ,
Մինչ գարուն քնեք քաղցր ու խաղաղ:

Նաև դուք, ծառե՜ր, տխուր, տերևաթափ,
Երևում եք մերկ, անօգնական,
Ներս եկեք իմ տուն, ներս եկեք վստահ,
Հրավիրում եմ բոլորիդ, առանց բացառության:

ՇԱՏՐՎԱՆ
Օ՜, շատրվան, ես քեզ ո՞ւմ հետ համեմատեմ,
Դու վշտահար այգիների բնակիչ…
Կար ժամանակ կոչում էին քեզ օդեղեն,
Այդ օրերը անցան, ավա՜ղ, միանգամից:

Իսկ այսօր դու կարապի պես բարձրավիզ,
Փնտրում ես ջուր, որ զրնգաս ու ղողանջես,
Կանգնել ես ու տոչորվում ես ծարավից,
Ու չգիտես ո՞ւր է տերդ, ո՞նց կանչես:

Ո՞Վ Է ԶԱՐԴԱՐՈՒՄ
Ո՞վ է գիշերն այս աստղերով պճնում
Կամ ո՞վ է զարդարում լուսնյակով,
Որ ամենքիս աչքերը դեպ երկինք են թռչում…

Ո՞վ է անհունը գունավորում,
Կամ թե ինչո՞ւ են մեր հոգիները մղվում վեր,
Այնտեղ ո՞վ է սպասում մեզ, ո՞վ է մեզ կանչում,
Եվ ինչո՞վ է ձգում,
Որ հոգնած ճամփորդներս պոկվում հողից,
Թռչում ենք վեր:
Ինչո՞ւ ենք շտապում:

***
Նորից կփախչեմ օրերից անլույս,
Հոգնած այս երկրի սին աղմուկներից,
Եվ գիշերներին ականջ կդնեմ
Ձայներին, որոնք դյութում են հեռվից:

Այնտեղ, այն անտես աշխարհում օտար
Անթիվ աստղեր են կայծկլտում հավերժ,
Շողի արցունքով ելնում է դժվար
Ինչ-որ մեկը լուռ դեպի վեր: Անվերջ:

Իր հետ տանում է հոգին, հանց պատիժ,
Հոգին, որ պեղեց փոշուց դարեդար,
Լուսինն էլ բացեց պատուհան ուրիշ`
Ուրիշ երկինքներ դիտելու համար:

Թարգմանությունը`
ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ
* * *
Պոկեցին սիրտն ու ասացին այսպես.
– Հերիք է մնաս դու նրա գերին,
ի՜նչ սիրտ, սի՜րտն ինչ է,
ո՜ւմ կզարմացնես
կտորտանքներով անտիկվարային
առարկաների…

Հիմա քաղաքում շրջում է զվարթ,
ժպտալով ամեն անցնող – դարձողի,
մոռացած թե՛ վիշտ, թե՛ ցավ ու թե՛ դարդ,
մի… անսիրտ մի մարդ…

ՊՂՏՈՐ ԳԵՏԸ
Ոչ ոք չգիտի,
թե որտեղից է հոսում անդադար
մեքենաների այս պղտոր գետը,
ո՞ւր է ակունքը,
և վերջը ո՞ւր է…

Եվ այսքան տիղմը,
կեղտը,
փրփուրը,
և այս խորտակված արտասուքները`
մարած կրքերի մարմինը մեռած,
այս ո՞ւր է տանում…

Եվ ջրհեղեղի շնչառությունը իրենց մեջ պահած
նրա դավադիր ալիքները պաղ
քաղաքի ննջող,
խոժոռ ժայռերի սրտի մեջ խաղաղ
այս ի՞նչ տագնապի սերմեր են ցանում,
ու նրանք, տեսնես, ո՜նց են համբերում…

Կարեկցա՜նքս քեզ, օ՜, գալիք սերունդ…

ԱՐՏԱՍՎԱԹԱԹԱԽ ՔԱՂԱՔԸ
Եվ ո՜վ է լսել այս լուսնի ներքո
թախծոտ երգը քո,
չէ՞ որ ապրում ես
դու այս քաղաքում արտասվաթաթախ.

Փողոցներն ամեն – արտասվաթաթախ,
տները բոլոր – արտասվաթաթախ,
և պողոտաներն ամեն անցորդի
հրապուրում են զանգուլակներով
արտասուքների…

Արտասուքներով կառուցապատված
քաղաքում այս մեծ
արտասուքների անվադողեր են դրել մինչևիսկ
ավտոների տակ,
որ քո թախծով են բեռնըված հիմա
այս լուսնի ներքո…

……………………………………….
Եվ ո՜վ է լսում թախծոտ երգը քո…

ՀԱՐԵՎԱՆՆԵՐՍ
Որքան հիշում եմ ինձ ու այս տունը,
ես ունեմ երկու հարևան – դրկից…

Եվ ի սկզբանե մեզ տուն են տվել
միևնույն հարկից`
ձախից ապրում է իմ մանկությունը,
իմ ծերությունն է հարևանս աջ…

Ձախ հարևանիս դուռը մեկընդմիշտ
փակ է իմ առաջ,
թեպետև շատ եմ ուզում նրա հետ
գիշերներն ի լույս նստել ու հիշել
հին պատմություններ,
և հասկացել եմ,
որ թեև նա ինձ շատ է սրտամոտ,
բայց երբեք ինձ ներս չի թողնի իր մոտ…

Իսկ ծերությո՜ւնը…
Հրավիրում է ինձ միշտ իր տունը,
հյուրասե՜ր է շատ, ուրի՜շ է, ուրի՜շ,
ու ես լավ գիտեմ, ժպիտով բարի
նա վերջ ի վերջո կհրապուրի
և ինձ կտանի այս փուչ աշխարհից…

Որքան հիշում եմ ինձ ու իմ տունը,
ես ունեմ երկու հարևան – դրկից…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։