Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, մշակութաբան, նկարիչ: ԽՍՀՄ գրողների միության (1988 թ.), Մոսկվայի գրողների (1992 թ.) և Միջազգային գեղարվեստական հիմնադրամի անդամ (2005 թ.): 1976 թ. ավարտել է Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտը: Աշխատել է Լենինի անվան համամիութենական պետական գրադարանում` կրտսեր գիտաշխատող, ռեֆլեքսոթերապիայի ԿԳՀ ինստիտուտում` թարգմանիչ, ֆեմինիստական «Преображение» ամսագրի գլխավոր խմբագիր, Կանանց անկախ ֆորումի կրթական ծրագրերի համակարգող: 1977-1979 թթ. ԽՍՀՄ գրողների միության երիտասարդ բանաստեղծ-թարգմանիչների բաժանմունքում վարել է սեմինարներ, եղել է Մոսկովյան գրողների կազմակերպության «Առաջին գրքի լաբորատորիայի» խմբագրական կոլեգիայի անդամ, միաժամանակ ուսուցանել է հայտնի ռուս նկարիչ ու մանկավարժ Բորիս Օթարովի արվեստանոցում: 24 տարեկանից տպագրվել է «Арион», «Черновик», «Стрелец», «Литературная Армения» ամսագրերում, «Поэзия» ալմանախում, բազմաթիվ կոլեկտիվ ժողովածուներում: Նինա Գաբրիելյանը բանաստեղծությունների, պատմվածքների ու վիպակների մի քանի ժողովածուների հեղինակ է: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, սերբերեն ու հունարեն, արձակը` անգլերեն, ֆրանսերեն, շվեդերեն ու արաբերեն: Ն. Գաբրիելյանը զբաղվում է հայկական, ղազախական, քրդական, մալայական, հնդկական ու աֆրիկյան պոեզիայի թարգմանությամբ, որոնք տպագրվել են բազմաթիվ գրքերում ու պարբերականներում: Սերը գեղանկարչության հանդեպ վաղ է արտահայտվել, սկզբնապես` գրական ստեղծագործություններում` նրա բանաստեղծությունների ու արձակի գունային հագեցվածությամբ: Հիմնականում աշխատում է յուղաներկի ու պաստելի տեխնիկայով: Նկարչուհու աշխատանքները գտնվում են Մոսկվայի նայիվ արվեստների, «Տապան» թանգարաններում, Վոլոկոլամսկի թանգարանացուցադրային համալիրում, Ռուսաստանի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի ու Կանադայի մասնավոր հավաքածուներում:
Պարգևատրվել է Ռուսաստանի Հայերի միության Արծաթե խաչով, Մոսկվայում Հայաստանի դեսպանության Ոսկե մեդալով: