Ես մի քանի տարի առաջ փորձեցի գրել Պարույր Սևակի մասին, երկար մտածեցի, թե ինչպես գտնեմ նրա անմոռանալի անհատականության և անկրկնելի ստեղծագործության ճշգրիտ բնութագրությունը։ Մենք հին ու լավ ծանոթներ էինք, մոտ ընկերներ, իրար հետ, ինչպես ասում են, դու-ով էինք խոսում։ Նրա բանաստեղծական հումանիզմն իմ մեջ հսկայական ոգևորություն առաջացրեց։ Կյանքում նա շատ անմիջական էր, բարի, զգայուն, բաց հոգու տեր մարդ։ Թեև մի քիչ էլ «ծուռ»։ Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի։ Նրա միտքը, ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն ու ճերմակ բարձունքներին, նրա մարդկային և բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում։ Դիմացինի միտքը որսում էր ակնթարթորեն, թենիսի գնդակի նման, և անմիջապես էլ նույն գնդակի նման փոխանցում իր միտքը։ Այդպիսի ինտելեկտի, այդպիսի կենդանի մտքի հետ հեշտ ու հաճելի էր շփվելը. մենք, կարծես, խաղում էինք մտքերով, բառերով, բանաստեղծական տներով, բայց, փաստորեն, փիլիսոփայում էինք։ Նա շատ եռանդուն, աշխույժ, զգայուն մարդ էր։ Բուն հայկական խառնվածքի տեր մարդ։ Նույնիսկ մի փոքր էկզոտիկ։ Սակայն նրա ներքին ու արտաքին նկարագրի էկզոտիկան ինձ շատ էր դուր գալիս, ես նրան համեմատում էի գանգրահեր Պուշկինի, Վերածնության մեծ վարպետների կտավների որոշ կերպարների հետ։ Ինձ թվում էր, թե նրա երակներով ոչ թե սովորական արյուն է հոսում, այլ՝ խաղողի հյութ դարձած սարյանական արևը։ Թանձր հյութով էլ հենց Պարույրը գծում էր քնարական հերոսի կենսագրությունը։ Մի խոսքով, դա մի արտասովոր, արտակարգ մարդ էր, յուրատեսակ, էկզոտիկ խառնվածքի տեր մարդ։ Եվ երբ նրա ողբերգական մահից հետո հոդված էի գրում նրա մասին, երբ հարկավոր էր այդ բանաստեղծի ու նրա ոգեշունչ ստեղծագործության համար գտնել սեղմ ու դիպուկ բնութագրում, ես երկար գլուխ էի կոտրում և ոչ մի կերպ չէի կարողանում գտնել այն։ Օգնության հասավ Ալեքսանդր Բլոկը։ Հանկարծ հիշեցի իմ սիրելի ռուս գրողի տողերը.
Он весь-дитя добра и света,
Он весь-свободы торжество!
Ճիշտ ժամանակին ինձ ձեռք մեկնեց Ալեքսանդր Բլոկը։ Ավելի ճշգրիտ բնութագրում չէի կարող գտնել. ավելի ճշգրիտը տվյալ բանաստեղծի համար չի էլ կարող լինել։ Այդպիսին պետք է լինի իսկական գրողը, այդպիսին էր նաև Պարույր Սևակը։ «Եղիցի լույս». նման ցանկություն, որ նա ընտրել էր իբրև խորագիր իր սքանչելի պոեմի շարքի, իր հարազատ երկրին և ողջ աշխարհին կարող էր մաղթել միայն այն բանաստեղծը, որի սիրտը լի է բարությամբ, ազատությամբ, գեղեցկությամբ ու սիրով մարդու նկատմամբ։ Այն մարդու, որին մեծագույն սիրով նա քնքշորեն տանում էր իր «ափի մեջ»՝ այնքան մոտիկ իր շռայլ սրտին։ Նրա քնարերգությունն ու էպիկական ստեղծագործությունը թափանցված էին լուսակիր բարու և ազատության բերկրանքով։
Երբ վերջերս կարդում էի (իհարկե, թարգմանաբար) Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, օդը չէր հերիքում ինձ, և որոշեցի սրտիս ձայնով արձագանքել նրա հզոր Զանգի հնչեղ զարկերին։ Արձագանքել սեղմ ու դիպուկ։ Եվ դարձյալ ինձ օգնության հասավ Ալեքսանդր Բլոկը։ «Անլռելի զանգակատունը» պոեմ է։ Իսկ էպիկական հոսքը միշտ էլ ավելի լայն է, ուրեմն և՝ ավելի հանդարտ, քանի որ, ի տարբերություն քնարական բռնկումների, պատկերում է շատ ավելի տևական ու ծավալուն զգացմունքներ, ժողովրդական կյանքի համայնապատկերը։ Բայց ես լսեցի նույն Պարույր Սևակի՝ ըմբոստ քնարերգությունից ինձ լավ ծանոթ Պարույր Սևակի ձայնը։ Նույն անսանձ բանաստեղծական խառնվածքը, նույն կրակոտ կիրքը, նույն քնարական տոնայնությունը։ Հավանաբար, Պարույրը բնածին քնարերգակ էր, և դա աներկբա է։ Նա այդպիսին է մնացել նաև էպիկական պատումի մեջ։ Բայց իր ներսում կուտակված զգացմունքներն ու նյութը չեն տեղավորվել բանաստեղծության շրջանակներում և դուրս են հորդել ջրառատ գետի նման։ Լայն ու խոր, միաժամանակ խենթ ու հորդահոս լեռնային գետի պես։ Քնարերգակ բանաստեղծի գրչի տակ ծնվել է լայն, ծավալուն, էպիկական, բայց և քնարական լիցքերով հարուստ մի երկ։ Բազմաձայնային մի սիմֆոնիա, որի մեջ թավջութակի, փողային ու հարվածային գործիքների հզոր հնչյուններն ուղեկցվում են հեղինակային առաջին ջութակի քնարական երկի շրջանակներում. ծնվել է ազգային հնչեղության լայնաշունչ մի պոեմ։Չեմ ուզում զբաղվել այդ պոեմի մանրամասն քննությամբ. այն ամեն մի հայ գիտի շատ ավելի լավ, քան նրա թարգմանության ընթերցողը։ Պոեմն իր կառուցվածքով բավականին պարզ է և, միաժամանակ, բավականին բարդ։ Ընթերցողի առջև բացվում է հայոց ազգային կյանքի լայն համայնապատկերը, որտեղ դրամատիկ պատմությունը, կենցաղային պատկերներն ու արդիականությունը ձուլվում են միասնական էության մեջ։ Պոեմի գլխավոր հերոսներն են հայ ժողովուրդը, նրա մեծ զավակ Կոմիտասը և բանաստեղծն ինքը, որի քնարական ձայնը սարյանական վառ կոլորիտով է ներկում ամբողջ էպիկական պատումը։ Գործողությունը զարգանում է, դրամատիկ լարումը՝ աճում, ժողովրդի գլխին կախվում է ողբերգական ճակատագիրը։ Պոեմի գագաթնակետը եղեռնի տարիներին հայ ժողովրդի արյունոտ ջարդն է։ Ազգային կյանքի իրադարձությունների հենքի վրա ավելի ու ավելի ցայտուն է գծագրվում մեծագույն հայի՝ Կոմիտասի դիմանկարը, որին հեղինակը պատկերում է ողբերգական գույներով։ Կոմիտասի դիմանկարը՝ վառ, ազդեցիկ, ցնցող, վերաճում է խորհրդանիշի, որը խտացնում է հայ ժողովրդի բոլոր ուրախությունների ու տառապանքի համահնչյունն ու աններդաշնակությունը, բարձր ու ցածր գամման։ Այդ դիմանկարի ինտենսիվ գույների հետ մեկտեղ ավելի ու ավելի ուժեղ, ցայտուն ու ողբերգական է հնչում նաև հենց իր՝ բանաստեղծի, այս տխուր կտավի հեղինակի ձայնը։ Համառոտ բնութագրությամբ՝ այսպիսին է պոեմի ընդհանուր կառուցվածքը՝ դա համընդհանուր ողբերգական երրորդություն է՝ հիշեցնելով, որ հեղինակն ինքն էլ ողբերգականորեն ավարտեց իր կյանքը։ Այն կարծես հավաքված է հայկական տուֆի երեք խոշոր բեկորներից և իր ձևով ինչ-որ տեղ հիշեցնում է Անրի Մորի էքսպրեսիվ քանդակագործությունը։ Պարույր Սևակը գնացել է ժամանակակից պոեմի ճանապարհով, որտեղ գլխավոր դեր են խաղում հենց իր՝ բանաստեղծի սիրտն ու միտքը։ Պատմությունը բանաստեղծի մեջ, բանաստեղծը՝ պատմության։ Դա ճիշտ ուղի է, եթե հիշենք պոեմի բարդ էվոլյուցիան, որտեղ ժանրի նոր տարբերակներ են առաջարկել Ալեքսանդր Բլոկն ու Պաբլո Ներուդան, Վլադիմիր Մայակովսկին ու Լուի Արագոնը։ Պարույր Սևակի պոեմը ցնցող է։
Սակայն այս երկում ինձ հատկապես հետաքրքրեց մի այլ բան՝ նրա բանաստեղծական կառուցվածքը, որն էլ հիմնականում օգնել է հեղինակին՝ հասնելու ցանկալի արդյունքի։ Պոեմի հիմնական, միջանցիկ փոխաբերությունը Զանգն է։ Նախ՝ Սևակի Զանգը զուգորդվում է Գրիգոր Նարեկացու ժամանակների Զանգի հետ, որի զարկերը ժողովրդին հայտնում էին ուրախության ու տխրության, վտանգի ու վշտի, հաղթանակի ու հերոսության ազդանշանները։ Ուրեմն՝ Սևակի Զանգը պատմական ամուր հիմք ունի՝ ավանդությունը։ Այնուհետև, ի՞նչ է խորհրդանշում զանգն ընդհանրապես։ Մի՞թե այն նման չէ մարդկային սրտին, երբ հնչման պահին այն շրջվում է վեր, և նրա զարկերը հիշեցնում են մարդկային սրտի զարկերը։ Իմ բանաստեղծական երևակայության մեջ զանգը, երբ շրջվում է վեր՝ դեպի երկինք, դեպի արևն ու աստղերը, մարդկային սրտի ճիշտ պատճենն է։ Զանգի երկրաչափական գծագիրը հնչման պահին ակնթարթորեն վերաճում է սրտի փոխաբերության։ Եթե բանաստեղծն ուզում է, որ իր ձայնը միլիոնները լսեն, նա պետք է խոսի այնպիսի ձայնով, որն ընդունակ լինի մարդու կրծքում գլխիվայր շրջել նրա սիրտը՝ ինչպես զանգը հինավուրց զանգակատան մեջ, և ամեն ինչ խառնել այդ գոտում՝ սրտի գոտում։ Բանաստեղծն այլ ճանապարհ չունի՝ միայն այդպիսի ձայնը կհասնի մարդկանց։ Եվ եթե բանաստեղծն ուզում է հասնել բարձրագույն արդյունքի՝ արիստոտելյան կատարսիսի ազդեցության, նախ և առաջ զանգի նման պիտի գլխիվայր շրջի հենց իր սիրտը, որպեսզի այն հնչի զանգի հզոր ու մեղեդային զարկով։ Դա և միայն դա կարող է կյանքի կոչել պոեզիայի կենդանի զարկերակը։ Բանաստեղծը պետք է սկսի ինքն իրենից։ Ինձ թվում է՝ հենց այդպես է վարվել Պարույր Սևակը։
Շարունակելով մեծն Նարեկացու ավանդները՝ իր կրծքի զանգակատանը նա Զանգի է վերածել սեփական վիրավոր սիրտը, ապա շրջել այն դեպի երկինք, դեպի արևն ու աստղերը, և բանաստեղծի իր ամբողջ ուժով դիմել ընթերցողի սրտին այնպես, որ խուլն անգամ լսի նրա ռիթմիկ զարկերը։ Ինչո՞ւ է հայ բանաստեղծն ընտրել զանգի զիլ զարկերը։
Այս առիթով ես հիշեցի (նույնպես ողբերգական գրողի) Ալբեր Կամյուի հետևյալ տողերը. «Աբսուրդայինը առաջանում է հարցնող մարդու և լռող աշխարհի հակադրությունից»։ Հայ ժողովուրդը երկար տարիներ արյունոտ արցունքներով հարցրել է՝ աշխարհը լսո՞ւմ է, արդյոք, իր վշտալի բողոքը։ Բայց աշխարհը համառորեն լռում էր։ Ինչպիսի՛ սարսափելի աբսուրդ էր դա։ Բայց եկավ բանաստեղծ Սևակը և որոշեց հաղթահարել այդ աբսուրդը։ Նա խոսեց հինավուրց Զանգի հզոր ձայնով։ Բանաստեղծը բարձրացրեց իր ձայնը՝ Սիրտ-Զանգի ձայնը, մեր գիտակից 20-րդ դարի այդ ամոթալի երևույթի դեմ։ Երևույթ, որի եզրագիծը չի երևում նաև մեր օրերում։ Մարդկային արյունը գետերով է հոսում, մարդկային ուղեղը թունավորվում է ատելությամբ ու մահվան պաշտամունքով, եղեռնը՝ մարդկության այդ սև կետը, իր հաղթանակն է տոնում։
Ես խոնարհվում եմ հայ բանաստեղծի, իմ ընկերոջ առջև, որն ի լուր ամենքի, իր Սիրտ-Զանգի որոտալից ձայնով ասաց՝ ո՛չ եղեռնին։ Եղիցի՛ լույս։
Ըստ իս՝ այդպիսին է եղել բանաստեղծի մտահղացումը, երբ նա իր նշանավոր պոեմի համար փոխաբերություն է ընտրել և երբ գտել է այն նարեկացիական Զանգի մեջ։ Ես կասեի՝ հանճարեղ գաղափար։ Պոեմում Զանգ-Սրտի ձայնն ու կերպարը տիրապետող նշանակություն են ստանում։ Այդ հզոր զանգի լեյտմոտիվը, որով ներծծված է ամբողջ պոեմը, խորապես հուզիչ է, ցնցող, ընթերցողի հոգին տակնուվրա անող։ Եվ ամենամարդկայինը, որ կա մարդու մեջ, այսինքն՝ հենց նրա սիրտը, չի կարող չարձագանքել բանաստեղծի կանչին։ Զանգ-Սրտի խորհրդանշական փոխաբերությունը բանաստեղծի խոշոր, ես կասեի, հանճարեղ գյուտն է։
Իր զանգականման սրտի հնչյուններով Պ. Սևակը իր ժողովրդի ուշադրությունը կենտրոնացրել է ազգային ողբերգության վրա և իսկական ազգային սխրանք գործել։ Դա մատչելի է միայն բանաստեղծին։ Ես հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել իմ կյանքում հանդիպելու այդպիսի բանաստեղծի և նրա խոսքի մեջ ու տողերում լսելու այդ ազնվազարմ Զանգի կրակոտ սրտով խփվող զարկերը։ Նա ինձ համար կարդում էր այդ սքանչելի պոեմի գլուխները։ Ես վկա եմ եղել նրա ծնունդին։
Հատկապես հուզիչ է պոեմի վերջում սգո երանգներով կերտված, ասես արքա Լիրը հիշեցնող, հայ ժողովրդի հանճար Կոմիտասի՝ մեծ տառապյալի, հերոսի, սրբի կերպարը։ Նա դառնում է ամբողջ հայ ժողովրդի խորհրդանիշը։ Խորհրդանիշ, որն իր նահատակությամբ սրբում է արցունքները և ժողովրդին ձուլում միասնական մի ընտանիքի մեջ։ Դե իսկ, հարց է ծագում. ինչո՞ւ Պարույր Սևակի պոեմը կարդալիս ես դարձյալ հիշեցի Ալեքսանդր Բլոկին։ Պոեմն ընթերցելուց հետո հանկարծ մտաբերեցի բլոկյան հետևյալ տողը՝ «Высок и внятен колокольный звон»։ Այս բառերը հարմար են գալիս նաև Պարույր Սևակի պոեմին, որի զանգի կանչը բարձր է, նույնիսկ շատ բարձր, հասնում է մարդուն, լսելի է և՛ իմ Հայաստանում, և՛ նրա սահմաններից շատ հեռու։
Լիտվերենից թարգմանեց
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
1984 թ.