ՆՈՎԱԼԻՍ
(Ֆրիդրիխ ֆոն Հարդենբերգ – 1772-1801)
«Ուրիշ ո՞ւր ենք մենք գնում:
Միշտ գնում ենք տուն»:
Նովալիս
Յո. Լ. ԹԻՔԻՆ
Երեխան տխուր ու նվիրաձիր,
Նետված հեռավոր, անծանոթ մի վայր,
Հին ուխտին մնաց միշտ հավատարիմ՝
Մերժելով նորը և փայլը օտար:
Հոգնած` փնտրելուց ու սպասումներից,
Թափառումներից երկար, ցավատանջ,
Գտա՛վ պարտեզում լերկ ու ամայի,
խարխուլ աթոռին վաղուց մոռացված
Մի գիրք հինավուրց ու ոսկեպատյան,
Ուր բյուր չլսված գաղտնիքներ կային:
Եվ հույզը աճեց հոգու մեջ նրա
Նուրբ ծիլերի պես վաղ գարնանային:
Նստած կարդում է, ակնդետ նայում
Բյուրեղների մեջ այդ նոր աշխարհի,
Աճում է խոտ ու աստղաբույլերում
Եվ բազումերախտ իջնում է ծունկի.
Ահա՛ վեր հառնեց խոտ ու թփերից,
Ալևորն հանկարծ հայտնվեց նրան,
Մաշված շապիկով, ժպիտը դեմքին`
Հուշիկ մոտեցավ մանկանը խոնարհ:
Դեմք ու դիմագիծ ծանոթ են սակայն՝
Այնպե՜ս մանկական ու գեղատեսիլ,
Սնարի միջից սյուքն է վաղ գարնան
Արծաթ վարսերը ծածանում մեղմիվ:
Երեխան սեղմեց ձեռքերը ամուր,
Գրքի վեհ ոգին ցուցանեց նրան
Իր ուխտարշավի վախճանը տխուր
Եվ հայրենական տունը սրբազան:
– Դու ծնկել ես իմ լերկ գերեզմանին,-
Այսպես բարբառեց բերանը այդ սուրբ,
– Դո՛ւ, որ ժառանգն ես իմ ունեցվածքի,
Հասկանա՛ս պիտի խորհուրդը Աստծու:
Որբ մանուկ էի, երբ լեռան վրա
Երկնառաք մի գիրք հայացքս շանթեց,
Եվ կարող եմ ա՛րդ շնորհիվ նրա
Արարածներին պարզորոշ զատել:
Շնորհովն Աստծո իմ մեջ արթնացան
Գաղտնիքները բյուր, հրաշապատում,
Աչքերիս առջև հառնեց վեհապանծ
Նոր միասնության խորհուրդը ծածուկ:
Հարազատորեն ես գրի առա
Հոգուս հրճվանքը, որ իմ դեմ բացվեց,
Եվ ես մնացի անհայտ ու աղքատ,
Մինչև որ Աստված ինձ իր մոտ կանչեց:
Ժամանակների քողը պատռվեց,
Առեղծվածն ինքն էլ ցնդեց մեկընդմիշտ:
Եվ հավերժության կրծքում անթեղվեց
Գրքից ճառագող արշալույսը ջինջ:
Ազդարա՛ր դարձիր դու ցայգալույսի,
Եվ խաղաղության բանբե՛ր կարգիր քեզ:
Որպես օդը նուրբ սրինգ ու տավղի`
Իմ վերջին շունչն եմ փչում առ ի քեզ:
Գնա՛ այդ ուղով և Աստվա՛ծ քեզ հետ,
Լվա՛ աչքերդ վաղորդյան ցողում:
Լո՛ղ տուր հավերժի լուրթ կապույտի մեջ,
Հավատա՛ գրքին, իմ մոխրափոշուն:
Հազարամյակը դու կազդարարես`
Հուսկ Արքայությունն ամենավերջին,
Բազում հրաշքներ ճամփիդ կտեսնես
Ու կառերեսվես Յակոբ Բյոմեին:
Գերմաներենից թարգմանությունը՝
Աշոտ Ալեքսանյանի
1. Յոհան Լյուդվիգ Թիք (1773-1853), գերմանացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և գրաքննադատ, Ռոմանտիկ շարժման հիմնադիր հայրերից:
2. Յակոբ Բյոմե (1575-1624), գերմանացի նշանավոր միստիկ փիլիսոփա, լութերական ավանդույթի հետևորդ: Պատանեկան տարիքից սկսած Բյոմեն հաճախակի միստիկ վերապրումներ է ունեցել, ինչն իր գագաթնակետին հասավ 1600 թվականին, երբ օրերից մի օր նա իր ուշադրությունը բևեռեց արևի լույսի մի ճառագայթի նրբագեղությանը` արույրե պնակի մեջ արտացոլված: Նա դրանում տեսավ աշխարհի հոգևոր կառույցի հայտնությունը, ինչպես և Աստծո ու մարդու, բարու ու չարի միջև կապը: 1610 թ. Բյոմեն ևս մի տեսիլք ունեցավ, որը նրան մտահասու դարձրեց տիեզերքի միասնությանը և Աստծո կողմից իրեն առանձնաշնորհված կոչվածությանը: 1612 թ. Բյոհմեն շարադրել սկսեց իր առաջին և ամենահռչակավոր գիրքը, որը կոչվում է «Արշալույսե կամ «Ցայգալույս»:
