Դեսանկա ՄԱՔՍԻՄՈՎԻՉ
ԱՐԱՐԱՏ
Դարանակալած
հայդուկի նման
Ամեն օր ծեգին,
ամեն իրիկուն,
Իմ պատուհանից հետևում եմ, որ
Ամպերը ճեղքող Արարատ լեռան
Գմբեթը տեսնեմ անաղարտ ու սուրբ…
Առաջին, երկրորդ, երրորդ լուսաբաց…
Եվ բիբլիական իր հեռուներից
հայտնվեց մեկեն
Հսկա ու դժբախտ, մեն ու մենավոր:
Ձեռքս ես նրան պարզել ուզեցի,
Ուզեցի քաշել հեռու անհունից
Եվ բառեր ճչալ
Իր շքեղաշուք կամարի ներքո,
Հայոց մի բուռ հող պարգևել նրան,
Հայոց լեռներից սրբազան մի քա՜ր…
Բայց օրն է իշխում տիրականորեն,
Վրա է հասնում մեգը անթափանց,
Ու նա չքվում է ուրվականի պես,
Ծածկվում նորից մշուշի քողով:
Ու թեև սիրտս չի լսում նրան,
Թեև չեմ տեսնում պատկերը նրա,
Բայց զգում եմ ես՝ իմ կողքին է նա
Հավե՛րժ, մշտարթո՛ւն,
Հսկա՛ և հզո՛ր…
Եվ սպասում եմ, որ դեմքն իր քարե
Բա՜ց անի կրկին:
Պրեդրագ ԲՈԳԴԱՆՈՎԻՉ ՑԻ
ՆՈ՛Յ, ԹԵՔԻՐ ՆԱՎՆ ԱՐԱՐԱՏԻՑ
Ավետող ագռավն էլ
երբեք, երբեք չի
վերադառնա,
Օ՜, Նո՛յ նախահայր,
հանգրվանում է նավը փրկության
Ազատագրված գագաթին, ահա,
սուրբ Արարատի…
Ջուրն արագորեն նահանջում է լուռ,
Անդրերկրային տիրակալները
Վերահսկում են բյուր ակունքների
սիրտը բաբախող,
Անհուն ջրերը վերադառնում են
Դեպի հունն իրենց անտեսանելի…
Կտանի նավդ դեպի ցածրավայր,
օ՜, Նո՛յ ճշմարիտ,
Կուղղորդվի դեպի քաղաքը Անի,
Կկանգնի մոտիկ ջրերին Վանա…
Թող որ աշխարհը նոր կյանք սկսի
Վանքում Աղթամար,
Բիբում Արարչի…
Քո գործը անմահ և խոսքը սիրո,
Օ՜, Փրկի՛չ, Հիսո՛ւս,
Փառաբանում է կամարը քարե,
Թող պարտությունից հետո մարդկային
Ու ջրհեղեղից աշխարհակործան
Չքնաղ արարման օրը առաջին
Քո հաղթանակը լինի սրբազան:
Մանոյլե ԳԱՎՐԻԼՈՎԻՉ
ՀԵՌԱՎՈՐ ՍԵՐ
Զլատիբորից եմ ես,
իսկ դու՝ Արարատից,
Օ՜, անծանո՛թ իմ սեր,
հեռու ու բախտակից:
Քո գլխի շուրջբոլոր ամռան շող եմ հյուսում,
Դու ինձ այգ ես ձոնում ու գարուններ նազուն:
Քեզ ակունք եմ տալիս տեսիլքով աստղալից,
Իսկ դու ինձ՝ աղավնի՝
Նոյյան սուրբ տապանից:
Քեզ լուսին եմ ձոնում
Սերբիայից վեր թառած,
Իսկ դու ինձ՝ աղավնյակ՝
Նոյյան նավից թռած:
Ես քեզ՝ վառ ծիածան ու ճախարակ ոսկե,
Որ կտավին հյուսես դու հուրհրան ցոլքեր,
Որ կտավին այդ վեհ, ոգեղեն ու բարի
Արևի պես հառնի ձեռքն իշխան Լազարի:
Լյուբոմիր ՉՈՐԻԼԻՉ
ԱՐԱՐԱՏԻ ԱՅԳԱԲԱՑԸ
Ինձ խոցո՛ւմ է ինչ-որ
մի փուշ ասես,
Օ՜, պատմությո՛ւն, նորից արթուն եմ ես:
Հայոց երկրի արեգակը մովում
Լուսածաղկող ճերմակ նավ է թվում:
Մշուշներից, դարձած ամպե վրան,
Այգ է բացվում Երևանի վրա:
Որպես մի վաղ ծաղկափթիթ գարուն,
Իմ հայացքն եմ Արարատին հառում:
Թափառական մութ ամպերն են լողում,
Արարատն է իմ աչքերում շողում:
Ձյան ճերմակից ես սարսուռ զգացի,
Գագաթները երբ ինձ երևացին:
– Օ՜, Տե՜ր Աստված,- ասի,- արդա՛ր դատիր
Ու թրքացեղ նեռին դատապարտի՛ր:
Պիտի հիշի՛ սրբապիղծն անողոք՝
Թալանվածը անիծված է, իրոք:
Զո՛ւր է տիրել եղածին ուրիշի,
Թալանվածը հետ է գալու, հիշի՛ր:
Նեդելկո ԹԵՐԶԻՉ
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԽՈՍՔԸ ԽՈՐ ՎԻՐԱՊՈՒՄ
Պետք չէ բարձրաձայն
աղոթել այստեղ,
Աղոթիր քո՛ մեջ,
Թող զգա Տերը նաև շունչը քո,
Քո ներկայությամբ
տեսանելի ես դու արդեն Նրան:
Ո՜վ դու ծերունի,
Երբ շրջանցել ես մի դարը արդեն
քո ապրած կյանքի,
Երբ լուսավորյալ ոգին ես
կրում դու իմաստնության,
Երբ ուրիշներին առաջնորդում ես մտքերով դու քո,
Անվարան ասա՝ Զավակն եմ Տիրոջ…
Սուրբ Խոր Վիրապը աղոթք է մի մեծ,
Հավատարմությամբ ու քո սուրբ ուխտով
Դու պարգևել ես Նրան խոսքերը քո ազնվագույն,
Տիեզերական խոսքերդ հզոր,
Որոնցով Տերը մարդկային ցեղն է
երկրին պարգևել…
Դու խոսի՛ր միայն քո ոգու ուժով,
Քանզի բառերդ կարող են նաև
այլ կերպ ընկալվել…
Օլիվերա ՇԻՅԱՉԿԻ
ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԸ
Գեղարդավանքը
ոգին է հայոց,
Լեռներին փարված
մանուկ է կարծես,
Ու լոկ գմբեթն է հայացքը
հառել երկնքին
կապույտ…
Գմբեթից ասես ներս են
թափանցում շողերն արևի,
Որոնցով ձեզ է ողողում լույսով,
Մինչդեռ արբած եք երգ ու աղոթքով…
Ասես լեռնային մի ծաղիկ լինի վանքը Գեղարդի,
Որ պահպանում է գանձարաններում
Բյուր գաղտնիքները անցյալ դարերի…
Ապագա մարդկանց համար են ասես
աղոթքները սուրբ,
Որոնք հնչել են այս սրբավայրում…
Բուրավետ խունկն է քանի դեռ ծխում
գմբեթի ներքո,
Աստծու Աջն է քեզ սիրով շոյում…
Կանգնած ես այնտեղ,
որտեղ աղոթքը դաջված է քարին՝
Ժամանակից էլ հարատև ու հին…
Ալեքսանդր
ԼԱԿՈՎԻՉ
ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ, ԱՉՔԵՐ
Ամեն մի օջախ Երևանի մեջ
Լուսամուտ ունի,
Որը նայում է
Սուրբ Արարատին…
Փշալարերի այն կողմում է նա՝
Մեր նախնյաց հողում, մեզանից խլված.
Բաբկեն Սիմոնյան պոետն է ասում…
Եվ Կոսովոն էլ,
Ասում եմ նրան,
Երկնասլաց է
Արարատի պես…
Եվ ամեն մի տուն,
Հեռու թե մոտիկ,
Իր լուսամուտը կունենա, անշուշտ,
Որը կնայի մեր Կոսովոյին…
Թարգմանությունը
սերբերենից՝
Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆԻ