Օրերս ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ սերբ հրապարակախոս, «Պեշիչ և որդիներ» հրատարակչատան տնօրեն Վեսնա Պեշիչի «Կոչիր ինձ Գարուն» գրքի շնորհանդեսը («Վան Արյան» հրատարակչություն): Գիրքը լույս է տեսել Վեսնա Պեշիչի՝ 2021 թվականին Հայաստան կատարած այցելության արդյունքում, սակայն մինչ այդ սերբ հրապարակախոսը սերբերեն թարգմանաբար հրատարակել էր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունը և Հայաստան էր եկել Պատմահոր գրքի շնորհանդեսի առիթով: Իր իսկ խոստովանությամբ, Խորենացու գիրքն իր առջև բացել է Հայաստանի բոլոր դռները: Այցելության ընթացքում Պեշիչը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել անվանի մարդկանց հետ, եղել է Մատենադարանում, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի, Փարաջանովի տուն-թանգարաններում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Հայոց ցեղասպանության թանգարանում, Գառնիում ու Գեղարդում:
Պեշիչի հայաստանյան առաջին այցը ոգեշնչել է նրան «Կոչիր ինձ Գարուն» գրքով իր տպավորություններն ու խոհերը ներկայացնել սերբ ընթերցողին: Գրքի հերոսներն են Հայկ Նահապետը, Մովսես Խորենացին, Արա Գեղեցիկը, Օրբելի եղբայրները, նաև մեր ժամանակակիցները՝ ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը, Աելիտա Դոլուխանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը, երաժիշտ Արմինե Գրիգորյանը, հայ գիտության նվիրյալ Գրիգոր Վահանյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը, Աիդա Չարխչյանը, նաև պարզ ու հասարակ մարդիկ, որոնց հետ զրույցներից ծնունդ է առել այս ինքնատիպ և ջերմությամբ լի գիրքը: Շնորհանդեսին դրվատանքի խոսքեր ասացին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրքի առաջաբանի հեղինակ Աելիտա Դոլուխանյանը, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, հրատարակիչ Վիլյամ Պողոսյանը: Շնորհանդեսը վարում էր ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, ով սերբերենից թարգմանել է Վեսնա Պեշիչի գիրքը: Նա նշեց, որ սերբ հրապարակախոսի գիրքը մի նոր կամուրջ է Հայաստանի ու Սերբիայի միջև, որով ավելի է ամրապնդվելու բախտակից երկու ժողովուրդների բարեկամությունը: Պեշիչի գրքից հատվածներ ներկայացրեց ասմունքող Գայանե Սամվելյանը: ՀԳՄ նախագահության որոշմամբ, Վեսնա Պեշիչը, որպես պատվավոր անդամ, ընդգրկվեց հայ գրողների ընտանիքում: Նա շնորհակալություն հայտնեց Գրողների միությանը՝ նշելով, որ հետայսու կշարունակի իր հայանպաստ առաքելությունը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ