Երբ Սովետական Միություն էր, Սումգայիթի ոճրագործությունից հետո ԽՍՀՄ մարդասերները հանկարծ զարմանքով, ամոթից կարմրելով իմացան, որ ադրբեջանցի ինչ-որ խուլիգաններ, հայրենասիրական մղումներով, կարող են հայերի սպանել։ Զարմանքն այնքան մեծ էր, որ անգամ Գորբաչովը մի քանի օր ուշացրեց զորքի մուտքը Սումգայիթ, ապա՝ Բաքու, ապա «Կոլցո» օպերացիայով հայերին դուրս քշեց Շահումյանի Գետաշեն և այլ գյուղերից, ապա ուշացավ Լեռնային Ղարաբաղի, հատկապես՝ Շուշիից Ստեփանակերտի վրա գրադի արկերի դեմն առնելու…
Մի խոսքով, շատ մեծ էր զարմանքը, և դա օգնեց հավասարության նշան դնել դահճի և զոհերի միջև։
Այս դիվանագիտական ճարպիկ նշանը պատմական թռիչքներ է ապրում, հիմա էլ Իշխանասարի վրա, հայ գերիներին գնդակահարելու տեսանյութերը հպարտորեն տարածող Ադրբեջանի գործողությունները նույն այն զարմանքն են ծնել ու դրա հետ նաև կես խոսք, կես լռություն Եվրամիության, ԵԽԽՎ-ի, ԱՄՆ-ի բարձր ղեկավարների շրջապատում։ Այս լռությունը նրանք իմաստուն են երևի համարում, սակայն հոգիներում համոզված են՝ հավասարության փորձված, անվնաս, դիվանագիտուն նշան է զոհերի և դահիճների միջև։ Նաև հավատում եմ, որ ամոթից կրկին կարմրում են (հատկապես՝ հինգ երեխայի մայր Ուրսուլա ֆոն դեր Լեյենը) և գազ ու նավթի ադրբեջանական (ասում են՝ ռուսական) հոսքի դեմ լռակյաց մոռանում են ԻԳԻԼ-ի գլխատման, քառատման, գնդակահարման հարազատ ձեռագիրը սերտածներին (պատմականորեն հարևան ազգերի վրա փորձարկած մեծ ու փոքր եղբայրներին) գոնե ժպտալով սաստել։ Այս զարմացածներին են զգուշավոր միացել ՀԱՊԿ-ի մեծավորները, Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը, որը Լոնդոնում ադրբեջանական դեսպանատան վրա ձու կամ պոմիդոր նետածներին էր տեղը դնում։ Ախ, նա էլ՝ զարմանքով լրագրողի հարցին ի պատասխան, վարժ սահում է գալարապտույտ տալով՝ պիտի սպասի հրեշավոր տեսանյութի իսկության հետազոտմանը։ Էս ադրբեջանցիք էլ ի՞նչ գազանություն անեն, որ մեր հարգելի բարեկամներն ու մարդու իրավունքների պաշտպանները զարմանքից բացված բերաններից հոդաբաշխ մի քանի մարդկային բառ ասեն։
Լռելու դիվանագիտությունը ադրբեջանցիներին հավաքել է գիշատիչների սեղանի շուրջ, իսկ աշխարհի բախտը որոշողները եթե չեն էլ մասնակցում այդ քեֆին, ապա համեստ, ժպտերես մատուցողներ են։ Դժվար է սպասել, թե կխանգարեն գործնական պատժամիջոցներով և այլ ոչ հաճելի, դառը կերակուրներով։
Ահա այսպես հավասարության նշանը, դիվանագիտական լռությունը, արտիստիկ զարմանքը աշխարհը վերածել են նավթ ու արյան, գազ ու խղճի վակխանալիայի։
ՄԱԿ-ում, բարեբախտաբար, զսպում են ծափահարության խելահեղ կիրքը։
Բա մե՞նք։ Մենք էլ արդարամտորեն, միամտորեն, դոնկիխոտաբար հողմաղացների տակ սպասում ենք սանչոների հասցեական դատապարտումներին։ Բայց նա՝ Սանչոն, անտարբեր իր էշն է քշում։
Հարգելի՛ ընթերցողներ, ահա այստեղ ևս բացահայտվեց Սերվանտեսի մեծ գրող լինելու հանգամանքն ու մեր զարմանքը՝ նա Դոն Կիխոտի և Սանչոյի, Ռոսինանտ ձիու և էշի միջև հավասարության նշան չի դրել։
Բա՜, աշխարհի մեծ ու սիրելի գրողներ։