Բանաստեղծության հմայքը շատերին է գրավում և մղում ստեղծագործելու՝ այդ ապրեցնող շքեղությանը խորապես հաղորդվելու համար, և եթե արարչական կարողությունները բավարար չեն լինում, ապա լավագույն դեպքում` հեղինակները, էպիգոնության մեջ մնալով, զարմանում են՝ այդ ի՞նչ պատճառով իրենց գիրը չարժանացավ անաչառ գրականագետի և ընթերցողի գնահատանքին:
Լոռեցի Ռաֆ Բարաթյանը բանաստեղծ է՝ ինքնատիպ խոսքով, պատկերներով, լեզվամտածողությամբ, ներաշխարհի ապրեցնող գանձերն ընթերցողին թարմ շնչով մեկնող բանաստեղծ: Բառերի անսպասելի համադրումներով հեղինակին հաջողվում է պատկերային ինքնատիպ համակարգ ձևավորել և ասելիքը մատուցել բանաստեղծ-դերձակի` իր տաղանդով հյուսած շողշողուն բառ-զգեստներով հանդերձավորված.
Հիմա չի քայլում ստվերը լեռան,//Հիմա չեն աճում քարերը ինձ պես,//Ծնվելու օրից որպես բնօրրան//Ինձ է հիշում նա իմ մարմնի մեջ։//Չեմ հառնում հիմա ինքս իմ միջից,//Քարից եմ հիմա ինքս ինձ մերում,//Որ լեռը իրեն մոտենա մի քիչ,//Որ լեռն ընծայի մի օր ինձ ներում…:
Բանաստեղծին հեշտորեն է տրվում իրեն բնորոշ աշխարհի գույներն ու մոգություններն անխաբ ներկայացնելու արվեստը՝ արարման ակունքի անարատ զվարթալույսով:
Սա քրիստոմատիկ բանաստեղծություն է, որից շատ կգտնեք Ռաֆ Բարաթյանի գրքում, որոնց պատկերների թարմությունը հաղորդակից կդարձնի անշոշափելի երևակայության հեռավոր սահմաններին.
Լույսի գավաթը լցվող մթություն,//Շուրջը՝ ծերացած տապանաքարեր,//Հասակս հագին ոռնացող մի հուշ//Իմ կանչերից է սովորել քայլել://Արտաշիրմում է նա ինձ ամեն օր,//Որ իմ մարմինը տա իր երազին,//Որ ավերակը՝ լռությամբ իմ մոր,//Խաչակնքելով դարձս երազի…
Բանաստեղծների մի փոքր խումբ, որոնց մեջ նաև Ռաֆ Բարաթյանն է, այս հակասական ժամանակահատվածում, լինելով ջահակիրը հայ գրականության, թույլ չի տալիս, որ պարապ մնա ոգեղեն դաշտը, և մարդուն մարդ պահող արժեքները շրջանցող գոյանքներին չի թողնում` նյութեղեն ճիրաններով փակեն Աստծուն հաղորդվելու ճամփաները:
Թերևս ժամանակավրեպ կլինի ասել՝ շնորհավորում ենք Ռաֆ բանաստեղծի մուտքը հայ գրականություն, բայց ճիշտ ժամանակն է հաստատելու, որ հեղինակի կողմից ձևավորվող մոլորակն այլևս փաստ է, որն իր ապրեցնող պտույտներով ոգեղեն զվարթանք է փոխանցում շուրջբոլորը։
Պաստեռնակի պես Ռաֆ Բարաթյանն էլ հասկացել է, որ բանաստեղծելը խաղ չէ, այն իր ողջ կյանքն է կլլելու, բայց Պաստեռնակի պես՝ «Թե իմանայի վերջն ինչ կլինե,// Երբ դեռ առաջին քայլն էի անում…», Ռաֆ Բարաթյանը զղջման չի գնում.
Բանաստեղծությո՛ւն, ինձ ո՞ւր ես տանում,//Ո՞րն է քո ճամփի կանգառը վերջին,//Դու՝ ճերմակահեր, ես՝ քո չափ մանուկ,//Հետս խաղալ եմ ուզում ես կրկին։//Ո՞ւր ես դու տանում ինձ ոտաբոբիկ՝//Ձյունե բառերիդ ոլորաններով,//Մեղաս դարձրած մի ձնագնդիկ՝//Գլորում ես քո տողն ի վար այսօր։//Որտե՞ղ ենք հասել, բանաստեղծությո՛ւն,//Ինչո՞ւ է խաչդ ինձ փնտրում հիմա.//Մի՞թե ես էի ճամփիդ կաթկթում,//Մի՞թե դու էիր միակ քահանան…
Քայլի՛ր բանաստեղծության ճանապարհով, պատվով կրի՛ր քո բաժին խաչը և վստահ եղիր, որ շատ հոգիներ կփրկես կուրանալուց:
Խաչիկ
ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՔՆԱՏԻՊ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԹԱՐՄՈՒԹՅԱՄԲ
