Գագիկ ԽԱՉԻԿՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
– Ծո՛, երգից վեր հեչ բան չկա,- այսպես է բանաձևել իր գեղագիտական հավատամքը գյումրեցի բանաստեղծ Արա Արթյանը (1952-2021)։ Մեջբերված տողը վերցրել եմ նրա « » հատընտիր բանաստեղծությունների ժողովածուի «Գյումրի» վերնագրով բանաստեղծությունից: Ժամանակակից հայ պոեզիայով հետաքրքրվողներին սա ծանոթ քերթված է, այն հեղինակը գրել է հարազատ քաղաքի բնակիչների առօրյա-խոսակցական լեզվով, որը Կարնո բարբառի Գյումրվա խոսվածքն է: Բանաստեղծի միտումն ակնհայտ է՝ հանրապետությունում հայտնի իր ծննդավայր-քաղաքի, նրա հանդեպ սիրո ու այստեղ ձեռք բերած աշխարհաճանաչողության, կյանքի իմաստավորման մասին գրել նրա բնակիչների ունկերին ախորժ ու բարեհունչ բարբառով: Արթյանին այդպես ևս հաջողվել է արտահայտել իր համար կենսական ու գեղագիտական նշանակություն ունեցող կարևոր պատկերացումներ: Նա գրել է գեղարվեստական տպավորիչ խոսքով, խորիմաստ ձևակերպումներով: Բանաստեղծությունը, հետևաբար, սիրելի, հոգեհարազատ միջավայրի, անցյալի ու ներկայի դիպուկ դրամատիկ-ողբերգական իրողությունների, պոետի ներհուն, տաք հոգու, քաղաքի ու քաղաքացիների հանդեպ սիրո ու գնահատանքի, նրանց ու իր կեցության իմաստավորման մասին է: Քաղաքին ու ընթերցողին ուղղված անմիջական, սրտաբուխ խոսքի, պատկերների համակարգում ծփում է գյումրիական միջավայրը, սեղմ, հատկանշական դրվագներով ու արհեստավոր-բնակիչներին, նույնիսկ ֆայտոնի ձիուն ուղղված խոսքով.
«Պտի մնամ ես գյումրեցի,//Երգե հետս Ձորի՛ Բողազ,//Հետս երգե, ֆայտոնչո՛ւ ձի,//Օր կնուտի տակ չդողաս»:
Հեղինակը յուրովի է արձագանքում քաղաքի կորուստներին (մշակութային գեղեցիկ արժեքներ, ավանդական կենցաղ ու բարքեր ունեցող անվերադարձ անցյալ, 1926 թ. աղետաբեր երկրաշարժ) և այնուամենայնիվ արտահայտում է իր լավատեսությունը քաղաքի ներկայի ու ապագայի հանդեպ, այդ ամենը երգի վերածելու հնարավորությունը.
«Հե՜յ, ֆռնչի՛ք, հետս երգեք,//Ընբես երգեք, օր քեֆս գա,//Գյումրին չկա, տեղը վերք է,//Ծո՛, վո՞վ պըտի վրեն սգա»:
Քաղաքի անցյալի մեջ նա տեսնում է սովորական արհեստներով զբաղվող գյումրեցիների հոգևոր ներուժը, որը նպաստավոր պայմաններում կարող է ավելիին հասնել: Այս առումով նա գրում է. «Դալլաքներդ դառան պոետ,//Դոխբազներդ՝ պրոֆեսոր»: Եվ այստեղ չեմ կարող չանդրադառնալ այս տողերի առիթով կատարված մի մեկնաբանությանը: «Գյումրի» բանաստեղծությունը արժանացել է քիչ հանդիպող մի ճակատագրի: Ծնունդով գյումրեցի, ժամանակակից ճանաչված արձակագիր Վահրամ Մարտիրոսյանը երևանյան հեռուստաալիքներից մեկով մի քանի երիտասարդների հետ այն քննարկման առարկա էր դարձրել: Նախաձեռնողը և երիտասարդ մասնակիցները քերթվածի մասին մի շարք դիպուկ մեկնություններ են կատարում՝ նկատի ունենալով բարբառով գրված լինելու հանգամանքը, քառատող տներով և հաջող հանգավորման գեղեցկությունը և այլն: Սակայն ինձ համար անընդունելի է այն մեկնաբանությունը, որ տալիս է Վ. Մարտիրոսյանը վերևում մեջբերված տողերի կապակցությամբ: Նրա կարծիքով` պոետը նկատի է ունեցել Գյումրիում մտավորականների երկու սերունդների ճակատագրերը: Հին սերունդը խորհրդային իշխանությունների կողմից 1930-ական թթ. ոչնչացվել էր ստալինյան տեռորի հետևանքով, իսկ նոր սերունդն իր ճարպկությամբ, հարմարվողականությամբ և այլ զարտուղի ճանապարհներով կարևոր տեղեր էր զբաղեցրել ապօրինի կերպով՝ դառնալով պոետ ու պրոֆեսոր: Այստեղ նման հակադրության հետքեր ես չեմ տեսնում: Ընդհակառակը, պոետը ցանկացել է արհեստներով ու արվեստներով տարածաշրջանում ճանաչման արժանացած իր քաղաքի բնակիչների մեջ տեսնել նրանց ընդունակությունների զարգացման տարբեր փուլերը: (Այս միտքը հաստատող լավագույն օրինակներից է Հովհաննես Շիրազը, որ իր մանկության շրջանում զբաղվել էր ամենատարբեր կենցաղային զբաղմունքներով ու արհեստներով. ջուր էր ծախել, կոշկակարի աշակերտ էր եղել և այլն, իսկ երբ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, նա բացահայտեց իր բանաստեղծական տաղանդը): Կյանքն ընթանում է քաղաքում իր կենցաղի հարուստ բազմազանությամբ (և՛ ուրախություն կա, և՛ տխրություն ու սուգ) ու այդ ամենի մեջ բանաստեղծը կարևորում է երգի, այսինքն՝ արվեստի բազմիմաստ նաև հոգեբուժիչ նշանակությունը, որը կարող է մեղմել ցավը, վիշտը, լավատեսություն, կենսասիրություն ներարկել լսողի հոգու մեջ.
«Թե մարդ եք դուք, հետս երգեք,//Զլեք զուռնեն, օր քեֆս գա,//Գյումրին չկա, տեղը վերք է,//Ծո՛, վո՞վ պըտի վրեն սգա»:
Իսկ վերջին քառատող տան մեջ Արթյանը ծանոթ, սակայն դիպուկ արտահայտչականությամբ է իմաստավորում արվեստի (երգի) նշանակությունը մարդու, գյումրեցիների կյանքում՝ ընդգծելով արվեստը սիրելու, նրան նվիրված մնալու իր ցանկությունը, որի շնորհիվ անմահանում են դրանց ստեղծողները: Ուստի, հաջորդ սերունդների մեջ հիշվելու համար հարկավոր է ունենալ, արարել սեփական երգ, ստեղծագործություն, որը մարդու կյանքն իմաստավորող ու նրա մասին հիշատակ թողնող գործոն է, ուստի.
«Հի՛ն գյումրեցիք, թե չեք երգե,//Էն աշխըրհքեն չեք կրնա գա,//Գյումրին չկա, տեղը մենք ենք,//Ծո՛, երգից վեր հեչ բան չկա»:
Ու տունն ավարտվում է՝ ազդեցիկ հնչող ամփոփիչ տողով, որը բանաստեղծ Ա. Արթյանի գեղագիտական իդեալի բարձրակետն է, ուր արվեստը դիտվում է իբրև աշխարհաճանաչողության բարձր հարթակ, կենսաձևի ու կենսափիլիսոփայության պատկերավոր արտահայտություն: Ծննդավայր քաղաքի՝ Գյումրու նկատմամբ բանաստեղծի սերը և համաքաղաքացիներին, հետևաբար նաև ընթերցողին ուղղված՝ ստեղծագործական ընդունակությունների զարգացմամբ անմահանալու, հիշվելու իմաստուն խորհուրդը, ի վերջո, ընկալվում է նաև հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության, նրա ներկայի ու ապագայի հանդեպ մտահոգության ու հիացմունքի հավաստիացում: Այս առումով նա արձագանքում էր մեր գրական մեծերի՝ մասնավորապես Ե. Չարենցի, Գ. Մահարու, Ա. Բակունցի, Մ. Արմենի, Խ. Դաշտենցի գրականության մեջ գյումրիական թեմատիկայի ավանդույթին, մեր պոետի դեպքում՝ բանաստեղծական խոսքով:
Ծննդավայր-քաղաքի թեմային պոետն անդրադարձել է նաև «Առավոտյան տրիոլետ» քերթվածում, ուր Գյումրու հանդեպ հոգևոր կապն ու սիրահարվածությունն արտահայտել է անմնացորդ նվիրվածության զգացումով, թեև քաղաքի կյանքում ամեն ինչ չէ, որ ներդաշնակ է ընթացել նրա համար: Թերևս բանաստեղծը արժանիորեն չի գնահատվել, իր համար տաք ու պաղ օրեր են եղել, իրադարձություններ, որոնք նաև դառնություն են առաջ բերել նրա հոգում՝ դժգոհություն ըստ արժանվույն գնահատված չլինելու պատճառով: Բայց և այնպես բանաստեղծի քնարական հերոսը, որը նա ինքն է, շարունակում է նվիրված մնալ հայրենի քաղաքին, որովհետև իր ընդունակությունների լիարժեք կայացումը նա տեսնում է նրա մշակութային կյանքի ու մթնոլորտի տիրույթում։ Բացի այդ, ծնողի հանդեպ քեն չեն պահում, այլ՝ ձգտում են սեփական ընդունակությունների նորանոր բացահայտումներով արժանանալ նրա խրախուսանքին ու գովասանքին: Ուստի, նա գրում է.
«Իմ քաղաքի՛ առավոտ, քարի՛ վրա թխած հաց,//Քեզ չեմ նետի ես գետին, թեկուզ ափերս վառես,//Իմ մեջ ապրող լույսը ողջ լոկ դու պիտի սպառես,//Իմ քաղաքի՛ առավոտ, քարի՛ վրա թխած հաց»:
Համաշխարհային և ազգային գրականությանը լավագիտակ Ա. Արթյանն իր ստեղծագործական սկզբունքների և ընդունակությունների մեջ դրսևորում է նաև որոշ նախասիրություններ, որոնցում անհատական տարերքին ձուլված՝ իրենց զգացնել են տալիս որոշակի ավանդույթներ, որոնք առնչվում են մասնավորապես Ֆրանսուա Վիյոնի, Ուոլտ Ուիթմենի, ճապոնական հոքուների ու թանկաների ձեռքբերումների հետ: Բանաստեղծն, այնուամենայնիվ, ձգտում է մնալ ինքնուրույն և ընթերցողին ներկայանալ պատկերավոր, տպավորիչ, սեփական ճաշակով ընտրված պոետական խոսքով: Նրա բանաստեղծություններում զգացնել է տալիս նաև սյուրռեալիստական ոճամտածողության ազդեցությունը, որի ինքնատիպ կիրառումներով ձգտում է հասնել լիարժեք գեղարվեստական-բանաստեղծական արտահայտչականության և ինքնաբացահայտման։ Կեցության ճանապարհի ու հասարակական կյանքում եղած աններդաշնակության հաղթահարման ու գեղագիտական իդեալին հասնելու մասին իր ընթացքն ու մտահոգություններն է բացահայտում «Բալլադ հազարան հավքի և կրտսեր արքայորդու մասին» քերթվածում: Արքայորդի քնարական հերոսի ճանապարհին սպասվող անհեթեթ իրողությունը կյանքի ներդաշնակ զարգացման խոչընդոտներից մեկն է, որի մասին արտահայտվելիս պոետն օգտագործում է դատապարտելի երևույթը բնութագրող ժողովրդական հայտնի թևավոր խոսքը.
«Ճամփա ընկիր: Ու կհասնես//Դու դռների մոտ անծանոթ,//Ուր դրված են ասես դիտմամբ//Խոյի դեմ՝ միս, գայլի դեմ՝ խոտ»:
Բանաստեղծի գեղագիտական ու հասարակական իդեալը ձգտում է հասնել նման անհեթեթության վերացմանը: Այլ կերպ եթե ասենք, նրա պատկերացմամբ ամեն մարդ իր տեղում պետք է լինի, ամեն մարդ իր իմացած գործով պետք է զբաղվի, մարդիկ պետք է գնահատվեն ըստ իրենց ընդունակությունների ու արժանիքների: Ուստի, քերթվածի մեջ նա վերականգնում է կյանքի աններդաշնակությունը.
«Միսը՝ գայլին, խոտը՝ խոյին,//Ու երբ ամեն իղձ հագենա,//Կշողշողա հավքն հազարան//Եվ այլևս՝ հար քոնն է նա»:
Բանաստեղծն ունի կյանքի մասին իր պատկերացումը, իսկական, լիարժեք ապրելու մասին իր տեսլականը, ի վերջո, իր գեղագիտական իդեալը: Այդ դիտանկյունից էլ նա յուրովի էր տեսնում իր կյանքի ելևէջներն ու սիրո առեղծվածի հախուռն, բուռն, նաև իրատեսական դրսևորումները։ Այդ ամենի մեջ բացահայտվում է դրամատիկ, հուզիչ, կորուստներով ու վերագտնումներով ընթացող կենսապատումի տիրույթում սիրո և՛ պատմություն, և՛ զգացողությունների, ապրումների, ցավի ու տառապանքի արձագանքներ։ Հաղորդակցվենք դրանց գեղարվեստական արտահայտություններին պոետի բանաստեղծական տեքստերի միջոցով:
Իր կյանքի հախուռն ընթացքի մեջ, երազանքների, գեղեցիկի իր պատկերացումների տիրույթում, իր սերերի հետ հանդիպումների ու բաժանումների դրվագներում ուրվագծվում է քնարական հերոսի՝ մարդկային հակասական որակներից միահյուսված և դրանց հակադրամիասնություն հանդիսացող կերպարը, որի մասին պոետը գրում է. «Ոչ մարգարե, ոչ անառակ-//Կիսաճամփիս եմ մոտենում,//Ոչ աստված եմ դառնում արագ,//Ոչ էլ կարգին մարդ եմ մնում://Փորձած հազար ճակատագիր,//Ո՞ւր եմ հասել՝ ինձ մի՛ ասա,//Թռչուններով լեցուն երկինք,//Ուր լոկ կյանքս ես չտեսա»:
Կյանքն, այնուամենայնիվ, իր իրական ընթացքն ունի, և բոլորն են ենթակա տարիքի հետ ճերմակելու օրինաչափությանը, միայն թե ամեն ոք յուրովի է ընկալում իր հասունացումը, ոմանք սպիտակելով իրենց ծերացած են զգում, իսկ ոմանք էլ… Լսենք պոետին.
«Արի գինով ցավը փակենք,//Մեր սեղանին՝ համբույր ու հաց,//Թե օրենք է, որ ճերմակենք,//Թող նմանվենք ծառին ծաղկած»:
Քնարական հերոսը ամեն տարիքում է իրեն երիտասարդական կենսունակությամբ լեցուն զգում: Այդպիսի կենսասիրությունը նրան մղում է ասելու, որ. «Կայարաններ են ինձ կանչում՝//Աղջիկների պես պառաված,…Ու չեմ դառնա ես ընտանի, Թե պառավում է դիցուհին,//Թող սատանան նրան տանի»: Բուռն տենչերին, գեղեցիկ երազանքներին հետամուտ պոետը նաև իրատես է, այդ ամենը երկրային կյանքի, սիրո իրական հաճույքի ու ներդաշնակ կեցության մեջ սիրած աղջկա հետ վայելելու հետամուտ:
Կյանքի իմաստի հետ իրենց առնչություններն ու հայտնագործությունները կատարելիս պոետները կամա թե ակամա հաճախ խորքային ձեռքբերումներ են ունենում սիրո թեման արծարծելիս։ Ա. Արթյանն այս ճանապարհով ընթանալիս ևս յուրովի է հայտնաբերել ապրելու իրեն առաջ մղող ուժերը, խթանները, հիասթափությունները, ոգևորությունները, սերը ճաշակելու հաճույքը, հակասական զգացողությունների դրամատիզմը։
Իրականությունը, սակայն, անկանխատեսելի անակնկալներ է մատուցում իր դրամատիկ ու ողբերգական զարգացումներով, ստիպում մտածել դժոխքի ու դրախտի, հանդերձյալի ու իրական կյանքի մասին: Այս ամենի առնչությամբ ստիպված է մտածել-մտորել ու արտահայտվել «…Եղերերգ ինքնասպան ընկերուհուս մասին» քերթվածում: Երկու հարյուր դեղահաբերից մահացած ընկերուհու մահվան անհասկանալի պատճառը հոգետանջ խորհրդածությունների տեղիք է տալիս: Պոետի ընկալմամբ ու գնահատմամբ՝ սիրած աղջկա ինքնասպանությունը ուժեղ բնավորություն ունենալու և սակայն անհեթեթ ընտրություն կատարելու արտահայտություն է. «-Ես կողքիդ եմ՝ անզոր-խելոք,//Բայց ո՞ւր ես դու՝ զորեղ-հիմար»: Լույսի վերածված սիրելին թեև զորեղ է իր կամքի ուժով, սակայն նրա արարքն, այնուամենայնիվ, անիմաստ է, չի արդարացնում իբրև հոգեկան ծանր իրավիճակից դուրս գալու ելք: Անհասկանալի է մնացել սիրած աղջկա մահվան հոգեբանական բուն պատճառը նույնիսկ նրան սիրող տղային: Նրանց հարաբերություններում անմեկնելի հարցականներ են եղել, որոնք մեկնաբանվելու կարիք են ունեցել, որը դժբախտաբար չի կայացել: Մահացած սիրած աղջկան «զորեղ-հիմար» օքսիմորոնին մերձ համեմատությամբ տրված բնութագիրը ընդգծում է նրա կերպարի մեջ դրսևորված ուժեղ ու թույլ կողմերը: Հոգում մոլեգնող զգացմունքը չի թողել, որ գտնվի կյանքում սիրային խնդիրը լուծելու իրատեսական մի այլ ճանապարհ, քան սիրած երիտասարդին իր մահով ցավ ու ափսոսանք պատճառելու՝ իրեն չարդարացնող միջոցը:
Պոետի քնարական հերոսը, որ ինքն է, շարունակում է աշխարհի տպավորությունները, սիրո ելևէջները վերածել անսպասելի համեմատություններով, այլևայլ արտահայտչամիջոցներով ստեղծված ներաշխարհային վերապրումների: Այդ ամենի մեջ աշխարհիկ, երկրային սերը երևակվում է ուրույն նրբերանգներով, որոնք բացում են մարդու ներքին կյանքի բազմագույն, շարժուն, բազմակերպ դրսևորումները՝ երկրային իրերից ու կենդանիներից մինչև տիեզերական մարմինները: Այս առումով առանձնանում է կնոջը՝ Շնորհիկին ընծայագրված «Կերպարանափոխություններ» վերնագրված, 15/ԺԵ/ մասից բաղկացած բանաստեղծությունների շարքը, որտեղ 14-ը սոնետի կառուցվածք ունի։ Թեմատիկ առումով դրանք չեն շարունակում միմյանց, այլ՝ յուրաքանչյուրի մեջ պոետը բացահայտում է անձնական փորձառությամբ ունեցած սիրո առեղծվածի իր ընկալումը, հոգեբանական ու գեղագիտական զգացողությունների այն բազմերանգությունը, որը, ի վերջո, իմաստավորում է այս դեպքում տղամարդու անհատական կյանքը, մղում տեսնելու կյանքի բարդ ելևէջումները, վայրիվերո ընթացքները և, ի վերջո, իրականության մեջ ներդաշնակ ապրելու այն զգացողության գաղտնիքը, որը կարողանում է բացահայտել այդ ամենը գիտակցող ու գեղարվեստական պատկերներով մեկնաբանող պոետը: Նա փորձում է ինքնատիպ մնալ սիրո խոստովանությունների ու բացահայտումների իր ներկայացրած տիրույթում՝ արտահայտելով իր ընկալումներում սիրած աղջկանից կամ կնոջից ստացած զգացողություններն ու պատկերացումները: Այդ նպատակով օգտագործում է հակադրամիասնություններով աչքի ընկնող համեմատություններն ու օքսիմորոնները, չափազանցություններն ու փոքրացումները (լիտոտա), որոնց շնորհիվ, թվում է, առանձին իրադրություններում, զգացմունքային-հոգեբանական նկարագրով ամբողջանում են միմյանց սիրող կողմերը. «քո ծիծեռնակը ջրվեժի թևեր ուներ,//իմ ջրվեժը սրտիկ ուներ ծիծեռնակի»: Չի հրաժարվում ռոմանտիկական ինքնախոստովանություններից.
«…և նետել եմ ես աշխարհին և՛ խինդ, և՛ վիշտ,//ինչպես վերջին դրամներն են տալիս մեկին»:
Սիրած կնոջը իր նվիրվածությունը ևս արտահայտում է կրկին յուրովի.
«Եթե իրոք, սա մի վազք է, որ չունի վերջ,//Թող սկյուռի պես պտտվեմ օղակիդ մեջ»:
Ուշագրավ են բանաստեղծի խոստովանությունները սեփական սխալների մասին. «Եվ ինձ պիտի սխալներիս համար սիրեն»: Մարդն ընդհանրապես և բանաստեղծը մասնավորապես իր սխալներով մարդկայինի մի այլ կերպի մեջ, ոչ բոլորի կողմից ընդունված ձևով է ներկայանում, ուստի, ակնկալում է որոշակի փոխըմբռնում: Իսկ պոետի մեղքերը կամ սխալները ներվում են, քանի որ նա, ի վերջո, հայտնվում է նաև մեծ սիրո հմայքի, նրա մղած նոր աշխարհաճանաչողության ու հակադիր զգացողությունների ներդաշնակության մեջ: Ուստի, խոստովանության պես են հնչում.
«Ես լուսաբաց դառնալուց զատ էլ ի՞նչ անեմ,//Սերը միակ ճշմարտություն թող ընդունեմ://Ես չեմ եկել: Ես եղել եմ: Եղել եմ միշտ://Քո մազերը թող գիշերում կրակ ծնեն,//Որ անձրևի տակ սիրտս կրկին բոցավառվի,//Նետվեմ գիրկդ ես մաքրությամբ գարնանային»:
Աշխարհաճանաչողության այդ նոր տիրույթում պոետը նոր պատկերավոր, բանաստեղծական ընդհանրացումներ, հոգեվիճակներ է հայտնաբերում՝ անսպասելի և ավանդական ընկալումների ուրույն վերիմաստավորումներով.
«Սերը անվերջ վերադարձ է հին ափերին,//սեր են նավերն, ու սերն արև է երկնքում,//սեր են ձկներն, ու սեր՝ հավքի ձայնն ի ծառին,//ես սրինգ եմ, և ինձ լոկ սերն է նվագում»:
Բանաստեղծի սիրող հոգին ռոմանտիկ ինքնախոստովանությունների և սիրելիին նվիրաբերման տարբերակներ է հայտնաբերում, որոնք իրենց վճիտ ու պարզ իմաստով էլ հենց վկայում են ներքին ապրումների խաղաղ խորության ու ոգևորիչ վերսլացումների մասին.
«Ես քեզ համար վառվելուց զատ էլ ի՞նչ անեմ,//ես հարուստ եմ – սիրուց բացի ոչինչ չունեմ»:
Սերը դառնում է նաև ստեղծագործական-գեղագիտական խնդիրներ լուծելու յուրօրինակ միջոց. «համակ ցավը համակ սիրո դու վերածիր,//որ անցողիկը երգի մեջ անմահանա»: Շարքի վերջին տներում կրկնություններ շատ կան, որոնք ցանկալի չէր, որ լինեին: Իսկ սիրո պոետական ինքնախոստովանությունները վերջին տան մեջ ավարտվում են նաև այսպիսի դրամատիկ, նաև ներդաշնակ աշխարհահիացման զգացողությամբ.
«Ես չեմ եկել – ես ծնունդն եմ ու մահը քո,//Լույս է հավետ-չկա գիշեր կամ երեկո,//մանուկ երազ, ձեռքս բռնած ո՞ւր ես տանում…//Եղջերուներ են արածում մեր բարձի տակ,//Սերն ասում է՝ այժմ և միշտ իրար գտաք,//Կայծակներն են այսպես հողում հանգստանում»:
Կարելի է նաև այս տողերը համարել սիրո թեմայով բանաստեղծությունների այս շարքի համար գեղարվեստական ինքնարտահայտման ավարտ: Մյուս կողմից, գյումրեցի մեր մեծ բանաստեղծի՝ Ա. Իսահակյանի «Ալագյազի մանիներում» է արտահայտվել հետևյալ՝ ընդմիշտ վերապրող միտքը, թե «Սիրու հեքիաթը վերջ չունի…»:
Արա Արթյանի ներաշխարհը լայն պատկերային համակարգերի դրսևորումներով ներկայացված գեղանկար դաշտ է, ուր իր կյանքն ու անցած ճանապարհը նա իմաստավորում է տարբեր դիտանկյուններից: «Գազել-խաղլացավի ու սիրո հետ (ժողովրդական)» բանաստեղծության մեջ հետադարձ հայացքով անդրադարձ կա իր անցած կյանքի ու ներկայի մասին, որտեղ գազելի բանաստեղծական ձևն օգտագործելով՝ աշուղական ոճով ու գյումրվա բարբառ-խոսվածքի որոշ արտահայտությունների օգտագործմամբ բանաստեղծական ինքնախոստովանություններով է ներկայանում ընթերցողին։ Կյանքի կարճատևության, աշխարհահիացման իր կենսազգացողությունների պատկերավոր դրսևորումները ավանդական բանաստեղծական ձևի մեջ արդիական հնչեղություն ունեն: Նրան մերթ թվում է, որ «Ծիծեռնակի խմած պուտըմ ջրի նման» իր կյանքն անցավ, մերթ աշխարհի կենսահաստատ ռիթմի ու կենսուրախության, ամեն գոյի դրսևորումների ու կեցության ամենաբազմազան իրողությունների մեջ է տեսնում իրեն.
«Ու էլ հիմի կթվա ինձ, թե մեկ ուրիշ կյանքում եմ ես,//Ուր աչքերըս բաց են ընդմիշտ, և ուր ընդմիշտ անքուն եմ ես,//Ու ամեն մի գոյի սրտում տրոփելով համատարած՝//Հսկայական մի զանգի մեջ հավերժորեն զնգում եմ ես»:
Իմ համոզմամբ՝ Ա. Արթյանը պատկանում է այն բանաստեղծների տեսակին, որոնք կեցության հիմքերն ու կեցության արատները սևեռուն կերպով մերկացնելու ու քննադատելու փոխարեն ավելի շատ հակված են փառաբանելու այն աշխարհը, որտեղ ապրում է սիրելու, նվիրվելու ընդունակ մարդը, ինքը՝ իբրև հայ, գյումրեցի բանաստեղծ: Աշխարհահիացման ու կենսասիրության իմ կողմից նկատված վերոնշյալ դրսևորումները նրա բանաստեղծություններում պայմանավորված են պոետի՝ կեցության հանդեպ ձևավորված համապատասխան աշխարհայացքով ու կենսադիրքորոշմամբ: Այն ունի նաև իր տեսական հիմնավորումը. «Այդպիսի մտածողության իմաստն այն էր, որ կյանքի գործընթացները անհրաժեշտ է դարձնել կառավարելի՝ կեցության կրկնվող առաջին օրինակների հիման վրա» (Марков Б.В.)։
