Արձակագիր Պերճուհի Ավետեանը տասը տարի առաջ է հաստատվել Հայրենիքում և մեր գրական միջավայրի սիրելի անուններից է։ Անթիլիասի գրական մատենաշարով 2021 թ. լույս տեսած նրա «Մատնահետքեր» ժողովածուն վերջերս եմ ընթերցել, և՝ անկախ որ գիրքը կառուցվածքով ներկայանում է հուշագրության, հրապարակագրության, գեղարվեստական և երգիծական ժանրային բաժիններով, խոստովանեմ՝ ընթերցումիս ավարտին այն իմ ներսում ամբողջացավ որպես հեղինակի կենսավեպ։ Բնական է՝ դա իմ մասնավոր զգացողությունն էր, և պատճառը գուցե մեկ շնչում ընթերցելով նույն կտավի վրա միանգամայն առանձին պատմություններ մտովի մեկտեղելու մեջ էր, բայց սա վկայություն է այն մասին, թե Պերճուհի Ավետեանը նաև վեպի ժանրին է տիրապետում, և ո՛չ միայն այն պատճառով, որ գրքի զգալի մասը վավերագրական հիմքով է, այլ՝ նախ և առաջ առանցքային կերպարի վիպականության, կերպարների բազմազանության, նրանց ներքին կապերի և իրադարձությունների շարունակական զարգացման, ժամանակային անցումներում այս ամենի օրգանական ներհյուսման շնորհիվ։
Ինչ խոսք, սա անվերապահ պնդում չէ, թե գրքի պատմվածքներից շատերը, որ անկախ ու ինքնուրույն պատմություններ են՝ տեսնում եմ որպես կենսավեպի գլուխներ, սակայն դրանք ևս անմասն չեն հեղինակի կենսաչափական միջավայրի հարազատ գծերից և գալիս են լրելու նրա ընդարձակ հայեցումի շրջանակը։ Այսուհանդերձ, ո՛ր կողմից էլ մոտենալու լինենք Պերճուհի Ավետեանի գրին՝ ըմբռնելու-վերլուծելու գեղարվեստական, բարոյահոգեբանական, իմաստասիրական՝ բոլոր-բոլոր առումներով, միևնույն է՝ այս գրքի առանցքում ճանաչելու ենք համառ կամքի տեր Մարդուն՝ գրողին, և նրա խոսքի առանձնահատկությունը ճաշակելու ենք լեզվի միջոցով, Պերճուհի Ավետեանի հյութեղ արևմտահայերենով, որն անխզում շարունակողն է արևմտահայ գրականության ավանդույթի՝ Թոթովենցից մինչև սփյուռքահայ այնպիսի երևելիներին փոխանցված, ինչպես Համաստեղն ու Արամ Հայկազը, որոնց գրականության հետ ես ներքին ավելի սերտ մտերմության մեջ եմ տեսնում Պերճուհի Ավետեանի գիրը։
Այսպիսով, «Մատնահետքեր» ժողովածուի՝ իմ ներսում ամբողջացող վեպի ողնաշարը «Կար ու չկա» խորագրով օրագրային պատումն է՝ գերլիցքավորված պրկումով ու զարգացումներով պատերազմի իրողությունն անմիջականորեն վավերագրող և հերոսի ներքին ապրումի ու մտածումների հետ ընթերցողին փոխանցող։ «Արաբական գարուն» կոչվող՝ մեծ տերությունների բեմադրած ներկայացումն այստեղ հենց առաջին դրվագով բացում է վարագույրը. «Ո՞վ կրնար պատկերցնել, թէ կայուն այս երկիրը պիտի տատանէր գերիշխող պետութիւններու ծանր հարուածներուն տակ ու սայթաքէր՝ դառնալով մեծ պետութիւնների խաղալիքը» (էջ 60), իսկ աշխարհաքաղաքական այս կարևոր դիտարկման ետևում մարդկային պարզ տարակուսանքն է, թե՝ ինչպե՞ս ապահով ու խաղաղ հայկական թաղամասը, որ ծննդավայր էր, հայրական տուն ու եկեղեցի՝ մեկ օրում լցվեց «Ալլահ ու աքպար» կանչող ահաբեկիչներով ու դարձավ Հալեպի ամենավտանգավոր ներքին սահմանագիծը, և Պերճուհու գրչի տակ անուն են առնում բոլոր խութերը, որոնք անհեթեթորեն հրահրված ներքին պատերազմի դիմակը պատռելով առերեսում են պատերազմի ծանոթ ու անծանոթ հրեշի իրական այլանդակությանը, և դրա հոլոգրաֆիկ պատկերը մտքում կրողին հետապնդելով՝ անտանելի են դարձնում «թակարդաւոր լռութիւնը»՝ կանխազգացումի ու ավերածության միջև վտանգի հոտառությունը լիարժեքորեն փոխանցող։
«Խոշոր հարցական մը, ո՞ւր է մարդկութիւնը, մարդի՛կ։ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԼՌՈՒԹԻՒՆ» (էջ 41),- ընդգծում է Պերճուհին։ Նա ասես հայելի է պահում մեր առջև, ուր կատարվածի նմանողությամբ շատ բան կրկնվում է, նաև՝ հացի, ջրի, վառելիքի, էներգիայի չգոյությամբ կտրուկ սրվող պահանջը, որ բանաձևել է տալիս ճշմարտություններ՝ «…ճարպիկները կը դառնան պատերազմի հարուստներ» (էջ 53), «…պարկեշտները կը ճնշուին, կը տուժեն» (էջ 41), և այս իրավիճակում որքան փնտրված ու հուսադրող են աջակցության պատրաստ եզակիները, ինչպես հայազգի խանութպանը՝ մառանից բխող ստորգետնյա ջուրն անհատույց տրամադրող, երբ գետի աղտոտ ջուրն անգամ վաճառվում է։
Զարմանալու քիչ բան կա պատերազմական օրերին՝ օգնության ակնկալիքով ապահովները կարոտյալ են ձևանում, իրենց արու զավակներին ապահով երկրներ ուղարկողները նվիրվածության քարոզներ են կարդում, իսկ զինվորի «կեանքի նիւթական արժէքը մէկ հատիկ կապար է, բարոյականը՝ նուիրուածութիւն, հայրենասիրութիւն եւ, բախտաւոր պարագային, փառաւոր թաղում…» (էջ 36)։
«Ընդդիմադիրները քաղաքին ալիւրը յափշտակած, տարած ու չնչին գինով վաճառած են հարեւան երկիր, նաեւ՝ հազարաւոր գործարաններու սարքեր, մինչ հոնկէ բերուած ու քաղաքի սեղանիկները ողողող արեւածաղկի իւղն ու սննդեղէնը մարդոց աղիքային խանգարումներ կը պատճառեն» (էջ 74),- սա արդեն «Առօրեայէն» վերնագրով պատումից է, որտեղ ամենօրյա փորձությունների մեջ հայտնված չափահաս կերպարներին հավելվում է փոքրիկ Ավետի կերպարը՝ տան մեջ վազվզելով տաքացող, ճիշտ և ճիշտ արցախյան առաջին պատերազմի օրերին անլույս ու ցուրտ տներում վազվզող մեր ձագուկների նման…
Սակայն՝ որքան էլ որ տեղին լինի վավերագրականն ընթերցել մեր ապրածի զուգահեռներով, կենսավեպի համար առանցքային է մնում ընտանիքի պատմությունը, և մյուս կարևոր գլուխը, «Եկեղեցին»՝ հեղինակի-հերոսուհու մեծ հոր կերպարով, որի ազդու ձայնը օրհնության հետ հորդոր ու քաջալերանք է ապրողներին՝ «Շէն մնաք, շէն ու պայծառ մնաք», իսկ իր պայծառության հորդալույս ակունքը Հավատն է, հային բաժին հասած գաղթերից ողջ մնացածի Հավատը՝ պատումի մանուկ հերոսուհու սրտում Սբ. Քառասնից Մանկանց եկեղեցու գմբեթի ներքո վերընձյուղվող, ուր մեծ հոր կերպարին համազոր Սրբազան Հոր կերպարն է՝ կարևոր ներկայություն վտանգված թաղի ու ամբողջ համայնքի համար…
«Մեր տունը, մեր թաղը, մեր եկեղեցին», մանկության հիշողությունների հետ անտրոհելի միասնություն են կազմում այս երեքը՝ որպես ապահովության ներքին աշխարհ, որտեղ մանկությունից միակ սարսափազդու հիշողությունը եկեղեցու պատի «վերջին դատաստանը» սրբանկարից սատանայի դժոխային պատկերն էր, ու հիմա կարկուտի պես թափվող ռումբերը, հրասանդները, որոնք հենց դժոխքի էին վերածել Հալեպի կենտրոնը։ «Նայիր շուրջդ, մարդոց ստեղծած դժոխքը տես…» (էջ 22),- հորդորում է «ներքին ծաղրածուն» «Ճամբան» խորագրով պատումից։
Ինչպես որ եկեղեցու, որպես Աստծո տան, այնպես էլ հայրական տան բացարձակ արժեքի՝ գաղափարի ու հատկապես էության մասին է Պերճուհու ընդվզումը անվերջ տրվող «տակավին հո՞ն կապրիք» հարցումին, կամ՝ «այս տունէն դուրս պէտք է ելլէք», «ապրելու տեղ չէ» հորդորներին ի պատասխան՝ որքան էլ որ արդարացիորեն մտահոգ հնչեն դրանք։ Իսկ մի՞թե մարդու համար բնականը հենց իր տան մեջ, իր հարազատ միջավայրում ապրելը չէ… «ՔԱՂՑՐԻԿ ՏՈՒՆ»,- ձեռագործը պատից այնքան ճշմարիտ է բնութագրում մարդուս վերաբերմունքը ընտանի հարկի հանդեպ։ Ժամանակին Հալեպի այս տանը հաստատվելով՝ հերոսուհու հորենական մեծ հայրը Իզմիրի ջարդերից հրաշքով էր խուսափել, քանի որ հրեա գործընկերը ժամանակին էր զգուշացրել՝ «Ընտանիքդ ա՛ռ ու փախիր»։ Ընտանիքն արդեն երկու սերունդ քաղցրությամբ էր ապրել այդ տանը, ու հիմա «շէն ու քաղցրիկ տունի մնացորդները» (էջ 27)՝ մայրը, քույրը և կենսավեպի հերոսուհի-հեղինակը, արագ գործելու ընտրության առջև են…
Այս համատեքստում հաջորդ կարևոր գլուխը «Դժուար օրեր» խորագրով պատմվածքն է։ Այն գալիս է հավելելու մեծ ընտանիքի մայրական ակունքի արմատները և ավանդական հայրակենտրոն ընտանիքի պատմության գլուխ-զուգակշիռն է՝ մայրական ընտանիքի Աղեքսանդրեթից գաղթի մանրամասներով։ Այստեղ մանկության դրախտի կորուստն ու զրկանքներն են, հորից շուտ որբանալու դառնություններն այն աղջնակի, որ հիմա ընտանիքի մայրն է՝ Մարին։ Նրա շուրթերին միշտ աղոթք կա, նաև՝ Հալեպի հրետակոծման ամենաթեժ պահերին. «Աստուած մեզ կը փրկէ» (էջ 28), և անգամ այն ժամանակ, երբ արդեն տարեց կնոջ մարմնի մեջ հանգրվանել էր դիպուկահարի փամփուշտը։ «Աստուած մեր երեսը նայեցաւ»,- պիտի ասի տիկին Մարին, այլապես փամփուշտը փափուկ հյուսվածքներից բացի կարող էր և կենսական կարևոր օրգանների դիպչել…
«Այն ինչ ունէիր ու կորսնցուցած ես, այն ինչ ունէիր ու քեզի համար սովորական ու անարժէք կը թուէր» հուշերի ջրհորից հառնելով «Տօնածառ զարդարել», «Տօնածառին խորհուրդը» հուշագրություններով բացահայտում են կյանքի նորանալու պահանջը՝ տոնածառ զարդարող քրոջ և հերոսուհու կերպարների մեկմեկու փոխլրացնող-տարաբևեռ ընկալումներով՝ առաջինի զվարթ կենսասիրությամբ բանաձևելով կարևորը. «Մենք մեզ պիտի փոխենք» (էջ 63)։ Իսկ արդյո՞ք փոխելը հենց միայն հարմարվելով հոգսեր ստանձնելն է, ինչպես օրինակ՝ վառարանի համար փայտ կոտորելը, սնունդ հայթայթելը… Հերթական հրետակոծությունից վնասված տան ավերները կամ տանիքին տեղադրված ջրամբարը նորոգե՞լն է գուցե՝ կարճ դադարներին։ Փառք Աստծո, որ դրանք կորցրած ոտք, ձեռք կամ մարմին անդամալուծող վնասներ չեն, որոնց ականատեսը դարձավ։ Եվ այնուամենայնիվ, խոսքը վճիռ կայացնելու մասին է՝ այն դեպքում, երբ տունն արդեն նաև «զինուորական արգիլեալ գօտի» է, իսկ իրենք՝ «ներքին գաղթականներ» (էջ 55)։
Նոր տարվա սպասումներով, ինչպես որ՝ նոր օրվա այգաբացի առաջին ձյան պես մաքուր էջից, հենց հերոսուհին է ընտանիքի համար ելք գտնում, որպես՝ արդեն մեկ անգամ այցելած ու սրտով ճանաչած հայրենի երկրի կանչող տեսիլք։ «Որոշումը կայացած է, պիտի ներգաղթենք Հայրենիք։ Խթանը ես եմ, մայրս համոզուած է, մինչ քոյրս կը տատամսի…» (էջ 58), և որքան ազնիվ է հեղինակի մտատանջությունը, երբ մյուս քույրերի ընտանիքներին հրաժեշտ տալուց հետո ինքն իրեն հաշիվ է տալիս՝ իրավունք ունի՞ արդյոք մորը կամ քրոջը նրանցից բաժանելու, բայց և՝ «…միգուցէ օր մը միւսներուն համար ալ ճամբայ հարթէինք» (էջ 59), անշուշտ՝ դեպի Հայրենիք։
Տարբեր նկատառումներով կարելի է Պերճուհի Ավետեանի կենսավեպի գլուխ համարել թե՛ պատերազմի օրերին վառարանի համար շյուղեր հավաքող հարևանուհու՝ Մայտայի զուգահեռ պատմությունը «Օթոստրատը» վերնագրով, թե՛ «Նոյնացումը»՝ ցեղասպանությունը բացահայտող աղջկա գերզգայական-վերիմացական տեսիլներով, թե՛ «Դուրսը ի՞նչ կայ»-ն՝ ողջ դրամատիզմի հետ Ապու Քամէլի սոխակի զավեշտալի դայլայլով, և թե՛ ագռավների կռավոցով լցված «Թաղը, որ ամայացաւ»-ը, «Ճամբան» ու «Հետեւողը»՝ երկուսն էլ աշխարհի հրահրած տագնապներն ու երկյուղը ներհայեցողական-փիլիսոփայական հարցադրումներով մարդու մեջ զննող – վեր հանող։ Կենսապատումին խորթ չեն նաև կենդանիների՝ շան, առնետի, ճնճղուկների, կկուսիի միջոցով այլաբանությունները, ինչպես նաև՝ անհատի հոգեբանության, մարդկային ճակատագրերի բացահայտումներով նուրբ դիտարկումները՝ «Ցոլացումը», «Որոշումը», «Ծանոթացում», «Անէծքը», «Յոյսը», «Նախազգալ» և անգամ «Դաջուած պիտակ» պատումներից։ Սակայն մեր այսօրվա քննաբանությունը պահելով կենսաչափական բնագրի առանցքում, գանք ժողովածուի երևանյան պատմություններին։
Այս իմաստով «Մի՞թէ իմն է» խորագիրը Պերճուհի Ավետեանի գրչով նոր արժեք է հաղորդում հայրենի հողի վրա տիրոջ իրավունքով ասվող «սա իմն է» բանաձևի գիտակցությանը, որը Հալեպի պատերազմական օրերին արաբ դրացուհու շուրթերից հնչող՝ «բախտաւոր էք դուք հայերդ, հայրենիք ունիք» (էջ 60) խոսքի համարժեք արձագանքն է։
Եվ որքան անկեղծ ու տեղին է հեղինակի ընդվզումն այս անգամ արդեն Հայրենիքում տրվող հարցումին՝ «ուրիշ տեղ չկա՞ր երթայիք» (էջ 81), կամ՝ «երկիրը երկիր չէ» (էջ 95) զազրախոսությանն ի պատասխան. սա հեռավոր զուգակշիռն ունի տան ու վտանգված թաղի վերաբերյալ Հալեպում հնչած հորդորների, բայց այս անգամ դրանք անպատասխան չեն մնում։ «Մենք տուն կորսնցուցինք, բայց ոչ ոք մեզ վտարեց» (էջ 85),- ասում է հեղինակը՝ ընդգծելով, որ ընտրության տերն իրենք են։
Հայրենիք մուտք գործելուց հետո ավելի ապահով երկրներ նախընտրած սիրիահայերին, ինչպես որ՝ երկրից հեռացող շատ տեղաբնակ ազգակիցներին ու սփյուռքահայերին ընդհանրապես, նա իր կենսափորձով հուշում է դրսում ընդամենը «ծագումով հայ» կոչվելու հեռանկարի բոլոր կորուստները, և սա բոլորովին էլ Հայրենիքի իրականության հանդեպ անվերապահ հիացմունքից չէ, այլ «երկիր դրախտավայրի» մասին երազը հոգում ծալած, իրականում՝ դրախտը միայն սեփական ջանքերով ստեղծելու համոզմունքով ապրող սթափ ու իրատես մարդու խոսք, որ գիտակցում է իր ինքնությունը։ «Հօրս ընտանիքի անդամներուն ոտնահետքերը կան այս հողին վրայ, հօրս երջանիկ մանկութիւնը… Իսկ մեր նոր փուլի առաջին քայլը» (էջ 61),- արձանագրում է Պերճուհին, թեև հոր ընտանիքն ընդամենը մի կարճ շրջան էր ապրել Հայրենիքում և հրաշքով էր դուրս պրծել ստալինյան պտտահողմից։
Պերճուհի Ավետեանի թե՛ դիտողականությունը, թե՛ ազնիվ մտահոգություններով հեգնանքն ու հումորն այնքան դիպուկ են, որ բոլոր պատճառներն ու հետևանքները զննելով՝ ի՛նքը կարող է լինել լավագույն քննադատը, բայց «երկիրը երկիր չէ» ասողներին, մանավանդ՝ նպատակային ու հետևողականորեն այն այդպես դարձնողներին համարում է վտանգավոր վարակի հարուցողներ։ «Հայրենիք», «Իյնալ», «Երկիրը», «Համաձայնագիր», «Ինքնազննում» պատումներն այս համատեքստից են։
Ամփոփելով խոսքս՝ ավելին թողնելով նոր ընթերցումների, ես առաջին հերթին ինձ պիտի հարցնեմ՝ ո՞րն էր ինձ համար այս գրքի կարևորագույն ասելիքը, և վերհիշելով նախ հերոսուհու մեծ հոր զորավոր օրհնանքը, ապա՝ մոր աղոթքները, պիտի պատասխանեմ՝ ահա այս հայ ընտանիքի անկորուստ փրկության և հայրենի հողի վրա ամրանալու, իր ինքնության տերը լինելու գաղտնիքը՝ մասն այն զորավոր Հավատի, որից սնվելով ապրում և ստեղծագործում է Պերճուհի Ավետեանը։
15.11.2022, Երևան