Սաթենիկ Մկրտչյանի «Մկրտիչ Սարգսյանին՝ մարդուն, գրողին, մտավորականին» էսսեն մեծ գրողի՝ հայ բանաստեղծ, արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանի հոբելյանական տարվա շրջանակներում դիմանկարի ամբողջացման փորձ է՝ մկրտչյանական ուրվագծերով։
Առաջին իսկ էջերից Սաթենիկ Մկրտչյանը այսօրվա իրադարձությունները, հայ իրականության այսօրվա աղավաղվող դեմքն է բացահայտում՝ երիցս երանելի համարելով մեծ գրողին, որ միայն հավերժի բարձունքից է հետևում տիրող անորոշությանը։ Միաժամանակ հնչում է պատգամը ապրողաց. «…մեր իսկ տան մեջ միմյանցից օտարվելու դատապարտվածներս… այսօր առավել քան երբևէ, պիտի գտնենք ուժեղ լինելու և մաքուր, չապականված օդ շնչելու, իրար չկորցնելու մե՛ր կերպը, կերպարա՜նքը՝ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ մեր երկրում…»։
Երանելի գրողից՝ Մկրտիչ Սարգսյանից բազում էջեր ներկայացնելու փոխարեն տրվում է մեր օրերին հատուկ խոհը՝ հավասարակշռելու խոհերի երկու նժարները։ Եվ սա այն նույն մարդու գծած ճանապարհն է, որ գրեթե դեռ պատանի՝ անցել է պատերազմի բովով՝ «Տեսնելու՝ ավե՛ր, ավա՛ր և … Արյո՜ւն-արյո՜ւն-ար-յո՜ւն…», իսկ ավելի ճիշտ ապրել՝ «…սեփական կյանքի՝ երկուսուկես տարում՝ հազարամյա պա-տե-րազ-մի՜» տագնապներով։
Այդպես և շարունակաբար. Մկրտիչ Սարգսյանն իր՝ թելի նման կտրտված կենսագրության «սկիզբն ու ավարտն իրար կցմցելով», իսկ Սաթենիկ Մկրտչյանը իր հերթական խոհերի շղթայով՝ առ հայ իրականությունը՝ ընդգծում են հայ բոլոր սերունդների մեծագույն պարտքը յուրաքանչյուր հաջորդ սերնդի նկատմամբ. «Վերադարձնել ու սերունդներին հանձնել ոչ միայն հանիրավի կորցրածիդ ժառանգական հիշողությունն ու տխրությունը, պապերիդ մարտական երգերը, այլև… ապուպապերիդ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԵՐԿԻ՛ՐՆ ՈՒ ՆՐԱ ՓԱ՛ՌՔԸ», որովհետև «Իրեն պաշտպանող մեկ մարդն ավելի ուժեղ է, քան ուրիշի ունեցվածքին աչք դրած հազարավոր օտար շների, շնագայլերի՜ ոհմակը…»։
Սաթենիկ Մկրտչյանն ընտրել է սեփական մտորումների այսօրյա չափաբաժինը սերունդներին հղելու ողջամիտ ուղին, ինչի համար որպես նախասկիզբ, անշուշտ, եղել է մեծ գրողի թողած գրական անգնահատելի ժառանգության մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Հյուսվում են երկու պատումներ՝ զուգահեռ, թվում է՝ իրարից անկախ, ավելին՝ հստակ սահմանագծվում են, ապա և ներհյուսվում են երկու դիմանկարներ՝ խոհի տեսքով՝ հարյուրամյա գրողինը, ապա՝ էսսեի հեղինակինը։
Մկրտիչ Սարգսյանի մասին առաջին պատումը սկսվում է նրա ծնունդից, անցնում նրա անցած ճանապարհով, մյուսը՝ կրկին ծնունդից, բայց լրացնելով մեծերին բնորոշ, ասես հենց իր համար գծվող խոչընդոտներով, կենաց-մահու պայքարով երանգավորվող ուղին, որ կոչվում է կյանքի ճանապարհ՝ առաջին հերթին իր ստեղծած գրականությամբ. «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈ՛ՒՆ. տեսածի ու ճանաչածի… քննողի ու վերլուծողի գրականություն՝ ՄԵ՛Ծ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ…», որ «ընթերցողի պակաս չի՛ ունեցել ու չի՛ ունենալու»,- ընդգծում է Ս. Մկրտչյանը։
Մյուս կողմից՝ ի՞նչ իրականության արտացոլք-գրականություն, եթե երկու գրողներն էլ՝ յուրաքանչյուրն իր ժամանակի մեջ, չխոսեին 20-րդ դարավերջի արցախյան, սումգայիթյան՝ հայի ցավի մասին, մինչև արցախյան հարցի լուծման՝ առ այսօր «չգտնվա՛ծ տարբերակը»։ «Հոգուդ ու մարմնիդ պատած ՄԵ՜Ծ ՑԱՎԻ «անլուծելի» տարբերակից անցում մյուսին, իսկ հայը գրեթե երբեք պակաս չի ունեցել ճակատագրորեն մեկը մյուսից ահասարսուռ իրադարձությունների. վկան մերօրյա իրողությունները՝ Սաթենիկ Մկրտչյանի՝ ցավից գրեթե կցկտուր խոսքով՝ «Դարավոր մշակույթի կենտրոն՝ Արցախի հոգու տուն ՇՈՒՇԻՆ ու ՀԱԴՐՈՒԹԻ շրջանը, ապա և … ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՆ ամ-բող-ջու-թյա՜մբ…»։
Կրկին ու երիցս սերունդներին հղված մեծագույն պատգամը. Մկրտիչ Սարգսյանը կապում է բոլոր անցյալ, ներկա և ապագա այրերին՝ «ՄԿՐՏԻՉՆԵՐԻՆ, ովքեր դեռ պիտի գրեն ու կռվե՛ն, երգեն ու կռվե՛ն, կռվեն ու կռվե՛ն, կռվեն ու կռե՛ն, կռե՛ն ու կոփե՛ն…»։
Հեղինակի իսկ արտահայտությամբ՝ «կրկնվո՛ղ պատմության հոլովույթներում» կրկնվում են նաև Մկրտիչ Սարգսյանի մտքերը՝ ժամանակ առ ժամանակ, իսկ կրկնություն խորհուրդ-պատգամը՝ երբեք չմոռանալու համար, քանզի հյուսածոն նաև այս հենքի վրա է։
Բնականաբար այս հոլովույթում՝ 44-օրյա պատերազմի տառապանքն ու ցավն է. «Հազարերա՜խ պատերազմի մսաղա՜ց… Անցա՛ծ դարասկզբի՜ն, դարակեսի՜ն, դարավերջի՜ն և… Դարձյալ ու դարձյալ՝ նոր դարասկզբին… Արյան ծարավի բորենու նույնակա՜ն…»,- խոսքերը կիսատ են մնում, իսկ ավելի ճիշտ՝ խոսքեր էլ չկան։ Իսկ հայը միայն «ՏԵՍԱԿԻ ԿԵՆՍԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱ՛ՄԲ ՈՒ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱ՛ՄԲ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈ՛Ւ ԵՎՇԱՐՈՒՆԱԿԵԼՈ՛Ւ» է ապրել ու արարել, ինչպես որ վերուստ տրված առաքելությունն է պահանջում։
Ձեռքի մեկ հպումով ասես, մեկ շնչով գրված գործ է՝ պոեզիայի և արձակի գեղարվեստական երանգավորումներով, ներքին ռիթմով և գրի չկրկնվող տեսակով. «Ժամանակաշրջանների՛ կյանքն ու պատմությունն արդեն գերազանց իմացող ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ գրողի ժառանգական հիշողության մեջ դեռ քուն չմտած ու միայն ա՛յս տեսակին հատուկ գծերը վեր հանող պատմությունները…», պատմություններ, որ իր անկրկնելի-ինքնատիպ գրչով ներկայացնում է Մկրտիչ Սարգսյանը՝ այսօր արդեն մեկդարյա հեռավորությունից։
«Պատճառաբանված հոգեվիճակների ճիշտ համադրում, որ, անկախ ծավալներից՝ ընդհանրական է ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ներքին դինամիկայով առլեցուն ամբողջ գրականությանը և հատուկ նրա՝ վրձնա-գրչով ստեղծված բոլոր գործող անձանց…»,- էսսեն նաև գրականագիտական-վերլուծական ուղղվածություն ունի՝ լայն տրամագծով անդրադարձ այն գրականությանը, որը ժամանակին «պիտի ալեկոծեր… գրականության ու արվեստի մարդկանց»՝ որպես նորույթ՝ մերթ ժանրային առումով, մերթ էլ՝ որպես նյութի արդեն բազմաթիվ մշակումների կողքին՝ յուրովսանն՝ անկրկնելին։
Իսկ սրան հետևում են Սաթենիկ Մկրտչյանի՝ կրկին հարցը արդիականացնելու, դրա վերաբերյալ լուծումներ փնտրելու, գուցե առաջարկելու ճիգերը։
Մկրտիչ Սարգսյանի խոսքը հիմքում արդեն որերորդ անգամ գիտակցաբար և կամ ենթագիտակցորեն, ինչպես հատուկ է հանճարին, իրենից այսքան հեռավորությամբ մի ժամանակաշրջանի զգուշացում-պատկերն է՝ ճիշտ այսօրվա իրադարձությունների համատեքստում. «ՄԿՐՏԻՉ ԴԻՎԻՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳՈ՛ՒՄ, ՀՐԱՄԱՅՈ՛ՒՄ Է. «ՀԱՆՃԱՐԻ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ՝ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՅԼԻ՛, ՄԻԱՍՆՈՒԹՅԱ՛Ն ՄԵՋ Է»»։
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ