ՄԻԽԱՅԻԼ ՖՈՐՇՏԵՏԵՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Միխայիլ Ֆորշտետերը ծնվել է Մոսկվայում 1893 թվականին, հարուստ ծառայողի ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1917 թվականին մեկնել է Պրահա, որտեղ ավարտել է Կարլ-Ֆերդինանդի գերմանական համալսարանը` ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան: Հետագայում ապրել է Բեռլինում և Փարիզում, հրատարակել էսսեներ և պատմվածքներ ֆրանսերեն լեզվով: 1946 թվականից աշխատել է ՄԱԿ-ի ֆրանսերենի թարգմանությունների բաժնում` որպես թարգմանիչ և խմբագիր, ավելի ուշ ղեկավարել է այդպիսի բաժին լյուքսեմբուրգյան «Ածուխի և Պողպատի կազմակերպություն»-ում: Իր կյանքի ընթացքում Միխայիլ Ֆորշտետերը ամեն կերպ թաքցնում էր իր բանաստեղծությունները և չէր տպագրվում: Բանաստեղծությունների միակ ժողովածուն լույս տեսավ նրա մահվանից հետո՝ 1960 թվականին, Փարիզում, Սերգեյ Մակովսկու ծավալուն նախաբանով:
Միխայիլ Ֆորշտետերը վտարանդի շնորհալի բանաստեղծներից մեկն է` հանձինս Նիկոլայ Օցուպի, Վլադիմիր Զլոբինի, Լեոնիդ Եշչինի, Վլադիմիր Ռաևսկու, Վլադիմիր Նաբոկովի, Իվան Սավինի, Նինա Բերբերովայի, Կիրիլ Պոմերանցևի, Լիդիա Ալեքսեևայի, Օլգա Անստեյի, Իվան Ելագինի, Դմիտրի Կլենովսկու և ուրիշների: Նրան և նրա բախտակիցներին բաժին հասավ անլիարժեք, հայրենիքի կարոտախտով լի գոյությունը Արևմուտքի տարբեր երկրներում: Դեռևս Բլոկի, Ախմատովայի և մի շարք բանաստեղծների մոտ շատ ստեղծագործություններում կար իրականության և երազի միջև սահմանի վերացման զգացողություն (տե՛ս Բլոկի բանաստեղծություններից բացի նաև «Տասներկուսը» պոեմը, Ախմատովայի «Պոեմ առանց հերոսի» պոեմը)։ «Տասներկուսը» պոեմում տասներկու զինված կարմիր պրոլետար շրջում են Պետերբուրգի փողոցներում, կարգ ու կանոն հաստատում հետհեղափոխական քաղաքի քաոսային ընթացքի մեջ։ Անսպասելիորեն տասներկու պրոլետարները դառնում են տասներկու առաքյալներ, իսկ նրանց առջևում (վերջին քառատողում) հայտնվում է Հիսուս Քրիստոսը՝ սպիտակ ծաղկեպսակը գլխին։ Անկանխատեսելի ավարտ. մետամորֆոզ, որ կարող է տեղի ունենալ միայն երազում։ Ախմատովայի պոեմում ջնջված է սահմանը ժամանակների միջև, հեղինակի հիշողության ընթացքը մեջտեղ է բերում տարբեր ժամանակների հարազատ մարդկանց, որոնք հայտնվում և հեռանում են առանց պատճառի, հետևանքի, ջրի հոսանքի մեջ ընկած տերևների նման, գալիս են ու գնում՝ շրջապատելով հեղինակին իրենց կենդանի ներկայությամբ և զգացողական ազդեցությամբ։ Ֆորշտետերի «Ռուսաստան» բանաստեղծությունում հերոսը երկար բացակայությունից հետո երևակայական խաղով (գուցե երազով կամ տեսիլքով) հայտնվում է Ռուսաստանում՝ գիշերային Մոսկվայում, որտեղ իրեն սպասում է սիրելի կինը, որտեղ իրենց աչքի առաջ հայտնվում ու անհետանում են ռուս զոհված զինվորները: Անհայտ է՝ Առաջին աշխարհամարտի՞ն ընկած, թե՞ քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Այնուհետև հայտնվում է հանգուցյալ ցարը՝ Նիկոլայ երկրորդ թագավորը։ Սիրահարները տան պատուհանի խորշից հետևում են այս տեսարաններին՝ իրար հպված և անորոշ զգացողություններով, ինչպես լինում է երազում։ Ակամա հիշում ես Մարկ Շագալի «Երկուսը պատուհանի մոտ» կտավը, որտեղ պատուհանի մոտ նստած զույգը ժպիտով նայում է պատուհանի մեջ երևացող անտառային լուսավոր, խորհրդավոր հեռաստանին։ Դրա մեջ լավատեսական ինչ-որ բան կա` ի տարբերություն Ֆորշտետերի բանաստեղծության՝ երկուսի առջև ծավալվող պատուհանային գիշերային գործողությունների։ Այստեղ կա և՛ Ռուսաստանի ընթացքի աղետաբեր պատկերը, և՛ ճակատագրի առջև փոքր մարդու անզորությունն ու ողբերգական համակերպվածությունը, և՛ այն, որ կյանքն իսկապես երազ է, չկա որևէ տրամաբանական զատորոշում իրականության և երազի միջև։ Սա բնորոշ է հատկապես 20-րդ դարի սկզբի ռուսական գրականությանը։ Մի ժողովուրդ, որի հոգեբանության վրա աղետալի ազդեցություն գործեց համաշխարհային պատերազմը, այնուհետև հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը, որոնք շուռ տվեցին մարդկային բարոյական և հոգևոր ողջ համակարգը, խեղեցին բազմաթիվ ճակատագրեր և ոտատակ տվեցին այս աշխարհում ապրող նրբազգաց հոգիներին` ստիպելով ապրել մի կյանք, որ երազի և մղձավանջի մեջ է ընթանում, կարծես իրենցը չէ, պարտադրած է իրենց, և իրենք ստիպված են անցկացնել իրենց հատկացված ապրելու ժամանակը մի կերպ, քնի կամ ընդարմածության մեջ (տե՛ս նաև Բորիս Պաստերնակի «Բժիշկ Ժիվագո» վեպի տարբեր մասեր, նաև վերջին հատվածը): Դուք կասեք. մենք՝ հայերս, ևս ծանր խաչ ենք տանում և կորուստներ: Արցախի կորստից հետո Նորքում բնակվող գաղթական արցախցիներից մեկը՝ տարեց մի մարդ, անընդհատ ասում էր. «Երազ լինի այս ամենը», կրկնում էր` կարծես այդ կրկնությունից եղելությունն իսկապես կարող էր դառնալ երազ, իսկ իրականությունը կհրամցներ մեզ Արցախն իր լիարժեք կյանքով, հայի ապրելակերպով և ուրախություններով, և ամեն մի անցած աղետ ու կորուստ կդառնար անցյալ մղձավանջ և անիրական ինչ-որ հորինվածք: Բայց հայի կորուստը ազգի հոգեբանության և գիտակցության մեջ, նաև գրական ստեղծագործություններում դառնում է միս ու արյուն, ցավալի եղելություն, որից ոչ մի կերպ չես ազատվի, և որը ստիպված ես ողբալ, որի մասին ստիպված ես անընդհատ խոսել ու բարձրաձայնել, բողոքել անարդար աշխարհի դեմ: Միայն ռուս հոգեբանությանն է հատուկ անցյալի միստիկ, երազային ընկալումը, իրականության և անիրականի միջև սահմանների ջնջումը, աստվածային միջամտության և դատաստանի գիտակցումը, համակերպվածությունը, խոնարհությունը աստվածային տնօրենության հանդեպ:
Ներկայացնում եմ Միխայիլ Ֆորշտետերի բանաստեղծությունն իմ թարգմանությամբ:

 

Ռ Ո Ւ Ս Ա Ս Տ Ա Ն
(1927 թ. Փարիզ)

Կածես երազ, երազ մի պարուրում է
ինձ ծանր և ամուր մի շղարշով,
ձյունն է պատում, սահնակը ինձ տանում է
դեպի Մոսկվա` մթնած, գիշերաշող:

Պահակակետերի վրա նետված
սառը քամին խավարն է հեշտ ճեղքում,
ծեր կառապանն իր բաճկոնով ծակված
մոտ է արդեն, վարում է մոտերքում:

Հազիվ սողում է գերբեռնված մեր ձին:
Մութն է ավելի խիտ, ցուրտն` անվրեպ:
Դեղնում են լխտիկ սառցակույտերին
լապտերների բծերը հազվադեպ:

Կախվեց մշուշը, խուլ են նրբանցքները:
Մեռած է շուրջը. ո՛չ լույս, ո՛չ ձայներ:
Իսկ հեռվում պառավը չար գերել է
ընկերուհուս, որ ինձ սպասում է դեռ:

Ինչպես առաջին հանդիպման պահին,
աչքերը նրա` ամռան ամպրոպ կարծես,
մարմինը` գարունից քնքուշ, ուսին`
մազերը պղնձե կամ ոսկետես:

Կմոտենամ ես տանը, վախվորած
դարպասը կծեծեմ թեթևակի…
Կիջնես և, երբ բացես զգուշավորված,
կշշնջաս. «Սպասում էի, իմ անգին»:

Ինչպես ստվերներ` մենք կսահենք տնով,
կթաքնվենք պատուհանի խորշում:
Դրսում լապտերն է վառվում` թարթելով,
և փողոցն է ցոլում մշուշում:

Այդժամ միգում` բքոտ և կուրացնող,
փողեր կերգեն հեռվի ղողանջներով,
և կարթնանա քաղաքը դեռ քնող,
և մեռյալները կանցնեն քայլելով:

Եվ շորերով հնոտ, անվարժ ու ծանր,
անկարգ շարքով հողոտ բերանների,
և քարշ տալով ամենքը հրացանը`
գնում են նրանք` վերջին մարտին գերի:

Դեպի կայարանները անիծված,
որտեղ գնացքների չուգունե շարքն է,
որտեղ ձայնով տարօրինակ, խեղդված
շոգեքարշի ճիչ արձակող շչակն է:

Եվ ձյունը կփակի դարձյալ մայթերը`
պտտվելով լույսում լապտերների…
Այդժամ մի մարդ էլ կանցնի սալարկները`
շինել հագած, ձայնով խթանների:

Կաթ փափախով, մորուքը տնտղելով
(աչքեր չեն երևում հոնքի տակից)
ցարը մեռած հոգնած իր քայլերով
կանցնի այս նրբանցքով հենց մեր կողքից:

Նա կկորչի խաչմերուկի միգում,
կանշարժանա դարձյալ այս լուռ տիրույթը…
Եվ միայն ձյունը կոշտ, փայլուն, անքուն
պատուհանի մեջ կընդգծի կապույտը:

Թովմա քահանա
(Վահան) Անդրեասյան

Գրեք մեկնաբանություն