ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ
***
Չէ՛: Վճռված է: Անդարձորեն եմ
Թողել դաշտերը իմ հայրենական,
Բարդիները մեր բակում մեղմորեն
Էլ գլխիս վերև չպիտի ծփան:
Մեր տունն առանց ինձ կքել է անտեր,
Շունն իմ ծերացել, սատկել է վաղուց,
Աստծո կամքն է, որ շրջեմ ու մեռնեմ
Մոսկովյան նեղլիկ, ծուռ փողոցներում:
Ծփիների այս քաղաքն եմ սիրում.
Թեև թորշոմած ու շատ զառամյալ…
Քնկոտ Ասիան է նիրհում ցոլքերում
Ու գմբեթների փայլերում ոսկյա:
Իսկ երբ գիշերը լուսինն է ցոլում,
Թե ինչպե՜ս… գիտի միայն սատանան,
Ոտքերս իրենք իրենց են գտնում
Պանդոկը տանող նրբանցքի ճամփան:
Արբշիռ աղմուկ է այս անշուք որջում…
Ես ամբողջ գիշեր, թախծի մեջ անուշ,
Պոռնիկներին եմ երգերս կարդում
Ու գողերի հետ խմում մինչև լույս:
Սիրտս, գնալով, զարկում է արագ,
Ու ցա՛վն է խոսում հոգուս խորքերից.
«Ես էլ եմ ձեզ պես կորա՜ծ անառակ,
Հետդարձի ճամփա չունեմ այստեղից»:
Մեր տունն առանց ինձ կքել է անտեր,
Շունն իմ ծերացել, սատկել է վաղուց…
Աստծո կա՜մքն է, որ շրջեմ ու մեռնեմ
Մոսկովյան նեղլիկ, ծուռ փողոցներում:
***
Անիծյալ կիթա՜ռը թող հնչի շարունակ.
Մատնե՛րդ խենթացած գեղեցիկ թող պարեն…
Ախ, երգի՛ր, իմ վերջին բարեկամ՝ դու միակ.
Թող խեղդվե՛մ պանդոկում, ծխի մեջ ինձ թաղեն:
Մի՛ նայիր դու նրա հմայիչ դաստակին,
Գրգալի, մոգական թևերի՜ն մետաքսյա…
Իմ բա՜խտն եմ նրա մեջ որոնել տենդագին՝
Հասնելով իմ կյանքի վախճանին ակամա:
Ես չէի՛ հավատում, որ վարակ է սերը,
Որ սերը մահացու ժանտա՜խտ է մոլեկան.
Մոտեցավ, չքմեղած կկոցե՜ց աչքերը…
Խենթացա՝ լինելով անհավատ խուլիգան:
Ախ, երգի՜ր, բարեկա՛մ… Թող շնչեմ անցյալիս
Խելահեղ օրերի հրա՜յրքը կուսական,
Թող գրկի՛, համբուրի՛ ու տրվի՜ ուրիշին
Այդ ջահել, սիրունիկ, անպիտա՛ն սրիկան:
Չե՛մ ուզում անիծել ես նրան, ախ, սպասիր,
Ախ, սպասի՛ր, չեմ ուզում հայհոյե՜լ ես նրան,
Դու տո՛ւր ինձ կիթառդ՝ ես երգեմ իմ մասին,
Քնարիս թավաձայն թախիծո՛վ դյութական:
…Օրերս նմա՜ն են վարդագույն գմբեթի,
Սրտիս մեջ՝ ոսկեհուռ անուրջնե՜ր անհամար…
Անթի՜վ աղջիկներ եմ ես սեղմել իմ կրծքին
Ու անթի՛վ կանանց եմ տիրացել ակամա:
Շատ դա՛ռն է դրվածքը այս ունայն աշխարհի.
Դեռ մանկուց՝ ործկալի մի դրվա՛գ եմ հիշում…
Թե ո՛նց են քած շան տռփանքը տենչալի
Որձերը, հե՜րթ կանգնած, հեշտալի լափլիզում:
Էլ ինչո՞ւ եմ նրան դեռ փորձում ես խանդե՜լ…
Էլ ինչո՞ւ եմ տանջվում՝ իմ խղճին հետամո՛ւտ…
Մեր կյանքը՝ կրքերի՛ց կեղտոտված մահճակալ…
Մեր կյանքը՝ անպատկա՜ռ կրքերի հորձանուտ…
Ախ, երգի՜ր ու երգի՛ր… Այդ կնոջ թևերին՝
Չարաղետ օրհա՜սն է հույսերի կուսական…
Ինձ նման՝ ո՛չ մի բան չդնես քո [բան]ին,
Որ երբե՛ք չմեռնես… Որ ապրե՜ս հավիտյան…
***
Կապույտ մայիս է։ Տաքուկ քաղցրություն՝
գարնան օդի մեջ։
Չե՛ն զրնգալու սողնակ ու փական այգու դռնակին:
Օշինդրն իր սուր և կպչուն հո՜տն է
տարածում անվերջ։
Խոր քուն է մտել թխենին՝ ճերմակ թիկնոցը հագին։
Լուսամուտների շրջանակներին՝ ճոճվող փեղկերի՛
Ու նրբաշղարշ վարագույրների հյուսքերի միջով
Խելա՛ռ լուսինը զարդաժանյակ է փռել հատակին՝
Ճերմակին տվող զարմանահրաշ նրբին նախշերով։
Ննջասենյակն իմ թեև փոքրիկ է,
բայց մաքո՜ւր է շատ…
Պարապ ժամերի երանությո՛ւնն է լցվել իմ հոգին…
Այս իրիկվա մեջ կյանքն ինձ
այնքա՜ն է դարձել հարազատ,
Որքան հոգուդ մեջ ապրող
ընկերոջ պատկերը անգին։
Լուսնալույսի տակ բոցավառվել է հրդեհվա՜ծ այգին,
Իր ողջ ուժերը լարելով՝ լուսինն, ասես, հետայսո՛ւ
Սիրո՜վ է միայն ուզում ողողել ամենքի հոգին,
«Սիրելիս» բառի սարսուռով
ճմլել սիրտն ամեն մարդու։
Միայն ես եմ, որ այս հազարերանգ հույզերի ծովում՝
Մայիսյան զվարթ մեղեդիների անեզրությա՜ն մեջ,
Որևէ բանի ցանկություն չունեմ, ես բան չեմ ուզում,
Կյանքում ինչ որ կա՝
ես ընդունում եմ ողջը մինչև վերջ։
Թող գա, հայտնվի՜, ո՛ղջն ընդունում եմ։
Ինչ կա՜ ու չկա՛…
Այն ամե՜նը գա, որտեղ և՛ ցավ կա,
և՛ ուրախություն…
Խաղաղությո՜ւն քեզ, աղմուկից հոգնած
խելահեղ իմ կյանք,
Խաղաղությո՜ւն քեզ,
իրիկնաժամի կապույտ զովություն…
***
Մի անշուք լուսնալույս մշուշոտ դաշտերին,
Տխրություն ու թախիծ լայնածիր հարթության…
Լոկ ա՛յս եմ տեսել իմ պատանի օրերին,
Սիրելով՝ անիծել տրտմությա՜մբ անսահման։
Ճամփեքին ծերացա՜ծ, չորացո՛ղ ուռիներ,
Չորչորուկ սայլերի մեղեդի տխրունայն…
Էլ երբե՛ք ես չէի ուզենա, որ հնչեր
Սայլերի չորչորուկ մեղեդին ճռճռան։
Խրճիթներն իմ սրտում՝ էլ կարոտ չեն ծնում,
Օջախի ծո՜ւխն անգամ չի՛ հուզում իմ հոգին.
Ծաղկած խնձորենու բո՜ւքն էլ ես չեմ սիրում՝
Նայելով այս թշվա՜ռ, աղքատիկ դաշտերին։
Իմ հոգին կարո՜տ է հիմա այլ մի երգի…
Ես նույնիսկ թոքախտիկ լուսնի տակ նվաղուն
Ուզում եմ քեզ տեսնել, իմ երկի՛ր հայրենի,
Պողպատի ու քարի՛ արարման տարերքում։
Հողի հետ կո՜խ բռնած՝ իմ Ռուսիա՝ խենթավուն,
Հերի՛ք է դու քարշ գաս արորի ետևից,
Քեզ աղքատ տեսնելուց՝ կեչինե՜րն են հուզվում,
Բարդինե՛րդ անգամ հառաչում են ցավից։
Իմ վերջը թե ի՞նչ է լինելու՝ չգիտեմ…
Գուցե ես պիտանի չլինեմ նոր կյանքում,
Սակայն քեզ, Ռո՛ւսիա իմ, թող հզոր միշտ տեսնեմ.
Ամրակուռ պողպատի առնական տարերքում…
Ունկ դրած շարժիչի փրթփրթան հաչոցին՝
Որքա՜ն էլ հողմեր ու մրրիկներ հոխորտան՝
Ես երբեք չե՛մ ուզի, որ լսվեր վերստին
Չորչորուկ սայլերի մեղեդին տխրունայն…
***
Ձյունամրրիկն է նորի՜ց մոլեգնել,
Մրսած լուսի՛նն է երկնքում փայլում,
Այս բուքն ինձ գրկած գյուղ է հասցրել.
Մեր տան մեջ խաղաղ ճրագն է վառվում…
Շատ բան չէ մեզ պետք, եթե անտո՛ւն ենք…
Ինչը կյա՜նքն է իմ՝ ես այն եմ երգում,
Ահա մորս հետ նորի՜ց մեր տանն եմ…
Ընթրել եմ արդեն ու թեյ եմ խմում…
Մորս աչքերը անզուսպ լալիս են,
Մեղմ գլորվում են արցունքները ցած,
Դողդոջ մատները հազիվ բռնում են
Բաժակը թեյի, որ սահում էր ցած։
Իմ մե՜ղմ ու բարի, անգի՛ն իմ հոգյակ,
Մի՛ տրվիր դու քո տխուր խոհերին,
Ուզո՞ւմ ես՝ ձյան բուքի երգի տակ
Պատմեմ քեզ ապրած օրերիս մասին։
Շա՜տ եմ ճամփորդել, թափառել երկա՛ր,
Շատերի՜ն սիրել, անհույս տառապել,
Հարբել ու կռվել հենց նրա համար,
Որ քեզնից լավին ես չե՛մ հանդիպել։
Շորեր ու կոշիկ ես անփույթ հանել՝
Պառկած եմ նորից մեր տաքո՜ւկ թախտին…
Եվ հարություն եմ կարծես թե առել
Եվ հավատում եմ նորից իմ բախտին…
Իսկ դրսում բուքն է վայո՜ւմ անտունին,
Հեծկլտոցներով անվե՜րջ հեկեկում,
Ասես տերև է թափում լորենին,
Ճերմա՜կ լորենին՝ մեր փոքրիկ այգում…
***
Գուցե ուշացած կամ ի՞նչ իմանամ՝ գուցե անչափ վաղ,
Իմ կյանքում երբեք չե՛մ էլ
մտորել կամ խորհել այսպես,
Թե Դոն Ժուանին ես պիտի սկսեմ նմանվել, ավա՜ղ,
Մի վարպետացած,
բայց թեթևամիտ բանաստեղծի պես:
Ի՞նչ է պատահել:
Իրո՛ք, այս ի՞նչ է ինձ հետ կատարվում:
Ամեն օր ես ինձ գտնում եմ գրկում մի նոր աղջկա:
Ամեն օր ես ինձ գթասիրելու հույսն եմ կորցնում՝
Առանց հաշտվելու կսկիծների հետ դավաճանության:
Ես միշտ ձգտել եմ,
որ սիրտս հուզված շատ քիչ բաբախի
Պարզ ու մեղմանուշ, քնքշանվաղ զգացմունքներում,
Էլ համառորեն ի՞նչ եմ որոնում այս թեթևամիտ,
Այս կեղծ ու դատարկ կանանց անպիտան,
շողոմ աչքերում:
Իմ արհամարհանք,
գո՛նե մի թեթև զսպիր ինձ հիմա,
Ես գնահատված եմ եղել քո
կողմից իմ ամբո՜ղջ կյանքում…
Իմ հոգու վրա ցրտաշունչ եռքի փրփուրնե՜ր են պաղ
Եվ յասամանի երկնագույն համի քնքուշ սոսափյուն…
Իմ հոգու վրա լիմոնե լույսն է իրիկնամուտի…
Բայց վերջալույսի մշուշում նորից լսվում է մի ձայն.
Զգացմունքների ազատությո՛ւնը հատուցում ունի.
Մարտահրավերն ընդունիր հիմա, է՜յ, դու՝ Դոն Ժուան:
Եվ հանդարտորեն մարտահրավերն ընդունելով՝ ես
Տեսնում եմ, ցավոք, որ միևնույն է ինձ համար սակայն.
Ընդունել բո՞ւքը մայիսյան կապույտ ծաղկափոշու տեղ,
Թե՞ սեր համարել շատ սովորական դողն զգայական:
Այսպես է ստացվել: Ամեն օր՝ գրկում մի նոր աղջկա…
Թափառումների ճամփա՜ն է բռնել իմ կարոտախտը,
Որ չհաշտվելով կսկիծների հետ դավաճանության՝
Ինձ հավե՜րժ թվա,
թե երանությամբ ժպտում է բախտը…
Ռուսերենից թարգմանեց
Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆԸ