ԻՎԱՆ ԴՐԱՉ – 80 ԻՄ ՀՈԳՈՒՄ ՍԵՐՆ Է ԲՈՒՅՆ ՀՅՈՒՍԵԼ… / Օլեքսանդր ԲՈԺԿՈ

Մեծ չէ ուկրաինացի այն բանաստեղծների թիվը, ովքեր նույնքան աշխարհընկալունակ են, որքան Իվան Դրաչը: Եվ բնական է նաև հայ գրականությամբ նրա հրապուրանքը, որի առհավատչյան հայ պոեզիայի լավագույն նմուշների նրա թարգմանություններն են, Հայաստանին նվիրված սեփական ստեղծագործությունները, բազմաթիվ էսսեները: Այս ամենը ուկրաինացի ընթերցողը կգտնի Խարկովի «Ֆոլիո» հրատարակչությունում նոր տպագրված «Հայոց աշխարհ» ժողովածուի մեջ, որը լույս է տեսել բանաստեղծի 80-ամյա հոբելյանի առթիվ:
Իվան Դրաչի՝ Հայաստանով և հայ քերթողական արվեստով տարվելու մասին մտորելիս դժվար չէ ըմբռնել, որ դրա աղբյուրը նրա՝ ուկրաինացի բանաստեղծի խորին հարգանքն է ու անկեղծ սերը մի ժողովրդի նկատմամբ, որը հարստացրել է համաշխարհային մշակույթի գանձարանը այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք են՝ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները, Թորոս Ռոսլինի հայ միջնադարյան մանրանկարչությունը, հայկական հնադարյան ճարտարապետությունը: Եվ, իհարկե, այդ սերը պայմանավորված է նաև հայ ժողովրդի ողբերգական ճակատագրով ու հարուստ պատմությամբ, որը վաղուց էր ձգում նրան: Հետագայում, Իվան Դրաչի՝ Հայաստանով հրապուրվելը արտահայտվեց նրա մի «հայկական» բանաստեղծության մեջ՝ որպես խոստովանանք. «Իմ հոգում սերն է բույն հյուսել // Սեր այդ երկրի ու նրա հրաշք տաճարների հանդեպ…»:
Նշենք, որ այդ հրապուրանքն ու սերը փոխադարձ էին: Իվան Դրաչի անունը վաղուց հայտնի է Հայաստանում: Դեռևս 60-ական թվականների վերջում նա սերտ հարաբերութունների մեջ էր հայ գրականության այնպիսի հայտնի դեմքերի հետ, ինչպիսիք են՝ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, Հրանտ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը, իսկ հայ գրականագետներ Գեորգի Թաթոսյանը և Լևոն Միրիջանյանը նրա լավ բարեկամներն էին ու հայ գրականության աշխարհում նրա հուսալի ուղեցույցները: 1981 թ. Երևանում հայերեն լույս տեսավ նրա բանաստեղծությունների «Դեպի աղբյուրներ» ժողովածուն, իսկ պարբերական մամուլի բազմաթիվ հրապարակումների մասին ավելորդ է անգամ խոսելը:
70-ական թվականներին առաջին անգամ Երևան գալով՝ Իվան Դրաչը նրբազգացորեն որսաց տարբերությունը այն ժամանակվա Ուկրաինայի և Հայաստանի միջև, որն այդ ժամանակ ուկրաինացի գրողի համար մի յուրատեսակ «արտասահման» էր: Չէ՞ որ կուսակցական նոմենկլատուրան Երևանում ստեղծագործ մտավորականության նկատմամբ շատ ավելի հանդուրժող էր, քան Կիևում: Եվ լիովին հասկանալի է ձգտումը «փոթորիկ հագած» արվեստագետի, որպեսզի գոնե ինչ-որ չափով թոթափեր այն ժամանակվա ուկրաինական հեղձուկ մթնոլորտը: Թեկուզ հայ այն բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությամբ, որոնք, Իվան Դրաչի ասածով՝ «կրծքավանդակդ են լայնացնում»: Կամ էլ երկու ժողովուրդների ստեղծագործ մտավորականության միջև երկխոսություն հաստատելու միջոցով: Ժողովուրդներ, որ իրենցից անկախ հայտնվել էին մի կայսրությունում, որտեղ արդեն լրջորեն խոսում էին պատմական մի նոր հասարակության՝ խորհրդային մարդու ձևավորման մասին: Այդ պատճառով էլ բնական և միանգամայն օրինաչափ էր Իվան Դրաչի՝ գեղարվեստական թարգմանությամբ հայկական պոեզիային առնչվելը: Որոշ իմաստով օրինաչափ և բնական էր նաև նրա հետաքրքրությունը հայոց քերթողական արվեստի այնպիսի հզորագույն դեմքերի նկատմամբ, ինչպիսիք են՝ հայկական Վերածննդի նախակարապետ Գրիգոր Նարեկացին, հախուռն Եղիշե Չարենցը, ում ստեղծագործությունը այն ժամանակվա դասական Մաքսիմ Ռիլսկին «լավատեսական տրագիզմ» է կոչել, և հայ գրականության մեջ նոր խոսքի ավետաբեր Պարույր Սևակը, որը գրավեց Իվ. Դրաչին ամենից առաջ իր «իսկական, խորքային, բարձր պոեզիայով», ինչպես կասի նա իր «Մերձեցում Պարույր Սևակին» փայլուն էսսեում:
Ուշագրավ է այն փաստը, որ ուկրաինացի բանաստեղծի այդ էսսեն նախատեսված էր իբրև հայ բանաստեղծի մոսկովյան (!) «Հատընտիրի» (1983 թ.) նախաբան: Դա խոսում էր թե՛ Իվան Դրաչի գրական հեղինակության և թե՛ երկու բանաստեղծների հոգևոր և ստեղծագործական կապի, միմյանց համահունչ լինելու մասին: Խորհելով Պարույր Սևակի ստեղծագործության յուրահատկության և այն մասին, թե ինչ է բերել իր հետ նրա պոեզիան, Իվան Դրաչն իր էսսեում ուշադրությունը չի սևեռում բանաստեղծի ստեղծագործական նրբաձևերի վրա, այլ շեշտը դնում է նրա բանաստեղծական արվեստի էության վրա: «Սևակի նորարարությունը,- ասում է նա,- եղել է նրա ներսում, էության խորքերում, մտքերի և զգացումների մեջ: Նորն ուղղակիորեն նրա էությունն ու անհատականությունն է, իսկ դա ամենկարևորն է և ամենից ավելի դժվար է ենթարկվում վերլուծության»: Կարծում եմ՝ շատ կարևոր է այն, որ Պարույր Սևակի պոեզիայի մեջ Իվան Դրաչի ներաճելը տեղի է ունեցել բանաստեղծական աներևակայելի խառնվածքով և դրամատիզմով լի անձնական ճակատագրով բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի միջոցով, ում Պարույր Սևակը իր գրական ուսուցիչն էր համարում: Հենց Իվ. Դրաչի գրչին են պատկանում Եղիշե Չարենցի «Տաղեր և խորհուրդներ»-ի թարգմանությունը նրա «Գիրք ճանապարհի» նշանավոր ժողովածուից, որը ստեղծագործական իր որոնումների մեջ Սևակի համար կողմնացույցի դեր է կատարել:
Մանրամասնորեն չխորանալով Իվան Դրաչի թարգմանչական ձեռագրի առանձնահատկության, մասամբ Պարույր Սևակի բանաստեղծությունների վերափոխելու մեջ՝ նշենք, որ նրա համար կարևորագույնն է, որ խոսքն ապրի նոր լեզվի մեջ և ոչ թե կուրորեն կրկնի տողային թարգմանությունը: Դրաչի՝ հայ գրականության այլ հեղինակների թարգմանություններում նույնպես խոսքը առաձգական է, բաբախող, լցված ներքին էներգիայով: Միևնույն ժամանակ Իվան Դրաչը գեղագետ է, համաշխարհային պոեզիայի հրաշալի գիտակ, նա նուրբ ու զգայուն գնահատող է, որը լավ գիտե, թե որքան կարևոր է թարգմանության մեջ պահպանել ժամանակի շունչը, մթնոլորտը, բնագրի հեղինակի միտքը ու նաև, իհարկե, հեղինակային ոճը:
Որպեսզի համոզվել դրանում, արժե անդրադառնալ հայ պոեզիայի մարգարիտի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»՝ Դրաչի թարգմանությամբ: Նա վարպետորեն վերստեղծում է Նարեկացու պոեզիայի հզոր դինամիկան՝ հայ միջնադարյան քերթողի հոմանիշների ու համեմատությունների ցնցող, հուզական, ներշնչող պոռթկումով հրապուրելով ու տանելով ընթերցողին իր հետ: Ընդ որում, Դրաչը Գրիգոր Նարեկացուն չի մոդեռնացնում, սակայն և արխայիկ չի դարձնում այն աստիճան, որպեսզի վերածի նրան թանգարանային նմուշի:
Միանգամայն այլ կերպով է հառնում Դրաչը մեր առջև, երբ թարգմանում է Ավետիք Իսահակյանին, ում բանաստեղծությունները հայտնի են իրենց ջրաներկային թափանցիկությամբ ու մելամաղձությամբ: Դրաչի վերարտադրած այդ բանաստեղծություններում ընթերցողին հուզում են ոչ միայն սիրահարված պոետի «տրտմությունը», այլև նրբագեղ հնչերանգը, որին հաճախ է դիմում թարգմանիչը: Ահա ինչպես է թարգմանիչը, ալիտերացիա օգտագործելով, հասնում զարմանալի հուզական հնչողության Ավետիք Իսհակյանի՝ 1919 թվականին գրված այս փոքրիկ գլուխգործոցի մեջ: //Перлини довкола твоєї шиї// Сяють причаєні, //Навколо мармурової шиї//Перлини печальні.//Сльози мої, любов моя, біль-// В журі пекучій затвердли,//Сльози мої на шиї твоїй-//Перлини нанизані, перли.// (Մարգարիտնե՜ր վըզիդ շուրջ//տրտում փայլով ու քնքո՜ւշ// մարմարեղեն վըզիդ շուրջ// մարգարիտնե՜ր թախծանո՜ւշ// արցունքներս են իմ սիրո՜ւս,//տխու՜ր, տխու՜ր դալկահար.// արցունքներըս իմ անհույս-//վըզիդ բոլոր շարե-շար…):
Եվ ինչպես այստեղ չհիշել Պոլ Վեռլենին, որն իր հայտնի «Բանաստեղծական արվեստը» բանաստեղծության մեջ գրչակիցներին ավանդում է՝ «Ամենից առաջ երաժշտությո՛ւն խոսքի մեջ»:
Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների վրա աշխատելիս Իվան Դրաչն այնպես կլանվեց նրա կյանքով ու ստեղծագործությամբ, որ Վարպետի 100-ամյա հոբելյանի առթիվ գրեց «Հին ջրաղացի մոտ՝ Ղազարապատում, Ախուրյանի ափին» բանաստեղծությունը: Այն ամբողջովին ներծծված է մարդու կեցության, էության մասին ուկրաինացի հեղինակի խոհերով, որը նրա փիլիսոփայական քնարերգության լավագույն նմուշներից մեկն է: Ընդհանրապես, Իվան Դրաչի ցանկացած «հայկական» բանաստեղծություն՝ յուրատեսակ նրա մոտենալն է, մերձեցումն է Հայաստանին, հայ մարդուն: Եվ ո՛չ անպայման անվանիներին: «Հավերժություն» բանաստեղծության մեջ Գառնու տաճարի զառամյալ պահակի կերպարն է: Հեղինակը տեսնում է հավերժական աշխատավորին, հողի մշակին, ում վրա հիմնված է մարդկային կեցությունը՝ լինի դա այսօր, երեկ թե անգամ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ… Կամ Պարույր Սևակի քույրը՝ մի գյուղացի, «լավաշը թոնրից հանող» հասարակ կին: Եվ «պատմության թոնրից» հանված այդ լավաշն ասես հավիտենության ուղերձը լինի: Ուղերձ, որը ասես «մի պարզ կյանք է: Խենթանալու չափ պարզ»: Նրա էությունը, ահա, հեղինակային այս տողերի մեջ է. «Եթե դու ձեռքդ գրիչ ես վերցնում, ապա եղի՛ր ճշմարտախոս: Եղի՛ր այդ հացի պես» («Հայկական հաց»): Եվ ակամա գլխի ես ընկնում, որ այդ չորուցամաք, տոթակեզ Հայաստան-Քարաստանը երևի այնպես է գերել հեղինակին, որ այդ հողում, ինչպես ոչ մի տեղ, նա զգացել է հավերժության շունչը, որն օգնել է բանաստեղծին ճանաչել ոչ միայն Հայաստանը, այլև մշտնջենական մարդկային ճշմարտությունները, և, ի վերջո, հենց իրեն իսկ: Եվ հավերժության այդ խորքերում անսպասելիորեն հայտնաբերվել է այն ընդհանուրը, որ մերձեցնում, հարազատեցնում է մեզ՝ երկու ժողովուրդներիս՝ ուկրաինացիներին ու հայերին…
Հայ գրականությունը Ուկրաինայում հանրամատչելի դարձնելու գործում Իվան Դրաչի ստեղծագործական բազմամյա ծառայության համար ՀԽՍՀ կառավարությունը նրան արժանացրեց Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի բարձր կոչմանը: Եվ, երևի, ոչ միայն դրա համար: Ախր, ասում են՝ ընկերը փորձանքի մեջ է ճանաչվում: «Գրական Ուկրաինա» թերթի ժամանակից դեղնած համարի այս հրապարակումը՝ «Նոր տարվա խոնարհ ողջույնս Հայաստանին» վերնագրով, կարծես այդ անհերքելի ճշմարտության հաստատումը լինի: Այդպես է անվանել Իվան Դրաչը «հայկական» բանաստեղծությունների և թարգմանությունների շարքը, որը լույս տեսավ 1988-ին, Սպիտակի սարսափելի երկրաշարժից անմիջապես հետո: «Ի՞նչ կարելի է ասել այդ երկրի մասին, որը նման սոսկալի աղետի է ենթարկվել,- գրում է նա իր ուղերձում:- Ի՞նչ կարելի է ասել մի ժողովրդի մասին, որին արցունքի օվկիանոս հեղելու ճակատագիր է վիճակվել: Ամեն չնչին, ամեն մանր բան մոխրի է վերածվում, անցնում-գնում է ամենայն ճղճիմը: Մնում են միայն հավերժ մեծությունները… Հիշողությանդ մեջ հառնում են քո հանդիպումները այս երկրի, այս ժողովրդի, այս պատմության հետ: Եվ հասկանում ես, որ այն ամենը, ինչ գտած ես լինում այդ վեհ հանդիպումից, ընդունակ չէ փլուզել ոչ մի երկրաշարժ: Հայաստանն ամեն տեղ է և ամենուրեք: Բայց ամենից ավելի նա քո սրտում է և քո հոգում…»:
Իմ առջև «Գրական Ուկրաինայի» ևս մի հրապարակում է, այս անգամ արդեն Լեռնային Ղարաբաղի պայքարի ելած հայ ժողովրդին աջակցող ուկրաինացի գրողների դիմումը: Ցուցակում առաջինը Իվան Դրաչի անունն է՝ իր ստորագրությամբ հանդերձ… Այո՛, այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Ու չնայած նոր ժամանակը իր հետ նոր փորձություններ է բերում, սակայն «հավերժական մեծությունները» մնում են: Հիշում եմ, ինչպես Ուկրաինայում Հայաստանի դեսպանության կազմակերպած կլոր սեղանների շուրջ Ուկրաինայի Հերոս, «Ուկրաինա-Հայաստան» ընկերության նախագահ Իվան Դրաչը հուզախռով ելույթ էր ունենում Հայաստանի և Ուկրաինայի միջև առաջացած հիմնախնդիրների մասին. որ Ուկրաինան պաշտոնապես ճանաչի Օսմանյան Թուրքիայի կազմակերպած 1915 թ. Հայոց Մեծ Ցեղասպանությունը, իսկ Հայաստանը՝ Ուկրաինայում ստալինյան ռեժիմի կողմից 1932-33 թ.թ. կազմակերպած Սովասպանդը: Ու անդրադարձվում է նրա նոր բանաստեղծություններում և՛ «Հոգի՛ս, Լեռնային Ղարաբաղ»-ը, և՛ Հայաստանը, դաժանորեն սեղմված Թուրքիայի և Ռուսաստանի երկրաքաղաքական աքցանում…
Անշուշտ, ինչպե՞ս կարող է չանդրադարձվել: Իվան Դրաչի մերձեցումը Հայաստանին տարիների հետ վերածվել է այդ երկրին ու ժողովրդին իր կապվածության: «Ամեն չնչին, ամեն մանր բան մոխիր է դառնում, անցնում-գնում է ճղճիմը: Մնում են միայն հավերժական մեծությունները…»: Այդ «հավերժական մեծություններին» է պատկանում նաև այն առաքելությունը, որին նվիրել է իր անձը Իվան Դրաչը՝ մերձեցնելով մեր ժողովուրդներին և մեր մշակույթները, Ուկրաինայի առջև բացելով հայկական պոեզիայի հրաշք աշխարհը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։