ՀՈՎԱՆՈՑՈՎ ՄԱՐԴԸ / Քրիստինե ԴԱԴՅԱՆ

Քրիստինե ԴԱԴՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու

«Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.
– Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ հովանոցը բոլորովին նոր է ու կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հրաշալի տուն է՝ երկուսին շատ հարմար»1:
Մի քիչ տխուր ու ծիծաղելի, մի քիչ փիլիսոփայորեն ու պոետիկ, ահա այսպես է նա մեզ պատմում հովանոցային փոքրիկ բնակարանի պատմությունը:
Նրա մասին կինոնկարների սցենարներ էին գրում, նա նկարահանվում էր Ս. Փարաջանովի, Վ. Շուկշինի, Ռ. Բիկովի կինոնկարների դրվագներում: Նա ստեղծեց պոեզիա՝ առանց բառերի, և պատահական չէ, որ երբ Լենինգրադում փարիզյան մնջախաղացների դպրոցի հիմնադիր Մարսել Մարսոն առաջին անգամ տեսավ նրան բեմում, շտապեց կուլիսներ՝ ծանոթանալու: Մարսոն նրան անվանեց «շարժման մեծ պոետ», չեխերը նրան հռչակեցին «ծաղրածու՝ աշունը սրտում», իսկ ռուս դերասան և բեմադրիչ Ռոլան Բիկովը շեշտում էր, որ նա արևոտ ծաղրածու է:
Լեոնիդ Ենգիբարյան… Նա գլխիվայր շրջեց «ծաղրածու» հասկացություն ընդունված ձևը ինչպես ռուսական, խորհրդային, այնպես էլ համաշխարհային կրկեսում: Եթե մինչ այդ ծաղրածուն գալիս էր բեմ մարդկանց պարզապես զվարճացնելու համար, ապա Ենգիբարյանի ծաղրածուն մտածող մարդն էր, նաև՝ թախծոտ անհատը, որն հանդիսատեսին առաջադրում էր իրեն հուզող շատ հարցեր: Ծաղրածուի ինքնարտահայտման տեսանկյունից Ենգիբարյանը բերեց նորություն ևս: Նա ավելի մեծ տեղ տվեց մնջախաղին, և նրա մարմնի յուրաքանչյուր մասն արտահայտում էր այն ամենը, ինչը կարող էին ասել երաժշտությունը, խոսքը, բառը միասին: Ենգիբարյանի յուրաքանչյուր մնջախաղային համար մեկ թատրոն էր, մեկ դերասանի թատրոն, որի և՛ բեմադրիչը, և՛ սցենարիստը, և՛ դերասանը մեկ մարդ էր՝ Լեոնիդ Ենգիբարյանը: Ենգիբարյանի համար դժվար էր աշխատել սցենարիստների հետ, որովհետև նրանք չէին պատկերացնում՝ ինչ էր ուզում ինքը և ինչ էր արտահայտելու: Եվ միայն նրա նման կյանքին փիլիսոփայական տեսանկյունից նայող և պոետիկ մեծ հոգի ունեցող արտիստը կարող էր լինել և՛ բեմադրիչը, և՛ սցենարիստը:
Ինչո՞ւ հանկարծ փորձեց գրել մնջախաղացը: Գուցե խոսքի պակա՞սն էր, որ Ենգիբարյանին տվեց գրելու անհրաժեշտությունը, գուցե բառերի՞ պակաս կար՝ իր հոգու ելևէջները, աշխարհի գույները, մարդկանց բարի ժպիտը, իր կախարդական աշխարհը, իր հովանոցային փոքրիկ բնակարանի մասին պատմելու և ասելու բոլորին, գո՞ւցե: Բայց դա ավելի շատ Ենգիբարյան արվեստագետի ասելիքի բազմազանությունն էր և կարողությունը, որոնցից ծնվեցին նրա փոքրիկ ու մարդկային մանրապատումները:
Ենգիբարյանի արձակին հատուկ է պատկերային մտածողությունը. գուցե դա գալիս է թատրոնի զգացողությունի՞ց: Թատրոնի մարդուն բնորոշ է ներքին տեսողությունը, միջավայր, աշխարհ ստեղծելու կարողությունը: Նա կարողանում է կառուցել իր ֆանտաստիկ աշխարհը և համոզել քեզ ապրել այդ աշխարհում:
Գրականության մեջ Ենգիբարյանը կարճ, փոքր ձևի սիրահար էր: Նրա գրչին բնորոշ են սեղմ ձևի մեջ ասելիքի խտություն ու շատություն: Նա մանրակրկիտ ընտրում էր յուրաքանչյուր բառ, գիտակցաբար սահմանափակում իր գրական տարածքը: Պատումի այդ տարածությունը, սակայն, նեղ չէ հերոսների համար, նրանք ազատ են իրենց զգում, ասես փախչող կերպարներ լինեն: Նրա մանրապատումներում չկան հստակ կերտված կերպարներ, դրանք կարծես ջրաներկով արված շտրիխներ են:
Ենգիբարյանի ձեռագրի հակիրճության, թեթևության և ինքնատիպության ներքո հսկայական աշխատանք է թաքնված: Թեպետ մեզ չեն հասել նրա սևագրերը, բայց մի քանի պահպանված ձեռագրեր վկայում են ձևի կատարելության հասնելու նրա տառապալից փնտրտուքի մասին:
Ենգիբարյանը գրում էր առանց վերամբարձ ոճի, առանց բարոյախոսության: Տեքստերում ծավալվող մակդիրները, հումորի նորանոր դրսևորումները, շրջապատող աշխարհի ու մարդու կապի նորովի իմաստավորումները ընթերցողին ստիպում են տեսնել ու բացահայտել կյանքի երևույթների մինչ այդ անհայտ կողմերը: Ենգիբարյանի տեքստերի ուժը նաև տրամա­դրություն ստեղծելու մեջ է: Անսպասելի շրջադարձերը, այնպես, ինչպես Օ՚ Հենրիի նովելներում է, և պատմելու անկեղծ տոնայնությունը ընթերցողին ստիպում են զգալ ու ապրել այն ամենը, ինչ զգում ու ապրում են նրա գրական հերոսները:
Ենգիբարյանի համար իրեն շրջապատող ամեն ինչ՝ ծառեր, տերևներ, ծաղիկ ու թուփ, նյութական ու զգայական ողջ աշխարհը, կարող էր սյուժեի նյութ դառնալ: Ինչպես մնջախաղում էր նրա յուրաքանչյուր համար դառնում խոսող ու բազմազան, ասենք, օրինակ, պարանը կարող էր թուր դառնալ, բաճկոնը՝ ցլամարտկի թիկնոց, կոշիկներից յուրաքանչյուրն ուներ իր բնավորությունը, այդպես էլ գրականության մեջ էր. նրա յուրաքանչյուր մանրապատում բազմաշերտ է ու բազմաբովանդակ: Նա զգում էր յուրաքանչյուր իրի հոգին, լիներ դա գլխարկ, բարձրախոս կամ հովանոց: «Ջրահարսը» հեքիաթի հեղինակը՝ Հանս Քրիստիան Անդերսենը, ով Ենգիբարյանի սիրելի գրողն էր, իր նամակներից մեկում գրում է. «Երբեմն ինձ այնպես է թվում, թե յուրաքանչյուր ցանկապատ, յուրաքանչյուր փոքր ծաղիկ խոսում է ինձ հետ. «Նայի՛ր ինձ, և քո առջև կբացվի իմ կյանքի ողջ պատմությունը»: Եվ հենց այդպես եմ անում,- գրում է հեքիաթասացը,- արդեն պատրաստ է պատմությունը»2: Այդպես էր ստեղծագործում Անդերսենը: Մոտավորապես նույնն էր զգում նաև Ենգիբարյանը: «Իմ գլուխը,- ասում էր նա ընկերներին,- անընդհատ լեփ-լեցուն է ապագա նովելների հերոսներով, նրանք իրենց հետ բերում են ուրիշ հերոսների և թակում են սիրտս»3:
Ենգիբարյանի տեքստերում տիրապետողը մենախոսական պատումն է, իսկ եթե օգտագործված է երկխոսության ձևը, ապա այն չի վերածվում երկու մարդու վեճի կամ մտքերի փոխանակման, հեղինակը սահմանափակվում է գործող հերոսների ռեպլիկներով միայն:
Լինելով պոետ կրկեսի բեմում՝ նա իր մնջախաղը կառուցեց հումորի վրա, իսկ բառերի մեջ գնաց դեպի լիրիկա: Նրա լավագույն տեքստերում ասելիքը անմիջապես չի երևում, այլ ընթերցողին մտածելու և խորհելու հնարավորություն է տալիս:
Ենգիբարյանի գրվածքներում հեքիաթային բարությունն ու մեծահոգությունը այնքան շատ են, որ թվում է, թե դրանք իսկական արքայազն է գրել: Գրականության և առհասարակ իր արվեստի մեջ Ենգիբարյանը չի վախենում անկեղծ լինելուց, չի վախենում մերժված և ծիծաղելի լինելուց:
Մնջախաղային համարներից մեկում Ենգիբարյանը փորձում է խոսեցնել լռակյաց ջութակին, սակայն դա նրան չի հաջողվում: Չկար աղեղը, փնտրում է կոշիկի մեջ, գրպանում: Բայց երբ արդեն ոչինչ չէր խանգարում նրա նվագելուն, ծաղրածուն դանդաղում է դա անել, նա հուզված է, շփոթված, ասես նվագել չգիտի: Անզգույշ շարժումով հպվում է ջութակի լարերին, և ջութակը ձեռքերի մեջ փշրվում է, բեկորների վերածվում:
Սակայն խնդիրը ջութակը չէր, խնդիրը նվագելն էր, որ ոչ մի կերպ չէր կարողանում անել հերոսը, սակայն Ենգիբարյանն իր ասելիքը մինչև վերջ ասաց: Ջութակը, որը սիրո խորհրդանիշ էր, խաղալիքի էր վերածվել, նա երկար համբերում է, ի վերջո՝ մահանում: Ջութակը մարդկային հոգին էր, որին պետք է վերաբերվել զգույշ, այլապես նա աշխարհին ոչինչ չի պատմի իր մասին: Ենգիբարյանը դա ասում էր լուռ, առանց որևէ բառի: Այդ ասելիքը Ենգիբարյանը բերեց գրականություն: Բավական է ընթերցենք «Մի՛ նեղացրեք» մանրապատումը, և մենք կտեսնենք այս մնջախաղային համարի ու գրական այս ստեղծագործության իմաստային կապը. «Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք, և նա ընդհանրապես ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ և լավ մարդիկ…»4:
Մարդկային հոգին խոցելի ու անվերջ միայնակ. սա է ասում Ենգիբարյանը: Նրա տեքստերում ոչ մի բառ, ոչ մի նախադասություն ինքնանպատակ չէ: Մի փոքր ուշադիր լինելու դեպքում կնկատենք «Մի՛ նեղացրեք» մանրապատումի բառերի արանքում թաքցրած հեգնանքը, թե ինչո՞ւ Մոցարտը հանկարծ որոշեց գրել հենց թուրքակա՛ն քայլերգ, սակայն եթե քայլերգ, ապա միայն թուրքական, կռվի բնազդը նրանց ազգային հատկանիշն է:
Ենգիբարյանի մանրապատումներում կա միայնակ մարդու խնդիրը, որը բացվում է ռոմանտիկական բանալիով: Ենգիբարյանն իր միայնությունը տեսնում է ուրիշի երջանկության մեջ: Նրա պատումների առանցքը մարդկային սիրտն է: Փոխվել են կյանքի արտաքին ատրիբուտները. փողոցում չկա կիսաջարդ հեռախոսի խցիկ, երկու կոպեկանոց՝ զանգելու համար, որ հավերժականը խնդիր էր, և գուցե հիմա շատերի համար հասկանալի է, չէ, թե ո՞ւր է գնում աղջիկը՝ զանգահարելու («Դու, ես և իմ տխրությունը»), սակայն խնդիրը հեռախոսը չէ, այլ զանգն է. մի հեռախոսազանգ, և դու արդեն մենակ չես, կամ հակառակը, այսինքն՝ մարդկային սիրտը միշտ էլ նույնն է՝ անկախ այն բանից, թե ինչ առաջընթաց է ունենում գիտությունը: Հենց դրանով էլ Ենգիբարյանի ստեղծագործությունները ժամանակի մեջ չեն կորցնում իրենց արժեքն ու հմայքը:
Ահա «Ճանապարհ» մանրապատումը բաժանման, միայնության մասին է: Բաժանումից դեպի փրկության ափ տանող ճանապարհը երկար է, գուցե անվերջ: Գնացքը, որով մեկնում է հերոսը, անցնելիք երկար ճանապարհի խորհրդանիշն է: Բաժանման ցավը հաղթահարելու, ապրել կարողանալու համար հերոսը ստեղծում է կորցրած երջանկությանը մոտ լինելու խաբկանք: Գնացքի հազարավոր վագոններից ու անթիվ պատուհաններից նա ընտրում է ամենավերջինը. «Կբարձրանամ վերջին վագոնն ու կկանգնեմ վերջին պատուհանի մոտ, որպեսզի գոնե մի քիչ մոտ լինեմ քեզ»5:
Ենգիբարյանը ստիպում է իր հերոսների ամենահասարակ արարքներին անգամ նայել փիլիսոփայի աչքերով. դա սովորական, արդեն ընդունված հասկացությունները նորովի գնահատելու և արժևորելու հնարավորություն է տալիս: Նրա գործերը մարդու հոգում արթնացնում են բարի զգացմունքների մի ամբողջ աշխարհ: Նա խոսում է իսկական արժեքների մասին, որոնցով պետք է առաջնորդվել կյանքում: Այսպես, օրինակ՝ «Ցլամարտիկը» մանրապատումը մարդասիրությամբ է տոգորված, այն սիրո, խղճահարության ու մարդկայնության մասին է: Աղջիկը սիրում էր ամենահմուտ ցլամարտիկին ոչ թե նրա համար, որ «Նա բոլորից վարժ էր գործածում կարմիր թիկնոցը, իսկ փայլատակող սուսերը կարծես ճկուն ձեռքի շարունակությունը լիներ», այլ որովհետև «Նա չէր կարողանում սպանել»6: Կյանքում կարևորը հանրահայտ լինելը չէր, որ այդպես էլ չդարձավ տղան, այլ այն, որ իր կյանքում կես վայրկյան անգամ չդադարեց մարդ լինելուց: Այս հերոսների աշխարհն է ճիշտ, այդ աշխարհը սիրո, քնքշության, խղճահարության ու մեծահոգության աշխարհն է:
Եթե «Ցլամարտիկը» մանրապատումի հերոսուհու համար կարևոր չէր տղայի փառքն ու ճանաչումը, ապա «Ծափեր» մանրապատումը ապտակ է կնոջ փառասիրությանը, որտեղ կարևորվում են նաև տղամարդկային մեծահոգությունն ու առատաձեռնությունը: Ենգիբարյանի երևակայության, նուրբ ու բանաստեղծական հոգու շնորհիվ շոշափելի են դարձել ծափերը՝ որպես փառքի արտահայտիչներ, որ ամեն անգամ իր հետ տուն է բերում արտիստը իր սիրելիի համար: Հերոսուհին ապրում է դրանցով և մոռանում սիրո ու հոգատարության մասին. «Ես շրջվում եմ դեպի քեզ, ուզում եմ տեսնես, որ ես հոգնած եմ, քաղցած եմ, և ուսերս ցավում են: Բայց դու ոչինչ չես տեսնում ու չես լսում: Քեզ խլացրել է հսկայական դահլիճը: Վաղը ես նորից քեզ համար կհավաքեմ այն, առանց որի չես կարող այլևս ապրել»7:
«Հովանոցը» նրա լավագույն մանրապատումներից է: Այն մի տխուր պատմություն է սիրո, երջանկության մասին, որտեղ փիլիսոփայական հայացք կա դեպի կյանքը: Աղջիկը ընտրում է նրան, ով իրեն կարող էր բարեկեցիկ կյանք տալ: Սակայն տարիներ անց փնտրում է իր կորցրած երջանկությունը:
Բանականությունը կյանքում շատ հաճախ իշխում է զգացմունքներին, և երբ մարդ վերարժևորում է կյանքը, արդեն ուշ է լինում ինչ-որ բան փոխելու համար: Դրանից էլ՝ անանց տխրությունն ու տառապանքը: Գնահատել այն, ինչը կարևոր չէ, և մոռանալ ամենակարևոր բաների մասին. դրա մասին է Ենգիբարյանի «Հովանոցը»: Բնակարանը սոսկ հարմարավետություն էր, իսկ հովանոցը Ենգիբարյանի` դեպի կյանքը ունեցած հայացքն է, ապրելու իր փիլիսոփայությունն է, զգայական դաշտը, ռոմանտիկան, օդի այն չափաբաժինը, առանց որի մարդ, վերջիվերջո, շնչահեղձ է լինում: «Հովանոցի» աղջիկը խեղդվում էր օդի պակասից:
Ենգիբարյանի տեքստերում կարող է մի նախադասությունը ամեն ինչ ոտքից գլուխ շուռ տալ, ավելի ճիշտ՝ հակառակը, ամեն ինչ իր տեղը գցել: «Հովանոց» մանրապատումի մեջ է, որ հեղինակը բացականչում է. «Ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու ես քեզ հետ ապրողից»8: Սա պարադոքս է՝ «Ենգիբարյանի ձեռագրին հատկանշական ևս մեկ՝ գրականության մեջ ոչ հաճախ հանդիպող հնար»9, որը կարգավորում է հաստատված հասկացությունների փոփոխությունները:
Եթե ծաղրածուն ունի հովանոց, ապա անպայման՝ պատառոտված: Կախված այն բանից, թե ինչպիսին է ծաղրածուն, այդ դետալը կարող է տարբեր կերպ աշխատել: Երբեմն պատառոտված հովանոցն ու պատառոտված բաճկոնը սոցիալական կարգավիճակ են ցույց տալիս: Ենգիբարյանի պատառոտված հովանոցը, ավելի շուտ, խոսում էր կյանքի փոթորիկների մասին, որոնց միջով ստիպված է եղել անցնելու այդ հովանոցի տերը: Անպաշտպան, «փոքր» մարդու փիլիսոփայությունը բերեց մնջախաղ, հետո՝ գրականություն: Պաշտպանել թույլին, տկարին, դա կա և՛ իր մնջախաղում, և՛ իր մանրապատումներում: Անպաշտպան մարդ, որ վերցնում է հովանոցն ու պաշտպանվում: Եվ Ենգիբարյանն իր մանրապատումներով մեզ լսելի է դարձնում «հովանոցով մարդուկի» այդքան մարդկային փիլիսոփայությունը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Լեոնիդ Ենգիբարյան, Հովանոց, Խոստովանություն, Նովելներ, Երևան, 2004, էջ 11:
2. Славский Рудольф Евгеньевич, Леонид Енгибаров, Москва, 1989, ст. 227.
3. Նույն տեղում:
4. Լեոնիդ Ենգիբարյան, Մի՛ նեղացրեք, Խոս­տո­­վա-նություն, Նովելներ, Երևան, 2004, էջ 22:
5. Նույն տեղում, Ճանապարհ, էջ 18:
6. Նույն տեղում, Ցլամարտիկը, էջ 6:
7. Նույն տեղում, Ծափեր, էջ 15:
8. Նույն տեղում, Հովանոց, էջ 11:
9. Славский Рудольф Евгеньевич, Леонид Енгибаров, Москва, 1989, ст. 23.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։